Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Քաղաքականության հետևանքները երևում են տասնյակ տարիներ անց

Քաղաքականության հետևանքները երևում են տասնյակ տարիներ անց
30.03.2018 | 00:30

Հուլիոս Կեսարը մեծ անհատ էր, քաղաքական, պետական, ռազմական մեծ գործիչ: Ռազմական գործողություններով պայմանավորված հաճախ էր բացակայում Հռոմից: Եվ քանի որ Հռոմի սենատում զգալի որակ էին կազմում երկրի դեմոկրատիայի բախտով մտահոգ սենատորները, որոնց քաղաքական հոտառությունը զգաստ էր պահում նրանց, կարող էին ցանկացած պահի կոնսուլի իրավունքից զրկել երկրի դեմոկրատիային սպառնացող, Հռոմից հեռու գտնվող հայտնի ռազմական գործչին: Մեկ անգամ չէ, որ Կեսարը փորձել է ստանալ ցմահ կոնսուլի իրավունքը, որի դեպքում նա կարող էր սահմանափակել սենատի իրավունքները և երկրից հեռու չմտածել իր պաշտոնազրկման մասին: Քանի որ Հռոմի իրավունքները սրբազան էին, և ոչ ոք չէր կարող փորձ անել ջնջելու գրված սրբազան օրենքները: Ոչ ոք չէր կարող ստով կամ կեղծիքով մանևրել և սահմանադրական նորմերն անտեսելով երկրի բարձրագույն պաշտոնին հավակնել: Դա Հռոմն էր:


Երբ Կեսարին քծնող որոշ սենատորներ փորձել էին ցմահ կոնսուլի թագը նրան հրամցնել, Կեսարը հրաժարվել էր, որովհետև նրա նրբանկատ հայացքը որսացել էր ժողովրդի դեմքի դժգոհությունը: Ինչու՞ նա չի գնացել ամեն գնով իր նպատակին հասնելուն, որովհետև նա սիրում էր Հռոմը և չի ցանկացել երկփեղկել հասարակությունը:


Գորբաչովը կոչված էր քանդելու ԽՍՀՄ-ը, և որևէ միջոց չէր խնայում իր նպատակին հասնելու համար: Որպեսզի գործի անկաշկանդ, ստեղծեց երկրի նախագահի պաշտոնը և նրան այդ պաշտոնից հեռացնելու իրավունքն ուներ միայն երկրի Գերագույն խորհրդի սեսիան: Որքան էլ դա այդպես լիներ, կոմկուսը դեռևս ուժ էր: Նա չէր հրաժարվում գլխավոր քարտուղարի պաշտոնից: Մեկ անգամ չէ, որ կուսակցությունում խոսում էին գլխավոր քարտուղարի պաշտոնից նրա կամովին հրաժարվելու մասին, պատճառաբանելով, որ այդ երկու պաշտոնները անհամատեղելի են: Գլխավոր քարտուղարի պաշտոնից հրաժարվելը շատ վտանգավոր կլիներ նորընտիր նախագահի համար, ուստի նրա համախոհ Իգնատենկոն, որը ղեկավարում էր քաղբյուրոյի ագիտացիայի և պրոպագանդայի բաժինը, ասաց.
-Գորբաչովը կմնա գլխավոր քարտուղար այնքան, որքան ինքը կցանկանա:
Հասկանալի է, Գորբաչովը մնաց այնքան, որքան պետք էր երկիրը քանդելու համար:
Հիմա հարցնեմ, ինչու՞ է Սերժ Սարգսյանը փորձում մանևրելով հրաժարվել տարիներ առաջ արած իր հայտարարությունից և նորեն մնալ երկրի թիվ մեկ դեմքը: Ինչպես ասել եմ բազմիցս, կրկնում եմ նաև հիմա՝ իր նախորդների համեմատ նա բավականին ճկուն է, անցել է փառավոր ճանապարհ: Հայտնի արտահայտությունը, թե վատ է այն զինվորը, որ չի ուզում գեներալ դառնալ, կարծես իսկ և իսկ նրա համար է ասված: Զինվորից մինչև գեներալ ընկած ճանապարհը նա անցել է առանց լուրջ բացթողումների: Եթե կարճ կապեմ, նրան կարելի է դրական շատ էպիտետներ հասցեագրել, բայց ասելիքս ամենևին էլ նրա հասցեին դրական էպիտետներ շաղ տալը չէ: Դրականի կողքին նկատելի են բացասական երևույթներ, որոնք կարծես նա չի նկատում կամ էլ, եթե նկատում է, չտեսնելու է տալիս: Ամենամեծ փաստը՝ երկրից ոչ միայն արտագաղթում են, այլև դառնում են մայր հողի վրա ապրող օտարերկրյա քաղաքացի: Եվ նրա խոսքերը, թե պետք է հասնենք այն բանին, որ 2040 թվականին երկրի բնակչությունը դառնա չորս միլիոն, նման է գեղեցիկ հեքիաթի, գեղեցիկ ստի: Իսկ նորմալ երկրում առաջին դեմքի ասած ճշմարտանման սուտը միշտ էլ ծանր է նստում ժողովրդի վրա: Այստեղ թող թույլ տրվի հարցնել հարգելի նախագահին՝ էն գլխից ինչու՞ էիք ասում մի բան, որը նախապես գիտեիք, որ չեք կատարելու: Ի՞նչ է, կասկածու՞մ էիք հանրաքվեի արդյունքներին, կամ էլ՝ մի՞թե Ձեր ասած խոսքը էական նշանակություն ունեցավ հանրաքվեի դրական ելքի վրա: Հազիվ թե: Եվ այսօր նախագահի տված խոստումի և առկա գործողությունների միջև եղած անդունդը ահավոր խորանում է: Որքան էլ չնկատելու տանք այդ անդունդը, մի օր այն կերևա իր ահավոր ծանր հետևանքներով, ինչպես այսօր երևում են այն քաղաքական, ռազմական, տնտեսական ծանր հետևանքները, որոնք արդյունք են Լևոն Տեր-Պետրոսյանի ապաշնորհ կառավարման:


Հայտնի բան է, որ վարած սխալ քաղաքականության հետևանքները երևում են տասնյակ տարիներ անց: Հաղթանակի մեխը ժամանակին չմեխելու արդյունքում մենք ունենք Արցախի համար ստեղծված անչափ բարդ իրավիճակ: Երկրորդ նախագահի ահավոր մեծամտությունը բանակցային գործընթացից դուրս թողեց հիմնական խաղացողին: Եվ այսօր տեսնում ենք, թե որքան դժվար է Արցախը նորից բանակցային գործընթաց բերելը: Որպես հանրապետության քաղաքացի, լիովին վստահում և սատարում եմ երրորդ նախագահին արտաքին քաղաքականության հարցերում, ինչը չեմ կարող ասել գործադիրին առնչվող հարցերում: ՈՒթ տարի նա է նշանակել վարչապետ, ութ տարի նրա հետ են համաձայնեցրել կաբինետի աշխատողների հարցը, ութ տարի նրա խորաթափանց աչքերը չէին կարող չտեսնել այդ բարձրաստիճան պաշտոնյաների գործողությունները և հաստատ կարող եմ ասել՝ տեսել են, բայց… Փորձեմ ցույց տալ իմ կախման կետերի իմաստը: Սկսեմ ներկայիս վարչապետից: Նա մեկ անգամ չէ, որ հայտարարել է տնտեսության 7,4 % աճի մասին: Բարոյական որևէ իրավունքով չեմ համարձակվի կասկածի տակ առնել նրա ասածը, սակայն կփորձեմ 7,4 %-ի պայմաններում խոսել փաստերով:


Արդեն գարուն է: Սկսվել են գյուղատնտեսական աշխատանքները: Ամեն տարի պետության հաշվին սուբսիդավորվող ազոտական պարարտանյութի մեկ պարկը թանկացել է հազար դրամով՝ վեցից դառնալով յոթ հազար դրամ: Դա էլ համարենք տնտեսական աճի պայմաններից մեկը: Բայց ինչպե՞ս գնահատեմ այն գործոնը, որ մի քանի տարի առաջ նույն մեր գյուղում գարնանը գյուղացին ազոտական պարարտանյութի համար հավաքում էր մոտ հինգ միլիոն դրամ և մի այդքան էլ անկանխիկ (նիսյա) էր ձեռք բերում, իսկ հիմա ազոտական պարարտանյութի համար գյուղում հավաքվել է ընդամենը 90 հազար դրամ: Անկանխիկի մասին խոսք լինել չի կարող: Թող հիմա վարչապետն ասի՝ ինչպե՞ս հասկանանք, որ այդ աճը չի ազդել մեր գյուղացիների վրա: Արժե այստեղ հիշել հին աշխարհից եկած մի զրույց: Հիվանդին ամեն օր այցի եկած բժիշկն ասում է՝ լավ է, լավ, սակայն հիվանդը զգում է իր վիճակի վատթարացումը: Երբ հերթական այցի ժամանակ բժիշկը կրկնում է իր խոսքերը, հիվանդն ասում է.
-Հա, բժիշկ, լավ է, լավ: Երևի լավ էլ լավ ասելով, շուտով էն աշխարհը կգնամ:
Մի ուրիշ կարևոր հարց, որից էլ կախված է գյուղացու հացը հանապազօրյա, սրանից էլ հարկադրաբար արդյունաբերական երկրից գյուղատնտեսականի վերածված երկրի տնտեսական աճը, ոռոգման ջրի հարցը: Աստված մի արասցե, երաշտի պայմաններում պիտի ջուր վերցվի Սևանից, որից առաջացող հետևանքների մասին ավելորդ է խոսել: Պատկերացնու՞մ եք, քաղցրահամ ջրով դաշտեր պիտի ոռոգենք (որի արժեքը աշխարհում նավթից էլ թանկ է), իսկ ի՞նչ պիտի անենք, եթե ստիպված ենք: Եվ ո՞վ մեզ հասցրեց նման վիճակի: Նախկին բոլոր վարչապետները: Արարատյան դաշտավայրի հսկա ջրի պաշարները նրանց հանցավոր թողտվության պատճառով...


Հիմնավորեմ: Ձկնաբուծություն էին զարգացնում, ասելով, որ տարեկան 2 մլն դոլար եկամուտ է բերում երկրի բյուջեին: Երկրի բյուջե էր մտնում ընդամենը երկու միլիոն դոլար, իսկ թե որքան էր նրանց եկամուտը, ես չեմ հաշվել, բայց կարող եմ ասել, որ նրանց հանցավոր (վարչապետների) թողտվությամբ միլիարդավոր դոլարների վնաս է հասցվել երկրին: Փաստեմ օրինակով:
Արարատի մարզի Դալար գյուղից դեպի Արտաշատ տանող ճանապարհից մինչև նոր մայրուղին յոթ-ութ մետր խորությամբ ջրահեռացման դրենաժներ էին փորվել խորհրդային տարիներին գյուղի հողերը օգտագործելու համար, և այդ դրենաժները լիքն էին ջրով, իսկ հիմա ոչ մի կաթիլ ջուր չկա և դրենաժները վերածվել են կենցաղային աղբանոցի: Բոլորիս աչքի առջև փոշիացավ Խորհրդային Հայաստանի արդյունաբերական հսկան՝ «Նաիրիտը»: Այսօր բոլորիս էլ տեսանելի է, թե ինչ վիճակում են Հայաստանի առանց այդ էլ սակավաթիվ անտառները: Ըստ «Օրակարգի» լրատվական հաղորդագրության, ոչնչացվել է Հաղարծինի անտառների 90 %-ը: Պարզվում է՝ անտառահատումների պատճառով 1,5 միլիարդ դրամի վնաս է պատճառվել երկրին: Ո՛չ, երկրին պատճառված վնասից բացի, ահավոր վնաս է պատճառվել բնությանը, որը չես վերականգնի 1,5 միլիարդ դրամով: Տեղին հարց՝ ու՞ր էին նայում բնապահպանության նախարարը, երկրի ազգային անվտանգությունը, ոստիկանապետը: ԽՍՀՄ-ում գլխավոր դատախազի հրաման կար, համաձայն որի, եթե ձեռնարկությունում աշխատող նյութական պատասխանատու անձը դատվում էր առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար, ձեռնարկության պետը անկախ ամեն ինչից ազատվում էր գործից: Հետաքրքիր է՝ Հաղարծինի պարագայում բնապահպանության նախարարը ինչի ականջում էր քնած: Ոստիկանության հիմնական գործը ոչ միայն հանցագործ բռնելն է, այլև հանցագործության կանխումը: Դիլիջանից վառելափայտով բեռնված և հանրապետության տարբեր բնակավայրեր մեկնող ավտոմեքենաները ոստիկանները երբևէ չէի՞ն նկատում, թե՞ նկատում էին, բայց ակնկալվող գումարի ջերմությունը կուրացնում էր նրանց աչքերը: Եվ այսօր հարուցված քրեական գործով ձերբակալվել են պահակներ, տեղամասի պետեր, որոնց պիտի լռեցնեն նախաքննության ժամանակ՝ հանկարծ ու ավելորդ բաներ չասեն: Սա է մեր իրականությունը:


Իրականությունն այն է նաև, որ Սերժ Սարգսյանին ընդդիմադիր քաղաքական գործիչ չկա: Բոլոր դատարկ դհոլները, ձեռքով բարևի սիրահարները, առաջին դեմքին բացահայտ քծնողները, հետո սուտ ընդդիմադիր դարձածները փչացել են իշխանությունների ձեռամբ: Եվ այսօր քաղաքական դաշտում մենք ունենք այն, ինչ ունենք: Մեղադրել Սերժ Սարգսյանին, թե նա իր տված խոստումը չի կատարում, առնվազն ծիծաղելի է: Ցույց տվեք պատմության մեջ մի օրինակ, որ որևէ քաղաքական գործիչ երբևէ չի ստել: Եթե այսօր Սարգսյանին ունենայինք այլընտրանք, նրա տարիներ առաջ ասված «սուտը» էական նշանակություն կունենար: Այսօր իրավիճակը փոխվել է, և նրա կուսակցությունը, որը մեծամասնություն է ԱԺ-ում, նրան է պաշտպանում: Նա՝ որպես կուսակցական լիդեր, պարտավոր է ենթարկվելու կուսակցության կամքին: Սուտ, թե ճիշտ, դա է իրականությունը:

Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 6667

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ