Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Երկիր ծիրանին» մի ձեռքով երկու ձմերուկ է բռնել

«Երկիր ծիրանին» մի ձեռքով երկու ձմերուկ է բռնել
19.03.2018 | 22:55

Երևանի ավագանու նիստերի ինտրիգային ու սկանդալային բեմադրությունները վաղուց այլ որակ են ստացել, անհասկանալի հիբրիդ է: Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանին» կարծես առաջնորդվում է մեկ սկզբունքով՝ որքան մեծ լինի աղմուկն իրենց շուրջ, այնքան իրենք իրենց առաքելությունը կատարած կհամարեն: ՈՒ այս նպատակին հասնելու համար միջոցների միջև խտրություն չի դրվում: Հատկանշական է, որ այդ գործողություններին ինքնամոռաց տրվում են նաև ՀՀԿ-ականները՝ այդ ներկայացումների հերոսներ դառնալով: Սակայն այս ամենում կա քաղաքական հստակ նպատակ, ինչը ԵԾ-ն հրաշալիորեն իրականացնում է՝ արդարացնելով այն իր առջև դրած «կենտրոնի» հույսերը:
ԵԾ-ն սկսել է մեկ ձեռքով երկու ձմերուկ բռնել, այսինքն` և ընդդիմադիր ուժի դեմ կռիվ տալ, և՛ ՀՀԿ-ի: Այսօր Երևանի ավագանու նիստում նախ «Ելքն» ու ԵԾ-ն են միմյանց բզկտել, հետո էլ իշխանությունն ու ԵԾ-ն են իրար վերջին խոսքերն ասել:


Նախ Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգել չեն ցանկացել ՀՀԿ-ականները: Ոտքի են կանգնել միայն «Ելքը» և ԵԾ-ն: Այս հարցում դժվար է ընդդիմություն-իշխանություն առանձնացնելը: Անկախ հանգամանքից, թե ով է նման առաջարկի հեղինակը, ով ինչ ծրագրեր է կազմում զոհերի անունները շահարկելով, հարգանքի տուրքը մատուցել պարտավոր էին բոլորը: Ի վերջո, Մարտի 1-ի զոհերի հանդեպ հարգանքը ոչ մի կապ չունի «Ելքի» և ԵԾ-ի գործողությունների հետ: Այս անգամ էլ իշխանության մաս կազմող Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամները սայթաքեցին, այն էլ՝ շատ կոպիտ:


Քննարկումների ծիրում հաջորդ աղմկահարույց հարցն էր՝ ԵԾ-ն առաջարկում է Վազգեն Սարգսյանի անվան փողոցը Վուդրո Վիլսոնի անվամբ վերափոխել: Նախ հարված «Ելքից»: «Որ բարոյական իրավունքով է սեփական հետագիծ չունեցող կուսակցությունը ոտնձգություն կատարում ՀՀ ազգային հերոսի հիշատակի դեմ: Դուք ամբողջ կյանքում ձախողել ու քանդել եք, արածներդ էլ էժանագին ու ցածրորակ մոտեցում է՝ հանրահավաք, երթ, հեծանվավազք, ինչ ասես արել եք, 20 մարդ չեք կարողացել ձեր շուրջը հավաքել, դրա համար էլ Վազգենին եք կպնում ու Մարտի մեկի զոհերին եք օգտագործում: Հայկական կեղծ Ժաննա դը Արկ խաղացող տիկին, դուք ձեր մայր կուսակցությունն եք քանդել, անգամ ձեր նորաստեղծ կուսակցության հինգ անդամից երկուսին տեղ չհասցրած կորցրեցիք»,- հայտարարեց Անի Խաչատրյանը` հավելելով, որ դրա նպատակը ոչ թե Մարտի մեկի զոհերի հիշատակի արժևորումն է, այլ ոճրագործության պատասխանատվության վերահասցեագրումը դրա կազմակերպիչ Ռոբերտ Քոչարյանից դեպի լուսահոգի Վազգեն Սարգսյանը: Եվ սա «Ելքից» միակ քննադատությունը չէր ԵԾ-ի հասցեին: Իրենց ասելիքն ավարտելուց հետո, ի նշան բողոքի, «Ելք»-ականները լքեցին դահլիճը: «ՀՀԿ-ականները ստեղծել են բացառիկ հնարավորություն, որպեսզի ականատես լինեն երկու ընդդիմադիր ուժերի բախմանը: «Ելքը» հայտարարում է, որ ունի այնքան քաղաքական հասունություն, որ այս ծուղակը չի ընկնի, խմբակցությունը ՀՀԿ-«Երկիր ծիրանի» բանավեճին չի մասնակցում և լքում է նիստերի դահլիճը»,- հայտարարեց Խաժակյանը:


Բնականաբար, Զարուհի Փոստանջյանը քննադատությունների «տակը» չէր մնա: Եվ նա անցավ հակահարձակման: «Ասում են՝ «Ելք»-ը իբր թե պառակտվում է մեր պատճառով: Կներեք, այդ «Ելքը» ստեղծվել էր որպես արհեստական միավոր՝ արհեստական օրակարգի ներքո և այն մարդկանց կողմից, ովքեր մի շաբաթ առաջ իրար ուղղակի հայհոյում էին: Հասկանալի է, որ ձեր ստեղծողն այսօր ցանկանում է ձեզ պառակտել: Ինչ վերաբերում է նրան, որ այս նախագծի հետևում ինչ-որ մարդիկ են կանգնած, այո, ձեր պապաներն են կանգնած եղել բոլոր իրադարձությունների հետևում, որը տեղի է ունեցել մեր հանրապետությունում՝ սկսած 1996 թվականից»: Հետո անվանական քննադատության է անցել:

«Սերժ Սարգսյանից մի տիկին, որը նաև իմ գործընկերն էր, իր ամուսնու սպանության մեջ մեղադրվողի արյունոտ ձեռքերից մեդալ էր ստանում: Սա է մեր պատկերը, մեր բարոյականությունը: Տիկին Բախշյանը բոլշևիկ է, քանի որ վերջին բոլշևիկից է մեդալ ստացել: Մյուսը՝ Արամ Սարգսյանը, գնացել ու վարչապետություն է ստացել իր եղբոր սպանության մեջ կասկածվող անձից: Սա է մեր իրականությունն ու բարոյականությունը»,- հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:


Փոստանջյանի նախկին կուսակից Անահիտ Բախշյանն ավելի ուշ իր հասցեին արված մեղադրանքներին ի պատասխան ասել է. «Ես այն չեմ ստացել արյունոտ ձեռքեր ունեցող Ռոբերտ Քոչարյանից, չնայած միշտ ասել եմ, որ Սերժ Սարգսյանը նույնպես չկանխեց այդ ահավոր ահաբեկչությունը: Ասելիքս այն է, որ ես խմբակցության որոշմամբ եմ ստացել այդ մեդալը, երկրորդ կարծիք չի հնչել, որ եկեք չվերցնենք»:
ՀՀԿ-ից ևս պատկերավոր խոսք հնչեց ԵԾ-ի հասցեին: «Հայտնվել են չարորակ քաղաքական պզուկներ, որոնք իրենց հիվանդոտ երևակայությամբ մեզ անընդհատ տանում են դեպի քաղաքականություն: Տիկինը երկու անգամ եղել է պատգամավոր Ազգային ժողովում, էդ երկու ժամկետի ընթացքում ինքը մեզանից ստացել է 120 հազար դոլար՝ որպեսզ աշխատավարձ: Բոնուսները չեմ հաշվում: ՈՒզում եմ հասկանամ՝ դիմացը ի՞նչ ա ստացել էս երկիրը, ժողովուրդը... Ձեր վերջը էմիգրացիան ա, դուք ըստեղ կյանք չեք կարա ունենալ, դուք սեր չեք վայելում, թշնամի եք: Դուք երկիր չսիրող ու ատող թշնամի եք: Կինը դեպի իրեն ձգող հատկություն է ունենում, դուք էդ հատկությունը չունեք, հասարակ բնական բան չունեք: Դուք ի՞նչ կին, ժուռնալիստներին ըստեղ-ընդեղ ասում եք՝ ձեռք տվեցին, դու ի՞նչ ձեռ տալու բան ես, այ մարդ»,- հայտարարեց Լևոն Իգիթյանը:


Հավելենք, որ առաջիկայում դեռ «Ելք»-ԵԾ հարձակումների ականատես կլինենք, բայց նաև ԵԾ-ի հերթական ցնցումն էլ չի ուշանա: Այդ էպատաժային կանանց «սուրբ» գործն է երկրաշարժ անել ոչ քաղաքական հարթակում, այն է՝ քաղաքապետարանում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2225

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ