Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Երբեք ինքս մարդկանց չեմ պարտադրել իմ առավելությունները, դրանք մատնանշել են ուրիշները»

«Երբեք ինքս մարդկանց չեմ պարտադրել իմ  առավելությունները, դրանք մատնանշել են ուրիշները»
23.03.2018 | 02:38

«Իրատեսի» հյուրը ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆՆ է:

(Նախորդ մասը)

«ԵՍ ՄԱՇՎԱԾ ՋԻՆՍՈՎ, ՄՇՏԱՊԵՍ ԾԱՄՈՆ ԾԱՄՈՂ ՏՂԱ ԷԻ, ԻՄ ԱՐՏԱՔԻՆԻՑ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷՐ ԳՈՒՇԱԿԵԼ, ՈՐ ԿԱՐՈՂ ԵՄ ԽԵԼԱՑԻ ԼԻՆԵԼ»


-Երևանում ստացած մասնագիտական կրթությունից հետո սովորեցիք Մոսկվայում: Բարդություններ չէի՞ն ծագում օտար միջավայրում:
-Մոսկվայում բախտս բերեց, ընդունվեցի փորձարարական մի հաստատություն՝ ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն կուրսեր: Հեռուստատեսությունը նոր էր ստեղծվել, և այդ կուրսերում պատրաստվում էին առաջին մասնագետները: Մենք դասախոսներ ունեինք, որոնց ուրիշ տեղերից ուղղակի դուրս էին շպրտել՝ իրենց «ոչ նպատակահարմար» մտածողության պատճառով: Բայց ի՜նչ մարդիկ էին. Շոլոմ Մանովիչ Գերման, Յուրի Վլադիմիրովիչ Լեյզերով: Նրանց մոտ սովորելիս հասկացա, որ, չնայած իմ շատ կարդացած լինելուն, դատարկ եմ ու պիտի շատ աշխատեմ, որ լրացնեմ գիտելիքներիս բացը: Սկզբում մեր 12-հոգանոց կուրսի ղեկավարն էի, հետո դարձա բոլոր կուրսերում սովորողների՝ 120 ուսանողների ղեկավարը՝ ուսանողական դեկանը: Դա ինձ հնարավորություն տվեց, որ օգտվեմ գրադարաններում պահվող բացառիկ գրքերից, կարդամ Կերկեգորի, Հեգելի, փակ պահոցներում գտնվող ոչ մատերիալիստ այլ հեղինակների գործերը: Այդպես ընդլայնեցի իմ գիտելիքների սահմանը և գերազանցությամբ ավարտեցի կրթությունս: Գերմանը սկզբում կաշկանդված էր: Այնքան տեղերից էին մարդուն հեռացրել, որ հերթական հեռացումից խուսափելով՝ շատ սահմանափակ դասախոսություններ էր կարդում: Մեկ-երկու դասախոսությունից հետո տեսա, որ ոչ մի հետաքրքիր բան չի ասում, գրատախտակին գրեցի Նիցշեից մի աֆորիզմ. «Ճշմարտությանը տիրապետելը սարսափելի չէ, բայց ձանձրալի է, ինչպես ցանկացած տիրապետում»: Գերմանը եկավ, սկսեց իր ձանձրալի դասախոսությունը, ապա աչքն ընկավ գրատախտակին, կարդաց ու բացվեց:
-Դուք, փաստորեն, «հրահրել» եք մարդուն:
-Այդպես է ստացվում: Նա շատ կարդացած էր, նրան հնարավոր չէր զարմացնել: ՈՒ ես ամեն անգամ գրադարանում ինչ-որ գրքեր էի կարդում, արտագրում իմաստուն մտքեր, որ նրա դասին գրեի գրատախտակին ու դրդեի հետաքրքիր բաներից խոսելու: Ամեն անգամ, մտնելով լսարան, կարդում էր գրածս ու սկսում. «Ինչ վերաբերում է այս գրառմանը…»: Կարծես մեր դասերը դարձել էին երկխոսություն իմ և նրա միջև: Չորս-հինգ դաս հետո ցանկացավ վերջապես իմանալ, թե ով է այդ գրառումների հեղինակը՝ իր «ընդդիմախոսը»: Երբ իմացավ, որ ես եմ, շատ զարմացավ: Այն ժամանակ ես մաշված ջինսով, մշտապես ծամոն ծամող տղա էի, իմ արտաքինից հնարավոր չէր գուշակել, որ կարող եմ խելացի լինել: Դրանից հետո բոլոր դասերին գալիս-կանգնում էր կողքիս ու սկսում խոսել՝ կարծես միայն ինձ ու իր համար: Իսկ քննության օրը մտավ ներս և ասաց. «Ռաֆայել Քոթանջյա՛ն, հի՛նգ: Դուք ազատ եք: Թե չէ հանկարծ էլի մի աֆորիզմ կգրեք, և քննությունը կվերածվի բանավեճի»: Ասացի, որ արդեն գրել եմ: Իսկ գրածս դարձյալ Նիցշեի միտքն էր. «Եթե ինձ հարցնեին՝ ինչպես եմ ցանկանում մեռնել, կպատասխանեի՝ վայրկենապես, կայծակի նման: Որովհետև այդ րոպեին ցանկանում եմ լինել և՛ կայծակ, և՛ մարդ»: Հավանեց գրառումս, բայց ասաց, որ քննարկելու ժամանակ չունի: Ես խնդրեցի, որ մնամ ու հետևեմ քննության ընթացքին, համաձայնեց: Իսկ մտքիս կեղտոտ բան կար. մեզ հետ սովորում էր Կոռնեյ Չուկովսկու թոռը՝ ամբարտավան մոսկվացի մի տղա: Բարձրահասակ, հաճելի արտաքինով տղա էր, բոլոր աղջիկները նրա շուրջն էին պտտվում, պապի անունով լուծվում էին բոլոր հարցերը: Ինձ հետաքրքիր էր, թե նա ոնց պիտի պատասխանի քննական հարցերին. ներքին թշնամանքով սպասում էի: Այդ տղան ոչինչ չգիտեր, և Գերմանը նրան երկու նշանակեց: Ամբողջ ղեկավարությունը խառնվեց իրար, ո՞նց կարելի էր Չուկովսկու թոռանը երկու նշանակել: Նա համարվում էր Սովետական Միության ամենանշանավոր դեմքերից մեկը, նրա տանը այգեպանություն էր անում ինքը՝ Սոլժենիցինը: Դե քանի որ այդպիսի իրարանցում եղավ, Գերմանն ստիպված եղավ զիջել, ասաց. «Լա՛վ, կարող եմ մի կերպ երեք նշանակել: Եվ բարևեք Ձեր պապին, որին շատ հարգում եմ»: Ասես սրտիս յուղ քսվեց. ինձ առանց քննելու հինգ էր նշանակել, իսկ այս ամբարտավանին՝ մի կերպ երեք: Ես ինձ հաղթող էի զգում: Կյանքում կան պահեր, երբ քո եսը օսլայվում է. շնորհակալ եմ ճակատագրիս այդպիսի պահեր ապրելուս համար: ՈՒրախ եմ, որ երբեք ինքս մարդկանց չեմ պարտադրել իմ առավելությունները, որ դրանք մատնանշել են ուրիշները: Ես դրանից լավ եմ զգացել:


«ԵՐԲ ՁԳՏՈՒՄ ԵՍ ՆՈՐՈՒԹՅԱՆ, ԹԱՐՄՈՒԹՅԱՆ, ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԵՏԴ Է»


-Որքան էլ փոքր ու աննշան լինի դերասանի խաղացած դերը կինոէկրանին, այն անվիճելի առավելություն ունի թատրոնի բեմում խաղացած ամենամեծ ու կարևոր դերի համեմատությամբ, որովհետև կինոն ապահովում է հաղթանակը ժամանակի նկատմամբ: Այս իմաստով թատրոնում Ձեր խաղացած ո՞ր դերի անցողիկության համար եք առավելապես ափսոսում:
-Ճիշտ է, ես թատրոնում այդքան շատ դերեր չեմ ունեցել, որքան կինոյում կամ հեռուստատեսությամբ, բայց, այնուամենայնիվ, բավականաչափ աշխատել եմ: Օրինակ՝ «Սեր և ծիծաղ» ներկայացումը դրամատիկական թատրոնում մենք խաղացել ենք մոտ 500 անգամ: Եվ դեռ էլի կխաղայինք, եթե կյանքից չհեռանային ներկայացման հիմնական դերակատարները: Իմ թեորետիկ վերաբերմունքը գործիս նկատմամբ շատ մեծ դերակատարություն է ունեցել: Ժամանակին ինքս եմ Հրաչյա Ղափլանյանին առաջարկել, որ դրամատիկական թատրոնում մանկական ներկայացումներ անենք: Մտահոգություն ուներ, որ անկարգ երեխաներ կգան թատրոն, կգրոտեն պատերին, կփչացնեն գույքը: Ասացի. «Ոնց դաստիարակենք, այդպիսին էլ կդառնան, եկե՛ք փորձենք»: Եվ իսկապես, տարիներ շարունակ անում էինք տոնածառի ներկայացումներ (միայն 20 տարի ինքս եմ բեմադրել ու խաղացել), և ոչ մի երեխա ոչ մի անկարգություն չի արել թատրոնում: Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանները զարմանում էին, որովհետև իրենց մոտ այդպես չէր: Եվ կար մի հանգամանք. երեխաներն այնքան էին նայել մեր ներկայացումները, որ տեքստն անգիր էին արել ու դերասանից առաջ ընկնելով՝ բարձրաձայն ասում էին այն: Սա ստիպեց, որ մենք աշխատենք իմպրովիզացիայի վրա: Այնքան շատ էր լինում իմպրովիզացիան մեր խաղում, որ երեխաներն ամեն անգամ անակնկալի էին գալիս ու դրա շնորհիվ մի ներկայացումը դիտում էին մի քանի անգամ: Շատ կարևոր էր իմ կյանքում «Մոռանալ Հերոստրատին» ներկայացումը: Սա ևս շատ երկար խաղացված ներկայացում է: Եվ դա պայմանավորված էր հենց իմպրովիզացիայի հանգամանքով: Մենք ամեն անգամ թարմություն էինք մտցնում ներկայացումների մեջ, երկար խաղալով հանդերձ՝ չէինք կրկնում ինքներս մեզ: Անընդհատ ինչ-որ նոր շունչ էինք հաղորդում մեր խաղին: Երբ ձգտում ես նորության, թարմության, ճակատագիրը հետդ է: Օրինակ, «Հերոստրատը», որ արդեն այնքա՜ն շատ էինք խաղացել, եկել էր դիտելու Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն: Ես խաղում էի բանտապահի դերը, և մի տեսարան կար, որում ձեռքիս բանալիները ջղային շարժումով շպրտում էի մի կողմ: Դրանք գնում չխկոցով ընկնում էին բեմի մի անկյունում: Այդ օրը խաղացի տեսարանը, բանալիները շպրտեցի, բայց ընկնելու ձայնը չլսվեց: Ամբողջ դահլիճով զարմանքի շշուկ անցավ, իսկ ես իրավունք չունեի շրջվելու և նայելու, թե ինչ է կատարվել: Խաղացի-ավարտեցի այդ կտորը, շրջվեցի, որ գնամ հետնաբեմ, տեսնեմ՝ բանալիները կախվել են պատին խփված մեխից: Դրանից հետո ժամերով փորձեցի բանալիները շպրտելով այդ մեխից կախել, ոչինչ չստացվեց:
-Վեհափառի ներկայությունն ինչ-որ միստիկ դաշտ է ստեղծել:
-Երևի թե: Նա շատ հավանել էր ներկայացումը, ասաց. «Ես նայեցի իսկական ֆրանսիական ներկայացում»:


«ԻՄ ԱՄԲՈՂՋ ԳԻՏԱԿՑԱԿԱՆ ԿՅԱՆՔՆ ԱՌՆՉՎՈՒՄ Է ՄԻՍՏԻԿ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ»


-Անկախության շրջանում երկու հետաքրքիր կերպար եք մարմնավորել հայկական կինոյում՝ Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» և արդեն հիշատակված՝ Արմեն Ռոնովի «Քաջ Նազար» ֆիլմերում: Երկու կերպարն էլ առնչվում են միստիկ թեմային, ինչպես Ձեր մարմնավորած անզուգական Սատանան էր՝ Ռուբեն Հախվերդյանի «Սատանայի ջրաղացը» հեռուստաներկայացման մեջ: Ինչ-որ նախախնամությու՞ն կա Ձեր ստեղծագործական կենսագրության մեջ, որը Ձեզ անվերջ բերում է միստիկ դաշտ:
-Ամեն տեղ է ինձ ուղեկցում միստիկան: Ինչ-որ մի գաղտնիք անպայման կա: Իմ ամբողջ գիտակցական կյանքն առնչվում է միստիկ երևույթների: Ոչ մի բան պատահական չէ, ոչ մի բան հենց այնպես չէ: Ամեն ինչ ունի իր նախախնամությունը: Եվ այդ նախախնամությունն ունեցել է իր դերը, որ ես հասել եմ 75 տարեկան հասակիս: Այնքա՜ն առիթներ են եղել, որ կտրվեր իմ կյանքի գիծը, բայց այն մինչև հիմա շարունակվում է: Օրինակ, բակում մի ներկայացում էի խաղում, որի ընթացքում գլխիվայր կախված խոսում էի, հետո իջնում-նստում: Հերթական անգամ կախվեցի համապատասխան սարքից, որը կրկեսում կոչում են կրկնակի փական, իջա, նստեցի և անկախ ինձնից՝ նստածս տեղից թռա հետ: Նույն այդ վայրկյանին վերևից մի հսկա ծանրություն ընկավ այնտեղ, որտեղ քիչ առաջ իմ գլուխն էր: Եթե ես հետ թռած չլինեի, այդ երկաթե զանգվածն ինձ ուղղակի կսպաներ: Կրկնակի փականը երբեք չի բացվում. երբ փականներից մեկը բացվում է, մյուսն անպայման փակվում է, իսկ այդ ժամանակ կատարվել էր անհնարինը՝ բացվել էին միաժամանակ երկու փականները, ու մետաղյա այդ սուր, ծանր սարքն ընկել էր ցած: Դե արի ու բացատրիր, թե ինչն էր պատճառը, որ ես հետ թռա:
-Դե ասում են, որ ամեն մարդ ունի իր պահապան հրեշտակը. Ձեզ այդ պահին Ձեր հրեշտակն է փրկել գուցե:
-Երևի այդպիսի մի բան կա, որովհետև այլ կերպ չես կարող բացատրել: Մարդիկ այնքա՜ն ավելի ապահով վիճակներում են մահանում կամ ծանր փորձության ենթարկվում: Իսկ ես բազմաթիվ վտանգավոր իրավիճակներից եմ ողջ-առողջ դուրս եկել: Սրանում նախախնամություն կա:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4153

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

">«Իրատես» թերթի արխիվից
Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»
Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում