Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մի մեդալի կռիվ քաղաքապետարանում

Մի մեդալի կռիվ քաղաքապետարանում
20.03.2018 | 10:58

Մարտի 19-ին Երևանի ավագանու նիստը խոստանում էր և եղավ աղմկահարույց: Չտրվելով հնչած հարցերն ու ելույթները կրկնելու կամ մեկնաբանելու գայթակղությանը (մանրամասներին ու միմյանց ուղղվող «հաճոյախոսություններին» դժվար չէ կայքերից ու սոցցանցերից տեղեկանալ)` միանգամից ասեմ, որ անակնկալը պատրաստել էր ոչ թե Զարուհի Փոստանջյանը, այլ` ՀՀԿ-ն:


Նվազագույնը տարօրինակ էր, որ ավագանու նիստի օրակարգ այդ արագությամբ ու այդ դասավորությամբ մտնում ու քննարկվում է մի օրինագիծ, որ բացահայտորեն ոչ մի կապ չունի Երևանի խնդիրների հետ և ամբողջությամբ քաղաքական է իր բովանդակությամբ ու հիմնավորումներով (օրակարգում 10 հարց էր` և բուն ավագանու գործողություններին վերաբերող խնդիրներից առաջ էին անցել Վուդրո Վիլսոնի անվամբ փողոց անվանակոչելու մասին, Վուդրո Վիլսոնի հուշարձանի տեղադրման մասին, Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման մասին հարցերը): Առավել քան տարօրինակ էր, որ «Երկիր ծիրանին» հարցը ներկայացրել էր մեկ օրինագծով, ավագանին` բաժանել էր: Իզուր էր Նինա Լափաուրին փորձում Զարուհի Փոստանջյանից ստանալ` իրավական երկու ակտը մեկի մեջ համատեղելու և հենց հիմա` 2018-ի մարտին այդ նախագիծը ներկայացնելու պատճառի պարզաբանումը, որ անհնար է դարձնում քվեարկությունը: Իզուր էր Մարտին Վարդազարյանը զարմանում Զարուհի Փոստանջյանի տրամաբանության վրա, որ նույն փողոցի աջ ու ձախ կողմերն անվանում է երկու փողոց: Իզուր էր Գրիգոր Մինասյանը փորձում հասկանալ «տիկին Զառայի նոր զառանցանքը» և ասում, որ առաջարկի հեղինակները Ֆեյսբուքում 100 լայք ստանալու համար 100 երես են փոխում և «քաղաքական պոռնկություն» էր անվանում նրանց առաջարկը: Եվ բացարձակապես իզուր էր Անահիտ Բախշյանն արդարանում, որ Սերժ Սարգսյանի ձեռքից մեդալ է ստացել` պատմելով, որ 2011-ին ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ է մեդալը ստացել, ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունից թեկնածուի անուն են ուզել նախագահական նստավայրից և ինքը խմբակցության որոշմամբ է ստացել մեդալը. «Երկրորդ կարծիք չի հնչել, որ եկեք չվերցնենք»: Ի՞նչ կլիներ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը Զարուհի Փոստանջյանին ներկայացներ: Փաստորեն` 7 տարի անց նա դեռ իր չստացած մեդալի կռիվն է տալիս հընթացս: Երկարատև քննարկումից հետո ՀՀԿ-ն իհարկե մերժեց Զարուհի Փոստանջյանի նախագիծը, բայց դա չի պատասխանում հարցին, թե ինչու՞ է ընդհանրապես այդ հարցը օրակարգ մտնում ու երկար, մանրամասն քննարկվում` սա մեկ: Երկրորդ` Զարուհի Փոստանջյանին ուղղված և անկապ բացատրություններ ստացած բոլոր հարցերն էլ ունեն մեկ պատասխան` Զարուհի Փոստանջյանը կրկնակի քարտ բլանշ է ստացել ու պիտի տակից դուրս գա: Հանրապետության հրապարակում կաբրիոլետով պտտվելով, Անի գնալով` ավագանի չեն դառնում` մի քանի օրվա կուսակցությունով:

ՀՀԿ-ն «ԵԾ»-ին հենց այնպես չէր քաղաքապետարան տանում` «Ելքի» առաջն առնել էր պետք: ՈՒ Զարուհին բարեխիղճ կատարում է իր գործը, բայց «Ժառանգության» անդամի նրա փորձը ցույց է տվել, որ մեկ տիրոջ հույսին մնալը հեռանկարային չէ և գործնականում նա իր անձն ու կուսակցությունը դրել է աճուրդի, ու իրադարձային, կարճաժամկետ գործարքների մեջ է մտնում տարբեր ուժերի ու անձանց հետ: Այդպես հեշտ է հետքերը կորցնել ու ներկայանալ բացարձակ ընդդիմադիր ու սկզբունքային` նաև պատասխանատվություն չստանձնել: Ոչ միայն Հայաստանում, ցանկացած երկրում կա հասարակության մի հատված, ում հետաքրքրում են սկանդալներն ու պատրաստ է օրվա հերոս դարձնել ամեն բախտախնդրի ու հացկատակի` ծափ տալով ու երկինք հանելով, որովհետև ապահովում է իր ժամանցը: Նման մարդիկ ի վիճակի չեն ոչ խնդիր դնել, ոչ լուծել, նրանք մշտապես պահանջարկ ունեն, որովհետև միշտ կան խնդիրներ, որ իշխանությունը (նախկին կամ ներկա) լուծում է իր ծառաների ձեռքով: Զարուհի Փոստանջյանի գործելաոճը ոչ նոր է, ոչ անցողիկ և դառնում է ազդեցիկ, երբ լրատվամիջոցները ոչ միայն տիրաժավորում են նրա հերթական քայլը, այլև Մոսադին արժանի խորաթափանցությամբ բացահայտում նրա քայլերի բուն նպատակները ու իրենց եզրակացություններով ներկայացնում այն արդյունքը, որին «ԵԾ»-ն դեռ պիտի հասնի երկար ճանապարհով: Փաստացի` Զարուհի Փոստանջյանի շուրջ համախմբվածները կուսակցություն չեն (նույնիսկ եթե շուքով նշում են իրենց մեկ տարին), նրանք չունեն (ու չեն կարող ունենալ) ծրագիր, առավել ևս այդ ծրագիրն իրականացնելու ներուժ: Առավել ևս` նրանք ընդդիմություն չեն, ընդդիմությունը միայն հայհոյելու, մեղադրելու, քննադատելու համար չէ (իշխանությանը կամ մյուս ընդդիմադիրներին), ընդդիմությունը պիտի ցույց տա իր այլընտրանք լինելը: «ԵԾ»-ն իր էպատաժային ընթացքով այլընտրանք կարող է դառնալ միայն ինքն իրեն: ՈՒ դա շատ վատ է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Եթե Զարուհի Փոստանջյանի նպատակը Վազգեն Սարգսյանի հիշատակը վարկաբեկելը չէ, ինչու՞ նրա մտքով չի անցնում Իսակովի երկար պողոտայի
(կամ` Զարուհի Փոստանջյանի պատկերացումով` երկու փողոցներից մեկի) այն կողմը, որտեղ ԱՄՆ դեսպանատունն է, վերանվանել Վուդրո Վիլսոնի անունով: Չի անցնում, որովհետև Զարուհի Փոստանջյանն (ու նրա նմանները) գործում են Նաիրի Հունանյանի (ու նրա նմանների) տրամաբանությամբ` ամեն ինչի մեղավորը մեկ մարդ է (Վազգեն Սարգսյանը), իսկ իրենք այն մարդն են, որ իրենցով փոխարինում են դատավորին, դատախազին, փաստաբանին ու դատավճիռն ի կատար ածողին: Մեղավորության կանխավարկածի այս տրամաբանությունը նույն ահաբեկչությունն է, որով մուսուլմանները սպանում են քրիստոնյաներին ու նրանց, որ իրենց նման չեն: ՈՒ պետք չէ նրանց «քաղաքական պոռնկության» մեջ մեղադրել` դա շատ ավելի ազնիվ զբաղմունք է, քան այն, ինչով ի սկզբանե զբաղվում է և դեռ զբաղվելու է «ԵԾ»-ն Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, քանի դեռ պատվերները հաջորդում են մեկը մյուսին:

Դիտվել է՝ 3135

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ