Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արևմուտքը գլխի չէր ընկնում, որ, ի պատասխան ճնշման ու սպառնալիքների, տեղի է ունենալու Արևելքի համախմբում

Արևմուտքը գլխի չէր ընկնում, որ, ի պատասխան ճնշման ու սպառնալիքների, տեղի է ունենալու Արևելքի համախմբում
27.03.2018 | 00:17

Մարտի 18-ին Ռուսաստանում տեղի ունեցան նախագահի հերթական ընտրությունները: Կարծում եմ, գրեթե ամբողջ աշխարհը կանխավ գիտեր՝ ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթանակ կտանի: Եվ բանն այն չէ, թե «եղել են զանգվածային ընտրախախտումներ», ինչպես հիմա «գեղգեղում» են նրա որոշ հակառակորդներ ու փորձագետներ:

Ընտրախախտումներ կան ամենուրեք, այդ թվում՝ ԱՄՆ-ում, եթե բանն այդտեղ է հասել: Պատճառը նաև այն չէ, որ Պուտինը երկրի ներսում իրական մրցակից չունի որպես այդպիսին: Ես միշտ հակված եմ տանելու համեմատական զուգահեռներ, և ընթերցողներն իրենք թող որոշեն՝ հնարավո՞ր էր, արդյոք, Ռուսաստանում նախագահի փոփոխություն, եթե այդ երկրի շուրջ Եվրասիայի գրեթե բոլոր «գործող անձինք» ընթանում են իշխանության կայունացման ու ամրապնդման ուղիով: Դատեք ինքներդ. Իրանում անձամբ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեին է համատարած ներքին համախմբման իրավիճակ ստեղծում՝ «պահպանողականներին» վերագրելով վերափոխումների նախաձեռնողների դերը, իսկ «բարեփոխիչներին»՝ հայրենասիրության ու կայունացման կողմնակիցների: Չինաստանում ոչ միայն Սի Ցզինպինին վերընտրել են ՉԺՀ նախագահի բարձրագույն պետական պաշտոնում, այլև նրա վերընտրվելու իրավունքը չեն սահմանափակել:


Նախընթաց տարիներին բազմիցս գրել եմ, որ աշխարհում ԱՄՆ-ի վարած ոչ ճկուն քաղաքականությունն է դրդել, որպեսզի Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը ձգտեն միավորվելու: Իհարկե, եվրասիական երեք հսկաների միջև միշտ եղել են կուլիսային փոխադարձ համակրանք և միասնության ձգտում, սակայն ԱՄՆ-ի կոպտագույն սխալները և ինչի պատճառով մինչև հիմա հակաահաբեկչական պատերազմ է ընթանում Իրաքում ու Սիրիայում, հանգեցրել են նրան, որ Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը ստիպված են հսկայածավալ ռեսուրսներ տրամադրել՝ կանխելու համար Ամերիկայի «միջնորդ» զինվորների տարածումն աշխարհով մեկ, որոնք սպառնում են ներխուժել նաև Ռուսաստան, Իրան և Չինաստան: Այդ երկրների վրա ԱՄՆ-ի գործադրած ճնշման մշտական փորձերը չէին կարող այլ հետևանք ունենալ: Եկեք ուշադրության առնենք Վաշինգտոնից հնչած մի քանի հայտարարություններ, որոնք հռչակվել են Պուտինի ու Սի Ցզինպինի վերընտրության նախօրեին և դրանց ընթացքում: Մարտի 7-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանից պահանջում է «ԱՄՆ-ի հետ ունեցած առևտրական դեֆիցիտը կրճատել 1 մլրդ դոլարով», հակառակ դեպքում սպառնում է առևտրական պատերազմով: Ապա մի ամբողջ շաբաթ ԱՄՆ-ը մեղադրում է մերթ Սիրիային, մերթ Ռուսաստանին՝ Արևելյան Ղուտայում «քիմիական գրոհ» կատարելու մեջ և սպառնում հարվածներ հասցնել Սիրիային: Այնուհետև Թրամփն սպառնում է «Չինաստանի վրա բազմամիլիարդ մաքսատուրքեր դնել»: Մարտի 15-ին ԱՄՆ-ն ընդլայնեց պատժամիջոցներն ընդդեմ Ռուսաստանի: Այդ նույն օրը ԱՄՆ-ը շրջափակեց ԿԺԴՀ-ի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ հայտարարության ռուս-չինական նախագիծը: Վերջապես, մարտի 19-ին ԱՄՆ-ն սպառնաց պատերազմ սկսել ԿԺԴՀ-ի դեմ, եթե Փհենյանը չընկրկի և չհրաժարվի միջուկային զենքից:


Թվարկված փաստերն էլ բավական են գիտակցելու համար, որ եթե Ռուսաստանն ու Չինաստանը հաստատ գիտեն, որ ԱՄՆ-ը պատերազմ շատ է ուզում, ապա նրանք պետք է իրենց հանրություններին նախապատրաստեն պատերազմի, այնպես չէ՞: Ես դիտմամբ չեմ թվարկում Ամերիկայի բոլոր հակաիրանական որոշումներն ու հայտարարությունները, բայց հավաստիացնում եմ՝ Իրանում ևս հիանալի հասկանում են, որ, այնուամենայնիվ, հարկ կլինի կռվել ԱՄՆ-ի դեմ: Ինչու՞ պատերազմ կլինի հենց ԱՄՆ-ի հետ: Որովհետև գործում են բարդ հանգույցներ. Սիրիան Իրանի դաշնակիցն է, Իրանը Սիրիայի պաշտպանության գործը (ինչպես և Իրաքի) հռչակել է որպես աշխարհում իսլամի պաշտպանության գործ: Իրանը Սիրիայում և Իրաքում Ռուսաստանի դաշնակիցն է: ԿԺԴՀ-ն Չինաստանի դաշնակիցը, նաև «կրտսեր եղբայրն» է: Այնպես որ ԱՄՆ-ի հարձակումները Սիրիայի և ԿԺԴՀ-ի դեմ վաղ թե ուշ կհանգեցնեն այն բանին, որ նույն Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը պատասխան հարվածներ կհասցնեն հենց Ամերիկային: Առնվազն հակահարվածներ կհասցնեն Մերձավոր ու Հեռավոր Արևելքում տեղակայված ամերիկյան բազմաթիվ ռազմաբազաներին:
Իսկ հիմա անդրադառնանք Սի Ցզինպինի վերընտրությունից մեկ օր առաջ և Պուտինի վերընտրությունից երկու օր առաջ տարածված տեղեկությանը: Եվ այսպես, մարտի 16-ին լիբանանյան բանակի և ներքին անվտանգության ուժերի պաշտպանության՝ Հռոմում կազմակերպված միջազգային երկրորդ խորհրդաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի երկրների գծով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ և ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հանդիպումը Մերձավոր Արևելքի գծով ՉԺՀ-ի հատուկ ներկայացուցիչ Գուն Սյաոշենի հետ: Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են մերձավորարևելյան օրակարգի առաջնահերթ հարցեր, ներառյալ Սիրիայում ու Լիբիայում տիրող իրավիճակը, պաղեստինա-իսրայելական կարգավորման հեռանկարները: «Հավաստվեց, որ Մոսկվան ու Պեկինը անշեղորեն տրամադրված են սերտորեն համագործակցելու երկկողմ ձևաչափով տարածաշրջանային խնդիրների կարգավորման գործում, ինչպես նաև ՄԱԿ-ի շրջանակներում և միջազգային մյուս ասպարեզներում»,- արձանագրել են ՌԴ ԱԳՆ-ում:


Մոսկվան և Պեկինը հավաստեցին իրենց սերտ համագործակցությունը մերձավորարևելյան հարցերում: Մի քիչ այլ կերպ ընթերցենք. եթե ամերիկացիները հարձակվեն Սիրիայի վրա բացահայտորեն, և եթե Ռուսաստանը ստիպված լինի, Սիրիայի և Իրանի խնդրանքով, պատասխան հարվածներ հասցնել ամերիկացիներին, ապա Չինաստանը կկանգնի իր դաշնակիցների կողքին: Ես հիշեցնեմ նաև. անցած տարվանից Ռուսաստանի և Չինաստանի միջև նույնպիսի սերտ կոորդինացում կա նաև հեռավորարևելյան հարցերում, մասնավորապես, ԿԺԴՀ-ի միջուկային զենքի հարցում: Ինչ վերաբերում է Անդրկովկասին, հիշեցնեմ` 2016 թ. ողբերգական ապրիլից հետո այստեղ առկա է Ռուսաստանի և Իրանի սերտ համագործակցությունը, որի նպատակն է թույլ չտալ նոր պատերազմ: Հենց Ռուսաստանն ու Իրանն էին, որ կասեցրին ռազմական գործողությունները Արցախում: Կարծում եմ, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանին ու Իրանին Անդրկովկասում ևս կմիանա Չինաստանը: Իսկ առայժմ հակընդդեմ կողմերը զբաղված են ոչ այն է ուժի ցուցադրմամբ, ոչ այն է փոխադարձ սպառնալիքների հաստատմամբ: Այսպես, ռուսական «Ծովակալ Էսսեն» ռազմական հետախուզանավը մոտենում է Միջերկրական ծովին, իսկ Սև ծովում վրացական Բաթումում «կանոնավոր տեղակայման շրջանակներում» խարիսխ է նետել USS Ook Hill (LSD51) դեսանտային ռազմանավը՝ ԱՄՆ-ի ծովային հետևազորի 26-րդ ռազմարշավային ջոկատի ծովային հետևակայիններով, որը պատկանում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմին: Հարավչինական ծովում լարված ռազմածովային «փոխադարձ» զորախաղեր են անցկացնում չինացիներն ու ամերիկացիները:


Հարց է առաջանում. իսկ ի՞նչ է, Արևմուտքը գլխի չէ՞ր ընկնում, որ, ի պատասխան ճնշման ու սպառնալիքների, տեղի է ունենալու Արևելքի համախմբում: Եթե գլխի չէին ընկնում, չէին ենթադրում, ապա, ավաղ, Արևմուտքն ունի շատ վատ վերլուծաբաններ ու փորձագետներ, նաև շատ վատ հետախույզներ ու զինվորականներ: Երևի Արևմուտքի երկրների վերոհիշյալ ոլորտներում աշխատում են բացարձակ անտեղյակներ, որոնք չեն հասկանում ո՛չ չինացիների, ռուսների ու իրանցիների մտածողության բնորոշ առանձնահատկությունները, ո՛չ նրանց անցած առանձնահատուկ պատմական ուղին, ո՛չ նրանց «պատմական սովորույթները» պատերազմի կամ դրա սպառնալիքի դեպքում: Այդ երեք տերությունները՝ Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը, հաստատ վախկոտ ու թուլամորթ չեն, որ ԱՄՆ-ում կամ, ասենք, Մեծ Բրիտանիայում հույսեր փայփայեն, թե ինչ-որ սպառնալիքից կամ նույնիսկ մի երկու ռմբակոծությունից հետո մարդիկ վախից ծնկի կգան և գթություն կխնդրեն: Մի հին խոսք կա, հիշեցնեմ, ու թեև այն ռուսական է, սակայն, որքան էլ տարօրինակ լինի, իր հաստատումն է գտնում և՛ Չինաստանի, և՛ Իրանի պատմության մեջ. «Ով սրով գա մեզ վրա, սրից էլ կընկնի»: Դարերի, իսկ Իրանի ու Չինաստանի պարագայում հազարամյակների ընթացքում այդ տերությունները շատերին են տեսել, նրանց գլխով շատ փորձանքներ են անցել, ու նրանք շատ բաների են դիմացել: Արդյունքում բոլոր ագրեսորները, պոչները կծկած, փախել են այդ երկրներից, իսկ ոմանք (ինչպես Չինաստանի դեպքում) առհասարակ դադարել են գոյություն ունենալուց աշխարհում: Եվ լպիրշորեն առճակատման մեջ մտնելը այդ եվրասիական տերությունների հետ, որոնք, ըստ էության, մոլորակի առանձին քաղաքակրթական կենտրոններ կամ բևեռներ են, Արևմուտքի կողմից աններելի ու անշրջահայաց սխալ է, որը կհանգեցնի դժվար կանխատեսելի հետևանքների: Ովքեր Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի կործանումն են ուզում, ավելի շուտ իրենց կործանումը կգտնեն:


Այդուամենայնիվ, չեմ ուզում օգտագործել «Երրորդ համաշխարհային պատերազմ» բառակապակցությունը, որովհետև շարունակում եմ հույսեր փայփայել, որ Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը կկարողանան համատեղ ջանքերով աշխարհը փրկել նման համընդգրկուն առճակատումից: Թեև հասկանում եմ. «Թրամփատնտեսության» (այսինքն, ԱՄՆ-ում Թրամփի տնտեսական քայլերի) «էֆեկտի» գաղտնիքը շատ պարզ է. աշխարհում բորբոքված նոր առճակատումները ԱՄՆ-ի զինագործներին 18 մլրդ դոլար շահույթ են բերել: Իսկ չէ՞ որ Թրամփը որ կա, հենց զինագործների դրածոն է: Նրա ընտրարշավում զինագործների ավանդը հիրավի դժվար է գերագնահատել կամ թերագնահատել: Նա վայելում էր նաև բոլոր ուժայինների աջակցությունը: Եվ տեսեք, արդեն ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ղեկավար է նշանակվել ԱՄՆ-ի ԿՀՎ նախկին տնօրեն Մայքլ Պոմպեոն: Ինքը՝ Թրամփը, շրջապատված է առավել նվիրյալ ու կոշտ գեներալներով: Սակայն իրավիճակն աշխարհում, հատկապես Սիրիայի, Իրանի ու ԿԺԴՀ-ի շուրջ, իրոք, ծայրաստիճան լարված է: Ամեն դեպքում, վատ է, որ ԱՄՆ-ը, բռնելով աշխարհում նոր պատերազմների սանձազերծման ուղին, իր հանցավոր քաղաքականության մեջ է ներքաշում նաև Եվրամիության անդամ պետություններին: Մեծ Բրիտանիայի մասնակցությունը, մասնավորապես, հակառուսական քարոզչությանը ևս պետք է դիտարկել այդ ակտի մեջ ԵՄ-ի ներգրավվածության համատեքստում: Թեև բրիտանացիներն ունեին «Brexit» (Britain’s+exit-դուրս գալ) ծրագիրը՝ ընդունված ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին 2016 թ. հանրաքվեով, և նրանք հավաստել էին ԵՄ-ից դուրս գալու իրենց ցանկությունը, այդուամենայնիվ, այդ «քաղաքական ապահարզանը» մեկ օրում տեղի չի ունենում. այսօրվա դրությամբ Մեծ Բրիտանիան դարձյալ ընկալվում է որպես ԵՄ-ի մաս և դեռ կապված է մայրցամաքային Եվրոպայի հետ՝ թեկուզ և ԵՄ-ից դուրս գալու կարգի շուրջ բանակցություններով:


Այսպես, ուրեմն, եթե լինեինք, այսպես ասած, «գաղտնաբանական տեսության» մոլի կողմնակից, ապա չէինք կարող չնկատել, որ ինչքան ուժեղ է Արևմուտքի ճնշումը, այնքան մեծ է Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի ներքին համախմբվածությունը: Բայց փաստը մնում է փաստ. «Սկրիպալի գործի» պատճառով ՌԴ-ի և անձամբ Պուտինի հասցեին Մեծ Բրիտանիայի իշխանությունների բութ հարձակումները այնքան ուժեղ են ազդել Ռուսաստանում վերջին կասկածողների վրա, որ, անկեղծ ասած, 2018 թ. մարտի 18-ի ռուսաստանյան նախագահական ընտրություններին աննախադեպ մասնակցությունը զարմանք չի հարուցում: Ինչպես չի զարմացնում նաև այն, որ չի լինի և՛ «կոմունիստական», և՛ արևմտամետ կեղծ փորձագետների կանխատեսած ոչ մի «քվեարկության երկրորդ փուլ»: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եթե այդքան շատ էր ուզում օգնել ԱՄՆ-ին, ապա հարմար թեկնածու չի ընտրել ինչ-որ գազով թունավորման համար: Ասացեք, խնդրեմ, մինչև 2018 թ. մարտը Ռուսաստանի 148-միլիոնանոց բնակչությունից քանի՞սը գիտեր ոմն Սկրիպալի գոյության մասին: Թող լինի 100-ը, դե, լավ, 1000-ը: Եվ վերջ: Ոչ ոքի, իրոք, պետք չէր նախագահի ընտրությունների շեմին, և այն էլ ՌԴ-ում ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման տարում, ցուցադրաբար, և այն էլ Եվրոպայում, վերացնել մի ինչ-որ աննշան ոչնչության, թեկուզ և նա Լոնդոնում ճանաչված լինի որպես «առանձնապես արժեքավոր գործակալ»:


Եթե, ասենք, Ռուսաստանում որևէ մեկին պետք եղած լիներ դավաճանի ցուցադրական մահապատիժը, ապա կան շատ ավելի էական թեկնածուներ, քան այս հիմար ու ագահ ուկրաինացին, մանավանդ ժամանակին հայրենիքի դավաճանության հոդվածով ռուսական բանտում նստած և «լրտեսների փոխանակման» ծրագրով Մեծ Բրիտանիայում հայտնված մեկը: Արևմուտքում ապաստան են գտել ոչ քիչ թվով այդպես էլ չդատապարտված դավաճաններ՝ ԽՍՀՄ-ՌԴ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցների թվից: Օրինակնե՞ր են պետք: Խնդրեմ, թեկուզ և ՊԱԿ-ի գեներալ Օլեգ Կալուգինը: ՊԱԿ-ի առաջին գլխավոր վարչության անլեգալ աշխատակից Օլեգ Գորդիևսկի: Վիկտոր Շեյմով, Ալեքսանդր Զապորոժսկի, Անատոլի Գոլիցին, Վասիլի Միտրոխին, Վլադիմիր Ռեզուն, որին ավելի շատ ճանաչում են Սուվորով «ազգանվամբ», նա այդպես է հեղինակագրում իր գրքերը, Վյաչեսլավ Բարանով և այլք: Այդ անձանց առնվազն կեսն ապրում է հենց Մեծ Բրիտանիայում: ԽՍՀՄ-ՌԴ-ին վերոնշյալ անձանց հասցրած վնասը շատ ավելի մեծ է, քան ինչ-որ աննշան Սկրիպալինը, որը, ինչպես տեսնում ենք, այնքան էլ «արժեքավոր գործակալ» չէր, գտնվում էր բրիտանական հատուկ ծառայությունների պաշտպանության ներքո, ամենուրեք, ուր նա մի ակնթարթ հայտնվում էր, կազմ ու պատրաստ սպասում էին տեսախցիկները, արտաքին դիտարկման սարքերը և այլն: Ռուսաստանի կամ «անձամբ Պուտինի» ինչի՞ն էր պետք վերացնել մի աննկատ մլակի, այն էլ մի որոշակի ժամկետ նստած և ոչ թե նույն Կալուգինին կամ Ռեզունին: Օրինակ, դավաճան Բարանովն էլ է նստել, բայց, այդուհանդերձ, մնացել է ՌԴ-ում, իր համար ապրում է, ոչ ոքի չի խանգարում, և ոչ ոքի մտքով չի անցնում «գազախեղդ անել» նրան:

Արդյունքում տիկին Մեյը, իր մեղադրանքներին ավելացնելով Սկրիպալի թունավորման գործի հետաքննության հարցում համագործակցելուց հրաժարումն ու 23 ռուսաստանցի դիվանագետների արտաքսումը, ոչ միայն օգնեց Ռուսաստանի գործող նախագահին մարտի 18-ի ընտրություններում, նա, նախ, իր երկիրը դրեց հիմար վիճակում, միաժամանակ մեծ վնաս հասցրեց Ռուսաստանում գործող բրիտանական գործակալական ցանցին: Ի պատասխան արտաքսվում են 23 բրիտանական դիվանագետներ, մերժվում է գլխավոր հյուպատոսության բացումը Սանկտ Պետերբուրգում և փակվում է Ռուսաստանում Բրիտանական խորհրդի գործունեությունը: Այն, որ Թերեզա Մեյին պաշտպանում էին ԱՄՆ-ն ու ԵՄ-ը, ոչինչ չի փոխում. եթե անգամ հաշվարկ էր արվել վերջին անգամ «վախեցնելու ռուսաստանցիներին», ապա միանգամայն հակառակ արդյունք ստացվեց: Ռուսաստանի քաղաքացիները վճռեցին համախմբվել, միաժամանակ և գոհունակությամբ պաշտպանեցին Կրեմլի ու Ռուսաստանի արտգործնախարարության հակաբրիտանական միջոցառումները: Ստացվում է՝ Արևմուտքը մոռացե՞լ է, թե ինչով ավարտվեց Արևմուտքի վերջին միացյալ արշավն ընդդեմ Ռուսաստանի:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3676

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ