«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

«Ժամանակակից հայ կերպարվեստը շատ բազմաբնույթ է և հարուստ անհատականություններով»

«Ժամանակակից հայ կերպարվեստը  շատ բազմաբնույթ է և հարուստ անհատականություններով»
20.03.2018 | 01:44

Զրուցակիցս գեղանկարիչ ՍԵԴԱ ԲԵՔԱՐՅԱՆՆ է, որի հետ հանդիպեցի Կանանց միջազգային օրվա առթիվ ՀՆՄ-ում բացված գարնանային ավանդական ցուցահանդեսից առաջ։

«ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ 5 ՇԵՆՔՈՒՄ ՆԿԱՐՈՒՄ ԷԻՆ ԲՈԼՈՐԸ»


-Տիկին Սեդա, Ձեր նորամուտը կերպարվեստ, հավանաբար, դյուրին չի եղել, քանի որ Արա Բեքարյանի դուստրն եք և որոշակի պարտավորությունների կրող։
-Ծնվել եմ նախկին Լերմոնտովի փողոցի 28 շենքում, որը վաղուց վերանվանվել է Սայաթ-Նովաի փողոցի, շենքն էլ կրում է 5 համարը, դա նկարիչների հանրահայտ շենքն է։ Հետո նկարիչների համար կառուցվեց Կիևյան փողոցի 24 շենքը, ավելի ուշ` Հրաչյա Քոչարի 13 արվեստանոցային շենքը։ Եվ ահա մեր շենքում ու մեր բակում բոլորը համոզված էին, որ ես նկարիչ եմ դառնալու։ Եվ ոչ այն պատճառով, որ հայրս ճանաչված նկարիչ էր, ուղղակի ես նկարում էի, և դա հայտնի էր բոլորին։ Առհասարակ Սայաթ-Նովայի 5 շենքում նկարում էին բոլորը։ Նկարում էր քույրս` Անահիտ Բեքարյանը, կողքի մուտքում նկարում էր Հովհաննես Զարդարյանի դուստրը` Անահիտ Զարդարյանը, մեր հարթակի հարևան Էդուարդ Իսաբեկյանի որդիներ Մհերն ու Արամն էին նկարում, Ցոլակ Ազիզյանի որդին` Լևոնը, Մկրտիչ Տիրատուրյանի տղան` Արտակը ևս նկարում էին։ Եվ ոչ այն պատճառով, որ նկարիչների զավակներ էին, պարզապես բոլոր երեխաները նկարում են։ Ի դեպ, ինձ երաժշտական դպրոց տարան, որ դաշնամուր նվագել սովորեմ, չընդունեցին, պատճառաբանելով, որ երաժշտական լսողությունս թույլ է։ Հայրս ուրախացավ, ասելով, որ գոնե նկարիչ կդառնամ։ Նա նկատել էր, որ ես յուրովի եմ ընկալում աշխարհը, ընկալում եմ որպես հեքիաթ։
-Եվ հեքիաթը Ձեզ ուղեկցեց կերպարվեստի գունագեղ ու խորհրդավոր աշխարհ։
-Ոչ անմիջապես, քանի որ հանկարծ որոշեցի գրող դառնալ։ Հայրս ասաց, որ ես շարահյուսությանը ծանոթ եմ, տառաճանաչ եմ, բայց գրող դառնալու համար պետք է համալսարան ավարտել։ Սակայն քանի որ արդեն նկարել գիտեմ, ավելի լավ է, որ նախ նկարիչ դառնամ։ Գործերս հանձնեցի Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ և տապալվեցի, ասացին, որ գծանկարներս թույլ են։ Ընդունվեցի հաջորդ տարի։ Սովորեցի 6 տարի և միշտ ինձ ասում էին, որ ես շատ թույլ եմ։ Դասախոսներիս` Արմեն Աթայանին և Վռամշապուհ Շաքարյանին, հիանալի եմ հիշում։ Բայց 3-րդ կուրսից ուսանում էինք արվեստանոցներում, որտեղ ինձ դասավանդել են Արա Բեքարյանը, Անատոլի Պապյանը, Հենրիկ Մամյանը, Հմայակ Ավետիսյանը։
-Հիանալի դպրոց եք անցել։ Արա Բեքարյանի վերաբերմունքն ինչպիսի՞ն էր։
-Շատ խստապահանջ։ Շատերին «5» էր նշանակում, ինձ միայն «4»։ Երբ բողոքում էի, պատճառաբանում էր, որ ես ևս պետք է շատ լավը լինեմ, որովհետև իր դուստրն եմ։ ՈՒ չնայած ինքս էլ երկար ճանապարհ եմ անցել, այսօր էլ փորձում եմ «շատ լավը լինել»` հորս պատգամին հավատարիմ։

«ՆԵՐԵՑԵՔ, ԴՈՒՔ ԱՊՐՈՒՄ ԵՔ ՄԻ ԵՐԿՐՈՒՄ, ՈՐՏԵՂ ԵՐԿԻՆՔԸ ԿԱՆԱ՞Չ Է, ԻՍԿ ՀՈՂԸ` ՎԱՐԴԱԳՈՒ՞ՅՆ...»


-Ստեղծագործելիս կա՞ այս կամ այն ոճի նախընտրության հարց։
-Նախընտրելը` գուցե ոչ, բայց մտքին զուգընթաց ստացվում է այս կամ այն ոճի գործ։
-Ամեն բան նախ ծնվում է ստեղծագործողի ներաշխարհում, ճի՞շտ եմ կռահում։
-Միանգամայն։ Նկարչի ներաշխարհը շատ կարևոր մի բան է։ Երբ Սարոյանն ասում էր, որ աշխարհի բոլոր մարդիկ հայ են, հավանաբար պետք է ավելացներ, որ աշխարհի բոլոր մարդիկ նաև գրող են... կամ էլ նկարիչ։ Եթե մարդը հայ է, նա կամ գրող է, կամ էլ նկարիչ։
-Եթե կերպարվեստը համեմատենք թատրոնի հետ և Ձեր նկարները համարենք ներկայացում, ովքե՞ր են Ձեր հանդիսատեսները։
-Նախորդ դարի վերջին Շվեյցարիայում էի, «Հիլտոն» պատկերասրահում հանդես եկա անհատական ցուցահանդեսով։ Կազմակերպիչը Թալին Ավագյանն էր` Հայկաշեն ՈՒզունյանի դուստրը, արվեստասեր ընտանիք է, նաև մեկենաս են։ Նկարս մի տեղ տեսնելով` Թալինը գտավ ինձ և բարձր մակարդակով կազմակերպեց իմ առաջին արտասահմանյան ցուցահանդեսը։ Այցելում էին շատ տարբեր մարդիկ, մամուլը համակարգված լուսաբանում էր։ հիշում եմ` Իսրայելից մի կին էր եկել, նայեց նկարներս և հարցրեց. «Ներեցեք, Դուք ապրում եք մի երկրում, որտեղ երկինքը կանա՞չ է, իսկ հողը` վարդագու՞յն...»։ ՈՒզում եմ ասել, որ նկարչի համար հանդիսատեսով լի դահլիճ չկա, կա ինքը և այն մեկը, որը կտեսնի և կհասկանա իրեն։

«ՄԻ ԿԻՆ ԻՆՁ ԱՍԱՑ` ԱՅԼԵՎՍ ՀՈԳԵԲԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՉԵՄ ՎՃԱՐԻ, ՔԱՆԻ ՈՐ ՆՍՏԵԼՈՎ ՁԵՐ «ԾԱՂՐԱԾՈՒՆ» ՆԿԱՐԻ ԱՌՋԵՎ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ ԵՄ»


-Հայաստանում նկարիչն օրնիբուն նկարում է և գրեթե անհույս սպասում գնորդի։
-Հաջորդ արտերկրյա ցուցահանդեսս էլ Քուվեյթում էր, այս երկրի արքայադստեր` Էլ Սաբահի անձնական պատկերասրահում։ Միջնորդել էր Թալին Ավագյանի ընկերուհին` Լյուսի Թոփալյանը։ Բոլոր նկարներս գնվեցին։ Ցուցադրության ժամանակ անծանոթ մի կին մոտեցավ և ասաց. «Ես այլևս հոգեբանին գումար չեմ վճարի, քանի որ նստելով Ձեր «Ծաղրածուն» նկարի առջև հանդարտվում եմ»։
-Մեր հայրենի Հայաստանում էլ մի անգամ ողջ ցուցահանդեսի նկարները գնեցին, զի հասույթը նվիրաբերվելու էր Արցախին։ Նկատի ունեմ 2016-ին կազմակերպված ցուցահանդեսը Հայաստանի նկարիչների միությունում։ Բայց վերադառնանք Ձեր ցուցահանդես. հոգեկան խնդիր ունեցողը կարող է նկար գնել և կազդուրվե՞լ։
-Պարզվում է` այո։ Մի առիթով Անրի Մատիսն ասել է. «Ես ստեղծում եմ արվեստ, որը բազկաթոռ է, հոգնած մարդը պիտի նստի և հանգստանա»։ Ֆրանսահայ գինեգործների ընտանիք կա, բավականին ճանաչված են, նրանցից Մարո Սիրանոսյանն ինձ ասաց` ես գինեգործներին նվիրում եմ գինի և Ձեր «Հարթությունները»։ Եթե հիշում եք, ես նման շարք ունեմ, ուր մեծ դաշտ է և հարթություն։ Եվ ահա նա մի շատ ճանաչված մարդու մասին պատմեց, որը նստում է «Հարթությունների» առաջ երկար ժամանակ և շատ թանկ գինի է խմում։ Բայց վերոնշյալը հատուկ է ոչ միայն իմ ստեղծագործություններին, առհասարակ մեծ է կերպարվեստի ներգործուն ուժը։
-Եթե պետական մոտեցում լինի, մեր ժամանակակից կերպարվեստը միջազգային շուկաներում արժանի տեղ կգտնի՞։
-Անվերապահորեն։ Ժամանակակից հայ կերպարվեստը շատ բազմաբնույթ է և հարուստ անհատականություններով։
-Վաղը գարնանային ավետաբեր ցուցահանդեսն է, մասնակցելու՞ եք։
-Անպատճառ, չէ՞ որ յուրաքանչյուր հանրապետական ցուցահանդես յուրովի տոն է։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4406

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ