Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Էդմոն Մարուքյան. Կա 3 կուսակցություն, 3 ճանապարհային քարտեզ, բայց այդ 3 քարտեզները 1 քարտեզ չեն դառնում

Էդմոն Մարուքյան. Կա 3 կուսակցություն, 3 ճանապարհային քարտեզ, բայց այդ 3 քարտեզները 1 քարտեզ չեն դառնում
19.03.2018 | 23:14

Որևէ մեկը չի պատրաստվում որևէ մեկի ձեռքը բռնել և որևէ բան թույլ չտալ. «Ելք» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի շուրջ «Ելք» դաշինքի որոշմանը:


«Այս պահին ընդհանուր երեք տարբերակների մեջ չկա ընդհանուր որոշում, որքանով գիտեմ` իրենք («Քաղաքացիական պայմանագիրը») նիստ ունեն, նիստի ժամանակ պետք է քննարկեն»,- ասաց Մարուքյանը՝ նկատի ունենալով Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքի հարցը: Հարցին, թե այս որոշումը պառակտման առիթ կարո՞ղ է դառնալ, Էդմոն Մարուքյանը նշեց, որ պառակտման մասին հիմա որևէ խոսք չկա ընդհանրապես: «Խոսքը կուսակցություններին հնարավորություն տալու մասին է, որ եթե կուսակցությունն ունի ինչ-որ գործողություն, որը ցանկանում է առանձին անել, այդ հնարավորությունը լինի:


Մեկը հավատում է, մյուսը՝ չի հավատում, այսինքն՝ գործողությունների վերաբերյալ է կոնսենսուսի չլինելը, բայց պառակտում, չգիտեմ ինչ, նման հարց չկա»,- ասաց նա:
Ըստ Մարուքյանի` երեք առաջարկների մեջ տարբերություններ կան: «3 տարբերակների մեջ էլ կան փողոցային պայքարի կոմպոնենտներ, 3 կուսակցություն, 3 ճանապարհային քարտեզ կա, բայց այդ 3 քարտեզները չեն գալիս՝ մեկ քարտեզ դառնում, որովհետև մի մասը մի գործողության հետ է խնդիր տեսնում, չի հավատում այդ գործողության արդյունավետությանը, մյուս մասը՝ մյուսի: Հետևաբար` ձգձգվում է, թեև այս պահին քննարկումներն ամեն դեպքում շարունակվում են, նաև կուսակցությունները հնարավորություն ունեն առանձին որոշում կայացնելու»,- ասաց նա՝ նշելով, թե լիազորված չէ որևէ քաղաքական ուժի ծրագիրը հրապարակելու: Հարցին` եթե կարևոր մարտավարական հարցի շուրջ դաշինքի կուսակցություններն ունենալու են առանձին օրակարգ, դաշինքի գոյությունը որքանո՞վ է արդարացված, Էդմոն Մարուքյանը նշեց, թե խոսքը օրակարգի մասին չէ, խոսքը գործողությունների մասին է: «Ընդհանուր կոնսենսուս կա երրորդ ժամկետի անընդունելիության հետ կապված, Սերժ Սարգսյանը չէ, ով էլ որ լինի, «Ելքը» դեմ է, և եթե դաշինքը կունենա իր վարչապետի թեկնածուն՝ կընտրի իր վարչապետի թեկնածուին, չի ունենա վարչապետի թեկնածու, դեմ կքվեարկի իշխանության վարչապետի թեկնածուին, բայց գործողությունների հետ կապված՝ ինչ անել մինչև այդ օրը, կան տարբեր ծրագրեր»,- ասաց նա:


Թե կոնկրետ «Լուսավոր Հայաստանը» կո՞ղմ է փողոցային պայքարի միջոցով ճնշում գործադրելուն, պատգամավորը նշեց, թե իրենց պատկերացումով գիտեն, թե դա ինչ է նշանակում։ Հարցին, թե համաձա՞յն է այն տեսակետի հետ, որ փողոցային պայքարը հիասթափության կտանի, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Մենք ժամանակին ասել ենք, որ մարդկանց չի կարելի տանել հերթական պարտության, չի կարելի կրկնել 20-25 տարվա ընդդիմության կողմից թույլ տրված սխալները: Մենք այդ համոզման ենք, որ չի կարելի, բայց եթե ուժերից մեկն ունի մի ծրագիր, որը չի տանում հիասթափության, ես չեմ ուզում, որ դրա հնարավորությունը սահմանափակել: Մարդիկ կան՝ հավատում են ինչ-որ բաների, որ մյուսները չեն հավատում, հետևաբար՝ մյուսները, ովքեր չեն հավատում, պետք է հարգեն նրանց, ովքեր հավատում են, և նրանք, ովքեր հավատում են, պետք է հարգեն նրանց, ովքեր չեն հավատում»,- եզրափակեց նա:

Դիտվել է՝ 1340

Մեկնաբանություններ