Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Այս անցումային շրջանում թուրքական քաղաքականությունն այլոց ձեռքով կրակից շագանակներ հանելն է»

«Այս անցումային շրջանում թուրքական քաղաքականությունն այլոց ձեռքով  կրակից շագանակներ հանելն է»
23.03.2018 | 00:58

Թուրքիան շարունակում է «Ձիթենու ճյուղ» գործողությամբ Սիրիայում ավելացնել իր վերահսկողության գոտիները: Աֆրինն ամբողջությամբ անցավ թուրքական զինված ուժերի վերահսկողության տակ, քաղաքային իշխանության շենքի վրա բարձրացվել է Թուրքիայի դրոշը, իսկ թուրքերը, սովորության համաձայն, թալանում են քրդական բնակավայրերն ու մարդկանց տեղահան անում: Իրավիճակը տարածաշրջանում բավականին լարված է, իսկ Թուրքիայի գործողությունները գնալով առավել վտանգավոր են դառնում: Իրավիճակի շուրջ «Իրատեսը» զրուցեց ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ հետ:


-Տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության մեծացումը ի՞նչ սպառնալիքներով է հղի:
-Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության ամբիցիաների մասին վաղուց է հայտնի: Էրդողանի կերպարի ձևավորումը ոչ միայն մեզ էր տեսանելի, այլև միջազգային հանրությանը: Այն, որ Թուրքիան բավականին վտանգավոր տուրբուլենտ գոտի է ընկել, ակնհայտ դարձավ հատկապես ներքաղաքական վերջին զարգացումների, հեղաշրջման փորձի և դրան հետևած բռնաճնշումների ժամանակ: Էրդողանը ոչ միայն դադարել է լինել վստահելի ռազմաքաղաքական գործընկեր իր դաշնակիցների համար, այլև դարձել է անկանխատեսելի ղեկավար այս տարածաշրջանի երկրների համար: Թուրքական ղեկավարության ամբիցիաների մասին հայտարարվել էր դեռևս 2011-2012-ին, երբ Բաթումը, Հալեպը, Սալոնիկը համարվեցին թուրքական նկրտումների տարածք: Չեմ կարծում, որ նեոօսմանյան քաղաքականությունը բուն թուրք հասարակության պահանջն է, այն հիվանդագին քաղաքական երևակայություն և հավակնություններ ունեցող թուրքական ղեկավարության գործելաոճն է: Անկանխատեսելի հարևանը շատ ավելի վտանգավոր է իր գործողությունների մեջ: Ցավոք, այդ գործընթացի թիկունքում կանգնած հիմնական դերակատարները հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման հանդեպ պատշաճ միջազգային ճնշում չգործադրեցին: Ե՛վ ԱՄՆ-ը, և՛ Ռուսաստանը, և՛ ԵՄ-ը շատ ավելին կարող էին անել, հատկապես արձանագրության ստորագրումից անմիջապես հետո, երբ Էրդողանի քաղաքական հավակնությունները սաղմնային փուլում էին: Այդ պահը խոշոր տերությունները բաց թողեցին: Հայաստանը պատվով սկսեց գործընթացը և պատվով էլ ավարտեց, սակայն միջազգային քաղաքական վերնախավն այս գործընթացի հետ կապված պարտք ունի Հայաստանին: Իսկ այն, ինչ այսօր կատարվում է Սիրիայում, իհարկե, կարելի է կանխել` թույլ չտալով թուրքական հնարավոր պետական միավորման ստեղծումը՝ հարակից տարածքներում: Քրդական խնդիրը հանգուցային է դառնում սիրիական հետճգնաժամային հնարավոր զարգացումներում: Սիրիան խճճված կծիկ է, շատ խայտաբղետ ազդեցության գոտիներով, տարածքներով, տարբեր խմբավորումներով ու պետությունների միջև շահերի բախումներով, անկանխատեսելի հետևանքներով: Թուրքական տարածաշրջանային ագրեսիվ պահվածքը ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի անդամակցության կարևորումը ռազմաքաղաքական այնպիսի դաշինքին, ինչպիսին ՀԱՊԿ-ն է: Ռազմատեխնիկական ներուժի համեմատությունը թույլ է տալիս մեզ պնդել, որ մենք կարող ենք մեր անվտանգությունը պահել ամբողջապես ադրբեջանական ուղղության վրա, իսկ երկրորդ ճակատում ուժերի հավասարակշռությունը պահելու, խաղաղություն պահպանելու գործիքակազմը հարստացվում է ռուսական ռազմաբազայի առկայությամբ և ՀԱՊԿ-ի շրջանակներում եղած պայմանագրաիրավական հարաբերություններով:
-Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, բայց ԱՄՆ-ի հորդոր-նախազգուշացումները, Ռուսաստանի, ԵՄ-ի դիրքորոշումը Թուրքիային հետ չեն կանգնեցնում: Ստացվում է` Թուրքիան անպատժելի՞ է:
-Թուրքական ղեկավարությունն օգտվում է աշխարհում առկա խառնաշփոթից և ազդեցիկ քաղաքական ինստիտուտների թուլությունից, որոնք ժամանակին զսպաշապիկ և ուղղորդիչ էին ոչ միայն Թուրքիայի, այլև գլոբալ քաղաքական գործընթացների համար: Թուրքիան փչացնում է իր հարաբերությունները և՛ ԱՄՆ-ի, և՛ ԵՄ-ի առանձին երկրների հետ: Ռուսաստանի հետ էլ դժվար է համարել գործընկեր, կարող են համընկնել տակտիկական շահերը, բայց երկարաժամկետ ռազմավարական տեսակետից Ռուսաստանն ու Թուրքիան բնական մրցակիցներ են ոչ միայն Անդրկովկասում, այլև Սև ծովում ու Բալկաններում: Այսինքն,՝ երկարաժամկետ ռազմավարական օրակարգ նրանք չեն ունենալու, պարզապես Թուրքիան օգտվում է առկա միջազգային խառնաշփոթից, կառավարելի քաոսից: ԱՄՆ-ը և ԵՄ-ը ևս նախկինը չեն, Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական բախման մեջ Թուրքիան փորձում է առավելագույն օգուտներ ստանալ, մի կողմից` մնալով ՆԱՏՕ-ի անդամ, մյուս կողմից էլ` փորձելով Ռուսաստանից ձեռք բերել S-400 համակարգեր, ստանալով ՆԱՏՕ-ի նախազգուշացումը, որ դրանք համադրելի չեն ՆԱՏՕ-ի ռազմական ներուժի հետ: Այդուհանդերձ, այդ երկիրը շարունակում է մասնակցել ՆԱՏՕ-ի գործողություններին, խանգարում գերմանացի պատգամավորների մուտքը իրենց ավիաբազա:
-ՈՒ այս ամենը ներվում է Թուրքիային, ինչու՞:
-Գերտերություններն իրենք այսօր արտաքին աշխարհի հետ խնդիրներ ունեն և թուրքական խաղաքարտը փորձում են օգտագործել սեփական շահերի հետապնդման տեսանկյունից: Իսկ Թուրքիան, օգտվելով առիթից, որ աշխարհի գլուխը խառն է, գործողություններ է ծավալում, որոնք այլ ժամանակահատվածում այլ արձագանքի կարժանանային: ՆԱՏՕ-ն էլ ունի ներքին բազմաթիվ խնդիրներ: Մի կողմից` ԱՄՆ-ի նոր ղեկավարության պահանջը, այն է՝ անդամ երկրներից համարժեք ֆինանսավորում ներդնել, մինչդեռ այդ երկրները շատ պասիվ են արձագանքում, մյուս կողմից ԵՄ առաջատար երկրները մտածում են սեփական պաշտպանիչ համակարգ ունենալու մասին: Արդեն բացահայտ խոսում են եվրոպական զինված ուժերի մասին, և հաջորդ տարի ԵՄ-ում սպասվող ընտրությունների նախաշեմին, կարծում եմ, եվրոպական բանակի ստեղծումը կարևոր թեմա է լինելու: Սառը պատերազմի տարիներին ՆԱՏՕ-ն Խորհրդային Միության հակազդող մոնոլիտ կառույցի դեր էր ստանձնել, իսկ հետո, որպես նոր աշխարհակարգ թելադրող կառույց, վաղուց վերանայվել է, դրանից հետո դարձավ հակատեռորիստական կառույց, իսկ այսօր ՆԱՏՕ-ն ներքին վերակազմավորման, վերարժևորման, իր առաքելության վերագիտակցման անհրաժեշտությունն ունի, որովհետև ոչ սոցիալիստական աշխարհը կա, ոչ միաբևեռ աշխարհը, ոչ էլ ահաբեկչական սպառնալիքներն են միավորիչ դեր խաղում ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերություններում: Այս անցումային շրջանում թուրքական քաղաքականությունը այլոց ձեռքով կրակից շագանակներ հանելն է: Մենք պետք է զգոն լինենք տարածաշրջանային ոչ միայն ուղղակի, այլև անուղղակի սպառնալիքների հանդեպ, որովհետև թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական տանդեմը իրականություն է: Պարտադիր չէ, որ մենք խնդիրներ ունենանք հայ-թուրքական սահմանին, Թուրքիայի մատը խառն է եղել ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում, ապրիլյան պատերազմում: Խառը կարող է լինել նաև ապագայում Ադրբեջանի հետ մեր ունեցած ռազմաքաղաքական սրացումների ժամանակ:
-Թուրք-ադրբեջանական տանդեմն իրականություն է, Էրդողանն էլ անկանխատեսելի ղեկավար է: Եթե մեր տարածաշրջանում Թուրքիան ցանկանա գործողությունների դիմել, գերտերությունները լուռ կհետևե՞ն, իրենց կպահեն այնպես, ինչպես 1915-ի՞ն:
- Ի տարբերություն 1915-ի, մենք ունենք պետություն:
-Սիրիան էլ հզոր պետություն էր, բայց, գերտերությունների լուռ համաձայնությամբ, այդ երկիրը կազմաքանդվում է, Թուրքիան տարհանում է ժողովրդին, իր վերահսկողությունը տարածում մեկ այլ պետության տարածքում՝ Աֆրինում, և դեռ այլ տարածքների ախորժակ էլ ունի:
-Չթերագնահատելով արժեհամակարգի, քաղաքակրթության կարևորությունն արտաքին հարաբերություններում, այդուհանդերձ, ոչ ոք առայսօր չի հրաժարվել «ռեալ պոլիտիկ» տերմինից, որը երբեմն փաթեթավորվում է արժեհամակարգային բառապաշարով, բայց վաղուց միջազգային հարաբերությունների օրակարգը զգացմունքային ու ռոմանտիկ չէ և խարսխված չէ արժեհամակարգի վրա: Նժդեհյան «ՈՒժն է ծնում իրավունք» սկզբունքը շատ ավելի արդիական է այսօր, երբ հին աշխարհակարգը կա՛մ էրոզիայի է ենթարկվել, կա՛մ վերակառուցման փուլում է: Մենք ականատեսն ենք բազմաբևեռ աշխարհի ծննդյան պատմական պահի, այս անցումային շրջանը հղի է մարտահրավերներով, այդ թվում` պատմականորեն այնպիսի թեժ տարածաշրջանում, ինչպիսին Մերձավոր Արևելքն ու Հարավային Կովկասն են:

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4167

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ