«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Որպեսզի «կայծից» «մայդան» չկերտվի

Որպեսզի «կայծից» «մայդան» չկերտվի
30.03.2018 | 00:23

Հայոց մայիսը, կարծես, հանդարտորեն իր տեղը զիջում է ապրիլին. կարևորագույն գործընթացները սկսել են տեղի ունենալ ապրիլին. ապրիլյան պատերազմ, ապրիլյան խորհրդարանական ընտրություններ, «ապրիլյան» նախագահ` յուր ինաուգուրացիայով, «ապրիլյան» վարչապետ` առանց ինաուգուրացիայի, և, իհարկե, ընդդիմության ապրիլյան «իշխանափոխություն»` գերմանական «լրտես», Ռուսաստանում հեղափոխություն իրականացրած Լենին պապի ապրիլյան թեզիսների արդիականացմամբ:


Նկատենք` խաղի առնչությամբ արդեն իսկ վառվում են գեոքաղաքական մոմերը ևս: Ո՛չ. դեռ նկատի չունենք պարոն Միլզի` Հայաստանին հրաժեշտից առաջ քայլերի կասկադը. դրա մասին` քիչ ներքևում: Առաջին հերթին նկատի ունենք ռուսական ռազմական ոստիկանության մուտքը Հայաստան. նախ` Գյումրի, ապա` Երևան: Չանդրադառնանք «մուտքի» իրավական հիմնավորվածության պակասին և այդ առնչությամբ հայոց իշխանությունների քար լռությանը: Դիտարկենք քաղաքական գործոնը:
Այո՛, այն «ապրիլյան» ատաղձ ունի: Որովհետև ժամանակը, որն ընտրվեց «ռսի օրհնյալ ոտքի» հերթական մուտքի համար, ինչպես ասացինք, ապրիլյան սպասվող ներքաղաքական զարգացումներին ընդառաջ էր: Իհարկե, կարող ենք նաև առավել գլոբալ հայացքով նայել այդ «ոտքին», ընդգծելով տարածաշրջանային` Թուրքիա-Իրան-Ադրբեջան-Վրաստան կապերի-հանդիպումների ակտիվացման, Աֆրինից հետո Մանբիջ, ապա և Իրաք` Սինջար, հասնելու թուրքական «սապոգի» ելևէջումները ևս։ Այնուհանդերձ, պետք է ասել կարևորը` Ռուսաստանը, այո, վախենում է Հայաստանում «գունավոր հեղափոխության» հնարավորությունից և փորձում է կազմ ու պատրաստ լինել, որպեսզի «կայծից», ասենք, «կապույտ մազից», այս անգամ ոչ թե ՊՊԾ գրավող, այլ Ղարաբաղի ներկայացուցչության դեմ հավաքվող մասսայից «մայդան»` ՈՒկրաինա չկերտվի:


Այդ մեկը հաստատ Ռուսաստանը թույլ չի տա: Ո՛չ մի գնով: Քանզի հիբրիդային Բերմուդի մեջ հայտնված` պատժամիջոցներ, դիվանագիտական դեմարշ, Կեմերովո` նորընտիր Պուտինի հրաժարական, Ռուսաստանը Հյուսիսային Կորեա-ԱՄՆ «երկխոսությունից» առաջ, չի կարող այնպիսի կարևորագույն «կետ» (իրենց խոսքով` «ֆորպոստ») Հայաստանը տանուլ տալ, երբ ամերիկյան անվտանգության նոր հայեցակարգում առաջնահերթ են համարվել հենց Ռուսաստանն ու ռուսական ուղղությունը:


Հաջորդիվ խաղին «խառնվում» է միստր Միլզը: Ասել է` նույնքան դանդաղորեն ապրիլին ամերիկա-ռուսական հակամարտությունը տեղափոխվում է նաև փոքրիկ Հայաստան: ՈՒ թող հայտնի փորձագետներն այլևս չպնդեն` մեր կողմերում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համաձայնեցված են գործում` նկատի ունենալով ղարաբաղյան խնդիրը (տե՛ս ղարաբաղյան ներկացուցչության դեմ «տաքացվող» միտինգը):


Եվ ուրեմն, միստր Միլզը, որ ցայդ ԱՄՆ «տրանզիտ» էր արել հայ պատգամավորների բավականին ծանրակշիռ էշելոնին, նրանց հետևից էլ դեպ ԱՄՆ ահավոր ներկայացուցչական այց էր ունեցել Բակո Սահակյանը, այժմ էլ պարոն Միլզը վերցրեց ու ասաց` չենք սատարելու բռնությամբ և ոչ թե երկխոսությամբ իշխանափոխության գնացող ուժերին:
Շատ նուրբ բան տեղի ունեցավ այդպիսով: Ընդ որում` խնդիրը ոչ այնքան պարոն Միլզի` ԵՄ համաձայնագիր ստորագրած, վարչապետության գնացող Սերժ Սարգսյանին սատարումն էր, որքան այն, որ Նահանգները դեֆակտո բաց դաշտ բերեց նաև ապագաղութացման լոզունգով հանդես եկող «Ծռերին», ուժի գործադրումը արդարացնող ուժերին, որից դեպ հաջորդ քայլը` ի վերջո, ինչ ուժեր են կանգնած բռնարարքներ նախընտրող այդ ուժերի հետևում, լոկ տեխնիկայի հարց կարող է լինել: Ինչի արծարծումն էլ, կարծում ենք, չի ուշանա:
Որովհետև հայ ժողովուրդն ընտրել է ապրելու՛ ապրիլը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3062

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ