Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մենք ու աշխարհը, սակայն հիմար իրողությունների բերումով հազար վայ մեր բաժին աշխարհին

Մենք ու աշխարհը, սակայն հիմար իրողությունների բերումով հազար վայ մեր բաժին աշխարհին
27.03.2018 | 01:40

Աշխարհով մեկ այս օրերին ֆուտբոլի ազգային ընտրանիների ընկերական հանդիպումներ են: Դրանցում ամեն մեկը փորձում է ստուգել իր պատրաստվածության աստիճանը, ճշգրտումներ է մտցնում ձեռագրի մեջ, հստակեցնում է օղակների փոխկապակցվածությունը, լուծում մարտավարական ու ռազմավարական խնդիրներ, որ համապատասխան շտկումներով հասնի իր հնարավորությունների առավելագույն շեմին: Բնական է, որ բոլոր այդ հանդիպումներին չենք կարող անդրադառնալ, ու դրա իմաստն էլ չկա, եթե այս կամ այն հավաքականի առնչությամբ առանձնակի հետաքրքրություն չունես, ինչպես, զորօրինակ, մեր հավաքականի պարագայում: Սակայն եթե ունես էլ, օրինակ, ի՞նչ գրես Էստոնիայի ընտրանու հետ մեր հավաքականի հանդիպման պարագայում. որ մարզիչը դաշտ էր հանել տասնմեկ ֆուտբոլիստի՞, որ նրանք բոլորն անխտիր մարզական վարտիք-շապիկո՞վ էին, որ խաղից առաջ դաշտի կենտրոնում մրցակիցները ողջունեցի՞ն իրար, ու այս բնույթի էլի մի շարք բանե՞ր:

Է, սրանք ֆուտբոլային հանդիպումների անհրաժեշտ բաղադրիչներ են, բովանդակային առումով դրանցում նոր ոչինչ չկա:
Աաա, հասկացա, վերլուծական մակարդակով ակնհայտորեն ինչ-որ բան եք ակնկալում լսել խաղին հատկացված 90 րոպեի առնչությամբ:
Ինչ խոսք, որ ձեր պահանջը սիրով կուզենայի բավարարած լինել, սակայն եթե դուք կամ ձեզնից որևէ մեկը բովանդակային ինչ-որ բան է տեսել այդ 90 րոպեների ընթացքում, ի՞նչ ասեմ, եկեք ձեր կամ այդ ինչ-որ մեկի աչքերը համբուրեմ:
Դուք միանգամայն իրավունք ունեք տարակուսելու՝ հարցնելով, թե լա՜վ, այդ 90 րոպեների ընթացքում իրականու՞մ ոչինչ չի եղել:
Պատասխանեմ: Այնպես չէ, որ ոչինչ չի եղել: 22 հոգի ու նրանց ձեռքը կրակն ընկած ևս մեկը դաշտում այս ու այն կողմ են վազվզել, մեկը մի քիչ ավելի, մյուսը մի քիչ պակաս է քրտնել, մեկը մյուսի ոտքին է խփել, այդ մյուսն այն մյուսի ոտնաթաթն է տրորել, եթե բան է, կրքեր են մի քիչ բորբոքվել, մի քիչ իրար են հրմշտել ու վերջնահաշվում, ինչ-որ բան արածի գիտակցմամբ, ելել-գնացել են տուն:


Այդ օրը Հանրապետական մարզադաշտում ողջ եղած-չեղածն այս է եղել:
Չափից ավելի չո՞ր եմ ներկայացնում իրականությունը:
Կարող էի ձեզ համամիտ լինել, բայց դե ինձ հետ շփվածների մեջ ո՛չ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կապեր ունեցող մարդիկ կան, ո՛չ էլ թիմի մարզչական կորպուսի հետ ծանոթություն ունեցողներ, որ, ինչ-ինչ բաներ հաշվի առնելով, մի քիչ էլ երեսի մյուռոնը կորցնելով փորձեի փոքրիշատե իրականություն գունազարդել:
Հանդիպումից հետո ինձ հետ կապի մեջ մտած մարդիկ միահամուռ էին, գիտե՞ք ինչում. խոսքի զգայական մասը թողած՝ այո, միահամուռ էին նրանում, թե ինչո՞ւ են էն լույսի կտոր տղային Անգլիայից բերում-հասցնում էստեղ ու իրենց պես հավասար կուպրի բաժին սարքում: Էն մի անգամ էլ կանչեցին, վնասվածքի տեր դարձրին, քիչ էր մնում ողջ մարզական կարիերայի հետ խաղային: Լա՜վ, այդ ինչ սադոմազոխիզմ է ամեն մեկին ձեզ պես սևացած տեսնելը: Անհարմար չե՞ք զգում, թե ձեզ համար սրբություն ասածն իսպառ գոյություն չունեցող հասկացություն է: Ինչու՞ եք լկտիաբար խաղում այդ տղայի հայրենասիրական զգացմունքների հետ: Առանց այն էլ մենակով մի ողջ պետության գործ է անում հանուն երկրի: Թողեք հանգիստ մնա, հա՞, ձեր կեղտոտ թաթերով մի փորձեք քսմսվել նրա լուսե կերպարին:
Այս տխուր մուտքից հետո դառնանք հանդիպումներից մի քանիսին, որոնք, անկախ որևէ մեկի կամքից, շնորհիվ իրենց բարձր կարգի, հանուրի ուշադրության կենտրոնում են:

ԻՍՊԱՆԻԱ-ԳԵՐՄԱՆԻԱ
Սա կատարյալ գրոսմայստերական խաղ էր, որի արագությունից, խաղամակարդակից, ֆուտբոլիստների վարպետությունից մարդու շունչ էր կտրվում: Իհարկե, Սերխիո Բուսկետսի բացակայության պայմաններում հենակետային դիրքում որոշակիորեն փորձարարականի կնիք ուներ իսպանացիների կազմը (Թոմաս Մյուլլերը պատասխան խոցումն այստեղից է իրացրել), որն ակտիվում որոնումների մեջ էր նաև իդեալական կենտրոնական հարձակվողի որոշարկման հարցում: Այս անգամ առաջնագծում իսպանացիները փորձարկեցին «Վալենսիայից» հրավիրված Ռոդրիգոյին, որը թե՛ գոլի հեղինակ դարձավ, թե՛ ավելի լավ խաղաց իրեն փոխարինած Դիեգո Կոստայից: Իսկ, ընդհանուր առմամբ, հանդիսատեսն այս խաղում կարող էր և երկու գոլից ավելի տեսնել, եթե դրան իրենց համաձայնությունը տված լինեին ինչպես Մարկ-Անդրե Տեր Շտեգենը, այնպես էլ Դավիդ դե Խեյան:

ԱՐԳԵՆՏԻՆԱ-ԻՏԱԼԻԱ
Մինչ Արգենտինայում հզոր սկանդալ է ազգայինում Պաուլո Դիբալայի ու Մաուրո Իկարդիի համար տեղ գտնել չկարողանալու առնչությամբ (Խորխե Սամպոլին հայտարարել է, որ իր համար չափազանց բարդ կլինի այս ֆուտբոլիստներին ներառել թիմի խաղային մոդել, քանի որ այդ պարագայում հավաքականի խաղային ձեռագրի փոփոխության անհրաժեշտություն կառաջանա), այս ընտրանին հաղթանակ է տոնում անգամ Մեսիի բացակայության պայմաններում, ընդ որում, ոչ ավելի-ոչ պակաս, այնպիսի հավաքականի հետ խաղում, որպիսին իտալացիներինն է: Նկատենք, որ հավաքական վերադարձած Բուֆոնը սովորականի պես հուսալի է եղել, ու եթե տեսականորեն ընդունենք, որ Բանեգայի հարվածը կարելի էր և հետ մղել, ապա Լանսինիի հարվածը անկասելիների կարգից էր: Միջանկյալ նկատենք, որ Մեսին կարող է չմասնակցել և առաջիկայում կայանալիք Իսպանիայի հավաքականի հետ մրցակցությանը, քանի որ նրա մոտ առկա է ոչ թե մկանային ձգվածության, այլ ենթածնկային ջիլի վնասվածության խնդիր, ինչն անհամեմատ ավելի լուրջ բան է: Սակայն ֆուտբոլի նկատմամբ անհագ ծարավ ունեցող այս ֆուտբոլիստի մասնակցության-չմասնակցության վերաբերյալ վերջնական կարծիք հայտնելը խիստ դժվար է, քանի դեռ չի եղել լինելիքը:
Ֆրանսիա-Կոլումբիա, Արգենտինա-Իտալիա, Ռուսաստան-Բրազիլիա խաղերի կողքին հիշատակենք, որ բացառիկ հաջող մրցելույթներ են ունեցել նաև հարավամերիկյան ֆուտբոլը ներկայացնող մյուս երկրների հավաքականները: Այսպես, Պերուն պարտության է մատնել Խորվաթիայի (2:0), Մեքսիկան՝ Իսլանդիայի (3:0), Կոստա Ռիկան՝ Շոտլանդիայի (1:0), Չիլին՝ Շվեդիայի (2:1) հավաքականներին: Փաստորեն, յոթից յոթում էլ՝ հաղթանակ:

ՖՐԱՆՍԻԱ-ԿՈԼՈՒՄԲԻԱ`ՌՈՒՍ-ԲՐԱԶԻԼԱԿԱՆ ՍՈՈՒՍՈՎ
Անվիճելի է, որ կազմի ընտրության հարցում Ֆրանսիայի ընտրանին անխտիր բոլոր օղակներում գլուխկոտրուկի առաջ է կանգնած՝ ֆուտբոլիստներին նախապատվություն տալու առումով: Մասնագետները վկայում են, որ Իսպանիայի ու Գերմանիայի ընտրանիներն անգամ իրենց նման շռայլություն թույլ տալու հնարավորություն չունեն: Ինչևէ: Կոլումբիայի հավաքականի հետ խաղում Դիդիե Դեշամը մեկնարկային կազմում տեղ էր տվել Լեմար, Գրիզման, Ժիրու, Մբապե քառյակին՝ պահեստային նստարանին թողնելով Դեմբելեին ու Մարսիալին: Արդեն 26-րդ րոպեին ֆրանսիացիները հաշվի մեջ առաջ էին 2:0 հաշվով: Սակայն հյուրերը շատ արագ գտան հակախաղը: Հանդիպման առաջին կեսում նրանք հետ էին արդեն մեկ գնդակով, իսկ երկրորդում մրցակցի դարպասը գրավեցին ճիշտ այնքան, որքան ֆրանսիացիները գրավել էին առաջինում: 2:3 հաշվով պարտությունը վերջիններիս համար, այն էլ սեփական հարկի տակ, բնականաբար, խիստ անպատբավեր է, իսկ սա նշանակում է, որ բրազիլացիներից սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտություն կրած ռուսները մարտի 27-ին ընկնելու են ֆրանսիացիների հզոր պրեսինգի տակ, այլապես Դեշամին երկու անընդմեջ պարտությունը չի ներվի, իսկ Ստանիսլավ Չերչեսովը՝ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչը, երկրորդ պարտության դեպքում էլ առանձնապես անհանգստանալու բան չի ունենա, որովհետև հզոր մոտիվացիա կունենա՝ պարտվել է աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկին:

ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ-ԵԳԻՊՏՈՍ
Պորտուգալիա-Եգիպտոս խաղը համընդհանուր հետաքրքրություն էր ներկայացնում նախ և առաջ նրանց առաջատարների դիմակայությամբ: Մոհամեդ Սալահը, ինչ խոսք, ի դեմս լիվերպուլյան Ֆիրմինո-Մանե տանդեմի, հավաքականում չունի նման հզոր աջակցություն, բայց որ կես գոլային պահն էլ նրան բավական է անելիքն անելու համար, անհերքելի ճշմարտություն է: Այս պայմաններում եգիպտացուն ինչո՞վ պատասխանեց Պորտուգալիայի ընտրանին կամ, որ ավելի ճիշտ է, այդ հավաքականի անուրանալի առաջատարը: Ավելորդ մանրամասների մեջ չմտնելով՝ ասենք, որ հանդիպման հաղթական ելքի համար հավելյալ ժամանակում Ռոնալդուի երկու պոռթկումը եղավ բավարար:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2466

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ