USD482.44
EUR564.60
RUB7.28
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

Ամենահեշտը ուրիշին մեղադրելն է

Ամենահեշտը ուրիշին մեղադրելն է
23.03.2018 | 02:17

Չնայած Հայաստանում ծավալված որոշակի հակառուսական տրամադրություններին ու հակապուտինական ընդվզումներին, Վլադիմիր Վլադիմիրովիչը, այնուամենայնիվ, շռնդալից հաղթանակ տարավ իր երկրի նախագահական ընտրություններում: Օրինաչափ ու օրինակա՞ն էր այս ընտրությունը: Անշուշտ: Նույնիսկ պետության ղեկավարի պաշտոնին հավակնող թեկնածուներից և ոչ մեկը աղմուկ չբարձրացրեց այն կապակցությամբ, թե ընտրողներին, նույնիսկ բոմժերին, առաջարկել են… 10 հազար ռուբլի, կամ որ միջոցառմանը հօգուտ Պուտինի միջամտել են զանազան թաղային քրեական հեղինակություններ կամ անգամ օրենքով գողեր: Մյուս կողմից՝ չափից դուրս անգույն էին Պուտինի մրցակիցները, թե հակառակորդները: Սրամիտ էր ռուս քաղաքագետներից մեկը. «Մի քանի կայտառ աքլորներ անխնա կտցահարում-փետրահանում էին միայնակ հավին, որից էլ թերաճ ձվեր էին դուրս թռչում: Քաղաքական պոռնոգրաֆիա»:


Սկսենք նրանից, որ Պուտինը նախապես ոչ մի խոստում չէր տվել, թե ոչ մի պարագայում չի մասնակցելու առաջիկա ընտրություններին: Ազնվորեն ու անթաքույց հայտարարեց այդ մասին միջոցառումից առաջ և ի վերջո շահեց 56 միլիոն 206 հազար անձանց համաձայնությունը՝ 76,66 տոկոս: Ի դեպ, ամենաբարձր ցուցանիշը ռուսաստանյան հետխորհրդային բոլոր ընտրություններում:


Սակայն արդյո՞ք այդքան անթերի է Պուտինը: Կամ գուցե ռուսաց ժողովուրդն է՞լ է հայաստանյայց ժողովրդի նման հեզ ու խոնարհ, որ քվեարկում է ում օգտին ասես ու հետո էլ դժգոհում անմռունչ: Ոչ: Այստեղ կա խիստ էական ու ակնբախ մի տարբերություն: Չասենք, թե ռուսները գժի պես սիրում են իրենց նախագահին, բայց որ հարգում են, աներկբա փաստ է (հետաքրքիր է, Հայաստանում երբևէ պետության ղեկավար կդառնա՞ մեկը, որը վայելի հայ ժողովրդի համակրանքը): Այդ դեպքում ո՞րն է Պուտինի նկատմամբ բարեհաճ վերաբերմունքի հիմքը: Բազմաթիվ են նրան ներկայացվող մեղադրանքները, պահանջները, դիտողությունները: Թեկուզ և կոռուպցիայի, սոցիալական անհավասարության, աշխատանքի ու աշխատավարձի հետ կապված հարցերում և այլն: Սակայն շատ ավելի խոսուն է նրա գործունեությունը հօգուտ ռուսական պետության ու ժողովրդի: Համեմատության եզր չկա ելցինյան «ալկոհոլային» տարիների ու նոր ժամանակների միջև: Համենայն դեպս ռուսները հպարտանում են, որ իրենց պետությունը կրկին ռազմական գերտերություն է և նորեն փորձում է իր կամքը թելադրել միջազգային ասպարեզում:


Էկզոտիկ մի դիտարկում: Տևական ժամանակ վայելելով իշխանությունը, կառավարող կուսակցությունը հաճախ հոգնեցնում է քաղաքացիներին ու կորցնում ժողովրդականությունը: Դրա դասական վկայությունը հայրենյաց «Հանրապետականն» է: Սակայն պարզվում է, որ նույն ցավով է տառապում նաև «Միասնական Ռուսաստանը», այն աստիճանի, որ Պուտինը գերադասեց ընտրություններին ներկայանալ որպես անկախ թեկնածու: Եվ ընտրողներն իրենց վստահությունը հայտնեցին անձամբ Պուտինին, բայց ոչ իշխանությանը: Հայաստանում անտեսված են երկուսն էլ:


Բնական է, որ ռուսաստանյան լրատվատարածքը հեղեղված է բազում կանխատեսումներով, թե առաջիկա վեց տարում ինչ նոր քաղաքական ու տնտեսական նորամուծություններով հանդես կգա նորընտիր նախագահը: Եվ բոլոր տեսակետների մեջ առանձնանում է մեկ գլխավորը՝ արդեն լուծելով ռազմական-բանակային խնդիրները, Պուտինը կկենտրոնանա առավելապես ներքին խնդիրների ու առաջին հերթին էկոնոմիկայի բեկումնային-ճեղքումային-տեխնոլոգիական զարգացման վրա, ստրատեգիական նպատակ դնելով առաջատար դիրքեր գրավել աշխարհում և գերիշխող դիրքեր՝ տարածաշրջանում: Ամենայն հավանականությամբ նա տուրք կտա նաև որոշակի նացիոնալիստական նկրտումներին, Արևմուտք-Ռուսաստան առճակատումներում ուժեղացնելով ռուսական գործոնը: Կմեծանա պետության դերը տնտեսության մեջ: Այլ խոսքով ասած, ավանդական, սակայն նորացված կայսրապետական Ռուսաստան ստեղծելու ուղղությունը գերիշխող կդառնա Պուտինի նախագահական այս վերջին ժամկետում: Այս իմաստով հատկանշական է ռուս նացիոնալիստ գրող, հրապարակախոս Ալեքսանդր Պրոխանովի մի նկատառումը: Թվարկելով Պուտինի ծառայությունները Ռուսաստանի հիմնանորոգման ասպարեզում, նա բնավ էլ ոչ պատահականորեն առանձնացնում է հետևյալ իրադարձությունը. «2008 թվականի «վրացական պատերազմի» ժամանակ տեղի ունեցավ ռուսական տանկերի ներխուժումը Ռոկսի թունելով, և մենք դուրս եկանք Անդրկովկաս: Սա առաջին հետխորհրդային ավանգարդային կայսրապետական պատերազմն էր»: ՈՒշադրություն դարձրեք «առաջին» բառի վրա: Եվ ինչ նկար էր զարդարել հոդվածը՝ հառնել էր զայրացած, եթե չասենք գազազած, արջի պատկերը:


Պուտինի նորահայտնությամբ հազիվ թե որևէ էական բան փոխվի ռուս-հայկական հարաբերություններում: Դրականն այն է, որ Հայաստանում լավ գիտեն նրան: Պատկերացրեք, օրինակ, եթե Ռուսաստանում իշխանության գլուխ գար Ժիրիկի նման հախուռն մեկը և, ասենք, արգելեր... հայաստանցիների կողմից ՌԴ քաղաքացիության ընդունումը: Ինչու ենք առանձնացնում հենց այս պարագան: Հայոց մամուլից տեղեկանում ենք, որ միայն 2017 թվականին Ռուսաստանի քաղաքացի է դարձել ավելի քան 25 հազար հայաստանցի: Ես չգիտեմ, այդքան մարդ հիմա ապրու՞մ է իմ հայրենի նախկին Շամշադինում՝ սահմանամերձ ռազմաճակատային գոտում: Կարելի է պատկերացնել, թե ինչպիսին է իրավիճակը նույնպես նախընտրական Հայաստանում, որ ապերախտ հայաստանցիները թքում են իրենց հայրենիքի ու ղեկավարության վրա ու արտագաղթում Ադրբեջանին զենք վաճառող «դավաճան» երկիր: Եվ, իհարկե, ամեն ինչում Ռուսաստանն է մեղավոր: Եվ եթե Հայաստանում իրական իշխանափոխություն տեղի չունենա, ապա կարող եք չկասկածել, որ Ռուսաստանի քաղաքացիության ձգտող անշնորհակալ հայաստանցիների քանակը շեշտակիորեն կավելանա: Պարզ է, նաև Պուտինի մեղքով: Ամենահեշտը ուրիշին մեղադրելն է:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1506

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ