Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Անհատը և իր ժամանակը

Անհատը և իր ժամանակը
23.03.2018 | 00:54

Շատ դժվար է ընդամենը ակնարկի սահմաններում բնութագրել, ներկայացնել մի անհատի, ում անցած ճանապարհի նկարագրությունը մեծ կտավի գործ է: Բայց ես հիմա պիտի փորձեմ մի քանի էսքիզներով ինչ-որ կերպ ընթերցողին ծանոթացնել դիմանկարին մի մարդու, ով այսօր՝ մարտի 23-ին, նշում է իր ծննդյան 70-ամյակը:

Հեռուստատեսության լրագրողիս ծանոթությունը ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ սկսվեց, երբ նա նորանկախ երկրի Գերագույն խորհրդի փոխնախագահն էր: Այդ ծանոթությունը հետո պիտի լրագրողի լուրջ հետաքրքրություն դառնար, շարունակելով նրա հետ շփվել, երբ հանրապետության փոխնախագահն էր (այդ ընթացքում նոյեմբերի 20-ից կարճ ժամանակով ստանձնեց նաև հանրապետության վարչապետի պարտականությունները), երբ (1996 թ.) ընտրվեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ: Նյութեր հավաքելու իմ հետաքրքրությունը պիտի իր շարունակությունն ունենար նրա մասին տեսաֆիլմ նկարահանելով, որը հնարավորություն տվեց ավելի մոտիկից ճանաչելու Հարությունյանին ու լրագրողական իմ տպավորություններով ինձ համար ինչ-որ կերպ ձևավորել նրա դիմանկարը:
Իմ պատկերացումների մեջ Գագիկ Հարությունյանը պետական, քաղաքական անվանի գործիչ է, որն իր գործունեության ամեն մի քայլն արել ու անում է օրենքի և իրավունքի գերակայությանը հպատակ, երկրի Սահմանադրության և իրավունքի գերակայության պահանջներով, ցանկացած վեճ իրավունքի հարթություն բերելով ու դրան զուտ իրավական լուծում տալով: Պետական գործիչ, որը մեծ դժվարությունների միջով է անցնում՝ պետության շահերը պաշտպանելու իր սկզբունքային մոտեցմամբ, երբևէ չտրվելով ո՛չ մի ազդեցության, բացի երկրի ու սահմանադրության շահերից: Դա բոլորին չէ, որ դուր է գալիս: Բայց նա հրաշալի գիտե, որ երկրի կայունությունը միշտ է առաջնային, և տարաբնույթ կարծիքներն ու խոսակցությունները ոչինչ են երկրի շահերի համեմատ:


Հեշտ չէ այդպես, անշուշտ, և նրան մոտիկից ճանաչողները, նրա սկզբունքային դիրքորոշումը ճշմարիտ գնահատողները լավ գիտեն, թե նյարդերի ի՜նչ պրկում է հարկավոր՝ ապացուցելու, պաշտպանելու սահմանադրության ու իրավունքի գերակայությունը: Դրանց, այսպես ասած, հպատակվում է իրավագիտության դոկտոր պրոֆեսորը՝ շարունակելով, Պասկալի ձևակերպման հանգույն, պահպանել պետական գործչի իր ա՛յն ազատությունը, որ կոչվում է «Ազատ լինել օրենքի լծի տակ»:


Դժվար է, այո, բայց դա պահանջ է մարդուն, իրավաբանին, Սահմանադրական դատարանի նախագահին, այսօր արդեն մեկ այլ ավելի պատասխանատու կառույցի՝ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահին: Դա պահանջ է, որ առանձնակի ձևակերպման կարիք չունի. դա արյամբ ու ավիշով եկած բնույթ է, գերդաստանի ավանդույթներով դաստիարակված մարդուն անգրել առաջադրված պահանջ, որտեղ «ես»ը ստորադասվում է «մենք»-ին:
Դժվար է, անշուշտ, բայց նա այդ ճանապարհը շարունակում է անցնել ա՛յն զգացումով, որը գալիս է իր կենսագործունեությունը պատվով ու արժանապատվությամբ կատարելուց, խաչուսյալի հավատարմությամբ երկրին ծառայելուց: Գնահատողն էլ, չգնահատողն էլ մարդն է: Գնահատողը նրան իր վերաբերմունքն արտահայտում է տվյալ ժամանակի մեջ՝ Հարությունյանի պահվածքի ու գործելակերպի արժևորումով, այսօրվա արածի մեջ վաղվա օրվա տեսլականն ունեցողի նրա հեռատեսությամբ: Դա այն ճշմարի՛տ մոտեցումն է, որ մարդուն պետք է գնահատել միայն ու միայն ի՛ր ժամանակի մեջ:


Թե 70-ամյա բարձունքից հետհայացքի առիթ ունենա Հարությունյանը, ապա պարզ ու բաց ճակատով է խոսելու իր անցյալ տարիների մասին: Այդ տարիների մեջ մեր պետականության կայացման առաջին քայլերի ու անկախության Հռչակագրի ընդունման գործընթացում նրա անուրանալի ներդրումն է, նրա ջանքերը՝ պետական կառավարման ու պառլամենտարիզմի սաղմերի արմատավորման, անկախ պետականության օրենսդրության ձևավորման, «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայացման, Հայոց բանակի ստեղծման, Արցախին ցուցաբերած աջակցության, Իրանի ու Չինաստանի հետ միջպետական նախնական կապերի հաստատման, ՀՀ Սահմանադրական դատարանի միջազգային ճանաչման, սահմանադրական վերահսկողության կառույցներ հիմնելու և բազում այլ հարցերում:
Հատկապես ՀՀ Սահմանադրական դատարանի ստեղծման օրից դրա հիմնադիր նախագահը լինելով, Հարությունյանն այդ նորաստեղծ ինստիտուտը ճանաչելի դարձրեց աշխարհին՝ միջազգային բազմաթիվ նախաձեռնություններով, գիտավերլուծական զեկույցներով ու հայեցակարգային նորովի մոտեցումներով 60 անգամ հանդես գալով միջազգային խորհրդաժողովներում` առաջադրելով հայեցակարգային նշանակության բազմաթիվ հիմնարար մոտեցումներ: Եվ պատահական չէ, որ համաշխարհային սահմանադրաիրավական բնագավառում նա պատվավոր տեղ ունեցավ իր բեղուն գործունեության հունձքով՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ինֆորմատիկայի միջազգային ակադեմիայի իսկական անդամ, «Ֆեմիդա» միջազգային մրցանակի դափնեկիր, Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) բյուրոյի անդամ, Սահմանադրական դատարանների համաշխարհային կոնգրեսի բյուրոյի անդամ, Սահմանադրական իրավունքի միջազգային ընկերակցության անդամ, ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի հիմնադիր, երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական դատարանների միջազգային ընկերակցության նախագահ, «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոն հիմնադրամի հիմնադիր ու խորհրդի նախագահ… Այս թվարկումը նոր էջեր կլրացնի, դա մի առանձին գրքի թեմա է:


Հարությունյանն է այն ավանդույթի սկզբնավորողը, որ ամեն տարի Երևանում հրավիրվում են սահմանադրական արդարադատության հիմնախնդիրներին նվիրված միջազգային խորհրդաժողովներ, որոնց մասնակցում են աշխարհի բազմաթիվ երկրների սահմանադրական դատարանների նախագահներ, անվանի սահմանադրագետներ, ճանաչված իրավաբաններ:
Երևանի մայր բուհի դասախոս, պրոֆեսոր Հարությունյանի նախաձեռնությամբ է, որ Երևանում պարբերաբար անցկացվում են «Սահմանադրություն և իրավունք» խորագրով օլիմպիադաներ, որոնք դպրոցականների և ուսանողների համար դարձել են իրավական գիտելիքների ձեռքբերման հրաշալի միջոց: Այդ ճանապարհով Հարությունյանի և իր սաների միջոցով Հայաստանում ձևավորվել է սահմանադրաիրավական մտքի միջազգային ճանաչում գտած ու ինքնուրույն ձեռագիր ունեցող դպրոց:


Հարությունյանը հեղինակել է հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն հրատարակված 40 մենագրություն, շուրջ 250 գիտական հոդված: ՈՒսումնասիրել ու ընդհանրացրել է աշխարհի 100-ից ավելի սահմանադրական դատարանների փորձը: Կատարել է 146 երկրների սահմանադրությունների համեմատական վերլուծություն, որի արդյունքում Մոսկվայում հրատարակել է սահմանադրական հիմնական հասկացությունների հանրագիտարանային բառարան: Իսկ «Սահմանադրական մշակույթ. պատմության դասերը և ժամանակի մարտահրավերները» հայերեն ու անգլերեն հրատարակած նրա մենագրությունը եզակի աշխատություն է միջազգային պրակտիկայում:


Հարությունյանն առաջնորդ է իր գործունեությամբ, իր ակտիվությամբ ու խոր գիտելիքներով: Նա այդ հասկացությունը երբևէ չանձնավորեց, չառարկայացրեց, չհամարեց սոսկ պաշտոն, գահ ու աթոռ, ինքնամեծար վայելք, այլ զոհաբերություն: Դա նորանկախ երկրի կայացման ու զորացման համար տրվող աստվածատուր այրում և շնորհ է միաժամանակ:
Ինչո՞վ էր պատրաստ ուսելու այն ծանրությունները, որոնք նրան բաժին հասան հատկապես նորանկախ երկրի հիմնասյուները դնելիս: Խորհրդային տարիներին կոմկուսի կենտկոմի տնտեսագիտության բաժնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու Գագիկ Հարությունյանը նկատելի պաշտոնատար անձ էր կենտկոմում՝ երկրի զարգացման գործում իր ունեցած ավանդով, նաև վայելած հեղինակությամբ: Եվ բնավ էլ պատահական չէր, որ Երրորդ հանրապետության նոր ձևավորվող Գերագույն խորհուրդ պիտի հրավիրվեր որպես Գերագույն խորհրդի փոխնախագահ: Եվ նկատելի էր արդեն նիստերը գրագետ հայերենով, արհեստավարժ պահվածքով վարող, օրենսդիր մարմնի գործունեության բոլոր նրբություններին տեղյակ ու խոր գիտելիքներով զինված մարդու ներկայությունը երկրի բարձրադիր մարմնում: Դա միանգամից չհաջողվեց Հարությունյանին. նա խորությամբ ուսումնասիրեց Առաջին հանրապետության 1918, 19, 20 թվականների պառլամենտական բոլոր նիստերի արձանագրությունները՝ անցյալից ամեն դրական փորձ վերցնելու, անցյալի դասերով համակարգված գործունեություն ծավալելու նպատակով։ Գերագույն խորհրդում յուրաքանչյուր հարց դառնում էր բազմակողմանի մոտեցման, խոր քննարկումների ու վերլուծությունների առարկա, և բարձր մակարդակով կազմակերպված քաղաքական բանավեճերի արդյունքում ընդունվում էին այնպիսի օրենքներ, որոնցից շատերն այսօր էլ շարունակում են գործել կամ որոնց սկզբունքներն այսօր դրված են օրենսդրական շատ ակտերի հիմքում։


Երրորդ հանրապետությունն անկանխատեսելի դժվարություններով սկսեց իր նորանկախ կյանքը՝ ղարաբաղյան ազատագրական պայքար, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մինչ օրս շարունակվող շրջափակում, Ադրբեջանից 300 հազարից ավելի փախստականներ, ապա և ավերիչ երկրաշարժը՝ ավերված քաղաքներով, քայքայված տնտեսությամբ, հարյուր հազարներով անօթևան մնացած մարդկանցով: Դրանց գումարվեց ազերիների սանձազերծած պատերազմը, որը հսկայական ծախսեր պահանջեց նորանկախ երկրի առանց այն էլ սուղ միջոցներից: Մարդկային հազարավոր զոհեր, նրանց ընտանիքներին բաժին հասած դժբախտություն և դժվարություններ, քայքայված տնտեսություն, որի պատճառով՝ աշխատունակ, բայց անաշխատ մնացած հազարավոր մարդիկ…


Այդ ծանր իրավիճակում էր, որ հանրապետության փոխնախագահ Գ. Հարությունյանի գիտելիքներն ու փորձն անհրաժեշտ եղան՝ ժամանակավորապես ստանձնելու (1991 թ. նոյեմբերի 20) վարչապետի պարտականությունները: Դժվարին մի շրջան, որը ժողովուրդը «մութ ու ցուրտ» տարիներ անվանեց՝ մոռանալով շրջափակումը, երկրաշարժը և դրանց պատճառով ստեղծված կացությունը՝ այդպես էլ մանրամասներ չիմանալով, թե այդ շրջանում ինչ դժվարին քայլեր էին կատարվում երկրի կենսագործունեությունն ապահովելու ուղղությամբ:


Ամեն ինչի մեջ խորհուրդ տեսնելու սովորություն ունեցող ազգ ենք, ուրեմն այդ սովորությամբ էլ ավելացնենք՝ Հարությունյանը պատրաստ էր ու պատրաստ է տանելու իր խաչը, որի ծանրությունը ծանրություն չէ, այլ առաջնորդին տրված պարտավորություն, խորհուրդ, իր բաժին երդմա՛մբ տանելու հաճելի զգացողություն: Այս ծանրությունն առավել հեշտ է տարվում, երբ այդ ամենը նրա համար կազմել ու կազմում է գերագույն նպատակ՝ զերծ անհատական բարդույթներից, անհատական պատվամոլությունից: Պատահակա՞ն է ասվում. «Չկա նրանից ավելի ուժեղ հաղթող, ով կարողանում է հաղթել ինքն իրեն»: Եվ եթե այդ ամենը կազմել ու կազմում է գոյության իմաստ, ցայսօր կատարած իր աշխատանքների առավել խորացված շարունակություն, այլևս հավատ ներշնչող, ուրեմն սրա՛ մեջ են աշխատանքների շարունակական լինելը, դրանց կարևորությունը, և այս պարագայում արդեն նոր ծանրություն ուսողը ինչից սկսելու, ինչպես շարունակելու մտորումների վրա ժամանակ չի վատնի, որովհետև անցնելիք ճանապարհն արդեն էն գլխից հարթել է իր բանիմաց գործելակերպով: Նրա արձակած հրամանը հավատ պիտի ներշնչի, նրա խոսքը վստահությա՛ն խոսք պիտի լինի, քանզի պայման է, որ վարք թելադրողն անթերի վարք ունենա, պայման է, որ ի գործ կանչողի կենսագրությունը հարուստ լինի արված գործերով: Հարությունյանը լա՛վ գիտի, որ բնությունից զատ այս արևի տակ ոչինչ հավիտենական չէ, պաշտոնը՝ առավելապես, և հրաշալի գիտի նաև, որ «Իշխանավորը պարտավոր է երեք բան հիշել՝ նախ, որ մարդկանց իշխան է, երկրորդ՝ իշխան է օրենքի լծի տակ, և երրորդ՝ միշտ չի իշխելու» (Ագադոն):
Եվ եթե պետության արժանապատվությունը պայմանավորված է պետությունը կազմավորող անհատների արժանապատվությամբ, ուրեմն արժանապատիվ պահվածքն արդեն նրան բարձր պաշտոնների հրավիրելու այցեքարտ է, որն ունեցավ Հարությունյանը՝ մարտի 5-ին ընտրվելով ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ:


Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ

Հ.Գ. Մարտի 16-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը, «Սահմանադրական բարեփոխումների, Հայաստանում սահմանադրական արդարադատության հաստատման, սահմանադրական մշակույթի ձևավորման, իրավագիտության բնագավառում ունեցած ակնառու ներդրումների համար» իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանին շնորհեց Գիտությունների ազգային ակադեմիայի բարձրագույն պարգև՝ ոսկե մեդալ:

Դիտվել է՝ 1958

Մեկնաբանություններ