USD483.80
EUR554.58
RUB7.37
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Դեբորա Վոլդման և ՀՊԿՆ / Debora Waldman & NCOA
 

«Հավատացած եմ, որ Հրանտ Դինքի ցանած սերմը ծիլ է արձակել»

«Հավատացած եմ, որ Հրանտ Դինքի ցանած սերմը ծիլ է արձակել»
20.03.2018 | 00:56

«Իրատեսի» հյուրն է Ստամբուլի «Ակօս» հասարակական, քաղաքական շաբաթաթերթի հայերեն բաժնի պատասխանատու ԲԱԳՐԱՏ ԷՍՏՈՒԳՅԱՆԸ։

-Պարոն Էստուգյան, պատմեք Ձեր մասին, որտեղի՞ց են Ձեր նախնիները:
-Մեկ մեծ հայրս երզնկացի էր, մեկ մեծ մայրս՝ Շապին Գարահիսարից: 1915 թ. աղետին իրենց ընտանիքի բոլոր անդամներին կորցնելով՝ միայնակ էին: Մայրս, հայրս ո՛չ մորեղբայր, ո՛չ մորաքույր, ո՛չ հորաքույր գիտցան:
Նախնական ուսումս ստացա մեր թաղի Եսայան, Մխիթարյան դպրոցներում, ապա շարունակեցի սովորել Կեդրոնական վարժարանում և, կիսատ թողնելով՝ աշխատանքի անցա հետազոտությունների լաբորատորիայում որպես բիոքիմիայի տեխնիկ: Այդ աշխատանքը թողեցի 11 տարի առաջ՝ Հրանտ Դինքի սպանությունից հետո: Սկսեցի աշխատել «Ակօսում»՝ որպես հայերեն էջերի հիմնադիր: Մինչ այդ պատմվածքներ էի գրում, որոնք տպագրվում էին Պոլսի տարբեր պարբերականներում և «Մարմարա» օրաթերթում:
Քաղաքական գործիչ չեմ եղել, բայց միշտ ունեցել եմ համայնավար քաղաքական հակումներ, որոնք մինչ օրս ձևավորում են թե՛ գրիչս, թե՛ խոսքս: Արևելահայերեն և արևմտահայերեն հավասար չափով գիտեմ, նկատի ունեմ խոսակցական աստիճանը:
-Որպես համայնավար հայացքներ ունեցող և որպես «Ակօսի» խմբագիր, լրագրող՝ ո՞րն է, ըստ Ձեզ, այսօր պոլսահայ համայնքի առջև ծառացած լրջագույն խնդիրը:
-Առաջինը՝ ազգապահպանություն, երկրորդը՝ իր ապրած երկրին համակերպում: Այս երկուսն իրար խոչընդոտող ընթացքներ են: Երկիրը պահանջում է ազգուրացություն, իսկ ազգապահպանությանը դժվար է համակերպվել: Հենարանները տկար են, ափսո՜ս...: Օրինակ՝ եթե Հայաստանում անհատների տարեկան եկամուտը լիներ 15000-20000 դոլար և ավելին, այդ հենարանը ուժով պիտի լիներ: Եվ չնայած իր ներկա վիճակին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար ամենաշատ դիմումները գալիս են Թուրքիայի հայությունից: Սա նշանակում է, որ Թուրքիայի հայությունը գիտակցում է, որ Հայաստանն իր տունն է, մինչդեռ անցյալում նույն պոլսահայությունը զանգվածային գաղթ ապրեց դեպի արևմտյան երկրներ: Այսօր յուրաքանչյուր հայ ընտանիքում կհանդիպեք կարոտակեզ մարդկանց, որոնց հարազատները, շատ անգամ՝ որդիները, բնակություն են հաստատել օվկիանոսից այն կողմ: Պոլսահայությունը, որպես արևմտահայ մշակույթի զավակ, կմերժե ինքզինք որևէ գաղթօջախի հետ նույն նժարի վրա տեսնել: Կդժվարանա ինքզինք սփյուռքահայ կոչել: Երևի թե երևույթը շատ տարբեր չէ Թիֆլիսի, Սպահանի, ՈՒրմիայի պես ավանդույթներ ունեցող գաղթօջախների խնդրից: Վերջապես, եթե ՈՒրուգվայի հայը հազիվ հարյուր տարվա անցյալ ունի, նշածս քաղաքներն ունեն բազմադարյա հայ ապրումի ավանդ:
-Ստամբուլում լինելու առաջին օրս սկսվեց Գումգաբու թաղամասում գտնվող Հայոց պատրիարքարանի աթոռանիստ այցելությամբ: Հաջորդ օրերին նույնպես առավոտյան այցելում էի Սուրբ Աստվածածին մայր եկեղեցի, ներկա լինում ժամերգության ու պատարագի՝ փնտրելով ու ձգտելով առնչվել Ձեր հիշատակած բազմադարյա հայ ապրումի դրվագները: Անցյալ հետքերը խոսուն, պատկերավոր կան, դրանց առնչվելիս ներքին հուզումից սիրտդ թպրտում է, հոգիդ պայծառանում, սակայն, ցավոք, տեսա ու հասկացա, որ առավոտյան ժամերգության, պատարագի, ինչպես նաև պսակադրության, հոգեհանգստյան արարողություններին պոլսահայերը, մեկ-երկու բացառությամբ, միմյանց հետ հաղորդակցվում են թուրքերեն: Նույնանման պատկեր էր և Սուրբ Հարություն, Սուրբ Գևորգ եկեղեցիներում: Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում պսակադրության արարողության ժամանակ իմ պարզ հարցը՝ ի՞նչ են հարս ու փեսայի անունները, մնաց անհասկանալի: Մի՞թե նրանք արդեն օտարացել են Միսաք Մեծարենցի «Իրիկվան ձայններից» ու «Այգերգից», և նրանց օջախներում չեն հնչում բանաստեղծի «Սարերուն մեջ կը կոծոծի արտուն կոչնակը վանքին....», և կամ Պետրոս Դուրյանի, Դանիել Վարուժանի (անունների ի՜նչ աստղաբույլ կարելի է թվել) ոսկեղենիկ, նրբահյուս, զմայլելի պոեզիայի գոհարները: Այդ աստիճանի՞ նահանջել է արևմտահայերենը... Ասեմ, որ, ի վերջո, փարիզյան նորաձևության սալոններին վայել շուքով հագնված հարսանքավորներից մի այր, գլխի ընկնելով՝ ինչ է ուզածս, տետրը վերցրեց ձեռքիցս ու լատինատառ գրեց հայ հարս ու փեսայի օտարաշունչ անունները՝ Սերա և Արդա: Սիրտս համակած դառնությունն անգամ պսակադրության ավարտին հրամցված անուշահամ շոկոլադը չփարատեց... Հետագա օրերին նույն դառնությունն ապրեցի հայկական դպրոցներ այցելելիս: Հրաշալի կահավորված, ամեն անրաժեշտ պարագաներով ապահովված այդ կրթօջախներում հայ երեխաները հայերեն չեն խոսում, չգիտեն կամ գրեթե չգիտեն: Եվ օվկիանոսում խեղդվողի պես որքան ուժ ստացա, ոգևորվեցի, երբ տեսա՝ ինչպես է դպրոցից դուրս ելնող երիտասարդ մայրը գորովալի հայերենով զրուցում որդու հետ... Երբ մտահոգություն հայտնեցի պոլսահայի՝ հարազատ մայրենիից օտարանալու մասին, մտավորական մի տիկին արդարանալու պես ասաց. «Հայ լինելով ապրելն այստեղ շատ դժվար է: Ձեզ ի՜նչ, դուք հայրենիքում եք ապրում...»:
-Այսօր, եթե այցելեք քաղաքի 16 դպրոցներից մեկը, զարմանքով պիտի նկատեք, որ նոր սերնդից հայկական անուն ունեցողները բացառություն են: Զարմանալիորեն, պատճառը անունների հին կամ նոր լինելու պատկերացումն է: Եթե մեկը հանդգնի իր նորածին զավակին հայկական անուն տալ, շուրջբոլորը զանազան մարդիկ կառարկեն, ասելով, թե այդ անունը պապիկների կամ տատիկների անուն է: Անշուշտ, այդ գործոնն էլ կա: Տեղի լեզվին համահունչ, հեշտ անուններ գտնելու մարմաջ կա: Օրինակ՝ Ծիածան անունը հայերեն շատ քաղցր է հնչում, բայց թուրքերեն գրեթե անկարելի է ձայնեղ հնչեցնել, քանի որ այդ լեզվում ծ տառ չկա: Հետևաբար, Ծիածանը կվերածվի Զիազանի, որը խայտառակ աղավաղում կլինի:
-Ինձ ասացին, որ պոլսահայ ավագ սերնդից ոմանք չեն ամուսնացել, քանի որ չեն ուզեցել կյանքը կապել օտարի հետ և մնացել են միայնակ՝ անընտանիք: Այսօր երիտասարդ սերունդը կարևորու՞մ է անպայման ազգությամբ հայի հետ ամուսնությունը:
-Իմ մանկության տարիներին ընտանիքում փորձանք էր համարվում խառն ամուսնությունը, սակայն որպես իրողություն այն մնաց մեր պատմության մեջ և գրականության էջերում: Օրինակ՝ Հովհաննես Պլուզ Երզնկացու մոտ. քահանայի տղան սիրահարվում է խոջայի աղջկան... Իսկ մեր օրերում հետզհետե խառն ամուսնությունները դարձան բնականոն: Կարելի է ասել, որ վերջին տարիներին խառն ամուսնությունը դադարել է փորձանք լինելուց այն առումով, որ եթե նախապես այդպիսի ամուսնություն կնքածները հեռանում էին իրենց ընտանիքից և, առհասարակ, հավաքականությունից, այսօր հակառակ երևույթն է. խառն ամուսնություն կնքած այլազգիները գալիս են միանալու հայ համայնքին: Եթե այս երևույթը ցեղի անարատության, արյան մաքրության չափանիշներով դիտենք, անշուշտ, անպատեհ է, բայց եթե դիտենք ցեղի հարատևության, բազմազանության, նոր ավյունների ներմուծման կարևորմամբ, կարելի է դրանում բարիք էլ տեսնել: Հավաստիացնում եմ, որ ճանաչում եմ մի քանի տասնյակ մարդու, ովքեր հայուհու հետ ամուսնանալով՝ յուրացրել են թե՛ հայկական մտածելակերպը, թե՛ զգայականությունը: Ճանաչում եմ փեսաների, ովքեր իրենց կանանց պարտադրել են, որ զավակն անպայման հայկական դպրոց հաճախի: Դա բխել է նրա գիտակցությունից, հայության դեմ գործված անարդարության գիտակցումից: Այդ գիտակցման համար, անշուշտ, մեծ դերակատարում ունեցավ Հրանտ Դինքի հիմնած «Ակօս» թերթը: Այդ գիտակցումը բերեց այս թերթը:
«Ակօսը» հրատարակվում է 1996 թվականից՝ շնորհիվ Հրանտ Դինքի ջանքերի: Այդպիսի թերթի հրատարակումը երկու պատճառ ուներ, նախ՝ շատ էին հայերեն կարդալ չիմացող հայերը, երկրորդ՝ երկրի մտավորականությունն անտեղյակ էր հայերի հանդեպ կատարված անարդարությանը: Այդ իսկ պատճառով «Ակօսը» հրատարակվեց տեղական լեզվով՝ թուրքերենով, և ունի հայերեն հավելված, որի նյութերը թուրքերեն էջերի թարգմանությունները չեն: Հաջողելով իր առաքելության մեջ, նկատառելով, որ այսօր «Ակօսի» ընթերցողները, կարևոր հանգամանք, ոչ հայեր են, շատ անգամ «Ակօսի» վերնագրերը վերաբերում են երկրի օրակարգին: Եվ հայ համայնքի համար կարևոր խնդիրներ ներկայացվեցին, որ կարևոր զորակցություն էր: «Ակօսի» շնորհիվ ամբողջ երկիրն իմացավ Հայկական հարցի մասին, և հակազդեցություն գոյացավ անարդարության դեմ:
«Ակօսի» երևույթը, իմաստը խոպան հողի մեջ խոփի բացած ճեղքի էր նման, ակոս, ուր սերմեր են ցանում: Համոզված եմ, հավատում եմ, որ Հրանտ Դինքի ցանած սերմը ծիլ է արձակել: Այդ ծիլը կտեսնեք երիտասարդ սերնդի նախաձեռնությունների մեջ: Օրինակ՝ «Նոր զարթօնք» շարժումը հայոց պահանջատիրության մերօրյա հստակ դրսևորումն է: Խորհրդարանի հայ պատգամավորներ Կարո Փայլանը և Սելինա Դողանը այս դպրոցի ազդեցությանբ ձևավորված երիտասարդ գործիչներ են, որոնց եզակի հայտնություն կարելի է դիտել: Հանրապետության շրջանի Թուրքիո պատմության մեջ Կարո Փայլանը մերօրյա Գրիգոր Զոհրապ է:
Անշուշտ, բացառենք Զոհրապի վախճանը:
-«Ակօս» թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուգյանին ՀՀ նախագահը պարգևատրեց հատուկ շքանշանով, որը տրվում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար: Դուք «Ակօս» թերթում մշտապես արծարծում եք այդ թեման, և շքանշանը Ձեր ջանադիր գործունեության գնահատումն էր: Ձեր առաջի՞ն այցն էր Հայաստան:
-Առաջին անգամ Հայաստան եկա 1986-ին: Շատ վառ տպավորություններով վերադարձա Թուրքիա: Հետո, ցավոք, երկրաշարժ եղավ: Եղան շրջափակում, պատերազմ: Չնայած մեծ աղետին՝ հայ ժողովուրդը հաղթեց Արցախյան ազատամարտում, որ մեծ ոգեշնչում էր, պայծառ հույսեր: Հույս ունեինք, որ Հայաստանը, բնակչության ուսման բարձր մակարդակ ունենալով, պիտի հաղթահարի անցումային շրջանը, ամենանվազ վնասով հաղթահարի: Լևոն Տեր-Պետրոսյանի մտավորական կեցվածքն այդ առումով հուսադրող էր: Ավա՜ղ, ափսոսանքով դիտեցինք, որ խորհրդային շրջանի կուտակումը մի քանի ամիսների ընթացքում թալանվեց նույն այդ իշխանության ձեռքով: Բազմահազար բանվորների աշխատատեղի գործարաններ իբրև թե սեփականաշնորհվեցին, իսկ դրանցում եղած գործիքները, հաստոցները, հումքը, որպես թափածո, վաճառվելու ուղարկվեցին Պարսկաստան, Թուրքիա: Սկսվեց ճգնաժամի շրջանը, որի տխուր հետևանքը եղավ արտագաղթը, որ շարունակվում է առայսօր... Մեզ համար մխիթարություն չի կարող լինել Երևանի, հատկապես կենտրոնական շրջանի հրապույրը: Եվրոպական կամ ամերիկյան շքեղ և լյուքս մեքենաներն ակամա հիմք են տալիս մտածելու, որ դրանք հազարավոր ընտանիքների սնանկացման ապացույցն են: Երանի այն տարիներին, երբ այդպիսի մեքենաներ չկային Երևանի փողոցներում, իսկ ժողովուրդն ապրում էր ապահով կյանքով: Հրաշքների չեմ հավատում, բայց հավատում եմ, որ այդպես չի շարունակվելու, ոչ թե հրաշք է լինելու, այլ ժողովրդի գիտակցության բարձրացում: Հայ ժողովուրդն արժանի չէ օլիգարխների միահեծան վարչությանը:
-Իսկ այստեղ ինչպե՞ս են լուծվում պոլսահայ կյանքի բնականոն զարգացմանը միտված խնդիրները:
-Հայաստանի դեպքում և Սփյուռքի դեպքում միանգամայն այլ պատկերներ են: Հայաստանի հայացքը, Սփյուռքի հայացքը շատ տարբեր են: Հայաստանի հայն իր երկրից ակնկալում է պետականորեն տնօրինածը: Ստամբուլում 17 հայկական դպրոց կա, որոնք պետական օժանդակություն չեն ստանում: Հայ բնակչությունն է հոգում այդ դպրոցների և մոտավորապես 50 եկեղեցի կանգուն պահելու խնդիրները: Հիսուն հազար մարդ ինչպես պետք է պահի այս 17 դպրոցը, 50 եկեղեցին և 2 հիվանդանոցը, բայց պահում է և գոյատևում հայ լինելով: Դժվար է, հեշտ չէ: Մոտենում է Պոլսո պատրիարքարանի 600-ամյակը: Վեց հարյուր տարվա պատմություն. սա ինքնին թագավորություն է, գերված թագավորություն, որն իր դերն ունի: Միշտ կերազենք մեր հզոր պետականության մասին, որ ունեցել ենք 2000 տարուց ավելի առաջ: Տիգրան Մեծն արդեն անցյալ է, արդեն համակերպվել ենք հզոր երկրի կորստյան իրողությանը: Մեր նոր սերունդը... Գրեթե 100 տարի առաջ պետություն ունեցել ենք: ՈՒնե՞նք գրվածքներ ժողովրդի, պարզ հայորդիների կյանքը վերհանող: Մերոնք անոթության մեջ էին, տղամարդիկ ստիպված էին հանապազօրյա հացի համար պանդխտության մեկնել: Ցավոք, այս կարգի դժվարությունները պատմության նյութ չդարձան, աշխատություններ էին գրվում միայն ամիրաների մասին...
-Ամեն հայի սրտում, թեկուզ էության խորքերում, կա անցյալ և ներկա կորուստների, բացթողումների ցավը: Դրանցից պետք է դասեր քաղել: Այսօրվա մարտահրավերները պակաս անողոք չեն, քան մեր դժվարին պատմության ամբողջ ընթացքում: Ի՞նչ մտորումներ ունեք, սպասելիքներ:
-Սփյուռքը և Հայաստանը, ի դեմս բոլոր տարբերությունների, պետք է դիտել որպես մեկ ծառի ճյուղեր, և մեր խնդիրն այդ ծառն ամուր պահելն է: Շատ եմ ցանկանում վերընձյուղված Հայաստանը վայելել: Շատ եմ փափագում, որ համաշխարհային տարածքում Հայաստանն իր տեղը գտնի: Անշուշտ, ծովից ծով Հայաստանի տեսլականը չունեմ: Ինձ համար բավ է, որ ես այս երկրում ազատ շրջեմ, վիրավորանք, արգելք չլինեն: ՈՒզում եմ, որ ամեն մարդ իր ուզած տեղն ապրի, և թե ում երկիրն է, ով է ղեկավարը՝ էական չլինի: Բովանդակ աշխարհն ազատ դաշտ լինի բոլորի համար...

Զրուցեց
Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ

Դիտվել է՝ 2358

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ