USD483.62
EUR565.59
RUB7.22
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

Արցախի Նորշենում արմաթցիների ստեղծած «Ճանաչի՛ր մարմինդ» նախագիծը դրամաշնորհի է արժանացել

Արցախի Նորշենում արմաթցիների ստեղծած «Ճանաչի՛ր  մարմինդ» նախագիծը դրամաշնորհի է արժանացել
27.03.2018 | 00:27

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաները հաջողությամբ գործում են ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում՝ հազարավոր երեխաների ծանոթացնելով ինժեներության, ծրագրավորման նրբություններին։ Իսկ արդյունքները սպասել չեն տալիս. երեխաները կյանքի են կոչում գաղափարներ, որ զարմացնում են շատերին։


Արցախի Մարտունու շրջանի Նորշեն համայնքի «Արմաթ» լաբորատորիայի սաների «Ճանաչի՛ր մարմինդ» նախագիծն այդ շարքից է։ Գաղափարն արժանացել է Awesome Foundation Yerevan-ի խրախուսական մրցանակին՝ 1000 դոլար դրամաշնորհի: Awesome հիմնադրամն ամեն ամիս հետաքրքիր գաղափարների մրցույթ է հայտարարում և այդ գաղափարներն իրականացնելու հնարավորություն տալիս։


Նորշենի «Արմաթ» լաբորատորիայի խմբակավար ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ պատմում է, որ արցախցի երեխաները հետաքրքիր մտքերի պակաս չունեն. սա նրանց արդեն երկրորդ մրցանակն է։ «Ճանաչի՛ր մարմինդ» նախագիծն առնչվում է կենսաբանությանն ու ֆիզիկային. այն մարդու պատկերով թափանցիկ մանեկեն է, որտեղ հստակ երևում են մարդու օրգանները։ Օրգաններից յուրաքանչյուրի մեջ կտեղադրվի լույս, մակետի կողքին կլինի վահանակ, որտեղ կլինեն բազմաթիվ ստեղներ՝ յուրաքանչյուրի կողքին համապատասխան օրգանի անունը: Ստեղները սեղմելիս մանեկենի վրա կվառվեն համապատասխան օրգանի լույսերը՝ դարձնելով դրանք տեսանելի։ Մանեկենը տեղադրվելու է դպրոցում տեսանելի ու հասանելի վայրում, որպեսզի յուրաքանչյուր աշակերտ կարողանա սովորել օրգանների անուններն ու տեղը։ Սա, փաստորեն, դիդակտիկ նյութ է, որը կօգնի երեխաների կրթական գործընթացին՝ ավելի դյուրին դարձնելով նյութի ընկալումը։ Այս նախագծի շնորհիվ երեխաները հաստատ չեն շփոթի, թե որտեղ են փայծաղը, լյարդը կամ լեղապարկը։


Նորշենում գործում է «Արմաթ» ինժեներական երկու խմբակ՝ «Աղվես» և «Կրիա» անվանումներով, ներգրավված է 30 աշակերտ՝ 3-րդից մինչև 12-րդ դասարանների։
Օրերս Նորշենի խմբակի սաները, խմբակավար Արա Հարությունյանի հետ, Հայաստանում էին, ծանոթանում էին Հայաստանի տեսարժան վայրերին։ Երեխաները մեզ հետ զրույցում նշում էին, որ հաճույքով են հաճախում «Արմաթի» դասերին։ Տիրուհի Գասպարյանը 11-րդ դասարանում է սովորում, ասում է՝ խմբակի դասերին գիտելիքներ են ստանում, որ, թերևս, ոչ մի առարկայի դասավանդման ժամանակ չէին կարող ձեռք բերել՝ եռաչափ մոդելավորում, ծրագրավորում, ռոբոտաշինություն։ Տիրուհին որոշել է լրագրող դառնալ, համոզված է, որ ինժեներական խմբակում սովորելը հետագայում կօգնի իրեն աշխատանքում. «Եթե անգամ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ կամ ինժեներ չդառնաս, այս գիտելիքները լրացուցիչ հմտություններ են տալիս, որ կօգնեն ավելի հնարամիտ լինել, արագ մտածել, հեշտ կառուցել ու լուծել ցանկացած խնդիր»։


Արա Հարությունյանն Արցախում է «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում։ Ասում է, որ իրենց աշխատանքի շնորհիվ դարձել են ինժեներական լուրջ պատվերներ կատարող խմբակ, ուզում են հասնել նրան, որ երեխաները կարողանան վաստակել, իրենց ուժերով այլ դպրոցների համար պատվերներ կատարել՝ ունենալով սեփական փոքրիկ տեխնոլոգիական բիզնեսը։


«Արմաթի» շնորհիվ հիմք է դրվում տեխնոլոգիական հանրության ձևավորմանը. ընդամենը մի քանի տարի անց ինժեներական այս լաբորատորիաների շրջանավարտները նոր որակ են հաղորդելու մեր կյանքին, ստեղծելու են կառուցողների, հետաքրքիր գաղափարներ գեներացնողների միջավայր։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1778

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ