Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Անձինք նուիրեալք

Անձինք նուիրեալք
23.03.2018 | 03:13

«Հայերենն օժտված է մաթեմատիկական ճշգրտությամբ... ունի կուռ տրամաբանական քերականություն» (Ֆրեդերիկ Ֆեյդի, Փարիզի համալսարանի պրոֆեսոր, «Հայրենիքի ձայն», 29.09.1982)։ Ահա այսպիսի ոսկեղենիկ հայերենով էլ իր դասախոսությունը ներկայացրեց և «Գեղարդ» երգեցիկ խմբի համերգը վարեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանը։ Եվ ահա թե ինչու ենք շեշտում. համատարած աղավաղման հեղեղի մեջ դյուրին չէ պահպանել լեզվի «հիգիենան», անաղարտությունը։ Չէ՞ որ արվեստը հարկ է ներկայացնել պատշաճ լեզվով, մի բան, որ երաժշտագետի մոտ ինքնին արվեստ է դարձել։


«Գեղարդ» խմբի գեղարվեստական ղեկավար Մ. Նավոյանի անձնական օրինակով են նաև պայմանավորված անսամբլին բնորոշ խոսքի արտաբերման կուլտուրան, հստակ առոգանությունը։ Խմբի երգերում խոսքի և մեղեդու շեշտերն այնքան ներդաշնակ են, որ, Կոմիտասի խոսքով ասած, մեղեդին և բանաստեղծությունն իրար «համբուրում» են։ Ահա սա է նաև «Գեղարդ» խմբի տարբերանշանը։ Մ. Նավոյանի դասախոսության թեման էր «Հայ եկեղեցու երաժշտածիսական մատյանները և հայ հոգևոր երգի կատարման ձևերը»։ Հայ եկեղեցական երգարվեստի սկզբնավորումը և հետագա զարգացումը բանախոսը լուսաբանեց` ելնելով Կոմիտասի երկու դրույթներից։ Մեկն այն է, որ վաղ շրջանում հայ հոգևոր երգերը, սաղմոսները երգելիս օգտագործվել են ժողովրդական երգերի մեղեդիները։ Իսկ հետագայում սրբազան երգեր հորինելը դարձավ հոգևորական-երգահանների` Սահակ Պարթևի, Մեսրոպ Մաշտոցի, Մովսես Խորենացու, Հովհան Մանդակունու և այլոց գործը։ (Բացառություն են աշխարհականներ Աշոտ Պատրիկ Բագրատունին և Խոսրովիդուխտը)։ Դասախոսության մյուս հիմնասյունը Կոմիտասի այն միտքն է, թե հայ ժողովրդական և հոգևոր երաժշտությունը «քույր-եղբայր են և նույն կազմությունն ունին» (Կոմիտաս, Հոդվածներ և ուսումնասիրություններ, Եր., 1941, էջ 139)։

Իր ելույթում բանախոսը ներկայացրեց հայ հոգևոր երգի «տոհմածառը», բնութագրեց տարբեր ժանրերը` սաղմոսը, կցուրդը, շարականը, տաղը, գանձը և դրանց գործառույթները եկեղեցու արարողություններում։ Անդրադարձավ նաև Ճաշոց, Ժամագիրք, Շարակնոց, Տաղարաններ, Գանձարաններ մատյաններին, որոնցում ամփոփված են նշված երգերը, արժեքավոր տեղեկություններ տվեց Պատարագի ծագման, կառուցվածքի, զարգացման, առանձին դրվագների հեղինակների մասին։ Երաժշտագետը հատուկ կանգ առավ նշված երգերը մատուցելու, կատարողական խնդիրների վրա։ Եվ այս գիտական խոր վերլուծությունները բանախոսը հրամցնում էր հստակ, մատչելի լեզվով։


Դասախոսությունն ընդմիջվում էր «Գեղարդ» խմբի կատարումներով, որոնք, ըստ էության, գործնականում գեղարվեստորեն հաստատում էին գիտնականի արծարծած գաղափարները։
«Գեղարդը» հայտնի է իր ներդաշնակ երգարվեստով, երգերի հստակ, իրեն բնորոշ մեկնաբանությամբ ու նվիրումով։ Այդպես էլ հնչեցին Ավագ ՈՒրբաթու կանոնագլխի հատվածները (մենակատարներ` Անահիտ Պապայան, Ռուզաննա Հովհաննիսյան), Մեսրոպ Մաշտոցի շարականները, «Ով է որպես Տէր» սրբասացությունը, Մխիթար Այրիվանեցու (13-րդ դ.) Գանձը։ Իսկ Կոմիտաս կաթողիկոսի (7-րդ դար) «Անձինք նուիրեալք» շարականը հնչեց այնքան պատկերավոր, այնքան հավաստի, որ թվաց, թե այն վերաբերում է հենց Հռիփսիմյանց կույսերից ժառանգած գեղեցկությունն ու լույսը կրող ու տարածող «Գեղարդի» երգչուհիներին։ Եվ կարծես թե այդ շարականը բազմաձայնող Կոմիտասը, որ պարտիտուրի վրա գրել է` «Վասն աղջնակների երգչախմբի», նկատի ուներ հենց «Գեղարդի» երգչուհիներին և նրանց հմուտ խմբավար Անահիտ Պապայանին («Հայ հոգևոր երաժշտության կենտրոնի» տնօրեն)։ Ընդ որում` այս մտածումն առաջին անգամ չէ, որ ծագում է։ Ծրագրում տեղ էին գտել ոչ միայն խմբերգեր։ Տաթև Թադևոսյանը երգեց Գրիգոր Նարեկացու «Հաւիկ» Հարության տաղը, մյուս մոնոդիան` Ներսես Շնորհալու «Ստեղծող մանկանց» Ծննդյան տաղը, կատարեց Լուիզա Երեմյանը։


Բազմաձայնության և միաձայնության այս համադրումը շոշափելի է դարձնում մոնոդիաներում թաքնված հնարավորությունները, որոնք հետագայում պիտի բացահայտեին այդ միաձայն երգերը բազմաձայնող կոմպոզիտորները` ուղղորդվելով հենց այդ ստվերակերպ հնարավորություններից։
Եվ միաձայնությունը վերածվում է բազմաձայնության, ինչպես միագույն, այսպես ասած, սպիտակ, լույսն անցնելով բյուրեղի միջով, տրոհվում է, բեկբեկվում, վերածվում ծիածանի գույների։ Երաժշտության պարագայում բյուրեղի դերը կատարում է կոմպոզիտորի սիրտը։ Պատահական չէ, որ Կոմիտասն ասում էր. «Յիրավի բազմաձայն երգեցողությունը սքանչելեաց սքանչելիք է» (Կոմիտաս, նամակներ, Եր., 2000, էջ 68)։ Ահա այդ սքանչացումը վերապրեցինք, լսելով հենց Կոմիտասի բազմաձայնած անհայտ հեղինակի «Քրիստոս պատարագեալ» և Մովսես Խորենացու «Զանճառելի Լուսոյ Մայր» երգերը, որոնցով ավարտվեց այդ լուսասփյուռ համերգը։ «Մատի՛ք առ Տէր եւ առէք զլույս ալէլուիա, ճաշակեցէք եւ տեսէք զի քաղցր է Տէր. ալէլուիա»,- այսպես էին օրհներգում «Գեղարդի» աղջնակները։ «Զանճառելի Լուսոյ Մայր եւ զբնակարան Անսկզբնակից Որդւոյն... Օրհնութեամբ մեծացուցանեմք»,- այսպես, հրեշտակների նման միմյանց արձագանքելով, փառաբանում էին և օրհնաբանում Տիրամորը «Գեղարդ» երգեցիկ խմբի «անձինք նուիրեալք»...


Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 12385

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ