USD480.18
EUR590.67
RUB7.82
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 
«Իրատես» թերթի հաջորդ համարը լույս կտեսնի ապրիլի 27-ին:               
 

Հայաստանում ևս որոշակի ուժեր աշխատում են հանրությանը թունավորել ռուսատյացությամբ

Հայաստանում ևս որոշակի ուժեր աշխատում են հանրությանը թունավորել ռուսատյացությամբ
20.03.2018 | 00:50

Հայաստանում, Ղազախստանում, Բելառուսում, ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններ ունեցող միջինասիական հանրապետություններում կան Արևմուտքի և հայտնի մեծահարուստներին պատկանող հիմնադրամների կողմից նպատակային կերպով ֆինանսավորվող բազմաթիվ ԶԼՄ-ներ և հասարակական կազմակերպություններ, որոնք վաղուց ի վեր իրենց սև գործն անում են որպես հինգերորդ շարասյուն: Գործելով նշված երկրների ազգային-պետական շահերի դեմ, չարաշահելով խոսքի ազատության իրավունքը, օրնիբուն և անպատիժ կերպով ստահոդ լուրեր, հերյուրանքներ, զրպարտություններ տարածելով, նրանք փորձում են հիշյալ երկրների բնակիչներին ատելություն ներարկել Ռուսաստանի, նրա ղեկավարության ու նույնիսկ ժողովրդի դեմ: Ձգտում են սեպ խրել հիշյալ երկրների և Ռուսաստանի միջև, ժողովուրդներին, եթե հնարավոր է, նաև պետությունները, թշնամացնել միմյանց նկատմամբ: Նրանք գործում են ինչպես Մեծ օձը, Բանսարկուն, Ստի հայրը…

Թող որևէ մեկը կասկած չունենա, որ հանրությանը հակառուսական տրամադրություններով թունավորելու առումով նրանց արդեն շատ բան է հաջողվել: Այս մասին է վկայում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի և բազմաթիվ ԶԼՄ-ների երկարատև դիտարկումը: Առանց չափազանցության կարելի է ասել, որ, համենայն դեպս, Հայաստանի ազգային անվտանգության համար առկա է լրջագույն սպառնալիք: Այս ամենի մասին արդյոք տեղյա՞կ են Հայաստանի և Ռուսաստանի դաշնակից մյուս հանրապետությունների ղեկավարները, ղեկավարությունները: Ինչպե՞ս կարող են տեղյակ չլինել… Այդ դեպքում առաջանում է հաջորդ հարցը` եթե տեղյակ են, ապա հինգերորդ շարասյան անդամ և Արևմուտքի ազդեցության գործակալ հանդիսացողներին, պետության (որի քաղաքացին են) ու նրա ժողովրդի անվտանգության և շահերի հանդեպ դավաճանական գործունեություն ծավալողներին, որոնք բոլորն իրենք իրենց հեշտությամբ բացահայտում են ՌԴ-ի ու ռուսների հանդեպ հերյուրանքներով միտումնավոր թշնամանք տարածելով, ինչու՞ չեն պատժում, իրենց տեղը դնում, առնվազն սանձում, անշուշտ, դրա համար նախապես համապատասխան օրենսդրական հիմքեր ապահովելով: Իրե՞նք էլ նույն դավաճանական կեցվածքն ունեն, թե կաշկանդված են նրանով, որ իրենց ղեկավարած պետությունները գտնվում են Արևմուտքից ոչ միայն կախյալ, այլև նրա կողմից կիսագաղութացված վիճակում: Զգուշանում են անհրաժեշտ քայլեր կատարելուց, քանի որ պատգամավորների, կառավարության անդամների մի մասի հսկայական ֆինանսական միջոցները գտնվում են ոչ թե ռուսական, այլ հենց արևմտյան բանկերում և ցանկացած պահի անօրինականորեն ձեռք բերված լինելու պատճառաբանությամբ կարող են սառեցվել:


Հանուն ճշմարտության նշենք, որ հենց նույն Ռուսաստանում էլ կան բազմաթիվ ԶԼՄ-ներ, քաղաքական գործիչներ, ՀԿ-ներ և այլ ուժեր, որոնք Արևմուտքից նույն առաքելությունն իրագործելու համար սնվելով, նպատակային կերպով սադրիչ հրապարակումներով ու հայտարարություններով ՌԴ դաշնակից պետությունների` այս ամենի դավադրություն լինելը չգիտակցող բնակիչներին տրամադրում են Ռուսաստանի դեմ: Իրական վիճակը նման է նրան, որ Ռուսաստանի ու նրա դաշնակից պետությունների ոտքերի տակ կրակը բռնկել և աստիճանաբար շարժվում է առաջ: Երբ այն վերածվի կործանարար հրդեհի, որևէ բան անելն այլևս անօգուտ և անիմաստ կլինի: ՈՒկրաինայում հեղաշրջումը հենց այնպես չեղավ, Մայդանին նախորդել էին Արևմուտքի հետևողական աշխատանքը քաղաքական ու քարոզչական ասպարեզներում, ՈՒկրանիայի բնակչությանը Ռուսաստանի նկատմամբ տևականորեն թույն ներարկելը: Ռուսաստանը Մայդանից դաս առե՞լ է… Ինչ-որ բան անելու՞ է գոնե առաջիկայում:


Նկատի ունենալով վերոնշյալ վտանգները, առկա սպառնալիքներին ինչ-որ ձևով հակազդելու հրամայական անհրաժեշտությունը, ռուսական հայտնի լրագրողներից, հեռուստահաղորդավարներից Վլադիմիր Սոլովյովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին օրերս ուղղել է հետևյալ հարցը. «Մենք տեսնում ենք, թե ինչպես են այժմ նպատակաուղղված փորձում հեռացնել մեզնից մեր ավանդական դաշնակիցներին, ինչպես են աշխատում Բելառուսի վրա, ինչպես են աշխատում Ղազախստանի վրա, ինչպես են հիմա շատ ակտիվ աշխատում Հայաստանի վրա: Տեսնում ենք, թե ինչպես են ականջների մեջ թույն կաթեցնում: Պետք է ինչ-որ ձևով հակազդել դրան: Նրանք բոլորը փորձում են մեզ թողնել»:
«Նրանք, ովքեր ինչ-որ տեղ թույն են կաթեցնում, ի վերջո, իրենք էլ այդ թույնը կուլ կտան, իրենք էլ այդ թույնով կթունավորվեն,- պատասխանել է Վլադիմիր Պուտինը:- Մենք ունենք մի լավ ասացվածք. «Մի թքիր այն ջրհորի մեջ, որտեղից պետք է ջուր խմես»: Սա հենց այդ դեպքն է: Այդ ամենը, վերջին հաշվով, շուռ է գալիս նրանց դեմ, ովքեր դա անում են: Դրանով չէ, որ պետք է զբաղվել, պետք է հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ, և այդ դեպքում բոլորի մոտ ամեն ինչ լավ կլինի»:


Ավելի վաղ, ս. թ. մարտի 3-ին, Ռուսաստանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ձգտում է նվազեցնել ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի համագործակցությունը: «Վեստի» լրատվական գործակալության տեղեկացմամբ, ՌԴ արտգործնախարարությունը, մեկնաբանելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ժոզեֆ Վոթելի ասածը, հայտարարել է, որ ԱՄՆ-ը ձգտում է վերջ դնել Մոսկվայի հետ Միջին Ասիայի երկրների բազմակողմանի համագործակցությանը և Խորհրդային Միության փլուզումից հետո ստեղծված մթնոլորտին:


Ռուսաստանի արտգործնախարարությունը, դատապարտելով գեներալ Վոթելի հայտարարությունը, նշել է, որ Վոթելի դիրքորոշումները վկայում են ԱՄՆ-ի ղեկավարության շրջանում հակառուսական տրամադրությունների մասին: ՌԴ արտգործնախարարությունը հայտարարել է, որ հարգում է Միջին Ասիայում իր բարեկամների դիրքորոշումը առևտրային գործընկերներ ընտրելու հարցում, սակայն իրողությունն այն է, որ նրանցից ոմանք փորձում են Ռուսաստանն ԱՊՀ-ի երկրների դեմ հանել: ՌԴ արտգործնախարարության հայտարարության մեջ նշված է, որ անցած տասը տարիներին Մոսկվան ավելի քան 6 մլրդ դոլարի օգնություն է հատկացրել Միջին Ասիայի երկրների զարգացմանը:
Ըստ Վոթելի, Ռուսաստանը Միացյալ Նահանգների ազդեցության հանդեպ աճող ոտնձգության ձգտում ունի և ոչ ստույգ տեղեկություն է տարածում, ԱՄՆ-ի համար «խնդիրներ է ստեղծում» նաև այն, որ Կենտրոնական Ասիայի երկրները տնտեսության և անվտանգության հարցերում «դեռևս ապավինում են Ռուսաստանին», եվրասիական ինտեգրումն էլ տարածաշրջանում Ռուսաստանի գերիշխող ազդեցության վերականգնման պրիզմայով է անցկացվում:
«Այս ամենի հետևում ակնհայտ է, որ կանգնած են նրանք, ովքեր ցանկանում են Կենտրոնական Ասիայի երկրները Ռուսաստանի և հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն գործընթացների մյուս մասնակիցների հետ բազմակողմ համագործակցությունից հեռացնել»,- նշված է Վոթելի ասածի առնչությամբ Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1235

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ