Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Քննարկվել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի հերթական փուլի նախապատրաստական աշխատանքները

   Քննարկվել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի հերթական փուլի նախապատրաստական աշխատանքները
19.03.2018 | 13:08

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում տեղի է ունեցել ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի հերթական փուլի պլանային նախազգուշական վերանորոգման նախապատրաստական աշխատանքներին նվիրված խորհրդակցություն, որը վարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանն ու Հայկական ատոմային էլեկտրակայանի ղեկավար և ինժեներական անձնակազմը:
Քննարկվել են ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքները, շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը: Մասնավորապես քննարկվել են տուրբինային և ռեակտորային արտադրամասերում նախատեսված շինմոնտաժային և կարգաբերման աշխատանքների սահմանված ժամկետներում ավարտի ապահովման հնարավոր ռիսկերը: Այդ թվում՝ անհրաժեշտ սարքավորումների և նյութերի մեծածավալ մատակարարումների ընթացքը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև մի շարք կազմակերպչական հարցերի, որոնց առնչությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ:


Նշենք, որ մարտի 28-ին Մեծամորում կանցկացվի Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագրի հայ-ռուսական համատեղ համակարգող հանձնաժողովի 6-րդ նիստը: Նիստի ընթացքում կքննարկվեն Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված աշխատանքների, ինչպես նաև 2018թ. ապրիլի 14-ից մեկնարկող պլանային նախազգուշական վերանորոգման նախապատրաստական միջոցառումների ընթացքը:

Դիտվել է՝ 984

Մեկնաբանություններ