Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ռոնալդուի, Իկարդիի, Սալահի պոկերները

Ռոնալդուի, Իկարդիի, Սալահի պոկերները
20.03.2018 | 01:48

Սկուդետեի «ներքնահարկերում» գտնվող առաջնության նորեկ ՍՊԱԼ-ը դարձավ եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնությունների վերջին տուրի ամենամեծ անակնկալի հեղինակը՝ անսպասելիորեն սրելով երկրի չեմպիոնության համար պայքարը, նախորդ տուրում «Աթլետիկոյի» նկատմամբ առավելության հասած «Բարսելոնը» նույն 2:0 հաշվով պարտության է մատնել և «Աթլետիկին», ու կրկին Մեսին խաղադաշտից չի հեռացել առանց գոլի, վերջին տուրերում միավորների զգալի կորստի դիմաց սեփական հանդիսատեսի խաթրը «Լայպցիգն» առել է Մյունխենի «Բավարիային» պարտության մատնելով, ինչը, այնուամենայնիվ, անակնկալների շարքից է:

ԱՆԳԼԻԱ
Պրեմիեր լիգայի հերթական տուրի առանձին խաղեր չկայացան, քանի որ դրանցում ընդգրկված որոշ թիմեր ուժերը չափում էին երկրի գավաթի հանդիպումներում: Քանի որ արդեն իսկ շոշափեցինք գավաթային թեման, ներկայացնենք այստեղ արձանագրված արդյունքներն ու նոր շարժվենք առաջ: Այսպես, մեկ քառորդ եզրափակչի իրենց հանդիպումները շահել են «Սուոնսիին» հյուր գնացած «Տոտենհեմը» (3:0), «Բրայտոնին» հյուրընկալած «Մանչեստր Յունայթեդը» (2:0), նույնպիսի հաշվով արտագնայում «ՈՒիգանին» հաղթած «Սաուտհեմպտոնը», «Լեստերի» հետ նրա իսկ դաշտում ուժերը չափած «Չելսին»: Այս վերջին դիմակայությունն ունեցել է առանձնակի լարված բնույթ: Առաջին խաղակեսում Մորատայի խփած գոլին տանտերերը երկրորդում պատասխանել են դարպասի գրավումով (Վարդի) ու հանդիպումը տեղափոխել լրացուցիչ ժամանակ, որտեղ առավել հաջողակ են եղել «ազնվականները»: Պեդրոյի գոլը որոշել է մրցակցության ելքը: Տեղեկացնենք, որ կիսաեզրափակչում իրար հետ չափվելու են «Մանչեստր Յունայթեդն» ու «Տոտենհեմը», «Չելսին» ու «Սաուտհեմպտոնը»:
Առաջնության հանդիպումներից փաստորեն կարող ենք հիշատակել առաջին վեցյակի մաս կազմած «Լիվերպուլի» մասնակցությամբ հանդիպումը միայն: Սեփական հարկի տակ Յուրգեն Կլոպի սաները ծանրագույն պարտության են մատնել «ՈՒոտֆորդին»՝ 5:0: Նշենք, որ այդ օրը դաշտում առանձնապես փայլել է եգիպտացի Մոհամեդ Սալահը՝ հեղինակելով չորս գոլ: 63 միավորով «Լիվերպուլը» դուրս է եկել երրորդ հորիզոնական՝ մեկ խաղ պակաս անցկացրած «Տոտենհեմին» շրջանցելով երկու միավորով, նույնքան միավորով հետ մնալով երկրորդ հորիզոնականում գտնվող «Մանչեստր Յունայթեդից», որի ակտիվում նույնպես պակաս անցկացրած մեկ խաղ կա ու դարձյալ պայմանավորված գավաթային խաղերին ունեցած մասնակցությամբ:

ԳԵՐՄԱՆԻԱ
Աղյուսակի ստորին սանդղակներում գտնվող «Վոլֆսբուրգը» իսկական ճակատամարտ է տվել «Շալկեին» ու անգամ մոտ է եղել հաղթանակին, եթե կարողանար անվրեպ իրացնել 11-մետրանոցը: Չի կարողացել: Փոխարենն իր բաժին հնարավորությունից օգտվել է «Շալկեն»՝ կտրուկ հակագրոհի ժամանակ կարողանալով խոցել տանտերերի դարպասը և 49 միավորով ու առնվազն ևս մեկ տուրով երկարաձգելով իր մնալը փոխչեմպիոնություն խոստացող դիրքում:
Հաղթանակով են ավարտել մրցելույթներն «Այնտրախտն» ու Դորտմունդի «Բորուսիան»: Առաջինը երեք անպատասխան գնդակի առավելությամբ ծնկի է բերել «Մայնցին», երկրորդը հյուր եկած «Հանովերի» հետ պայքարում բավարարվել է նվազագույն հաշվով հաղթանակով:
Արդեն 33-րդ րոպեից մեկ խաղացողով պակաս մնացած ու 0:1 հաշվով պարտվող «Բայերն» այդպես էլ չի կարողացել իր համար անցանկալի իրավիճակը շտկել: Ավելին, խաղավարտից 20 րոպե առաջ տանտերերի խփած երկրորդ գոլը վերջնականապես հանգուցալուծել է հետաքրքիր այդ դիմակայության ելքը:
«Բավարիայի» անպարտ հանդիպումների շարանի դեմը կարողացել է առնել երկրի գործող փոխչեմպիոնը: Ընդ որում` «Լայպցիգի» հաղթանակը կամայինների շարքից է եղել՝ 2:1, սակայն, չնայած հաղթանակին, «կարմիր ցլերն» այդպես էլ չեն կարողացել վեցերորդ հորիզոնականից վեր բարձրանալ, քանի որ վերջին չորս հանդիպումներում ունեցել են միավորների էական կորուստ:
«Բավարիան» ունի 66, «Շալկեն»՝ 49, «Բորուսիան»՝ 48, «Այնտրախտը»՝ 45, «Բայերը»՝ 44, «Լայպցիգը»՝ 43 միավոր:

ԻՍՊԱՆԻԱ
Նախորդ տուրի «Բարսելոն»-«Աթլետիկո» դիմակայությունում գրանցված 2:0 հաշիվը կատալոնյան ակումբը նույնությամբ կրկնել է և «Աթլետիկի» հետ մրցակցությունում ու այժմ 11 միավորով է առաջ երկրորդ հորիզոնականով ընթացող «Աթլետիկոյից», որն արտագնայում չի կարողացել կոտրել «Վիլյառեալի» համառությունն ու զիջել է 1:2 հաշվով: Նկատենք՝ տանտերերը տոնել են կամային հաղթանակ: Այս նույն 2:1 հաշիվն է եղել լուսատախտակին նաև «Լեգանես»-«Սևիլիա» հանդիպումում, ու դարձյալ շահող կողմը եղել են տանտերերը:
Գոլային կատարյալ հրավառությամբ է աչքի ընկել «Ռեալ»-«Ժիրոնա» դիմակայությունը: Մադրիդցիները խաղը շահել են 6:3 խոշոր հաշվով, պոկերի հեղինակ է դարձել Քրիշտիանու Ռոնալդուն, որը ռմբարկուների ցուցակում 22 գոլով արդեն երկրորդն է և ընդամենը երեք գոլով է հետ Մեսիից:
«Ռեալ»-«Ժիրոնա» դիմակայության հանգույն գոլերի պակաս չի նկատվել և «Վալենսիա»-«Ալավես» մրցակցությունում՝ 3:1:
՝«Բարսելոնն» ունի 75, «Աթլետիկոն»՝ 64, «Ռեալը»՝ 60, «Վալենսիան»՝ 59, «Վիլյառեալը»՝ 47, «Սևիլիան»՝ 45 միավոր:

ԻՏԱԼԻԱ
Սկուդետեի խաղարկված տուրի ամենախոշոր անակնկալը մատուցել է բոլորովին վերջերս առաջատարությունը ստանձնած «Յուվենտուսից» միավոր կորզած ՍՊԱԼ-ը, որը չի գրավել մրցակցի դարպասը, բայց իրենն էլ անառիկ է պահել:
Արտագնայում «Կրոտոնեի» դիմադրությունն է կոտրել «Ռոման» (2:0)՝ 59 միավորով շարունակելով զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը:
«Սամպդորիայի» հետ մրցավեճում Պերիշիչի գոլից հետո «Ինտերից» այնուհետ գործի է անցել Իկարդին՝ ևս չորս անգամ տանտերերին ստիպելով գնդակը հանել սեփական դարպասից: Տանտերերի այս երկրորդ անընդմեջ պարտությունը, կարծես, ռեալ է դարձնում լավագույն վեցյակից նրանց դուրս մնալը: Նրանց այստեղ վստահորեն եկել է փոխարինելու ակտիվում արդեն 50 միավոր ունեցող «Միլանը»: Ինչ վերաբերում է «Ինտերին», միլանցիները 55 միավորով չորրորդ հորիզոնականում են, սակայն ակտիվում ունեն պակաս անցկացրած մեկ խաղ, ինչն առաջնության բրոնզե մեդալի համար պայքարելու հույսը դեռևս վառ է պահում:
Դառնալով բավական արագ գոլի հեղինակ՝ «Միլանն» այնուհետ «հաջողեցրել» է երկու գոլ բաց թողնել ու հանդերձարան գնալ պարտված: Ի բարեբախտություն սեփական երկրպագուների, Գատուզոյի ղեկավարած թիմը երկրորդ խաղակեսում նախ հավասարեցրել է հաշիվը, ապա առաջ անցել՝ հաղթանակը ձեռքից բաց թողած «Կիևոյին» կամքի ու համառության դաս տալով 3:2 հաշվով: Նշենք, որ հավելյալ ժամանակում տանտերերը հաշիվն ավելի խոշոր դարձնելու հնարավորություն են ստացել, սակայն Կեսին չի կարողացել անվրեպ իրացնել 11-մետրանոցը:
«Լացիո»-«Բոլոնիա» դիմակայության 1:1 հաշիվն արտաքուստ առանձնապես բան չի ասում խաղի լարվածության մասին, սակայն հանդիսատեսը լիուլի բավարարված է եղել և՛ դարպասաձողերից անդրադարձած հարվածներից, և՛ դարպասապահների հրաշալի խաղից:
Վերջնահաշվում նման կարգի մի համառում էլ կարող էր արձանագրվել «Նապոլի»-«Ջենովա» դիմակայությունում, սակայն խաղավարտին մոտ նեապոլցիները, այնուամենայնիվ, կարողացել են մրցակցի դարպասը գրավելու ճարը գտնել (1:0) և, օգտվելով ՍՊԱԼ-ի արած նվերից, 75 միավոր ունեցող «ծեր սինյորայից» հետ մնալը հասցնել երկուսի:
Մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում «Ռոման» է 59 միավորով, նրանից չորսով պակաս ունի «Ինտերը»՝ չհաշված պակաս անցկացրած մեկ խաղը: «Լացիոյի» միավորները 54-ն են, «Միլանն» ունի 50 միավոր՝ գումարած պակաս անցկացրած մեկ խաղը:

ՖՐԱՆՍԻԱ
«Մարսել»-«Լիոն» դիմակայությունից վաղ էին ավարտվել «Նիցցա»-«Պարի Սեն Ժերմեն», «Մոնակո»-«Լիլ» առճակատումները, որոնցում գրանցվել էր նույն 2:1 հաշիվը: Առաջին դեպքում՝ հօգուտ հյուրերի, երկրորդում՝ հակառակը: ՈՒ որքան էլ «Մարսել»-«Լիոն» մրցակցության ելքը ոչնչով չէր կարող սպառնալ մրցաշարային աղյուսակում մայրաքաղաքցիների ու մոնեգասկների ունեցած դիրքերին, այդուհանդերձ, այն այդ նույն մրցաշարային աղյուսակի տեսանկյունից պակաս հետաքրքրություն չէր ներկայացնում, քանզի ակնհայտորեն հենց այս երկյակն է որոշելու երկրի բրոնզե մեդալների ճակատագիրը: Շտապենք ասել, որ գրանցվել է գերլարված մրցակցություն, հաղթանակն իրենց կողմը կարողացել են թեքել հյուրերը՝ խաղը շահելով 3:2 հաշվով, ինչը նրանց հնարավորություն է տվել մարսելցիներից հետ մնալը հասցնելու երկու միավորի:
«Պարի Սեն Ժերմենն» ունի 83, «Մոնակոն»՝ 66, «Մարսելը»՝ 59, «Լիոնը»՝ 57 միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2667

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ