Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Երջանկության աստվածները

Երջանկության աստվածները
27.03.2018 | 00:44

Մարդկությունը բոլոր ժամանակներում ունեցել է երջանկության ու հաջողության աստվածներ ու տվել նրանց անունները, որ այսօր գուցե ոչինչ չեն ասում: Չինական, հնդկական, ճապոնական, փյունիկյան, եգիպտական, հունական, հռոմեական… Երջանկության ու հաջողության աստված չկա հայկական դիցարանում: Հին Հռոմի Ֆորտունա աստվածուհին ամենաանկայունն էր աստվածուհիներից և պարգևները բաշխում էր փակ աչքերով: Ինչու՞ հայերս չենք ունեցել երջանկության ու հաջողության աստված: Գուցե ա՞յդ պատճառով են երջանկությունն ու հաջողությունը պատահաբար հանգրվանում աշխարհի Հայաստան կոչվող հատվածում: Եվ Ֆորտունան փակ աչքերով է գործում:

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Կառավարությունը հերթական ու արտահերթ նիստերով ԱԺ է բերում նախագծեր ու ստանում օրենքներ, որ վարչապետի լիազորությունները դարձնում են բացարձակ, նախագահինը` բացակա: Կառավարության կառուցվածքի և գործունեության օրենքը` վերջին ապացույցը: Նույնիսկ նախարարների երդումը բաժանվում է 2 մասի` կառավարության անդամները երդվում են նախագահի ներկայությամբ, իրավունքի ուժով նշանակված նախարարները` վարչապետի: Ո՞րն է իրավունքի ուժը: Վարչապետի` նախագահին շրջանցելու իրավունքը: Նույն սկզբունքով է նախարարն աշխատանքից ազատվում: «Կառավարության կառուցվածքի մասին օրենքն ու հարակից օրինագծերի փաթեթն իր ամբողջության մեջ կազմում է պետական ապարատի գործունեության հիմքը»` արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը` վստահեցնելով. «Ցանկացած պարագայում մենք ունենում ենք քաղաքական ամբողջական պատասխանատու կառավարություն և վարչապետի պաշտոն։ Մենք ոչ թե սուպերվարչապետի պաշտոն ենք ստեղծում, այլ ստեղծում ենք քաղաքական բացարձակ պատասխանատվություն կրող իր ժողովրդի, իր պառլամենտի առաջ ունեցող վարչապետի պաշտոն»։ Վարչապետի ենթակայությամբ են գործելու ԱԱԾ-ն, ոստիկանությունը, ՊՊԾ-ն։ Ի՞նչ տարբերություն սուպերվարչապետի ու բացարձակ պատասխանատվություն կրողի միջև: Գևորգ Կոստանյանը դա էլ կբացատրի բառերի հետ խաղալով, իսկ իրականությա՞ն մեջ:


Սերժ Սարգսյանը Սահմանադրական դատարանում ապրիլի 23-ին ասում էր. «Մենք հանրային կյանքի կառավարման որակի բարձրացման խնդիր ունենք: Դրա լուծումը մեկ մարդու կամ առանձին կառույցի խնդիր չէ: Դա բոլորիս խնդիրն է՝ այն մարդկանց խնդիրը, ովքեր որոշել են մասնակից լինել պետականաշինության դժվարին, բայց պատվաբեր գործին: Մենք ունենք հանրային ընկալման խնդիր, մեր կատարած աշխատանքը հանրությանը ճիշտ փոխանցելու և ներկայացնելու խնդիր»: Նույն օրը նա Հանրային խորհրդում ասում էր. «Եթե խնդիրը սխալ ես ձևակերպում, չի կարող լուծում ունենալ: Ցավոք, մինչև հիմա, և ես կարծում եմ տևական ժամանակ, շատ մարդկանց համար պաշտոնները այլ նշանակություն ունեն: Հասկանու՞մ եք՝ նրանք դա ընկալում են որպես վայելքի, ինչ-ինչ խնդիրներ լուծելու հնարավորություն: Շատերը չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում ստանձնել վարչապետի կամ պաշտպանության նախարարի պաշտոնն ու պատասխանատվությունը: Դա առաջին հերթին ծառայություն է՝ կամավոր ծառայություն հայրենիքին: Իհարկե, բազմաթիվ պատեհապաշտներ կան տարբեր պաշտոններում, բազմաթիվ մարդիկ կան, որոնց նպատակներն այլ են, բայց իսկական կոչումը բոլորովին այլ պետք է լինի»: Տարօրինակ չէ՞ կառավարման 10-րդ տարում նման խոսքեր լսել նախագահից, ում մասին նրա կուսակիցներն ասում են, որ «ՀՀԿ-ն ավելի փորձառու, ավելի իմաստուն, ավելի պատրաստված, մարտահրավերներին ավելի ճկուն դիմակայելու գործիչ, քան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է, չունի», և հընթացս խորհուրդ են տալիս «որևէ պետական պաշտոնյա, որևէ կուսակցական գործիչ իրավունք չունի մեկնաբանել գերագույն գլխավոր հրամանատարի որոշումները»:

Գուցե հենց ա՞յդ պատճառով ՀՀԿ-ն չունի «ավելի-ավելին», քան Սերժ Սարգսյանն է, որովհետև անքննելի են նրա որոշումներն ու ցանկությունները: Հիմա պատկերացրեք, որ նա դառնում է վարչապետ: ՈՒ` ի՞նչ: Ինչպես ինքն է խոստացել` թրծում է քաղաքական լիդերներ ամբողջ քաղաքական դաշտում: ՈՒ՞մ պատկերով ու նմանությամբ: ՀՀԿ-ի փորձառուների՞, որ ոչ մի հարցում տեսակետ չունեն, թե՞ երիտասարդ, կամ ոչ այնքան, կարիերիստների, որ նույնպես տեսակետ չունեն: Ավելի ճիշտ` բոլորը մեկ տեսակետ ունեն` ինչ կասի ՀՀԿ նախագահը: Սերժ Սարգսյանի գլխավոր խնդիրները սկսվելու են հետո` հենց վարչապետության մեղրամսում: Կառավարության կազմավորումը` առաջին, բայց ձևական խնդիրն է, դատելով օրենքներում կատարվող փոփոխություններից` կառավարությունը մեկ դեմք է ունենալու: Դա նշանակելու է, որ այլևս տնտեսության համար պատասխանատուն մեկ մարդ է: ՈՒ` ի՞նչ: Հասնելու՞ է տնտեսական աճը միջին վիճակագրական հայի կենսամակարդակին, դադարելու՞ է պետությունը դատարկել քաղաքացու գրպանն առավել արագ, քան լցնում է: Մեծ արդյունաբերությունը վերականգնվելու՞ է, թե՞ հումք արտահանող ենք մնալու, որակյալ աշխատատեղեր ստեղծվելու՞ են` արտագաղթը կանխելու համար: ՈՒ` ինչպե՞ս: Ցրվելու՞ է գաղջ մթնոլորտը, մշակույթը իր խոսքն ասելու՞ է, թե՞ սերիալախեղդ ենք մնալու:

Անվտանգության խնդիրնե՞րն են լուծվելու տարածաշրջանում, որտեղ աշխարհաքաղաքականությունն ավելի արագ է փոխվում քաղաքականությունից: Արցախի՞ հարցն է լուծվելու` մադրիդյան իրենց սպառած սկզբունքներո՞վ, թե՞ դեֆակտո իրականությունը դեյուրե ճանաչվելու է: ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն են միավորվելու՞, թե՞ ի վերջո իրերին ու իրադարձություններին իրենց անուններն են տրվելու: Ի՞նչ ծրագիր է նա ներկայացնելու խորհրդարանին: Պաթետիկ-քարոզչակա՞ն, տեխնիկական-թվայի՞ն, համոզիչ մարդկայի՞ն: 2008-ի ու 2013-ի նախագահական ուղերձներից փոխադրելու է խնդիրները, որ լուծվա՞ծ չեն: 10 տարվա մեջ: Լուծվածների կողքին դնելուց ո՞րն է գերակշռելու: Երկրի ու մեր կյանքում: Տաշած քարը գետնին չի մնում: Իհարկե: Հարց է, թե ու՞ր է գլորվում: Իշխանության երջանկության ծրագիրը մնալն ու հարատևելն է, իր ծրագրում իշխանությունը չունի երջանկություն ու հաջողություն պարգևել քաղաքացուն: Չկա այդ մշակույթը: Ավանդույթը չկա: Ավելին` մարտահրավեր է: Երկկողմ: Կողմերից ոչ մեկը պատրաստ չէ քայլ անելու:

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Բոլոր ժամանակների ընդդիմությունը Հայաստանում ունեցել է երջանկության մեկ ծրագիր` նախագահի պաշտոնանկությունը: Չի երջանկացել նույնիսկ նախագահի հրաժարականով: Ճիշտ է` առաջին ու վերջին անգամ: Չի երջանկացել, որովհետև ունեցել է միայն այդ ծրագիրը` խնդիրներն ու նպատակները մեկտեղվել են, փոխվել են ընդդիմադիրները, իդեֆիքսը մնացել է: Իդեֆիքս է նաև ընդդիմության միավորումը: Ժամանակի մեջ այդ գաղափարը արժեզրկվել ու իմաստազրկվել է, բայց պահպանել արդիականությունը: Կեղծ արդիականությունը: Միավորիչ միակ գաղափարը մնացել է նախագահի պաշտոնանկությունը: Հընթացս ընդդիմադիր օրակարգ է մտել նախագահի պաշտոնանկությունից հետո արտահերթ ընտրությունների գաղափարը: ՈՒ ամեն ինչ լռվել է այդ կետում: Կառավարման համակարգի փոփոխությունը օրակարգում մեկ բառ է փոխել` նախագահի փոխարեն` վարչապետ: Հիմա օրախնդիր է` Սերժ Սարգսյանը չդառնա վարչապետ, հետո` հին օրակարգով: Ապրիլի 9-ին կավարտվի Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը: Արմեն Սարգսյանը կստանձնի իր լիազորությունները, հրաժարական կտան վարչապետն ու կառավարությունը: Ապրիլի 9-17-ը, չգիտես ինչու, հռչակվում է անիշխանության շաբաթ, երբ ամեն ինչ հնարավոր է: Ինչու՞ են հաշվից դուրս դրվում ՀՀ նախագահը, ԱԺ-ն ու ԱԺ նախագահը: ՈՒժային կառույցներն ու իրենց ղեկավարները, որ պահպանում են պաշտոններն ու լիազորությունները: Իրականի ու ցանկալիի փոխատեղումը ի՞նչ նպատակ ունի: Եվ` ու՞մ համար: ՀՀՊ-ն երրորդ հանրահավաքն արեց: Նրանք նույնպես հույսները դնում են 9-17-ի վրա: Եվս մեկ հանրահավաք են անելու մարտի 30-ին ու ներկայացնելու են ապրիլի 9-ից սկսվող գործողությունները: Երեք շաբաթ նրանք կոչ են անում միավորվել ու նոսրացնում են շարքերը: Փաստացի` Նիկոլ Փաշինյանին էլ կորցրին: Սեյրան Օհանյանին չգտան: ՀԱԿ-ը ընդհանրապես պայքարը համարում է 2015-ին հանրաքվեով ավարտված: Միայն «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն է հույսեր տալիս ու հուսավառվում: ՀԱԿ-ի ժամանակների երգուպարին փոխարինելու է գալիս… դատավարությունը: Մինչև ապրիլի 9-ը Ազատության հրապարակում կազմակերպվելու է 2008-ի մարտի 1-ի հանրային դատավարություն` «բոլորի աչքի առաջ, ժողովրդի, սփյուռքի մասնակցությամբ»: Դատավճիռը ի կատար կածվի իշխանափոխությունից հետո:


Նրա կարծիքով` «Սասնա ծռերը», «Ժիրայրի գործը», Նորք-Մարաշի խումբը հետևանք են Մարտի 1-ի: «Մարտի 1-ի հանցագործները ազատ թրև են գալիս, պատվիրատուները իշխում են, բայց տղաները, որ պայքարել են Արցախի համար, բանտերում են։ Սերժ Սարգսյանն ուզում է հողերը հանձնել, իրեն խանգարողները պետք է մեկուսանան։ Որ ժողովրդին հուսախաբ անեն, որ ժողովուրդը գործոն չդառնա և չխանգարի»,- ասել է Մակեյանը, բայց չի ասել, թե ինչու Սէֆիլյանի 10 տարվա ազատազրկումը մարդկանց փողոց չհանեց: Եվ «հրապարակում ասեղ գցելու տեղ չլինելը» մտագարությու՞ն է, թե՞ պայծառատեսություն: Մակեյանը չի ընդունի, որ ՀՀՊ-ն «Սասնա ծռերին» կապելը անխուսափելիորեն մեկուսացնում է ու նվազեցնում շարժմանը միացողների թիվը` «միայն զենքով կա հային փրկություն» մտայնությունը չի կարող մտածող մարդուն գրավել: «Արժանապատիվ ազատամարտիկ» ՀԿ նախագահ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն էլ հրապարակի դատարկության մեջ մեղադրում է… ընդդիմությանը: «25 տարի մեր ընդդիմադիրները խաբել են ժողովրդին, ժամանակի ընթացքում ծախվում են, հենց գումարը տեսնում են, ոտքերը թուլանում են, փախչում են: ՈՒստի հույսներս չպետք է կորցնենք, մեր կյանքը հավերժ պայքար է»` բացատրեց նա ու նպատակ դրեց` «Մենք պետք է պայքարենք, որ մեր կորցրած տարածքները՝ սկսած Նախիջևանից մինչև Արևմտյան Հայաստան, վերադարձնենք: Ժամանակի խնդիր է»: Ժամանակի խնդիր է, և ո՞վ ներկաներից այդքան կապրի:


Կիրակի օրը ևս մի նախաձեռնություն ի հայտ եկավ` անարգել Մաշտոցի պողոտան փակեց, 20 րոպեով, հասավ ՀՀԿ գրասենյակ ու իր պաստառները փակցրեց փակ դռներին` «Մերժիր Սերժին», հաջորդ անգամ ապրիլի 9-ին երթ կանեն: Երիտասարդներն ուզում են ազատ ու զարգացող Հայաստան:

ԺՈՂՈՎՐԴԻ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
Միջին վիճակագրական հային քաղաքականությամբ չես խաբի, խոսքերին նա չի հավատում: Նրա համար, ի վերջո, մեկ է` ո՞վ է նախագահը, ո՞վ է վարչապետը, կարևորը աշխատանք ու տուն ունենալն է, նորմալ կյանքով ապրելը, զավակներին ապահով մեծացնելն ու իրենցից մի քիչ ավելի լավ կյանքի հնարավորություն տալը: Ի սկզբանե երջանկության ու հաջողության աստվածներ չունեցած հային հմայում են ապահովությունն ու հեռանկարը: Իշխանությունն ու ընդդիմությունը այս հարթության մեջ համարյա հավասար դիրքերում են` մեկին չեն ընդունում, մյուսին չեն հավատում: Ֆորտունայի աչքերը փակ են` պարգևները բաշխում է ում պատահի ու երբ պատահի: Ֆորտունա աստվածուհին չունի արդարության ու անարդարության զգացողություն, նա պատասխանատու չէ իր անպատասխանատու վարքի համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Ի՞նչ է պետք, որ համատեղվեն երջանկության տարբերակները: Պետության զգացողություն: Իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ, ժողովուրդն էլ պատասխանատվության նույն դաշտում են` պետության առաջ, բայց չունեն այդ գիտակցությունը: Արդյունավետությունը կորցրած իշխանությունը սկսում է գործել պետության դեմ: Միայն իշխանության դեմ գործող ընդդիմությունը կորցնում է ոտքի տակի հողը: Սպառող դարձած ժողովուրդը կորցնում է հայրենիքը:

Դիտվել է՝ 3265

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ