Թուրքիայի խոշորագույն մեդիա կազմակերպությունը՝ «Դողան մեդիա խումբը» (Doğan Media Grubu) վաճառվել է նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի համախոհներից մեկին՝ մեծահարուստ գործարար Դեմիրորենին պատկանող «Դեմիրորեն խմբին» (Demirören grubu), գրում է ermenihaber.am-ը:
«Դողան մեդիա խմբի» վաճառքը թուրքական մամուլի կյանքում կարելի է պատմական պահ համարել, քանի որ այս գործարքով նախագահ Էրդողանն իր վերահսկողության տակ է վերցնում Թուրքիայի խոշորագույն «մեդիա բանակը», որը մինչ այսօր երկրում խորհրդանշում էր համեմատաբար ազատ ու անկախ մամուլը:
Շատերը Թուրքիայում «Դողան մեդիա խմբի» վաճառքը համարում են երկրում մամուլի պատմության մեջ կարևորագույն ժամանակաշրջանի ավարտ:
Այդ մեդիա առաջատարի վրա վերահսկողություն սահմանելու փորձերը սկսվել են դեռևս 2 տարի առաջ, երբ 2016-ի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո մամուլի վրա գործադրված ճնշման զոհը դարձավ նաև «Դողան մեդիա խումբը», որի մեջ մտնում են «Doğan» լրատվական գործակալությունը, «Hurriyet», «Posta» պարբերականները, «CNNTurk» և «Kanal D» հեռուստաընկերությունները: Չնայած վերջին շրջանում այս լրատվամիջոցներն արդեն ավելի զգույշ քաղաքականություն էին վարում և նույնիսկ երբեմն կառավարամետ պահվածք էին դրսևորում, նրանց մեջ դեռևս կային համարձակ լրագրողներ, խմբագիրներ, հոդվածագիրներ ու հաղորդավարներ, որոնք հավատարիմ էին մնում ազատ մամուլի սկզբունքներին: Դեմիրորենը «Դողան»-ի համար վճարել է 1,2 միլիարդ դոլար: 2011-ին «Դեմիրորեն խումբը» գնել էր «Դողան խմբի» մեջ մտնող «Միլլիյեթ» և «Վաթան» թերթերը՝ վճարելով 74 միլիոն դոլար: Դեմիրորեն կազմակերպության նախագահ Էրդողան Դեմիրորենը Թուրքիայի ամենահարուստ գործարարներից է: Նրան պատկանող կազմակերպությունը հիմնականում գործում է հանքարդյունաբերության, էներգետիկայի և շինարարության ոլորտներում:
Գործարքի արդյունքում Թուրքիայում ակտիվ գործող 29 թերթից 21-ը անցնում են մի կազմակերպության ձեռքը, որը իշխանության «հպատակն» է համարվում: Մամուլի 73 %-ը անցնում է իշխանության վերահսկողության տակ: