«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Ես ուզում եմ, որ սա դառնա հայ դրամատուրգի տունը»

«Ես ուզում եմ, որ սա դառնա հայ դրամատուրգի տունը»
27.03.2018 | 00:42

«Էլեկտրոնային մշակութային լրատվական բազմազանության մեջ ավելանում է ևս մեկ կայք` tatron-drama.am: Նպատակն է` հնարավորինս ծավալուն ներկայացնել դասական և ժամանակակից հայ դրամատուրգիան. թատերգությունները, դրանց բեմական կյանքը, հաջողությունները»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախագծի հիմնադիր, խմբագիր ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԸ: Նոր կայքի համար հիմք է հանդիսացել 2000 թվականից գործող «Դրամատուրգիա» հանդեսը: Ծրագրին աջակցում է մշակույթի նախարարությունը: Կայքն առայժմ կգործի հայերեն և ռուսերեն, հեռանկարում՝ նաև անգլերեն:

«ՄԱՏՉԵԼԻ, ՏԱՐՈՂՈՒՆԱԿ, ԲՈՎԱՆԴԱԿ»
tatron-drama.am-ի դիզայներ ՆԱՌԱ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ասաց, որ փորձել են կայքը դարձնել հնարավորինս մատչելի, տարողունակ, բովանդակ: Առանձնացրել են հայ հեղինակների և թարգմանական թատերգությունները: Նշեց, որ «Դրամատուրգիա» հանդեսի արխիվը ամբողջությամբ հասանելի է ընթերցողին PDF տարբերակով: «Թատրոն» բաժնում կլինեն անցուդարձեր, թատերական տեսություններ, տեսական հոդվածներ, հետագայում նաև հարցազրույցներ, դիմանկարներ, «Պատկերասրահում»՝ թատերական ներկայացումների լուսանկարներ: «Գրադարակում» հնարավոր կլինի գտնել թատերական գրականություն, «Աֆիշա» բաժնում առաջիկայում կլինեն բեմադրվող պիեսների աֆիշները: tatron-drama.am կայքին կարող են հետևել նաև ֆեյսբուքյան հարթակում:

«ԱՅՍ ՏԱՐԱԾՔ ԿԳԱՆ ՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ԳԻՏԵՆ` ԻՆՉՈՒ՞ ԵՆ ԳԱԼԻՍ ԵՎ Ի՞ՆՉ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ»
Կարինե Խոդիկյանի տեղեկացմամբ՝ ստեղծելու են վիրտուալ մատենաշար, առաջինը ներկայացնելու են Լևոն Շանթի գործերը, հաջորդիվ՝ Հակոբ Պարոնյանի. «Թվայնացվելու և դաշտ են բերվելու գործեր, որոնց մասին շատերը գուցե միայն լսել են: Աշխատելու ենք արխիվների հետ, համագործակցելու ենք արվեստի և գրականության ինստիտուտի հետ, բոլոր գործերը, որոնք վերաբերում են թատրոնին, պետք է ամբողջացվեն ու բերվեն մեկ ամբողջական տարածք: Ես ուզում եմ, որ սա դառնա հայ դրամատուրգի տունը: Ինչ վերաբերում է պահանջարկին, այս տարածք կգան մարդիկ, ովքեր գիտեն` ինչու՞ են գալիս և ի՞նչ են փնտրում»:

«ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԵՎ ԹԱՏՐՈՆ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ»
Արձակագիր, դրամատուրգ ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆԻ կարծիքով՝ հայ դրամատուրգիան երբեք այսպիսի ոգևորող ձեռնարկում չի ունեցել, նրա բնորոշմամբ՝ Կարինե Խոդիկյանի արածն անգնահատելի է. «Այս տարիներին դրամատուրգիա» հանդեսը շուրջ 400 թատերգություն է ներկայացրել: Մեր թատրոնները խուսափում են ժամանակակից պիեսներ բեմադրելուց (բացառություն է Երվանդ Ղազանչյանն իր որդու՝ Հակոբ Ղազանչյանի հետ): Դրամատուրգիան գրականություն է և թատրոն է միաժամանակ, ինձ համար՝ առավել գրականություն, քան բեմական տեսիլք: Ես ծանոթ եմ եղել 40-50-60-ականների հայ դրամատուրգիային, պիտի ասեմ, այն դրամատուրգիան, որ ստեղծվում է վերջին 10-20 տարիներին, անհամեմատելի է նախորդների հետ: Մենք այսօր ունենք պրոֆեսիոնալ, հետաքրքիր, արդիական, հայի կյանքը պատկերող, հայ մարդուն ներկայացնող դրամատուրգիա: Սա ոչ միայն գրականության նվաճումն է, այլև թատրոնների։ Ցավոք, մեր թատրոններից շատերը չեն ցանկանում մոտենալ հայ ժամանակակից դրամատուրգիային, կարծում եմ՝ անտեղյակ լինելու, նաև ինչ-ինչ այլ հանգամանքների պատճառով: Վարդան Աճեմյանը թույլ պիեսներից բեմում հրավառություն էր ստեղծում, ուրեմն, հնարավոր է նույնիսկ թույլ պիեսը հիանալի բեմադրել, իսկ մենք ունենք շատ բարձրարժեք դրամատիկական երկեր և ուշադրության արժանի դրամատուրգներ»: Նորայր Ադալյանը (ում պիեսները նույնպես հաճախ բեմադրվում են) նշեց մի քանի անուններ՝ Կարինե Խոդիկյան, Սամվել Կոսյան, Գուրգեն Խանջյան, Սամվել Խալաթյան: Կարինե Խոդիկյանը հավելեց, որ մեծ հույսեր է կապում Անուշ Ասլիբեկյանի հետ. «Որքան էլ որ ունենք կայացած դրամատուրգներ, եթե չկա եկող սերունդ, չկան նորերը, ուրեմն մեր գործը սխալ է: Հետաքրքիր մտածողություն ունեն Էլֆիկ Զոհրաբյանը, Արշակ Սեմիրջյանը, Դավիթ Խաչիյանը (վերջինիս դրամատուրգիան վերջերս ենք հայտնաբերել)»: Իսկ այն, որ դրամատուրգները սակավաթիվ են, Կարինե Խոդիկյանի կարծիքով, պայմանավորված է այդ ժանրի բարդությամբ:

«ԹԱՏԵՐԱԳԵՏՆ ԱՄԵՆ ՀՈԴՎԱԾԻՑ ՀԵՏՈ ԿԱՐՈՂ Է ԳՏՆԵԼ ԲԱՐԵԿԱՄ, ԲԱՅՑ ԿԱՐՈՂ Է ԳՏՆԵԼ ՆԱԵՎ ԹՇՆԱՄԻ»
Ինչու՞ են լռում թատերագետները, ինչու՞ բեմադրվող գործերի մասին մասնագիտական գնահատականներ չեն հնչում: Լրագրողների այս հարցին պատասխանելով՝ թատերագետ ՏԻԳՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ ասաց, որ բեմադրության մասին ծավալուն թատերական վերլուծությունը տքնաջան աշխատանք է պահանջում, և բերեց իր օրինակը. այդպիսի մի հոդված գրել է մոտ երկու ամսում և վարձատրվել 15 հազար դրամով: Թատերագետը հույս ունի, որ այս հարթակը ելակետ կլինի, ու թատերական գործի նրբություններից անտեղյակ մեր չինովնիկները կգիտակցեն, որ մասնագիտական լուրջ հարթակ է պետք ստեղծել. «Թատերագիտական հարթակ, որը թատրոնի հեռահար և երկարաժամկետ ներդրումներ պահանջող ենթակառուցվածքներից մեկն է, առանց որի չի կարող, ըստ էության, գոյություն ունենալ իրական, կենդանի թատրոն, ինչպես որ՝ առանց թատրոնի չի կարող գոյություն ունենալ թատերագիտություն»: Կարինե Խոդիկյանը ի լրումն ասաց, որ ամեն աշխատանք պետք է վարձատրվի, նկատեց նաև, որ թատերագետն ամեն հոդվածից հետո կարող է գտնել բարեկամ, բայց կարող է գտնել նաև թշնամի. «Մեր երկիրը փոքր է, ամեն մարդ այդ համարձակությունը չի ունենում, բայց ունենալու դեպքում էլ պետք է վարձատրվի: Իմ ծրագրում չի եղել այսպիսի տեսական լուրջ բաժին, բայց ես մտածում եմ` որևէ կերպ ֆինանսներ հայթայթել և հարթակ տրամադրել թատերագետներին: Որևէ հայ դրամատուրգի պիեսի բեմադրությունից հետո գոնե 3-4 հոդված պատվիրել. ամեն մեկն իր տեսանկյունից կգնահատի գործը, որից հետո կլոր սեղան կլինի, գուցե մտքերի բախում լինի և միտք խմորվի: Նպատակը սա է՝ տեսնել, թե հայ բեմադրիչի և հայ դրամատուրգի փոխգործողություններն ինչպիսի արդյունք են տալիս: Կներեք, բայց ինձ հետաքրքիր չէ, թե իտալացի կամ անգլիացի մեկի գործը ինչպես է բեմադրում հայ բեմադրիչը»:

«ՄԵՐ ՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ ԱՉՔԸ ԴՈՒՐՍՆ Է»
«Հայաստանում ամեն թատերաշրջանում ծնվում է 50 ներկայացում, սակայն հինգ տող անգամ չի գրվում: Ժամանակը գա, մարդիկ կասեն՝ այս տարիներին թատրոն չի եղել»,- ասաց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ: Հավելեց, որ մեր ռեժիսորների աչքը դուրսն է, ապա հորդորեց ռեժիսորներին, հատկապես երիտասարդներին, մի քիչ զբաղվել ռեժիսորությամբ. «Ռեժիսորություն ասելով մենք հասկանում ենք հետևյալը (մենք ասենք, որ որևէ մեկը չվիրավորվի). պիեսը լավ չի գրված, երկրորդ գործողությունը ես պիտի գրեմ, 4-րդ գործողությունը պետք է բերեմ առաջին գործողության տեղը, իսկ երրորդ գործողությունը պիտի ընդհանրապես հանեմ: Երաժշտական ձևավորումը պիտի ես անեմ, նկարչականը ես անեմ, մի քանի բանաստեղծություն Շեքսպիրից պիտի բերեմ, Չեխովի նամակներից պիտի բերեմ… Չնայած պիեսը բոլորովին ուրիշ բանի մասին է, այս բոլորն անելուց հետո մնում է, որ էս խեղճը նաև ռեժիսորություն սովորի: Ես ուրախանում եմ, որ շատ պիեսներ նրանց ձեռքը չի ընկնում, որովհետև այդ պիեսներից ոչինչ չի մնա: Մեր թատրոնի խաղացանկում 28 անուն ներկայացումից 16-ը հայ ժամանակակից հեղինակների են, որովհետև հայ մարդն ուզում է տեսնել իրեն, իր բարեկամին, իր հարևանին, իր սիրուհուն, իր շրջապատը, իր փողոցի մարդկանց: Եվ պատահական չէ, որ այդ պիեսների հիման վրա ստեղծված ներկայացումները 10-15 տարի մեր խաղացանկում են ու մինչև հիմա հետաքրքրում են հանդիսատեսին: Մենք Օստրովսկի ենք խաղում, Շեքսպիր, բայց գերակշռող մասը պետք է լինի հայ դասական և ժամանակակից դրամատուրգիա, ուրիշ կերպ դա հայ թատրոն կոչվել չի կարող»:

«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՀԱՅ ԹԱՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԵՆՔ»
«Ես չեմ ասում, թե մեր դրամատուրգիան փայլուն է ու թերություններ չունի, չեմ ասում, թե դրսի դրամատուրգիան չպետք է բեմադրենք, ո՞նց չբեմադրենք, պետք է տեսնենք համեմատության մեջ, բայց մենք պետք է թատրոնի մասին մտածենք, հա՛յ թատրոնի: Ինչպես Երվանդ Ղազանչյանն է ասում՝ գերակշռող մասը պետք է լինի հայ դրամատուրգիա, ուրիշ կերպ դա հայ թատրոն կոչվել չի կարող: Բայց ռեժիսորները ծանոթ չեն մեր դրամատուրգների գործերին: «Դրամատուրգիա» հանդեսը տալիս է այն հնարավորությունը, նույնիսկ տանում ես, տալիս ես, չեն կարդում, մի կերպ ուզում են գլուխներն ազատել: Իրենց գործն է, բայց եթե ուզում ենք հայ թատրոնը վերականգնել, վերաստեղծել կամ նորը ստեղծել, պետք է ինչ-որ բան արվի»,- այս կարծիքին է արձակագիր, դրամատուրգ ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԸ:

«Ա՛Յ ԸՆԿԵՐ, ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՇՈՒՆՉ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԻԵՍ ԲԵՄԱԴՐԻՐ»
Բանաստեղծ, դրամատուրգ ՍԱՄՎԵԼ ԿՈՍՅԱՆԸ նկատեց, որ մեր ռեժիսորների մեծ մասը հայթայթում է պիեսներ, որոնք բացարձակապես աղերսներ չունեն մեր իրականության հետ, իսկ բեմադրելուց հետո հպարտ-հպարտ հայտարարում են, որ կարողացան այդ պիեսին ժամանակակից շունչ հաղորդել։ «Ա՛յ ընկեր, ժամանակակից շունչ հաղորդելու փոխարեն ժամանակակից պիես բեմադրիր: «Դրամատուրգիա» հանդեսի 400 պիեսից եթե 40-ն էլ արտահայտեն այսօրվա կյանքը, մտահոգությունները, արդեն հրաշալի է»: Սամվել Կոսյանը ողջունեց նորաստեղծ թատերական նախագծի մուտքը և հույս հայտնեց, որ այն գուցե մեր բեմադրիչների ուշադրությունը բևեռի ժամանակակիցների պիեսների վրա:
Կարինե Խոդիկյանն իր հերթին ընդգծեց, որ այսօրվա նույնիսկ երբեմն թույլ, ոմանց կարծիքով՝ անկատար դրամատուրգիան պետք է անպայման իր բեմական կյանքը ստանա. միայն այդ մթնոլորտի միջոցով վաղը կստեղծվի այն գլուխգործոցը, որի առաջ բոլորը գլուխ կխոնարհեն:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Կից լուսանկարները՝ հեղինակի

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4250

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ