Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կարևոր չէ, թե ինչ պետք է լինի, այլ կարևոր է, թե Ով ասաց

Կարևոր չէ, թե ինչ պետք է լինի, այլ կարևոր է, թե Ով ասաց
27.03.2018 | 00:02

Հենց դրա համար էլ գրեցի, որպեսզի ձեզ փորձեմ, թե ամեն ինչում հնազա՞նդ եք, որովհետև եթե մեկին ներեք, ես էլ կներեմ, քանի որ եթե ներեմ, ինչ որ ներեմ, ձեզ համար է` ի դեմս Քրիստոսի, որպեսզի չլինի, թե սատանան առավելություն ունենա մեզ վրա, քանզի անտեղյակ չենք նրա մտադրություններին (Բ Կորնթ.2.9-11)։


Թեև նախնի եկեղեցին տեղյակ էր Սատանայի ծածուկ մտադրություններին, այնուհանդերձ, Նոր կտակարանում մենք շատ քիչ ենք հանդիպում առաքյալների կողմից այդ ծրագրերի բացահայտ քննարկումներին: Առաքյալները քարոզում էին Աստծու՛ն և բացահայտում էին Աստծո՛ ծրագրերը:
Նրանք հորդորում էին ահով ու դողով մեր իսկ փրկությունն իրագործել, նրանք բացահայտում են կատարելության լավագույն ուղին: Եվ իրոք, եթե մենք գիտենք մեր ճանապարհը, կարիք չկա ուսումնասիրել խոչընդոտները, բավական է շրջանցել դրանք, այլապես առաջ չենք գնա: Բավական է իմանալ Աստծո կամքը, որը պահելով` կխուսափենք չարի որոգայթներից, իսկ եթե խորանանք այդ որոգայթների մեջ, կխճճվենք ու կբռնվենք դրանցից` չհասնելով նպատակին: Մենք պետք է ընդամենը հետևենք Տիրոջը, անցնենք Նրա բացած ուղիով, քայլենք Նրա ոտնահետքերով. ահա քրիստոնյայի ողջ անելիքը: Երբ Տերը շռնդալից օվսաննաների տակ մտավ Երուսաղեմ, Նա արդեն հաստատ գիտեր, որ Իր փառքի գահը Խաչն է, իսկ թագը` փշեպսակը, փառքը` մահը, և հաղթանակը` հարությունը: Նա` աստվածպաշտության մեծ խորհուրդը, ընթացավ Հոր կամքին կատարյալ հնազանդությամբ, խոնարհությամբ, և թվում էր` չարին համակերպվելով, բայց ուրիշ էր Նրա տեսլականը, մի բան, որին հասնում են միայն Խաչի ճանապարհն անցնելով: Աստված Հիսուսով ներեց մեզ: Իմանալով այդ` մենք չպետք է խրախուսվենք մեղք գործելու, այլ մեղանչելիս պետք է չկորցնենք ներման ու վերականգնման հույսը: Եվ ինչո՞վ է, որ սատանան չպետք է առավելություն ունենա մեզ վրա, նրանով, որ մենք պետք է կարողանանք ճիշտ ժամանակին ներել մեր հավատակիցներին: Ներելով` մենք մեր սեփական ներումն ենք վաստակում: Ներելով` մենք մեր սեփական փրկությունն ենք իրագործում և չպետք է ակնկալենք ծափեր, շնորհակալություն, երախտագիտություն և երկրպագություն: Հիսուս քարոզեց և աղոթեց Ձիթենյաց լեռան վրա, պայծառակերպվեց Թաբորում, բայց ներեց Գողգոթայում` Խաչի՛ վրա: Ովքեր հասկացան, հավատացին ու հետևեցին Նրան` քարոզում էին Նրա փառքը իրենց կյանքով առավել, քան խոսքերով ու գրով:


Այսօր առավել արդիական է Հիսուսին չուրանալու խնդիրը, սակայն քչերն են անդրադառնում այն պարզ հանգամանքին, որ ուրանալու համար նախ պետք է դավանել Նրան, իսկ դավանելու համար` ճանաչել: Շատերի պատկերացումները Աստծո մասին սահմանափակվում են «հրաշագործ» և «կատարածու» գաղափարների շրջանակում, այդ մարդկանց համար Նա մի յուրօրինակ ջին է` փակված ոչ թե նեղ շշում, այլ իրենց անսահման երևակայության մեջ:
Սուրբ հայրերն ասում են, որ հրաշքը այն չէ, երբ Աստված է կատարում մարդկանց կամքը` պատասխանելով նրանց աղոթքներին, այլ երբ մարդն է կատարում Աստծո կամքը պատվիրանապահությամբ: Երբ մարդիկ այդպես կճանաչեն ու կդավանեն Աստծուն, նոր կարելի է խոսել և Նրան ուրանալու մասին. «Ով խոստովանի Ինձ մարդկանց առաջ, Ես էլ նրան կխոստովանեմ Իմ Հոր և հրեշտակների առաջ, իսկ ով ուրանա Ինձ մարդկանց առաջ, Ես էլ նրան կուրանամ Իմ Հոր ու հրեշտակների առաջ» (Մատթ. 10.33): Մենք ոչ միայն խոսքով պետք է դավանենք կամ ուրանանք, այլ մեր ամեն քայլը, ամեն մի ընտրությունը, կյանքի ընթացքը պետք է լինի կամ Հիսուսի դավանությունը, կամ Նրա ուրացումը: Հիսուս «իսպառ սիրեց» մեզ և հապացույց տվեց Իր կյանքը: Անգամ սատանան այնքան սիրեց մարդկային հոգին ու նրա գեղեցկությունը, որ առաջարկեց նրան իր ունեցած-չունեցած աշխարհը, իսկ մենք ոչինչ չենք ուզում զոհել, ոչ մի բանից չենք ուզում զրկվել, դժվարանում ենք անգամ ժպտալ նրանց, ում հավաստիացնում ենք, թե սիրում ենք:


Հիսուս Ավետարանում և Հայտնության գրքում մեզ նախապես հայտնեց գալիքը. այն, ինչ պետք է լինի: Բայց կարևոր չէ, թե ինչ պետք է լինի, այլ կարևոր է, թե Ով ասաց:


Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեցկին

Դիտվել է՝ 1776

Մեկնաբանություններ