Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱԺ-ն մերժեց Մարտի 1-ի դեպքերի մասին հայտարարության նախագիծը

ԱԺ-ն մերժեց Մարտի 1-ի դեպքերի մասին հայտարարության նախագիծը
21.03.2018 | 16:50

ԱԺ-ն մերժեց «Ելք»-ի՝ «Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը շարունակեց պնդել, որ դատախազությունում չկան նյութեր, որոնք կապացուցեն Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե ցուցարարները ավտոմեքենայի հետևից զինվորների վրա են կրակել ու թաքնվել: «Պետք է Քոչարյանին կանչել հարցաքննության, որ պարզաբանի՝ ինչի՞ վրա է հիմնվել նման հայտարարություն անելիս»,- ասաց Փաշինյանը։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը՝ ելնելով նախագծի դրույթների մեկնաբանությունից, որոնց համաձայն՝ ԱԺ կողմից պետք է վերահսկվի, որ իրավապահ մարմինները որոշակի ժամկետներում որոշակի դատավարական գործողություններ կատարեն։


«Մենք խորհրդարանական վերահսկողություն հասկացությունը չպետք է տարածական մեկնաբանության մեջ դիտարկենք, այնպես, որ այն իշխանությունների տարանջատման սկզբունքի ձևով լինի։ Մենք տեսնում ենք Սահմանադրության 4-րդ հոդվածի խախտման վտանգ, դրա համար «Ծառուկյան» խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը»,- նշեց Պետրոսյանը։
ԱԺ պետիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն էլ նկատեց, որ քրգործի նյութերին ծանոթանալու իրավունք ոչ ոք չունի։ «Վերջակետ փորձեմ դնել Ռոբերտ Քոչարյանի հարցաքննման հետ կապված երկխոսություններին։ Բոլոր ձայնագրությունները, որի մասին Ռոբերտ Քորչարյանը որպես երկրի նախագահ խոսել է, քրեական գործում կան։ Քրգործի նյութերին ծանոթանալու իրավունք, անկախ մարտահրավերներից, ոչ դուք, պարոն Փաշինյան, ոչ ես, ոչ էլ այստեղ նստածներից մեկը չունի։ Դրանք քրեական գործի մաս են և քննություն դրանցով իրականացվում է», - ասաց Կոստանյանը։ Փաշինյանը պաշտոնապես հայտարարեց, որ տեսագրություն գոյություն չունի, ինչին Կոստանյանը արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ պարոն Փաշինյանը կարող է պաշտոնապես պնդել՝ քրեական գործի նյութերում ինչ կա, ինչ չկա, ով ինչ ցուցմունք է տվել կամ ինչ ձայնագրություն կա։ Հետևապես ես դա գտնում են անպատասխանատու հայտարարություն»։


Նախագծին կողմ քվեարկեց 14, դեմ՝ 56, ձեռնպահ՝ 7 պատգամավոր։ «Ծառուկյան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, ՀՅԴ-ն ձեռնպահ մնաց:

Դիտվել է՝ 945

Մեկնաբանություններ