«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Տիտղոսազուրկները

Տիտղոսազուրկները
20.03.2018 | 00:54

Նոնլանդիայի դեսպանատնից` էլեկտրոնային իմ հասցեին ուղարկված գրությունը հայտնում էր, որ ամսի 25-ին, այսինքն, բառացիորեն երեք օր հետո, տեղի կունենա ռադիոֆիզիկայի, հնէաբանության և չինագիտության գծով ակադեմիկոս, ացտեկյան կրոնափիլիսոփայության, դեղագործության և սլավոնական բանասիրության դոկտոր-պրոֆեսոր Գեր-Տեր WOU-WOU7689/56-ի թաղումը քաղաքային գերեզմանոցում: ՈՒղղահայաց ծառուղի 77/86, շարք` 13:


Անսպասելիությունից և զարմանքից ապշած նստել էի և չգիտեի, թե որն է լինելու իմ հաջորդ քայլը: Այդ երկիրը, որ տարօրինակ էր ամեն ինչով, իր դեսպանատան հետ մեկտեղ ծածկված էր խորհրդավորության և նույնիսկ անբացատրելի վտանգավորության մի շղարշով, և գուցե նույնիսկ ավելի, քան մեր հարևան երկիրը, որի դեմ, ժամանակ առ ժամանակ, պատերազմական գործողություններ էին ծավալվում: Իմ պարագայում կարող էին որոշ բարդություններ ծագել, քանի որ գրությունն ուղարկվել էր իմ աշխատանքային հասցեին, որը խստիվ արգելված էր մասնավոր նպատակներով օգտագործել: Այնպես որ, եթե ոչ այսօր, ապա վաղն անպայման ես ստիպված պիտի լինեի բացատրություններ տալ իմ ղեկավարությանը: Միակ արդարացումս, հավանաբար, այն պիտի լիներ, որ իմ էլեկտրոնային հասցեն` մեր հաստատության բոլոր աշխատողների հետ, դրված է համացանցում, և ուզած ոք կարող է ինձ իր խելքին փչածն ուղարկել:


Կար նաև երկրորդ բացատրությունը, որն ամենևին չէր կարող մատուցվել որպես արդարացում, որի մասին ես չէի ուզի խոսել, բայց ստիպված էի լինելու: Հանգուցյալի ազգանունն ինձ ասում էր, որ նա, ամենայն հավանականությամբ, իմ օրինական կնոջ հայրն է: Մինչ օրս ես համոզված էի, որ այդ մասին միայն ես գիտեմ, սակայն պարզվեց, որ ես միակը չէի: Այլապես նման լուրը չէի ստանա իմ ծառայողական հասցեով:
Իմ կինը ժամանակին փախել էր օտար երկիր, հրաժարվել իր քաղաքացիությունից, փոխել ազգանունը և ստացել ուրիշ երկրի անձնագիր, այնուհետև, ամուսնանալով ինձ հետ, դարձել մեր երկրի քաղաքացուհի: Այնուհանդերձ, գտել էին հետքը, և տարօրինակ էր, որ այդքանից հետո, մեր տան հասցեով, անձամբ կնոջս նամակ ուղարկելու փոխարեն, սպասվելիք հուղարկավորության մասին հայտնում էին էլեկտրոնային փոստով նրա ամուսնուն: Ինչ-որ է, պետք էր հայտնել կնոջս և հնարավորինս արագ մեկնել այդ խորհրդավոր երկիրը:
Երկու օդանավ, մեկ շոգենավ և մեկ գնացք նստելուց հետո վերջապես հասանք նշված քաղաքը: Ինձ նախ և առաջ զարմացրեց հանգուցյալի` առավել քան համեստ կացարանը, որը զուրկ էր տարրական հարմարություններից, անխնամ, կարելի է ասել` կեղտոտ: Զարմանքս բազմապատկվեց, երբ մի հայացք նետելով, այդպիսի տիտղոսաշատ գիտնականի բնակարանում ես ոչ մի գիրք ու գրականություն չհայտնաբերեցի: Գոնե իր հեղինակած գրքերը տեսնեի… Տպագիր տառ անգամ չկար այդ խղճուկ խցում:


Մտածեցի, որ Ֆաուստի պես, խորանալով աշխարհի բոլոր գաղտնիքների մեջ, կյանքի վերջում, որոշել է ապրել ճգնակյացի ծայրահեղ համեստ կյանքով` առանց գրքի և առանց թղթի: Ինչ-որ է, սգո հանգամանքը թույլ չէր տալիս նման ենթադրությունը ճշտել, ուստի կնոջս վիշտը հնարավորինս մեղմելու համար ամբողջովին զբաղվեցի սպասվելիք հուղարկավորության հոգսերով:
Ակադեմիականների գերեզմանոցն ուղղակի քաղաքի շարունակությունն էր և հսկայական, թերևս քաղաքից շատ ավելի մեծ տարածք էր գրավում: Իմ մոտավոր հաշվարկներով այդտեղ առնվազն մեկ միլիոն ակադեմիկոս էր թաղված, և դրանցից ոչ մեկի անունն ինձ ոչինչ չէր ասում, այսինքն, գուցե ոչ միայն ինձ, այլև ամբողջ աշխարհին: Սա ի՞նչ առեղծված էր: Այս մարդիկ, անկասկած, կարևոր գործեր էին արել իրենց կյանքում` նման պատվավոր տիտղոսի արժանանալու համար, սակայն մարդկությանը մնացել էին անհայտ: Կամ երկիրն էր ապաշնորհ ու ապերախտ, որ իր արժանավոր զավակներին չէր կարողանում կամ չէր ուզում աշխարհին ներկայացնել, կամ էլ զավակներն իրենք:


Երկար ու նեղ ծառուղու միջով քայլելիս տարօրինակ մի բան նկատեցի. բոլոր տապանաքարերի վրա միևնույն՝ WOU-WOU անունն էր: Տարբերվում էին միայն թվերը: Անմիջապես գլխումս սոսկալի մի զուգորդում հայտնվեց. ասես համակենտրոնացման ճամբարի գերեզմանոց լինի՝ նույնանուն-անանուն, դիմազուրկ, համարակալված մարդիկ… Մարդի՞կ…
Զարմանք էր պատճառում նաև հուղարկավորների խղճուկ թափորը. մեկ-երկու ազգական, մի քանի հարևան և ինչ-որ պատահական անձնավորություններ` բոլորը դժգույն, անհետաքրքիր, ողորմելի արտաքինով, ասես մուրացկանների փոքրաթիվ մի խումբ, որ եկել էին ոչ այնքան վերջին հրաժեշտի համար, որքան սպասվելիք հոգեհացի ակնկալիքով: ՈՒ՞ր էր թաղման կառավարական հանձնախումբը, ու՞ր էին երկրի առաջին դեմքերը, նախարարները, երեսփոխանները, արվեստի և գիտության նշանավոր գործիչները, վերջապես ու՞ր էր ժողովուրդը… Մի՞թե այսպես են թաղում մեծ գիտնականին:


Հաջորդ օրն առավոտյան թերթերն էի նայում ամենայն ուշադրությամբ` հուսալով այնտեղ թեկուզ մի փոքրիկ լրատվություն գտնել իմ եռամեծար աներհոր թաղման վերաբերյալ: Սակայն մամուլը լուռ էր: Մինչդեռ, միևնույն էջում, ուր մահերն ու ծնունդներն էին ազդարարված, ջերմորեն շնորհավորում էին երկվորյակ եղբայրներ` բանասիրության և արվեստագիտության թեկնածուներ Խուճուճիկի և Երգեցիկի ծնունդը:
Առեղծվածը գնալով խորանում էր` ստանալով զավեշտալի բնույթ:
Հյուրանոցում մենակ էի մնացել: Կինս առավոտվանից գնաց քրոջ մոտ: Նա չուզեց, որ իրեն ուղեկցեմ: Ես որ ամբողջ կյանքում խնայել էի յուրաքանչյուր րոպեն և մշտապես, անգամ հանգստյան օրերին, զբաղված էի եղել մի օգտակար բանով, այժմ մենակ, օտար քաղաքում, պարապությունից քիչ էր մնում գժվեի, երբ պատահաբար, թերթի հայտարարությունների բաժնում մի հետաքրքիր ազդ կարդացի, որն ասում էր, թե մայրաքաղաքի կենտրոնական դահլիճում տեղի կունենա բազմակադեմիկոս, Գեր-Տեր WOU-WOU8453/621-ի տիտղոսազրկման նիստը:


Ի՞նչ ասել է «տիտղոսազրկում»: Այդ մարդը, հավանաբար, հակահասարակական ահավոր մի արարք է թույլ տվել, որ այդպես՝ քաղաքի կենտրոնում, ժողովրդի ներկայությամբ, որոշել են զրկել այդ պատվավոր կոչումից, որին արժանանալու համար, անկասկած, տքնել է ամբողջ կյանքում:
Առանց երկար-բարակ մտածելու դուրս եկա հյուրանոցից և շտապեցի դահլիճ, որը, բարեբախտաբար, հեռու չէր: Հասա ճիշտ ժամանակին և լեփ-լեցուն դահլիճում հազիվ կարողացա ազատ տեղ ճարել:
Ես ամբողջ կյանքում չեմ մոռանա այն ամենը, ինչ տեսա այդտեղ:
Դահլիճի բեմում նստած էր բազմակադեմիկոսը` աջ և ահյակ կողմերում ունենալով դատավորին ու դատապաշտպանին:


Նախ ելույթ ունեցավ վերջինը: Նա նշեց, որ հարգարժան ակադեմիկոսը, անցած տարիներին լրջորեն առաջադիմել է իր գիտության ասպարեզում, որ, նույնիսկ, միջազգայնորեն ճանաչված գյուտերի հեղինակ է, որ երկու ծանրակշիռ մենագրություն է տպագրել, ինչպես և մի շարք հոդվածներ, որոնք բարձր են գնահատել աշխարհահռչակ մի խումբ գիտնականներ և որ, վերջապես, նա հրավիրված է եկող տարվանից դասախոսելու երկրի ամենամեծ համալսարանում, ուստի, հաշվի առնելով թվարկված փաստերը, եկել է ժամանակը խնդրո առարկա անձնավորությանը, վերջապես, զրկելու ակադեմիկոսի տիտղոսից:
Անհնար է բառերով նկարագրել, թե ինչ տեղի ունեցավ դահլիճում: Միահամուռ շարժումով ներկաները ոտքի ելան, սուլոցներ հնչեցին, աղաղակներ, հայհույներ, լուտանքներ, սպառնալիքներ և նույնիսկ հայհոյանքներ: «Հապա մի սրան նայեք, կարծում է` մեզնից լավն է… Տգետ… Ապուշ… Անգրագետ… Խլնքոտ… բ-ի վաստակ…»: Եվ դեռ ավելի վիրավորական արտահայտություններ: Մի երկուսն էլ, մահակները ձեռքներին, փորձեցին բեմ բարձրանալ և հաշվեհարդար տեսնել, սակայն նրանց մի կերպ զսպեցին: Կրքերը վերջապես հանդարտվեցին, երբ ամբիոնին մոտեցավ դատավորը: Նա ժխտեց և ծաղրի ենթարկեց դատապաշտպանի ներկայացրած բոլոր փաստերը, ակադեմիկոսին մեղադրեց գրագողության մեջ, ինչ վերաբերում է համալսարան հրավիրվելուն, պարզվեց, որ ընդամենը գործերն է ներկայացրել և անհավանական է, որ նման սուտ գիտնականին հրավիրեն դասախոսելու, հետևաբար ոչ մի հիմք չկա նրան զրկելու ակադեմիկոսի տիտղոսից:
Ես ասես զառանցագին մի երազ տեսնեի. առաջարկում են տիտղոսից զրկել ծանրակշիռ մենագրությունների համար, և ոչ մի կերպ չեն ուզում զրկել, քանի որ գրագող է: Սա ինչ անհեթեթություն է: Եվ ինչու՞ է ամեն գնով ձգտում հրաժարվել մի տիտղոսից, որին արժանանալու համար մարդիկ մի ամբողջ կյանք են դնում: Սա ի՞նչ առեղծված է: Կողքիս նստած պարոնը, որ հավանաբար լրագրող էր, տեսնելով իմ ապշահար դեմքը, բացատրեց ամեն ինչ:


Հին ժամանակներում Նոնլանդիան էլ գիտական կոչումները և ակադեմիական տիտղոսները շնորհում էր աշխարհի մյուս երկրներում ընդունված կարգով: Սակայն շատերը, անարժան, նույնիսկ անգրագետ մարդիկ, սնափառական մղումներով, կարողացան փողով կամ այլ լծակներով արժանանալ այդ պատվավոր կոչումներին և տիտղոսներին: Կարճ ժամանակում երկիրը լցվեց դոկտորներով ու ակադեմիկոսներով, հատուկենտ էին մարդիկ, ովքեր ոչ մի կոչում չունեին: Գիտությունն ու մշակույթն ամբողջովին անցան տգետների և ապաշնորհների ձեռքը: Համալսարանները ղեկավարում էին տիտղոսաբեռն «գիտնականներ», ովքեր իրենց անունն անգամ ստորագրել չգիտեին և անկարող էին երկու բառ իրար կապելու:
Բոլորը գոհ էին այս վիճակից: Մարդիկ ընտանիքներով դառնում էին դոկտորներ և ակադեմիկոսներ, ամուսնացող օրիորդն իր օժիտի հետ բերում էր առնվազն գիտության թեկնածուի վկայականը, իսկ մի շարք ճապուկ գրիչներ հսկայական գումարներ էին շինում պատվերով գրված ատենախոսություններով: Որոշ ժամանակ անց դրա կարիքն էլ չզգացվեց, քանի որ տիտղոսներն ու կոչումները բացեիբաց սկսեցին վաճառել շուկաներում, սուպերմարկետներում և անգամ փողոցում: Ազգային ժողովն էլ, երկարատև քննարկումներից հետո, որոշում ընդունեց գիտական կոչումներ շնորհել նաև առանձնահատուկ ունակություններով օժտված ընտանի կենդանիներին: Օրինակ, պատգամավորներից մեկի շունը դարձավ լեզվաբանության դոկտոր: Իսկ ինչու՞ լեզվաբանության, որովհետև անսխալ կատարում էր երեք լեզվով տրված հրամանները: Չորրորդ լեզուն «յուրացնելու» դեպքում խոստացան գամփռին ակադեմիկոս ընտրել: Իսկ նախարարներից մեկի թութակին էլ Համաժողովրդական արտիստի կոչում շնորհվեց, քանի որ կարողանում էր bel canto-ի բոլոր ձայները կրկնել՝ կոլորատուրային սոպրանոյից մինչև թանձրախիտ բաս: Մատների վրա կարելի էր հաշվել նրանց, ովքեր սթափության կոչ էին անում, պահանջում դադարեցնել գիտական կոչումների այս արժեզրկումը: Սակայն նրանց լսող չկար:


Բայց ստիպված եղան լսել, երբ տագնապալի լուրեր եկան դրսից: Նախ, արտասահմանում դադարեցին աշխատանքի վերցնել Նոնլանդիայի համալսարանավարտներին, համարելով նրանց թերուս, իրենց ընտրած մասնագիտությունից կատարելապես անտեղյակ: Միջազգային գիտաժողովներին այլևս ոչ մի նոնլանդացի չէր հրավիրվում, նրանք պարզապես դարձել էին ծաղրի առարկա: Խայտառակության գագաթնակետը եղավ համացանց դրված, մոտ մեկ միլիարդ այցելու ունեցած տեսանյութը, որը ցուցադրում էր, թե ինչպես Նոնլանդիայի բազմակադեմիկոս և բազմադոկտոր նախագահը, մեծագույն դժվարությամբ, տառ-տառ, բառերը մի քանի անգամ, թարսուշիտակ կրկնելով, Նոր տարվա ողջերթի խոսք է հղում իր ժողովրդին: Ճարպիկ լրագրողները պարզեցին, որ ազգընտիր նախագահն այդ ելույթն ընթերցելուց երկու շաբաթ առաջ է գրել-կարդալ սովորել: Բոլորը եկան այն եզրակացության, որ երկու շաբաթվա համար արդյունքը հրաշալի էր:
Այնուհանդերձ, դա չխանգարեց, որ, դրսի ուժերի ճնշմամբ, հրաժարական տա: Նրան հաջորդած նախագահը եկավ հարևան երկրից: Նա մի քանի լեզվով սահուն կարդալ և գրել գիտեր, բայց ոչ մի կոչում կամ տիտղոս չուներ և ցանկություն էլ չուներ ձեռք բերելու: Առաջին իսկ հրովարտակով նա շրջեց գիտական կոչումների և տիտղոսների շնորհման կարգը: Այդուհետ յուրաքանչյուր նորածին, բառացիորեն լույս աշխարհ գալուն պես, անվճա՛ր և պարտադիր, ստանում էր գիտության թեկնածուի վկայականը: Դպրոցն ավարտելուց հետո, նույն կերպ, ատեստատի հետ միաժամանակ, տրվում էր գիտությունների դոկտորի կոչումը, իսկ ակադեմիկոսի փաստաթուղթը ստանում էին համալսարանական դիպլոմի հետ միասին: Բնավ պարտադիր չէր ստացած տիտղոսի բնագավառի մասին գոնե ամենահեռավոր պատկերացումներն ունենալ, տալիս էին` և վե՛րջ: Արևելագիտության գծով ակադեմիկոսը նույնիսկ Հնդկաստանի կամ Չինաստանի տեղը չէր կարող ցույց տալ քարտեզի վրա: Բայց ակադեմիկոս էր: Այսպիսով, Նոնլանդիայում մոտ հինգ միլիոն ակադեմիկոս կար, մի երկու այդքան էլ դոկտոր, որոնց ջախջախիչ մեծամասնությունը կյանքում հազիվ մեկ-երկու գիրք էր կարդացել:


Տիտղոսամոլությամբ տխմարացած հասարակությունը հրճվանքով ընդունեց նոր օրենքը: Այլևս պետք չէր ինչ-որ բան գրել, քննություններ հանձնել, համապատասխան մարդկանց կաշառել, տվայտանքների գնով բաղձալի կոչումը կորզել և այդ առթիվ բանկետներ կազմակերպել, զանազան անիմաստ, բայց պարտադիր ծախսեր անել, կոչումներն ու տիտղոսները միանգամից և, ամենակարևորը, անվճա՛ր, մտնում են գրպանդ: Ստացիր և վայելիր:
Սակայն հրճվում էին ոչ բոլորը: Հատուկենտ, բանականությունը դեռևս չկորցրած մարդիկ, հասկացան, որ համատարած այս կոչումնավորումը ստորացուցիչ համահարթեցում է, յուրատեսակ խարան, որից պետք է ազատվել ամեն գնով: Ոմանք, նորածիններին տուն տանելիս, հրաժարվեցին գիտության թեկնածուի վկայականը վերցնելուց, սակայն նրանց հանրամատչելի բացատրեցին, որ հրաժարվելու դեպքում երեխային ծնողներից կխլեն և կհանձնեն մանկատուն: Վկայականները, պատվաստումների պես, պարտադիր են: Շատ էիք ուզու՞մ, դե ստացե՛ք:


Ազգի հոգսերով մտահոգ պատգամավորները մշակեցին նաև «խարանը» ջնջելու օրինական ընթացք: Թեկնածուի կոչումից ազատվելու համար անհրաժեշտ էր օտար մամուլում երեք հոդված տպագրել: Դարձյալ օտար երկրում տպագրված, նվազագույնը հարյուրէջանոց մենագրության օգնությամբ օձիքդ կազատեիր դոկտորությունից: Ամենադժվարը, իհարկե, ակադեմիկոսի տիտղոսից թոթափվելն էր: Սա երկարատև ու տանջալից մի ճանապարհ էր, որ քչերն էին կարողացել հաղթահարել` ընդամենը տասնմեկ հոգի: Դրանք, իսկապես, համաշխարհային ճանաչման արժանացած գիտնականներ էին, որ տարիներ տևած անլուր տառապանքների գնով իրենց վրայից սրբել էին այդ ամոթալի տիտղոսները: Թվում է` այդպիսի բացառիկ հաջողություններից հետո նրանք պիտի արժանանային համաժողովրդական հիացմունքի: Բայց ոչ: Այդ գիտնականները դարձան համընդհանուր նախանձի, ատելության և նույնիսկ տևական հալածանքների թիրախ: Ի վերջո, այդ տասնմեկ հոգին ստիպված եղան լքելու երկիրը, որից հետո նրանց հասցեին ասված բազմաթիվ վիրավորական արտահայտություններին ավելացավ նաև «դավաճանը»:


Հաջորդ օրն առավոտյան թերթերը նայելիս, աչքովս ընկավ Գեր-Տեր, բազմակադեմիկոս WOU-WOU8453/621-ի լուսանկարը` սև շրջանակի մեջ դրված: Մանր տառերով տպված լուրը հայտնում էր, որ նախորդ օրը նա ինքնասպան է եղել իր բնակարանում` թողնելով հետևյալ հրաժեշտի խոսքերը. «Դուք ինձ մերժեցիք, բայց, միևնույն է, ես հեռանում եմ ազատ և տիտղոսազո՛ւրկ»:


Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ
Երևան, հոկտեմբեր, 2017 թ.

Դիտվել է՝ 2352

Մեկնաբանություններ