Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Եվ Պուտինը մնաց, և նրա խնդիրները մնացին

Եվ Պուտինը մնաց, և նրա խնդիրները մնացին
19.03.2018 | 23:05

Նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 99,81 % -ի հաշվարկով Վլադիմիր Պուտինը հավաքեց 76,67 % ձայն: Դա ռեկորդ է նրա երկար քաղաքական կյանքում: ԿԸՀ-ի տվյալներով` Պուտինին 56 միլիոն մարդ ձայն է տվել: 2000-ին նա ստացել էր 52,94 % (39,74 միլիոն մարդ), 2004-ին` 71,31 % (49,563 միլիոն մարդ), 2012 -ին 63,6 % (45,602 միլիոն մարդ): Կոմկուսի թեկնածու Պավել Գրուդինինը ստացել է 11,79 % (8 642 000), լիբերալ-դեմոկրատների նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին` 5,66 % (4 148 000), հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակը` 1,67 % (1 224 000), «Յաբլոկո» կուսակցության թեկնածու Գրիգորի Յավլինսկի` 1,04 % (764 000), ԱՃ-ի կուսակցության նախագահ Բորիս Տիտովը` 0,76 % (554 000), «Ռուսաստանի կոմունիստների» նախագահ Մաքսիմ Սուրայկինը` 0,68 % (498000), «Ժողովրդական միության» նախագահ Սերգեյ Բաբուրինը` 0,65 % (477000): Քվեաթերթիկների 95 %-ի հաշվարկից հետո մասնակցությունը 67 % է` հայտարարեց ԿԸՀ-ի փոխնախագահ Նիկոլայ Բուլաևը:

Մասնակցությունը գերազանցել է նախորդ ընտրությունները (65,3 %), սակայն չի հասել 70 %-ի, որ էտալոնային էին համարում Կրեմլում: Ընտրություններից մի քանի օր առաջ լավ արդյունք էր համարվում քվեարկողների 65 %-ը, որ համադրելի է 2012-ի արդյունքի հետ` 65,34 %, որից 63,3 %-ը` հօգուտ Վլադիմիր Պուտինի: Քվեարկողների թիվը պետք է ավելացներ և Ընտրական օրենսգրքի փոփոխությունը 2017-ի ամռանը, որով հնարավորություն էր տրվում քվեարկել ոչ գրանցման, այլ` գտնվելու վայրում:
Վլադիմիր Պուտինը հաղթեց և նախագահ կլինի ևս 6 տարի: 2024-ին նա հավանաբար այլևս չի կարող ընտրվել` հիմա Սահմանադրության մեջ երրորդ անգամ առաջադրվելու սահմանափակում կա: Հարցին` կփոխի՞ Սահմանադրությունը, Պուտինը պատասխանեց, որ այդ մասին չի մտածել: Կառաջադրի՞ թեկնածությունը 2030-ին հարցը նա ծիծաղելի համարեց: «Եկեք հաշվենք` ես, ի՞նչ է, մինչև 100 տարեկանս պիտի այստեղ նստե՞մ: Ոչ, իհարկե»` ասաց նա լրագրողներին նախընտրական շտաբում կարճ հարցազրույցի ժամանակ: 2030-ի գարնանը նա 77 տարեկան կլինի:


Ի տարբերություն նախորդ ընտրությունների` այս անգամ չափազանց բարձր էր մինչև ժամը 10-ը քվեարկողների թիվը: Համարյա ամբողջ երկրում մարդիկ որոշել էին թեկնածուների նկատմամբ իրենց վերաբերմունքն արտահայտել հնարավորինս արագ` ամբողջ առավոտ ինտերնետում ընտրատեղամասերի երկար հերթերն էին: Պետական ծառայողներին հրահանգված էր առավոտյան գնալ ընտրության` տեղեկատվական բարենպաստ մթնոլորտ ստեղծելու համար: Ռեգիոնալ լրատվամիջոցները հաղորդում էին, որ ընտրողներին զանգվածաբար տանում են ընտրատեղամասեր: Հարկադիր քվեարկությունը օրինական չէ, բայց ԿԸՀ նախագահ Էլլա Պանֆիլովան բացատրեց, որ անօրինական ոչինչ չկա: «Դա լեգալ մեխանիզմ է, որ մենք առաջարկել ենք: Երբ թեկնածուներից կամ կուսակցություններից ինչ-որ մեկը առաջարկում է, վարչակազմը հատուկ տրանսպորտ է տրամադրում, որ մարդիկ հեշտ հասնեն ընտրատեղամաս»:


Որևէ միասնական թեկնածու ընդդիմությունը չուներ: Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնին մեկ տարի առաջ էր հայտարարել իր թեկնածության մասին, բայց նա չմարված դատվածության պատճառով չգրանցվեց: «Բոլորին դեմ» թեկնածուի դերը շատերի համար անսպասելի ստանձնեց Քսենիա Սոբչակը: Լիբերալ քաղաքական ուժերը նրան մեծ աջակցություն ցույց չտվեցին: Նավալնին նրան մեղադրեց հօգուտ Կրեմլի աշխատելու մեջ (համարվում էր, որ Սոբչակը Կրեմլի հետ համաձայնեցված թեկնածու է` ընդդիմադիր ընտրախավին ներգրավելու նպատակով): «Յաբլոկոն» հերթական անգամ առաջադրեց Գրիգորի Յավլինսկուն:


Ընդդիմադիրների մարտավարությունը վերջնականապես երկատվեց, երբ Նավալնին բոյկոտ հայտարարեց ընտրություններին: Սոբչակն ու Յավլինսկին փորձում էին միավորել կողմնակիցներին, իսկ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի կամավորները շրջում էին ամբողջ երկրում ու ընտրություններին չգնալու կոչեր անում: Խզման քվինտէսենցիան դարձավ բանավեճն ընտրությունների օրը, որ Նավալնին ու Սոբչակը սկսեցին YouTube-ում: Սոբչակը Նավալնուն հրավիրեց բանակցությունների նոր կուսակցության հետ, որ ինքն ու Դմիտրի Գուդկովը մտադիր են ստեղծել Անդրեյ Նեչաևի «Քաղաքացիական նախաձեռնության» հիման վրա: Նավալնին մերժեց` հայտարարելով, որ Սոբչակի հետ բարիկադների տարբեր կողմերում են ու հընթացս նրան մեղադրեց, որ ընտրությունների է գնում մեծ պարգևավճարի դիմաց (Սոբչակը ասաց, որ դա սուտ է): Սոբչակից ու Յավլինսկուց բացի քիչ թե շատ լիբերալ կարելի է համարել բիզնես օմբուդսմեն Բորիս Տիտովին: Երեքով նրանց հաջողվեց ստանալ 3 %-ից մի քիչ շատ ձայն:


Նախորդ ընտրություններում` և նախագահի, և Պետդումայի, դիտորդները զանգվածային ընտրախախտումներ էին գրանցել` կարուսելներ ու տրցակներով քվեաթերթիկների նետումներ: Այս ընտություններում խախտումների թիվը կտրուկ կրճատվել էր: ԿԸՀ նախագահ Էլլա Պանֆիլովան հայտարարեց, որ «լուրջ խախտումներ չեն գրանցվել», եղել են «բողոքներ ոչ մեծ խախտումներից»: «Ձայն» շարժումը խախտումների քարտեզում գրանցել էր ընտրախախտումների 1500 հաղորդագրություն: Ոստիկանությունում հաշվեցին 600 բողոք ու ասացին, որ 13 քրեական գործ են հարուցել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Երեկ ռուսական թերթերը ամփոփում էին նախագահական ընտրությունների արդյունքները: «Պուտինը վստահ վերընտրվեց չորրորդ ժամկետով»` արձանագրել է «Ведомости»-ն: «Վլադիմիր Պուտինը ոչ միայն վիթխարի տարբերությամբ առաջ է անցել մյուս թեկնածուներից, այլև անցած ընտրություններում իր իսկ արդյունքն է գերազանցել»` գրել է «Российская газета»-ն: «Коммерсант»-ը մեջբերում է ՌԴ նախագահի շտաբի պետ Անդրեյ Կանդրաշովին: Նա ասել է, որ ընտրողների մասնակցոթյունը 8-10 տոկոսով ավելին էր. «Շնորհակալություն պետք է ասել Մեծ Բրիտանիային: Հերթական անգամ սխալվեցին ռուսական մենթալիտետի հարցում»: «Հերթական անգամ նրանք սկսեցին ճնշում գործադրել այն պահին, երբ մենք պիտի համախմբեինք մեր ուժերը»: «Ведомости»-ն մեջբերում է ИСЭПИ -ի ղեկավար Դմիտրի Բադովսկու տեսակետը` ընտրողների վրա հիմնական ազդեցությունը գործեց վերջին ամիսների միջազգային իրավիճակը` օլիմպիադայից մինչև Մեծ Բրիտանիայի սկանդալը: «Ընտրություններն իբրև վստահության հանրաքվեի և առաջնորդի շուրջ համախմբվելու անհրաժեշտություն ընկալումը կտրուկ սրվեց, որ աշխատեց և հօգուտ մասնակցության, և թեկնածուի արդյունքների վրա»:

«Արտաքին աշխարհի աննախադեպ ճնշումը Ռուսաստանի վրա ստիպեց ռուսաստանցիներին միավորվել իշխանության շուրջ»` եզրակացնում է քաղաքագետ Անդրեյ Կոլյադինը: «Ведомости»-ն նկատում է, որ հիմա իշխանությունն ավելի քիչ կարիք ունի գործող նախագահի ընտրական լեգիտիմացման: Քաղաքագետ Նիկոլայ Պետրովի գնահատականով` Պուտինի հեղինակությունը հիմնվում է Ղրիմի վերամիավորման ու Արևմուտքի հետ ռազմաքաղաքական դիմակայության վրա և այդ իրավիճակում Պուտինը մրցակցում է ոչ թե մյուս թեկնածուների, այլ ինքն իր հետ: «Վլադիմիր Պուտինի չորրորդ ընտրությունների պարադոքսն է, որ արտաքուստ համոզիչ, նախորդներին գերազանցող ձայներով հաղթանակը հաղթողին չի երաշխավորում կառավարման հեշտ ու հանգիստ 6 տարի,- արձանագրում է «Ведомости»-ն: -Սա Սահմանադրությամբ թույլատրված վերջին ժամկետն է` մնում է կամ իշխանությունը փոխանցել իրավահաջորդին, կամ փոխել Սահմանադրությունը անձնական իշխանությունը պահելու համար: Գեղեցիկ հաղթանակի տված կայուն աջակցության զգացողությունը նույնիսկ ավտորիտար վարչակարգի պայմաններում չի իջեցնում հաղթողի ապագա ռիսկերը»:


Ֆրանսիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի թերթերը մեծ զարմանք չեն ապրել Պուտինի հաղթանակից: Իսպանիայի El Mundo-ն իր հրապարակումը վերնագրել է «Վլադիմիր Պուտին` բազմաբևեռ նորության և սովետական նոստալգիայի խառնուրդ» և գրել, որ «Պուտինի բրենդն առաջարկում է ժողովրդավարություն առանց ռիսկերի, բայց և առանց փոփոխությունների»: El Pais-ն էլ գրում է, որ Պուտինի հանդգնությունն ու մարտավարական հեռատեսությունը լեգենդ են դարձել: «Նա կայունացրեց իրավիճակը երկրում, ամրապնդեց բանակը, ուժեղացրեց երկրի դիրքերը համաշխարհային մասշտաբով և թուլացրեց շատ թշնամիների»: El Pais-ը հենց նախագահի վրա է դնում պատասխանատվությունը, որ վիթխարի ռեսուրսներով երկիրը այդքան թույլ տնտեսություն ունի: Պորտուգալիայի Diario de Noticias գրում է, որ հիմա «ՌԴ նախագահը երդվեց իր նոր ժամկետն օգտագործել Ռուսաստանի պաշտպանությունն ամրացնելու համար ընդդեմ Արևմուտքի և աշխարհի ամենամեծ երկրի 144 միլիոն բնակչության կյանքի որակը բարելավելու համար»: Ֆրանսիայի մամուլը հարցնում է` Արևմուտքի հետ նոր դիմակայությունը չհավելե՞ց Պուտինի ձայները: Որոշ թերթեր կարծում են, որ նրա հաղթանակը ավելի կբարդացնի իրավիճակը Եվրոպայում, որ կարող է դառնալ նվազ ազատական ու ավելի Ռուսաստանի նման: Les Echos-ը նշում է, որ Պուտինն իր հաղթանակը նշում է Ղրիմի անեքսիայի չորրորդ տարելիցին մեկ միլիոն ձայն ստանալով Ղրիմից: Le Monde-ը կապ է տեսնում Պուտինի հանրաճանաչության ու «նրա պատերազմների ռիթմի» մեջ` չեչենական պատերազմը, Վրաստանի պատերազմը, Ղրիմի անեքսիան, կոնֆլիկտը Դոնբասում ու վերջապես` ռազմական գործողությունները Սիրիայում: «Չորս պատերազմները, որ տեղի ունեցան նրա կառավարման 18 տարիներին, դարձան նրա հանրաճանաչության նոր գալարներ»:


Հաղթանակից հետո ի՞նչ է փոխվում Ռուսաստանում` մնում է Պուտինը, մնում են խնդիրները` ներքին ու արտաքին: Նախագահական ընտրությունները Ռուսաստանում ընդամենը Պուտինին վերընտրելու գործընթաց էին: Կառավարության ձևավորումը ցույց կտա, թե ինչ փոփոխություններ է մտադիր նորընտիր նախագահն անել: Գլխավոր խնդիրը վարչապետի կամ նախարարների անձը չէ, այլ` տնտեսության դիվերսիֆիկացիան ու ազատականացումը, որ պարբերաբար հայտարարվում է գերխնդիր ու բարեհաջող մոռացվում: Ռուսական մենթալիտետը հասկանալը բարդ է:

Դիտվել է՝ 2223

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ