Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՈՒժը չի՛ կարող ծնել ճշմարիտ իրավունք

ՈՒժը չի՛ կարող ծնել ճշմարիտ իրավունք
20.03.2018 | 00:59

Նախ Հովհաննեսի Ավետարանում ասվել է. «Սկզբից էր Բանը» և «ամենայն ինչ նրանով եղավ... առանց նրա չեղավ ոչինչ, որ եղել է... Ճշմարտությունը նրանով էր... Կյանքը նրանով էր»:
Այսինքն առանց Աստծո խոսքի, բանի և բանականության որևէ գործընթաց կամ շարժ երբևէ տեղի չի ունենում: Աստված ասաց` և ասածը եղավ: Բնականաբար, չարը ոչինչ անել չի կարող, և ինչ «կարողանում է», Աստծո մարդկանց խաբելու միջոցով է անում, Աստծո բանը չարափոխելով, որի արդյունքը կորուստ է և հոգեխեղում, մահ ու պատիժ, մանավանդ ավելացրած այն վնասների չափերը, որ խարդախություններով շրջապատում առաջացրեց:
Եվ ինչպես նախորդ գլխից տեսանք՝ «ՈՒժն է ծնում իրավունք» խոսքը երեկ Հիսուսին սպանողների և այսօր դերաքրիստոսի (սուտ քրիստոսի) ճանապարհը նախապատրաստողների խոսքն է Նժդեհը մեջբերում, որ իմանանք, թե չարերն են Հիսուսին և հային խաչողներն ու ծաղրողները:


ՈՒժը, այսինքն` ծառա է միայն իմաստունների և սրբերի, Աստծո մարդկանց կամքին, և տաղանդավորներին ենթակա լինելով է միայն օգտակար: Ինչպես ձեռքն ու ոտքը սրտին և գլխին ենթարկվելով են օգտակարը գործում: Ինչի՞ նման կլինի, եթե սիրտն ու գլուխը ենթակա լինեն ձեռքին ու ոտքին: Երբ ղեկավարը բանականությունն է, որ սիրտն ու գլուխն են իրագործում` հրաման տալով ոտքին ու ձեռքին, որ սրանք օգտակարը գործեն: Եվ եթե ձեռքն ու ոտքը կամ մարմնի մեկ այլ անդամ ապստամբեն բանականության դեմ` մարդիկ կվերածվեն անասունների և նրանցից ցած էլ կիջնեն: Բնականաբար, նման ապստամբությունը հանկարծակի և խայտառակված մի օր կընկնի և նրան երբևէ՛ պահող չի լինի, քանի որ ուժը չար ու անասնական է, եթե Աստծո Կամքի բանականությամբ չի ուղղորդվում:
Նապոլեոնն ասել է. «Ես ու Ալեքսանդրը (Մակեդոնացին) սխալվեցինք, մենք մեր իշխանությունը հիմնեցինք ուժի վրա և պարտվեցինք, իսկ Քրիստոս իր իշխանությունը հիմնեց սիրո վրա և հաղթեց, մինչ օրս էլ հաղթում է և վաղն էլ է հաղթելու»:
Առաքելոց վանքի կռվում Զորավար Անդրանիկը 30 մարդով, միայն չախմախե հրացաններով` 20 օր շարունակ կռվեց թուրքական 6-հազարանոց կանոնավոր զինյալ բանակի դեմ: Եվ երբ մեր Հերոսի փամփուշտները վերջացան, նա հեռացավ՝ ոչ այլ մի ճանապարհով, եթե ոչ... թուրքական բանակի միջով: Միայն երկու զոհ տվեց Անդրանիկը, այդ երկու զոհն էլ չէր լինի, եթե Անդրանիկի` Աստծո բանական մարդու հրահանգները ժամանակին և ճշտությամբ պահեին: Իսկ թուրքերի զոհերը 1800 են հաշվվել: Որովհետև մարմնային ուժը թուրքերի կողմն էր, իսկ բանական իրավունքը, զորությունը, որ նշանակում է արդարությունն Աստծո, սերն Աստծո, օրհնությունն Աստծո՝ զորավիգ էին Անդրանիկին: Եվ բանական իրավունքն է Աստծո, որ ինչպես ոգու արծիվն է ապստամբած ճնճղուկներին միշտ հաղթում, այդպես հաղթել ու հաղթելու՛ է մարմնավոր բոլոր վեր թռած ուժերին, և` բոլո՛ր ժամանակներում:


Նույնն է նաև սուրբ Վարդանանց օրինակը: Պատերազմ՝ զորությամբ: Զորությունն է, արդարության ոգին, որ մարդուն կամ ազգերին անվախ է դարձնում և նահատակվելո՛վ էլ նրանք չեն պարտվում, այլ մտնում են հավիտենական կյանքի դռներից ներս, քանի որ բանական հաղթողներն են հոգով կենդանի` թե՛ այս, թե՛ այն աշխարհում: Մարմնավոր ուժին տուրք տված միլիարդավոր մարդիկ չեն հիշվում, նրանք մարդակերպ ստվերների պես եկան-անցան, բայց Վարդանը հոգով կենդանի է և այսօ՛ր էլ է իր հաղթության վարդով և զորությամբ գոտևորում մեր ազգի գիտակցական դաշտի որդիներին:
Նույնը Հոգու զորությամբ արեց սաղմոսերգու Դավիթը, որ երբ դեռ նորելուկ պատանի էր, մեն մի պարսատիկով և ոտաբոբիկ ելավ հսկայակազմ, ոտից գլուխ զինված ու զրահավորված Գողիաթի դեմ, որի հետ վախենում էին մարտնչել կոչված հսկաներն անգամ: Բայց Դավիթ պատանին ճշմարտության իրավունքով, սիրո և մարդասիրության, կյանքի իրավունքով, Աստծո Բանն իր մեջ ունենալով, վերին այդ զորությամբ ասաց. «Ես իմ Աստծո՛վ եմ գալիս քո դեմ, ով Աստվածհայհո՛յ Գողիաթ» և պարսատիկի քարը մեխեց հսկայի ճակատի ճի՛շտ մեջտեղում ու նրան իր հսկա ուժի հետ տապալեց գետնին, թե՝ հո՛ղ, քո մարմնական ուժի հպարտանքով ու բամբասանքով ինչպե՞ս ես ելնում հավիտենարժեք բանի դեմ: Երբ Աստծո բանի զորությամբ լեցուն ահա անգամ մի երեխա կարող է քո սևը մշտապես և ամե՛ն ժամանակ բերել: Այդպես է Տեր Աստծով եղել և լինում բոլո՛ր ժամանակներում:
Աստծո իրավունքի զորությամբ, սիրո ու մարդասիրության զորությամբ, աստվածաշնչյան դատավոր Սամփսոնը` մեն-մենակ, էշի մի ժանիք ձեռքին` հակառակորդի բանակներն էր կոտորում, լափում էր հակառակորդին, ինչպես կրակն է երաշտից չորացած արտն սպառում: Սա ուժ չէ, այլ գիտակցված զորությունն Աստծո: Սա ուժ չէ, այլ ոգեղեն աստվածընտիրների սուրբ մի տեսակ, երկնային տեսակ, բանական մարդարծիվ կերպարների տեսակ, երգելով կռվող մշտահաղթների տեսակ:


Զորավար Անդրանիկը ևս իր զինվորներին բանական երգի նույն ոգեկոչն էր հրահանգում. «Մեր զինվորները հարկ չէ, որ հայհոյեն, ինչպես հակառակորդը, այլ հարկ է, որ մեր զինվորները երգեն ու կռվեն»: Որովհետև հոգու սնունդը, զորանալը, այդ զորությամբ հազարավորներին հաղթելը` շնորհներով է, իսկ երգն ու երգի խոսքը, սրտանց աղոթքը` շնորհներով հոգին զորացնել, սնել է նշանակում: Այդ պատճառով` երգելով կռվողներն են արծվանում և ոչ երբևէ Գողիաթի նման հայհոյիչները: Ինչպես գիտենք, Դավիթը, ում Քրիստոս մոր կողմից հայր անվանեց, պատանի օրերին մերկ ձեռքերով առյուծ էր սպանում, սակայն նա առաջին հերթին սաղմոսերգու էր և Աստծու խոսքն ու շնորհքն էր նրա մեջ գերմարդկային այդ զորությունը, որպես նաև ուժ առաջացնում: Ոգու արծիվ էր, ուրեմն և ոչ թե միայն մարմնով ուժեղ մարդ և... երգելով էր զորավորվում, ուժով լցվում, կռվում ու հաղթում իրենից քանիցս առավել զորավորներին: Հայտնի է, որ սուրբ Գևորգ և սուրբ Սարգիս անպարտելի զորավարները նույնպես երգելով էին ելնում մարտի, նույն հաղթող Դավթի սաղմոսները երգելով:


Քրիստոսի սիրով զգեցած մեր Կամսարական իշխանների հեծյալ խումբը, մեկ տասնյակի չափ, շրջափակվում են մոտ 20000-անոց պարսկական բանակով: Դիմում են Հիսուսին և իրենց վրա զգում երկնքից իջած նրա բանական զորությունը: Մշտապես և ամենքին հաղթող Հիսուսի կենդանի զորությունն իրենց մեջ տեսնելով՝ մարգարեանում են, թե՝ ահա ճեղքելու ենք թշնամու բանակը և անգամ մի քերծվածք չե՛նք ստանալու: Եվ ապա Աստծո բանի զորությամբ` իրե՛նք են հարձակվում և ինչպես դանակը կարագը ճեղքի՝ կոտորելով ու կտրելով թշնամու ամուր շարքերը, անվնաս դուրս են գալիս շրջափակումից, պարսից հրամանատարներին թողնելով ապշանքի մեջ: Ճշմարիտ որ` քերծվա՛ծք անգամ չստանալով են ելնում գերությունից: Եվ ապշահար պարսիկները հրավիրում են Կամսարական իշխանին, որ իրենց զորքերի սպարապետը դառնա ու՝ դառնում է:
Այս մեկն էլ վկայություն իմ կյանքից: Այն մասին, որ Աստծո մարդկանց զորությունը, հիրավի, մահից այն կողմում էլ է կենդանի, մասնակից այս աշխարհում իրենց մերձավորների, հայրենակիցների, բանական դաշտի մարդկանց, նաև երեխաների ու որբերի կյանքին:
Ծնողներս մահացան, երբ ութերորդ դասարանում էի: Բարեկամներս ինձ տարան արհեստագործական մի ուսումնարան, ուր սնում էին, հագցնում, գիշերելու տեղ տալիս: Ստեղծագործում էի: Մի օր ինձ ու ընկերոջս, թաղի «գող» տղերքը՝ 7-8 հոգի, սկսեցին ծաղրել ու ծեծել: Ընկերոջս դեմ ինչ-որ բան ունեին: Ընկերոջս հաջողվեց փախչել: Քիչ անց ինձ էլ հաջողվեց: Փողոցի այն կողմն էի վազում: Հետ նայեցի: Գողականներից մեկը, որ քիչ օրեր անց մեր ուսումնարանի տղերքից, շրջանից եկած բարի մի զավակի դանակահարեց ու նրա կյանքը չհաջողվեց փրկել, նույն այդ մեկը, ծալովի դանակը բաց` հասնում էր ինձ: Շարունակեցի վազել, և... անդորր եղավ հանկարծ, ու որոտընդոստ մի ձայն լսեցի: Հոգևոր ձայն, միայն ինձ լսելի: «Կանգնի՛ր, ես Անդրանիկ Զորավարն եմ, հե՛տ դարձիր»: Հետ դարձա: Այդժամ, զգացի, որ մինչև գոտկատեղս Զորավարի սուրբ հոգին իջավ իմ մեջ և ձեռքս (այդ պահին՝ պայմանականորեն էր իմ ձեռքը) հետ գնաց ու հզոր ապտակ իջավ հետապնդողիս դեմքին: Նա երկայնակի փռվեց փողոցի մեջտեղում ու թպրտում էր: Ես ավելի դանդաղ, հանգիստ վազքով անցա փողոցն ու մտա ուսումնարան: ՈՒժը չէր իմ կողմը, այլ՝ ճշմարիտ իրավունքը, որ գյուղից եկած որբ էի ու միամիտ երեխա` միայն մարմնով մեծ և ուժեղ և լկտի իմ հակառակորդի առաջ: Իրավունքս չանտեսվեց Աստծուց, որ նախապես ասել էր իր ընտրյալներին, թե. «որբի իրավունքը կպահեք» և Տիրոջ ընտրյալներից Անդրանիկը, որ ժամանակին բազմաթիվ որբերի էր փրկել, այդ օրն էլ շնորհի հետևորդիս ապրելու իրավունքը պահեց՝ արդեն իր առավել հոգևոր աստիճանակարգից: Մի աստիճանակարգ, որտեղ կենդանի հոգով սրբերն են գործում:
«Սրբերի բարեխոսություն» որ ասում ենք` նաև սրբերի նման միջնորդությունները նկատի ունենք: Որոնք ակնհայտ բաներ են: Հոգևոր հարազատություն: Հոգևոր-բանական ազգընտանիք: Իզուր չէր հոգևոր Նժդեհը պատերազմի ելնելիս մեր նախնի մեծերից աղոթքով խնդրում նրանց կենդանի զորակցությունը: Եվ այդ զորակցությամբ զորավարը հաղթում էր մարմնով և թվաքանակով ուժեղներին: Իսկ Նժդեհն այդ ամենը լավ գիտեր, որովհետև քահանայի որդի էր և մանկուց Աստվածաշնչից էր սնվել:


Աստծո բանի զորության նվիրապետական այս բանալին մեր օրերում էլ է հրաշքներ գործում: Ո՞վ չի հիշում Շուշի քաղաքի ազատագրումը: Քահանայի թոռ Արկադի Տեր-Թադևոսյանն իր փոքրաքանակ զինվորներին հրամայեց աջ ձեռքերի և մեջքի վրա Փրկչի խաչի նշանը դնել և խաչի հովանու տակ ելնել պատերազմի: Եվ խաչի երևման տոնի օրը հարձակվեցին և տարան Քրիստոսի խաչի պատվին արժանի սքանչելի հաղթանակ:
Խաչի նշանով պատերազմի ելնելու Տերունական խրատը եղավ Կոստանդինոս արքայի օրոք: Նա իր փոքրաթիվ զորքով կամենում էր հաղթել մեծաքանակ բարբարոսներին: Չհպարտացավ, որ գնար-ջարդվեր, այլ սրտանց խնդրեց Աստծուն թե՝ ինչպես վարվել: Այդժամ երկնքում, ամենքին ի տես, հայտնվեց մի դրոշ՝ վրան խաչի նշանը և վրան գրված՝ ՔՐԻՍՏՈՍ, և վերստին գրված. «Սրանո՛վ հաղթիր»: Եվ ինչպես մեր Կոմանդոսը վարվեց, Կոստանդինոսն էլ, իր զինվորներին, զենքից բացի, զինեց Քրիստոսի խաչի նշանով: Եվ մեկը մյուսի հետևից մեծաթիվ հակառակորդների դեմ տարավ փառավո՛ր հաղթանակներ: Ապա Կոստանդինոսը, ասում են, դարձավ աշխարհի ամենահավատացյալ արքան: Թվում է, մինչ օրս չգերազանցված: Կոստանդինոսը մեր Տրդատի ու Լուսավորչի ժամանակակիցն էր:
Բնականաբար, այս վկայությամբ ևս, ինչպես մյուս օրինակներում` Աստծո զորության, Բանական ոգու հաղթանակն էր կայանում` սոսկ մարմնով ուժի հպարտացման հանդեպ:
Այս ամենը իմանալը մեզ համար կարևոր է, որովհետև մենք փոքր ազգ ենք, բայց Աստծո զորությամբ կարո՛ղ ենք մեծերի խարդավանքները պատժել, եթե ապրենք քրիստոնեական կենդանի՛ հավատով, հավատի կյանքով և ո՛չ թե միայն անգիրներով:


Նույն հավատի զորությամբ, երբ Շուշին լցված էր Էլչիբեյի զորքերով՝ գիտությունների թեկնածու, ֆիդայի Ալֆրեդ Ներսիսյանը, արձակագիր Վրեժ Իսրայելյանի, արվեստաբան- լրագրող Սպարտակ Ղարաբաղցյանի և մի օդաչուի հետ, օրը ցերեկով, տաքսի մեքենայով ուխտի գնացին գերեվար Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին: Եվ ազերի զինվորներն ու ազերի «բնակիչները» Շուշիի փողոցներում լսում էին Զորավար Անդրանիկի մասին Ալֆրեդ Ներսիսյանի երգերն ու չէին կարողանում ո՛չ որևէ բան հասկանալ, ո՛չ ձեռնարկել, ո՛չ պատասխան տալ: Կարծում էին, թե հայերը արդեն Շուշին ազատագրել են` իրենք են դեռ անտեղյակ: Այս ուխտագնացությունը վստահ հույսով և հավատով էր. ԶՈՐՈՒԹՅԱ՛ՄԲ ԱՍՏԾՈ և ո՛չ երբեք միայն` ըստ մարմնական ուժի:
Շուշիի ուխտագնացությունը Տիրոջ այն խոստմամբ էր, որ հավատավորի ներսում Աստվա՛ծ է բնակվում, իսկ Աստծո առաջ անհնար կամ դիմակայող ոչինչ չկա: Իսկ մեր փոքր ժողովրդի մեջ ամո՛թ է Քրիստոսի հանդեպ հավատ չունենալը կամ կես հավատ ունենալը, քան անհրաժեշտ է հավիտենական մեր համազգային կյանքին:


Մեր «Սասունցի Դավիթ» էպոսն իսկ Աստծո զորության այս հիմնաքարով է: Երբ մեր գենի արտահայտիչ նախնին` Սանասարը, Աստվածածնի պատվերով մկրտվում է սուրբ ավազանում, դառնում է յոթնապատիկ հսկա և զորավոր, քան էր: Հորինվածք չէ մեր էպոսը, այլ հայկական գենի կենդանի սերմնահատիկ, որ ննջած է մեր հոգում, և որը մեր քրիստոնեական կյանքով պիտի արթնացնենք և մեր այդ տեսակին հավատարմենք, որ առավել բարի պտուղներ տանք: Եվ պիտի քրիստոնեավայել ապրենք, որ այդ սերմնահատիկն առավել աճեցնի Աստված` բարի արդյունքներով:


Զորությունն Աստծո երկնքի այն արծիվն է, որի երևալով միաբանված ուժովները՝ մանր կենդանիների նման զարհուրած, ճողոպրում են: Եվ որքան այդ կենդանիները շատ լինեն, անկարելի է, որ արծվի հանդեպ զարհուրհանքը երբևէ անբանական իրենց միաբանությամբ հաղթահարեն, որովհետև չգիտեն, թե որ մեկին կբռնեցնի: Զարհուրելի է բարկացած կենդանի Աստծո ձեռքն ընկնել, վկայում է Սուրբ գիրքը, և բազմաթիվ մարդիկ են նույնը խոստովանում: Որովհետև եթե ապստամբները բանական լինեին, այսինքն, եթե արծիվ լինեին՝ Արծվի կողմից կլինեին, նրա ճշմարիտ թագավորությունը կընդունեին և չէին հակառակի: Եվ այդպես՝ ամե՛նքն են զարհուրում Աստծո բանի զորությունից, Աստծո Արծվից. եթե անգամ միաբան լինեն՝ ո՞վ կարող է իր Ստեղծողի դեմ ելնել ու կենդանի մնալ կամ մինչ ի մահ չվնասվել, չապտակվել, կամ չխեղվել:


Քրիստոս Բանականություն Արծվից, ինչպես Հայտնության գրքում է գրված, պիտի խայտառակությամբ պարտվի համաշխարհային թագավորների ո՛ղջ միությունը, որ այսօր կազմավորվում է և այժմ դեռ հաջողում է մարմնավոր իր պատիր ուժը որպես իրավունք ստախոսություններով, խաբելով ստիպել տալ մարդկությանը: Այսինքն. «ՈՒժն է ծնում իրավունք» ասողները պիտի խայտառակվեն Քրիստոսի` Ճշմարտության հայտնվելուց:
Եվ ամեն բան, որ բաբելոնացվելով որպես ուժ կապստամբի Աստծո Բանի, Աստծո Արծվի դեմ` խայտառակվելով էլ պիտի ընկնի՛ երկնային այն սրի առաջ, որ Աստծո խոսքով է ծագում աշխարհի վրա: Եվ թող մարդասերն Աստված թողություն տա մեր` հավատացյալներիս մեղքերին և թող որ ժամանակին դարձ ապրենք, ինչու՞ ուշանանք կյանքի մեջ մտնել: Տկա՞ր ես, ջա՛նք արա: Ճիշտ է, այդ ամեն ինչ չէ, բայց այդ էլ արդեն մի բան է, քան ոչինչը: Հայտնի է, որ Աստված ջանք անողին շտապո՛ւմ է օգնության:


Հին կտակարանի մարգարեներից մեկը` Դանիելը, պատմում է, որ երբ Աստծո զորությունը սկսեց մոտենալ, բոլոր ուժովները, մարմնապես կուշտերը, այսինքն` մարդակերպ ցուլերն ու գայլերը, ի ծնե շները նաև, հանկարծ զգայական սարսափ զգալով՝ փախան այդ վայրից և միայն ինքը մնաց, որ պահքով մարմնապես տկարացել, բայց հոգով զորացել էր: Իսկ Տիրոջ հրեշտակը երևաց նրան մարդու Որդու նմանությամբ և նրան անվանեց. «Սիրելի՛ մարդ»: Անսիրտ մարդակերպ ցլերին, շներին, գայլերին սիրելի մարդ չէր անվանի. նրանք թեպետ արտաքնապես կուշտ և ուժեղ, սակայն սարսափահար փախչում էին Տիրոջ մոտեցող զորությունից, շնորհի պայծառությունից: Որովհետև այդ զորության ներկայությունից կարող էին միանգամից մեռնել կամ սարսափից ցնորվել, կամ վերածվել աղբի: Ինչպես տեսնում ենք՝ մարմնապես ուժովներինը չեն երբևէ ճշմարտությունն ու իրավունքը և ո՛չ էլ, առավել ևս, տիեզերական իշխանությունը, և ո՛չ էլ ճշմարիտ կյանքը և առավել ևս սուրբ սերը: Որովհետև իրավունքը հոգևոր, ոգեղեն իմաստնությամբ է շնորհ՝ զորությամբ Տիրոջ:
Մեր օրերի վերջում, ինչպես ասացինք, և ինչպես արդեն լինում է, Աստծո զորության արծվի դեմ միաբանվելու են աշխարհի գրեթե բոլոր թագավորները, ոչ թե աստվածերկյուղ, այլ վայ-նյութապաշտ, կաշառասեր իշխանավորները, բայց Բանի զորության արծիվը տարերային աղետներով բռնացնելո՛ւ է նրանց և զարհուրանքից ոչ մի թագավոր պահպանված չի՛ զգալու ինքն իրեն, չգիտեն՝ ո՞ր մեկին է բռնեցնելու կարկուտով, ցունամիով, երկրաշարժով կամ արևի տապով, համաճարակով (հայտնի և դեռևս անհայտ այլ փորձանքներով), մինչև մեր Տիրոջ բոլոր հակառակողներն էլ հալվե՛ն, մաշվե՛ն ու ընկնե՛ն՝ Աստծո ամենահաղթ զորության Արծվի առաջ: Սիրո առաջ: ՈՒրեմն, հաղթող այն թագավորն է կոչվելու, որ Տիրոջով հովվի ու խնամի իր երկիրը:


«Եթե չապաշխարեք, ամենքդ էլ պիտի կորչեք», նախօրոք ասել է Հիսուս:
Եվ այն թագավորները, որ Քրիստոս Տիրոջով չեն կամ Աստծո օրենք են արհամարհում, դրանք իրենց հակառակ իմաստին նենգափոխում, պիտի ընկնեն իրենց չարով: Մի՞թե չենք տեսնում, որ ինչքան աշխարհը բաբելոնացվում է, անբարոյականությունն ու պոռնկությունն այդքան ավելանում են, և նույնքան էլ տարերային աղետներն են շատանում, մեծանում ու հսկայանում, ինչպես գրվածքում խոստացել է Աստված` թե աղետները մեծացնելու է, երբ Իր տված բանականությանն ու սիրուն հակառակ` աշխարհը բաբելոնանա ու ապականվի: Եվ խոստացել է թե` վա՜յ է լինելու չարին կամակիցներին: Եվ երանին այն ազգին, որ Տիրոջ հետ է, Նրա Սուրբ Սիրո հետ: Եվ քանի՜ քանիսը ուշացած, ցավոք, շատ ուշացած պիտի հասկանան երկնքի Արծվի՝ Քրիստոսի խոսքը, թե. «Եթե (ժամանակին) չապաշխարեք, ամենքդ էլ կորչելու եք»: Երանի՜ չուշացողներին:


Եվ բաբելոնացող մարդկությանը Աստված խոստացել է այս անգամ ոչ թե ջրհեղեղով կործանել, այլ կրակով այրել: Եվ ահա, աշխարհի ապականման հետ մեկտեղ, ողջ երկրագունդն սկսել է տաքանալ, հիշեցնելով «կրակով այրման» նախազգուշացումը: Հինգ իմաստուն կույսերի առակը հիշելով ևս` լավ է զգոնանանք և չուշանանք.
«Երանի ժամանակին լսողներին, ոչ թե ուշացածներին»:
Չէ՞ որ շատերս ենք փափագում հավիտենության հետևորդ լինել և ոչ թե անպտուղ մի կցորդը` անցնող ժամանակի: Կյանքի հետևորդ լինել և ոչ թե դժբախտությունների կամ անմիտ փորձությունների կամ ահռելի աղետների մեջ ընկնելը կուրությամբ փնտրողների:
ՈՒստի իրավունքը Աստծունն է, նրա սիրով և ընկերասիրությամբ առաջնորդվողներինը:
Տերունական աղոթքում պատահական չէ, որ ասում ենք՝ Քոնն է զորությունը… Չենք ասում` ուժը, որ խիստ ցածր ու խիստ ստվերային բնորոշում կլիներ:
Հոգևոր Նժդեհի խոսքի այն հատվածը, որում հայն է նկարագրվում խաչի վրա, ցնցող և զորավոր է մեր ամենքի համար: Սակայն հարկ է անխարդավ կարդալ և թշնամու խոսքը Նժդեհին չվերագրել, քանի որ մենք զորության «ոգեղեն» ժողովուրդ ենք, ի բնե «ոգեղեն», այսինքն՝ զորության ժողովուրդ ենք, որ խաչվելով էլ գիտի սքանչելիորեն հաղթել և հարություն առնել: Հոգևոր ժողովուրդ, որ երբ զարթնենք, մարմնասեր-նյութապաշտ «ուժեղ հպարտներին» պիտի թողնենք իրենց շարունակական ամոթի մեջ:

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3797

Մեկնաբանություններ