USD482.44
EUR564.60
RUB7.28
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

Այդ «հիվանդին» բուժելու համար լուրջ բժիշկ է պետք, որը, ցավոք, չկա

Այդ «հիվանդին» բուժելու համար լուրջ բժիշկ է պետք, որը, ցավոք, չկա
27.03.2018 | 00:30

Իմ կարծիքով` ցանկացած երկրի դատարան այդ երկրի խիղճն է, նրա պատիվն ու արժանապատվությունը: Չգիտեմ, որքան տեղին է համեմատությունը, բայց դատարանը ճիշտ և ճիշտ նման է դարպասապահի, որը պետք է կանխի խաղացողի թույլ տված սխալը: Դարեր շարունակ մարդը, ճշմարտություն փնտրելիս, վերջին հույսը կապում է դատարանի հետ, մտածելով, որ այնտեղ կգտնի արդարությունը: Ասածիս հիանալի ապացույց են Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» պիեսից Շայլոկի խոսքերը, որ նա ասում է դատարանում. «Եթե դուք հարգում եք ձեր երկրի օրենքները, ապա ինձ տվեք այն երկու գրվանքա միսը, որը, ըստ պայմանագրի, ինձ է պատկանում, այլապես ես կանցնեմ երկրից երկիր, կպատմեմ և կթքեմ ձեր երկրի օրենքների վրա»: Հրեա Շայլոկի խոսքերով Շեքսպիրը պաշտպանում է մարդու խախտված իրավունքի վերականգնումը դատարանի միջոցով: Ով ով, բայց հայերս լավ գիտենք ահավոր ոճրագործություններով հարուստ կենսագրություն ունեցող գերմանական պետության էությունը: Բայց արի ու տես, որ այդ պետության դատարանն արդարացրեց հայ վրիժառուին` Սողոմոն Թեհլերյանին: Այդ նույն երկրի ֆաշիստական դատարանի դատավորը չնայած ներքին գործերի նախարար, փոխվարչապետ Հերման Գյոթինգի բոլոր ճնշումներին, անպարտ ճանաչեց կոմունիստ Գեորգի Դիմիտրովին: Եվս մեկ օրինակ. ցարական Ռուսաստանի դատարանը Բեռլինի հայտնի դատավարությունից մոտ 25 տարի առաջ, ուկրաինացի փաստաբան Կաբալևսկու շնորհիվ, կախաղանից ազատեց Թուրքիայի քաղաքացի Գուլգուլյանին, որի աչքի առաջ Բայբուրտում թուրք հարկահավաքը սպանել էր նրա բոլոր հարազատներին: Սիմֆերոպոլի սրճարաններից մեկում աշխատող Գուլգուլյանը, տարիներ հետո տեսնելով մարդասպանին, հետևել է նրան գիշերային քաղաքում և սպանել:

Ամփոփելով վերոհիշյալ դեպքերը` կարելի է վստահորեն ասել, որ ոչ թե գերմանական, ցարական դատարաններն են եղել արդարադատ, այլ այդ դատարաններում աշխատող այն դատավորները, եզակի անհատները, որոնց համար դատավորի մասնագիտական պատիվն ու խիղճը վեր են ամեն ինչից: Կգտնե՞ս արդյոք այսօր մեր իրականության մեջ այդպիսի դատավոր անհատի, որը, հանուն արդարության, պաշտոնը կորցնելու սպառնալիքի ներքո պատրաստ է արդար վճիռ կայացնելու: Հազիվ թե: Ես չեմ փորձի վերլուծել մեր դատական պրակտիկայի ողջ խոհանոցը, որովհետև դա շատ ձանձրալի և տաղտկալի կլինի, իսկ սպասվելիք արդյունքը` ոչինչ: Դատական պրակտիկա ասելով նկատի ունեմ ոչ միայն քրեական գործեր քննող դատարանը, այլև քաղաքացիական և վարչական դատարանների ողջ գործունեությունը: Մեր դատարանների գործունեության ողջ դժբախտությունը քրեական դատավարության օրենսգրքում տեղ գտած մի դժբախտ արտահայտություն է` դատարանը գործերը քննում է ողջամիտ ժամկետներում: Ո՞րն է այդ ողջամիտ ժամկետը, մեկ ամի՞ս, տասնմեկ ամի՞ս, թե՞ քսան, գուցե և ավելի ամիսներ, դժվար է ասել: Չեմ ցանկանում նշել կոնկրետ քրեական գործը, որը դատարանում է արդեն ավելի քան 2,5 տարի, և այդպես էլ ողջամիտ ժամկետի վերջը չի երևում: Որն է այդ ողջամիտ ժամկետի «դժբախտությունը», երևի այն, որ մեր երկրում անչափ շատ են իրավագիտության դոկտորները: Տեղին է հիշել հին հունական ասացվածքը. «Երբ գիտակները շատանում են, բարիք ստեղծողների թիվը պակասում է»: Խորհրդային Հայաստանում շատ չէին իրավագիտության դոկտորները, բայց նրանց գրիչն արգասաբեր էր, և նրանց գրած օրենքներում ողջամիտ ժամկետները հստակ էին:


Գաղտնիք չէ, որ այսօր բոլոր կարգի դատարանները ծանրաբեռնված են: Ինչու՞: Այս հարցին, թեև ոչ միանշանակ, բայց կարելի է պատասխանել. հասարակական հարաբերությունները մեր երկրում ազնիվ չեն: Գուցե ես սխալ եմ, բայց լավ է սխալ բացատրություն տալ, քան ընդհանրապես ոչինչ չասել: Մեր երկրում քաղաքացին ոչ միայն իր իրավունքի տերը չէ, այլև տերը չէ իր պարտականությունների: Եվ, իրոք, օլիգարխիկ երկրում նա ինչպես կարող է իր իրավունքի տերը լինել, եթե սեփական իրավունքը պաշտպանելու ամենաչնչին համառություն դրսևորելու դեպքում նրան դուռն են ցույց տալիս: Ինչպե՞ս կարող է մարդն իր իրավունքը պաշտպանել, երբ հանապազօրյա հաց վաստակելու համար տարիներ շարունակ, առանց գրանցման, աշխատում է մասնավոր գործատուի մոտ: Ինչպե՞ս կարող է մարդն իր իրավունքը պաշտպանել, երբ այդ իրավունքը լոկ դեկլարատիվ կարգով է պաշտպանվում Սահմանադրությամբ: Այսօր հազարավոր մարդիկ առանց գրանցվելու աշխատում են, և այդ մասին քաջատեղյակ են վերևներում, երբ գալիս է թոշակի անցնելու օրը, նա չի դիմում դատարան` պաշտպանելու տարիների վաստակը: Դատական պաշտպանության համար նա ոչ միջոց ունի, ոչ էլ պաշտպանության հույս, որովհետև ո՞վ պիտի գա դատարան վկայություն տալու, որ նա երկար տարիներ առանց գրանցման իրոք աշխատել է այսինչ գործատուի մոտ: Սեփական իրավունքի չպաշտպանվածությունից գալիս է նաև պարտականությունների չկատարումը: Ընդունված բան է` եթե մարդը չունի իրավունք, չի կարող ունենալ միայն պարտականություններ:


Ասացի, որ մարդու խախտված իրավունքի պաշտպանության վերջին օղակը դատարանն է: Մինչ կխոսեմ կոնկրետ փաստերով, կուզենայի հիշել մեր դատավորներից մեկի պատմածը:
«Գնացել էինք ԱՄՆ: Խումբը կազմված էր իրավապահ մարմինների ներկայացուցիչներից: Անկախության առաջին տարիներին էր: Երբ անցնում էինք մաքսակետով, մաքսավորը, երբ իմացավ, որ դատավոր եմ, ասաց. թույլ տվեք Ձեզ գրկել և համբուրել, ինձ համար դատավորը սրբություն է, որովհետև անարդարացիորեն մեղադրվող հորս դատարանն արդարացրեց»:
Այդ դատավորի հետ հանդիպելու բազմաթիվ առիթներ եմ ունեցել, վերջին հաշվով համոզվեցի, որ ամերիկացու խոսքը մայր հողի վրա նրա համար կիրառելի չէր: Բազմաթիվ առիթներ եմ ունեցել շփվելու դատական պրոցեսների հետ: Համոզվել եմ, որ շատ դատավորներ ոչ թե օրենքով են շնչում (եթե, իհարկե, որևէ լուրջ պաշտոնյայի միջամտությունը չկա), այլ անձնական շահի գիտակցությամբ, եթե նույնիսկ հարցը վերաբերում է հանրային շահին: Ասացի, որ դատավորները, օգտվելով ողջամիտ ժամկետի թույլտվությունից, գործը կարող են քննել ու քննել:
Անցած տարվա դեկտեմբերի 18-ին իմ պատիվն ու արժանապատվությունը «Արմենիա» հեռուստատեսությամբ վիրավորելու համար հայց եմ ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: 29.01.2018-ին դատավոր Ա. Մխիթարյանը որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին:

Հունվարի 29-ին կայացրած որոշումը ստացել եմ 16.03.2018-ին: Նախնական դատական նիստը նշանակված է 2018 թվականի հունիսի 25-ին: Ինձ վարկաբեկել են, այն էլ ամենաստոր ձևով, մարդիկ ինձ նայում են որպես բորոտի: Ինչու՞: Պարզ է և հասկանալի: Մարդկանց վրա ես արդար, հայրենասեր, ուղղամիտ մարդու տպավորություն եմ թողել, և հանկարծ պարզվում է, որ այդ ամենը կեղծ է, ես եղել եմ թալանչի, խաբեբա: Ինձ մոտ մարդիկ գիտեին, որ հայցով դիմել եմ դատարան և ամեն անգամ հարցնում են` ի՞նչ վիճակում է հայցադիմումդ: «Սպասում եմ»,- հնչում է պատասխանը: Հիմա նույնիսկ ամենամոտիկ մարդիկ համոզվել են, որ ստոր կեղծիքներն իրականություն են: Հինգ ամիս հետո նշանակված է նախնական դատական նիստ, մի այդքան էլ կամ փոքր-ինչ պակաս կտևի մինչև դատարանի որոշման ընդունումը: Ինչպես հայտնի դրամայում կասվեր` Հեկուբը քո ի՞նչն է, կամ դու Հեկուբի: ՈՒ՞մ ինչ: Թող Հովսեփյան Սոկրատը մեկ տարի հասարակության մեջ ման գա վարկաբեկվածի պես: Հավանաբար այնքան վիրավորված չէի լինի, եթե տնիցս ինչ-որ բան գողացած լինեին: Անշուշտ, այդ դեպքում էլ ցավ կապրեի, բայց ոչ այնքան, ինչպես այս պարագայում: Նորից հիշեմ հանճարեղ դրամատուրգի խոսքը. «Ով քսակս շորթի, շատ բան չի շորթի, ով պատիվս շորթի, շատ բան կշորթի, որից ինքը բնավ չի հարստանա, բայց ես շատ պիտի աղքատանամ»: Պատկառելի տարիքի մարդս, ազնվորեն հայրենիքին ծառայած մարդս, անչափ աղքատացած եմ զգում իմ հայրենիքում:


Եվս մեկ օրինակ նշեմ, այս անգամ` վարչական դատարանից։ Դատախազ Արմեն Գրիշայի Կարապետյանը դիմել է ՀՀ վարչական դատարան, գյուղապետարանի կողմից 18.07.2017-ին կայացրած վարչական ակտը չեղյալ համարելու պահանջով: Նախնական դատական նիստերից հետո, դեկտեմբերի 25-ին, դատավոր Ա. Պողոսյանը որոշում է կայացրել նշանակելու դատահաշվապահական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է «ՀՀ փորձագիտական կենտրոն» պետական ոչառևտրային կազմակերպությանը: Անցել է երեք ամիս` ոչ մի արձագանք: Ճշտում եմ փորձագիտական կենտրոնի համարը: Պարզվում է` կենտրոնը շատ զբաղված է և չի կարող ասել, թե երբ փորձագետ կուղարկի: Դատաքննության ժամանակ Ա. Կարապետյանի փաստաբանի ներկայությամբ դատավորին ասացի, որ Կարապետյանը 2008-2012 թվականներին հողի հարկ չի վճարել և 2013 թվականի օգոստոսին միանգամից մուծել է 453 հազար դրամ: Գուցե դա էլ չմուծեր, եթե գյուղապետս չսպառնար, որ նրա վարքագծի մասին կտեղեկացնի ՀՀ գլխավոր դատախազին: Պարոն դատավոր, հինգուկես տարի չվճարելով, յուրաքանչյուր ուշացրած օրվա համար ըստ օրենքի հարկատուն վճարում է 0,15 % տույժ-տուգանք: Ճի՞շտ է: Գյուղապետարանը մանրակրկիտ հաշվել է նրա տուգանքի չափը, որը կազմում է 199 հազար դրամ: Եկեք միասին, փաստաբանի ներկայությամբ, ճշտենք գյուղապետարանի ներկայացրած տեղեկանքում առկա թվաբանությունը: Հնչում է դատավորի սառնասիրտ պատասխանը. «Մի կարծեք, թե դատավորը թվաբանությունից հեռու է, բայց օրենքն է այդպես պահանջում»: Ոչ, ոչ թե օրենքն է այդպես պահանջում, այլ բացակայում է դատավորի օբյեկտիվությունը, և արդյունքը լինում է այն, որ փորձագիտական կենտրոնները պայթում են գործերի առատությունից:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ.Գ. Նման դատախազ-դատավորների (նաև նման պաշտոնյաների) վարքագծով են պայմանավորված մեր երկրի հասարակական, մարդկային, պետական և մնացած բոլոր հարաբերությունները: Մեր երկիրը լուրջ հիվանդ է: Այդ «հիվանդին» բուժելու համար լուրջ բժիշկ է պետք, որը, ցավոք, չկա:

Դիտվել է՝ 1330

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ