USD482.76
EUR565.36
RUB7.81
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Սիրիայում և Իրաքում խաղաղության բանալին քրդերի և շիաների գործակցությունն է

Սիրիայում և Իրաքում խաղաղության բանալին քրդերի և շիաների գործակցությունն է
23.03.2018 | 01:49

(Նախորդ մասը)

Թուրքիայի նախագահ Էրդողանն արդեն հրապարակայնորեն լռում է, թեև վերջերս հոխորտում ու պնդում էր, թե ինքն «ամեն ինչի շուրջ պայմանավորվել է Ռուսաստանի և Իրանի հետ»: Նույնիսկ «Quawat ad-Difa al-Watani»-ի աշխարհազորայինների մտնելուց մեկ օր առաջ նա պնդում էր. «Հիմա Աֆրինի հարցը փակված է: Մոտ օրերս մենք կշրջապատենք Աֆրին քաղաքի կենտրոնը»:

Եվ, Էրդողանի ասելով, այդ հաշվով ինքը պայմանավորվածություն ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. «Փետրվարի 19-ին մենք խոսել ենք հեռախոսով»: Սակայն հաջորդ օրվա իրողությունները Թուրքիայի նախագահին ստիպեցին... «հեռախոսով խոսել» նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: «Mehr News» կայքը հաղորդել է. «Իրանի նախագահամերձ աղբյուրների տվյալներով, երկուշաբթի օրվա վերջին Թուրքիայի և Իրանի նախագահները հեռախոսով կարծիքներ են փոխանակել Սիրիայում, հատկապես Աֆրինում և Իդլիբում տիրող վերջին իրադարձությունների շուրջ: Աղբյուրները, որոնք խոսում էին անանունության պայմանով, ասացին, որ Էրդողանն ու Ռոհանին ընդգծել են ահաբեկչական տարրերի դեմ մղվող պայքարում համագործակցելու անհրաժեշտությունը: Երկու առաջնորդները քննության են առել Աստանայի բանակցությունների ընթացքը և Սոչիի կոնգրեսը, որոնց նպատակը սիրիական հարցի լուծումն է եղել»: Ինչպես տեսնում ենք, մանրամասներ չկան, թեև հայտնի է, որ Աֆրինի ու Իդլիբի հարցերը քննարկվել են թե՛ ՌԴ-ի, թե՛ Իրանի անվտանգության խորհուրդներում: Երևի ինչ-որ բանով Էրդողանին չէր բավարարել Պուտինի հետ զրույցը, եթե նա մեկ օր անց նույն հարցերը շտապեց քննարկել Ռոհանիի հետ: Դատելով այն բանից, որ «Quawat ad-Difa al-Watani»-ի աշխարհազորայինները շարունակում են գալ Աֆրին և նույնիսկ առաջավոր դիրքեր են դուրս գալիս, Էրդողանին «չեն հասկացել» նաև Թեհրանում: Բայց եղե՞լ է, արդյոք, իրանական «Կոդս» հատուկ նշանակության ուժերի և անձամբ գեներալ-մայոր Սոլեյմանիի «հետքը» պահակախմբերի կազմակերպման ու Հալեպից Աֆրին ուղեկցման գործում, առայժմ պարզ չէ, եթե չհաշվենք, որ բրիտանական «Reuters» գործակալությունը երկու օր անընդմեջ լուրեր է քաղում շիական «Հըզբոլլահ» կուսակցության աղբյուրներից, և որ «սիրիական ընդդիմության» թուրքամետ հրամանատար Մուհաննա Ճաֆալան խոստովանել է, թե առաջինը Աֆրին են հասել Սիրիայի հենց ալավիական և շիական ոստիկանությունների մարտիկները: Այսինքն, առայժմ Աֆրինում չկան «Հըզբոլլահի» մարտիկներ. այնինչ, ռազմաճակատներում հենց նրանց հայտնվելն արժե կապել իրանական «Կոդս» հատուկ նշանակության ուժերի և գեներալ-մայոր Սոլեյմանիի հետ, քանի որ «հըզբոլլահականների» (լիբանանյան) և Իրանի ԻՀՊԿ-ի հարվածային ջոկատների միջև սերտ կապերի մասին աշխարհը նոր չի լսում: Ասենք, այդ բանը չեն էլ թաքցնում՝ ո՛չ Թեհրանը, ո՛չ Բեյրութը:
Ի՞նչ կլինի հետագայում. ահա թե ինչն է հետաքրքրում սիրիական իրադարձություններում ներգրավված բոլոր «դերակատարներին», այդ թվում՝ քրդերին: Ըստ էության, խորհուրդն արդեն հնչել է. փետրվարի 21-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով այն հարցին, թե պատրա՞ստ է Մոսկվան նպաստելու Թուրքիայի ու Սիրիայի երկխոսությանը՝ Աֆրինի շուրջ ստեղծված իրադրության կարգավորման հարցում, ընդգծել է. «ՍԱՀ-ի տարածքային անվտանգությունը պետք է հարգեն նաև բոլոր ազգային, կրոնական և Սիրիայում բնակվող մյուս խմբերը: Բայց ՍԱՀ-ի կառավարությունն ինքն էլ պետք է առաջնորդվի իր երկրի ամբողջ տարածքի ինքնիշխանության սկզբունքով: Դա նշանակում է, որ անհրաժեշտ է երկխոսել այս կամ այն ազգային, կրոնական խմբի ներկայացուցիչների, ներառյալ քրդերի հետ: Հենց այդ հիմունքներով է Ռուսաստանն աշխատում սիրիական իրադարձությունների բոլոր մասնակիցների հետ»:

Զուգադիպություն է, թե ոչ, սակայն նույն օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ֆոմինն ընդունեց Սիրիայի գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի տեղակալ Ռամզի Էզելդին Ռամզիին՝ քննարկելով «Սիրիայում սահմանադրական հանձնաժողով ստեղծելու և սահմանադրական բարեփոխման աշխատանքն սկսելու հարցը»:
Մյուս կողմից, կարծես, հարևան Իրաքի՝ այդ գործընթացի հետ չկապված իրողությունները, ինչպես նաև Սիրիայում և Իրաքում Իրանի որոշակի ջանքերը ևս ապագայի մոտավոր պատկեր են ստեղծում: Օրինակ, «Հըզբոլլահի» իրաքյան բրիգադների» գոյության ու գործունեության փաստի հրապարակումը. բացահայտորեն զգացվում է, որ հեռու չէ այն օրը, երբ Սիրիայում էլ կհայտարարեն «Հըզբոլլահի» սիրիական բրիգադների» առկայության մասին: Իսկ չէ՞ որ դա ընդհանուր գործընթացի մի մասն է միայն:

Համեմատենք. Իրաքում ահաբեկիչների դեմ մղվող պատերազմում բեկում մտցրին ժողովրդական զորակոչի ուժերը, այսինքն, «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» աշխարհազորային միավորումը: Հիմա Սիրիայում էլ առաջին պլան է դուրս գալիս «Quawat ad-Difa al-Watani» աշխարհազորի ժողովրդական միավորումը: Այլ խոսքով, ինչ-որ ընդհանուր մոդել է աչքի առաջ: Հակաահաբեկչական, չերկնչենք նկատել՝ հակաարևմտյան, իհարկե, նաև հակաթուրքական ուժերի լայն ճակատ. ահա սա է այսօրվա Իրաքի ու Սիրիայի իրողությունը, և մի նրբություն կա, այն, որ ուժերի այս լայն ճակատում, կարծես, տոն են տալիս շիաներն ու ազգային-կրոնական այն խմբերը, որոնք շիաների հետ համաձայնագիր են կնքել փոխգործակցության մասին: Իրաքում, օրինակ, նկատվում է քրդերի հետ շիական աշխարհազորայինների մերձեցման գործընթաց: Այսպես, հունվարի 28-ին, վկայակոչելով «Al-Quds al-Arabia» թերթը, քրդական աղբյուրները հաղորդեցին, որ «Ալ-Ֆաթիհ» դաշինքը, որը ներառում է իրանամետ «Ալ-հաշդ աշ-Շաաբի» շիական աշխարհազորայինների ներկայացուցիչներին և ղեկավարվում է Հադի ալ-Ամերիի կողմից, ձգտում է իր ձևավորած կոալիցիայի մեջ ներգրավել քրդական «Փոփոխությունների շարժում» («Օրրան», «Քրդստանի իսլամական խումբ») (ՔԻԽ) կուսակցությունները՝ Իրաքում կայանալիք ընտրություններին ընդառաջ: Ամերին ուզում է միավորվել «Գորանի» և ՔԻԽ-ի հետ, նպատակ ունենալով դիմակայել իրաքյան մյուս խմբակցություններին: Իհարկե, բանակցությունները Իրաքի շիաների ու քրդերի միջև դեռ շարունակվում են, բայց մենք տեսնում ենք մի գործոն, որի շուրջ, բացառված չէ, հետագայում կզարգանա ոչ միայն Իրաքի, այլև Սիրիայի ապագան. չէ՞ որ այստեղ ևս, թող որ առայժմ Աֆրինի նեղ խնդրի շուրջ, նկատվում է փոխըմբռնման հիմքի վրա խարսխված շիա-քրդական երկխոսություն: Հիշել են քրդերը, որ շիաներն էլ իրենց շահերն ունեն Աֆրինում. խոսքը Ֆուա և Քֆարիա քաղաքների ապաշրջափակման մասին է: ՈՒրեմն ինչու՞ բացառել, որ հետագա բանակցությունների ընթացքում Սիրիայի քրդերը կհիշեն Աֆրինի քրիստոնյաներին, դրուզներին, ինչպես նաև Ռոժավի ու Ջազիրայի ոչ քրդական համայնքներին:


Ինչպես կարելի է հասկանալ Աֆրինում շիական «Ալ-Նուջաբաս», «Լիվաա ալ-Կուդս» և «Լիվաա Մոհամմադ Բաքիր» աշխարհազորերի, ալավիական «Շաբիհա» միլիցիայի տեղաբաշխման մասին հաղորդագրություններից, քրդերի հետ ներսիրիական երկխոսություն է տեղի ունենում: Քրդերին առաջարկված է միջհամայնքային լայն գործակցության բազա՝ «Quawat ad-Difa al-Watani» ժողովրդական ուժերի տեսքով: Եվ եթե, Սիրիայի իշխանությունների հղացմամբ, 2012-2017 թթ. քուրդ առաջնորդները չէին ստում, պնդելով, թե իրենք չեն ձգտում անկախության և հարգում են Սիրիայի տարածքային ամբողջականությունը, ապա հիմա քրդերը չպետք է մերժեն համատեղ աշխատանքը «Quawat ad-Difa al-Watani»-ի հովանու ներքո: Իսկ Իրաքի օրինակով հետագայում դա կարող է հիմք դառնալ նաև քաղաքական համաձայնությունների ու պայմանավորվածությունների համար, եթե Իրաքի ժողովրդական «Ալ-Հաշդ աշ-Շաաբին», անկախ Իրաքի կառավարությունից, իրաքցի քրդերին քաղաքական դաշինք է առաջարկում: Իսկ Իրանը, իհարկե, աչալրջորեն հետևում է ինչպես Սիրիայում՝ Աֆրինի շուրջ, այնպես էլ Իրաքում տեղի ունեցող գործընթացներին: ԻԻՀ-ի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչիի փետրվարի 22-ի հայտարարությունը, որ հաղորդել է բրիտանական Բի-Բի-Սին. «Պատերազմի վախն ամենուրեք է մեր տարածաշրջանում»: Սա սոսկ հիշեցում չէ ընթացիկ պահի տագնապալիության և լայնածավալ տարածաշրջանային պատերազմի վտանգի վերաբերյալ նախազգուշացման մասին՝ պայմանավորված «Իսրայելի գործողություններով», որը շարունակում է գրոհել Սիրիայի տարածքում կառավարական զորքերի դիրքերն ու օբյեկտները: Իրանցի դիվանագետը երկիմաստորեն՝ թափանցիկ ակնարկով արձանագրել է, և այդ արձանագրումը հասցեագրվել է թե՛ Թուրքիային, թե՛ Արևմուտքին, նաև Իսրայելին. «Սիրիայում Իրանի ներկայությունը կապված չէ Իսրայելի դեմ նոր ճակատի ձևավորման հետ, այլ պայմանավորված է ահաբեկչության դեմ պայքարի նպատակով: Պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե մենք այնտեղ չլինեինք: Հիմա դուք «Իսլամական պետություն» կունենայիք Դամասկոսում, հնարավոր է նաև Բեյրութում և այլ վայրերում»:


Իրանը որպես աշխարհի գլխավոր շիական պետություն, շարունակում է մեծացնել իր ազդեցությունը և, իհարկե, չի թուլացնում Սիրիայի հետ կապված ջանքերի ակտիվությունը: Ահա և ապացույցներ, ինչպես հաղորդում է «Mehr News» կայքը, մարտի 4-ին Իրանի գերագույն առաջնորդի գլխավոր ռազմական օգնական, գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սեֆևին, հանդես գալով Թեհրանում մի արարողության ժամանակ, որին մասնակցում էին իրանական Գոլեստանի հյուսիսային օստանի ԻՀՊԿ-ի հրամանատարները, հիշատակեց Արևմտյան Ասիայի տարածաշրջանի կարևորությունը, հայտարարելով, որ «այդ տարածաշրջանը դարձել է աշխարհառազմավարական վայր գլոբալ և տարածաշրջանային տերությունների մրցակցության համար», ավելացնելով, որ Սիրիան Արևմտյան Ասիայի ամենակարևոր մասերից մեկն է: Ամերիկացիները, սիոնիստական վարչակազմը (Իսրայելը), Եվրամիությունը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Հորդանանն ու Թուրքիան ճգնաժամ ստեղծեցին Սիրիայում, սպառնալով նրա անկախությանը, ազգային ինքնությանը, տարածքային ամբողջականությանը, ցանկանալով ոչնչացնել նրա բոլոր ենթակառուցվածքները: Գեներալ-մայոր Սեֆևին հույս հայտնեց, որ Սիրիայի ժողովուրդն ու կառավարությունը կկարողանան ամերիկյան զորքերը դուրս մղել Եփրատ գետի արևելյան մասից և վերականգնել իրենց երկրի ամբողջականությունը: Նա հայտարարեց, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան ագրեսորներ են՝ միջազգային իրավունքի համաձայն, քանի որ նրանք խախտում են Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Ինչպես տեսնում ենք, այաթոլլահ Ալի Խամենեին գեներալ-մայոր Սեֆևիի միջոցով արձակել է իր հրամանը՝ ագրեսորներին դուրս մղել Սիրիայից: Եվ դա վերաբերում է ոչ միայն ԱՄՆ-Իսրայելին, այլև Թուրքիային: Մարտի 5-ին ավելի հեռուն է գնում Իրանի Մեջլիսի նախագահի խորհրդական Հոսեյն Ամիր-Աբդուլլահիյանը, վկայակոչելով, թե վերն արդեն հիշատակված գեներալ-մայոր Սոլեյմանին Իրանի ԱԳՆ է ներկայացրել փաստաթղթեր, որոնք վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ը դաշինքի մեջ է ԻՊ ահաբեկչական խմբավորման հետ: «Երբ ես արտգործնախարարությունում էի, հանդիպում ունեցա գեներալ Սոլեյմանիի հետ, նա ինձ փաստաթղթեր տվեց և ասաց, որ ես դրանք շպրտեմ Արևմուտքի ու ՄԱԿ-ի երեսին» (այս թեման, այնուամենայնիվ, առանձին քննարկում է պահանջում):
Քրդերի հետ շիաների մերձեցման՝ Իրաքում ու Սիրիայում զուգահեռաբար ընթացող գործընթացներում, ինչպես նաև պարոն Արաքշիի խոսքերի ենթատեքստում թաքնված են ապագայի ուրվապատկերի առանցքային կետերը ինչպես Իրաքի, այնպես էլ Սիրիայի առնչությամբ: Իհարկե, սա չի նշանակում, թե այդ երկրները ժամանակի ընթացքում կանվանվեն «Իսլամական հանրապետություններ» և կունենան իրենց ԻՀՊԿ-ները, թեև հիմքեր արդեն ունեն՝ ի դեմս նույն «Quawat ad-Difa al-Watani»-ի և «ԱլՀաշդ աշ-Շաաբի»-ի: Սակայն այն, որ բազմամյա պատերազմի հետևանքով ծվատված Սիրիան և Իրաքը (իսկ Իրաքը նաև արևմտյան օկուպացման հետևանքով) կարող են հենց շիաների հետ հաշտության լեզու գտնել ինչպես քրդերի, այնպես էլ այլ ազգային ու կրոնական փոքրամասնությունների համագործակցության ճանապարհին, կասկած չկա:


Տարօրինակ արդյունք է ստացվել. Բաշար Ասադի բոլոր հակառակորդները, սկսած Իսրայելից, կարծես, երկյուղում էին «շիական գոտուց»: Բայց հենց իրենք էլ հանգեցրին նրան, որ շուտով դա իրողություն կդառնա. չէ՞ որ քրդերը «հասկացել են շիաներին»:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1242

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ