Մոսկվան զգուշացնում է Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին, որ Ղրիմի և Ղրիմի կամրջի դեմ ցանկացած ագրեսիվ գործողություն դատապարտված է ձախողման՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Կիևը բացահայտորեն պատրաստվում է հարձակման Ղրիմի կամրջի վրա՝ Արևմուտքի ուղղակի և անպատկառ աջակցությամբ»,-շեշտել է նա:                
 

Բամբասանքն ու զրպարտանքը՝ զարհուրելի զենք

Բամբասանքն ու զրպարտանքը՝ զարհուրելի զենք
30.03.2018 | 09:40

Հայտնի է, թե դավադրությունը, դավաճանությունը, անմիաբանությունը դարեր շարունակ ինչ տառապանքների ու կորուստների են հանգեցրել մեր ազգին ու ժողովրդին: Սույն շարադրանքով ուզում եմ ցույց տալ, որ մեր ազգին ու ժողովրդին դարեր շարունակ ոչ պակաս տառապանքներ ու կորուստներ են պատճառել նաև նախանձը, բանսարկությունն ու զրպարտությունը:


Բարոյական նկարագրի ու հոգևոր որակների տեր մարդու տեսակները այսօր մեր շրջապատում շատ են քչացել: Անկեղծ, շիտակ ու վստահելի մարդկային տեսակների սուր պակաս կա: Փոխարենը ամենուրեք նախանձներ ու չարակամներ են, շողոքորթներ, բանսարկուներ, զրպարտիչներ, երախտազանցներ, տգետներ, սրիկաներ. մեկ բառով՝ տականքներ: Սրանց պատճառով է դարեդար մեր ազգը կրել կորուստներ ու տառապանքներ: Այսօր էլ դեռ կրում ենք: Մեծն Նժդեհը իզուր չի ասել՝ «Ազգերը ամենից շատ տառապել են և կտառապեն իրենց տականքների երեսից»: Տականքների երեսից է, որ այսօր հանրային կյանքը դեգրադացվել է, ձևավորվել է անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտ:
Ինչպես վնասատու միջատները, մոլախոտերը, կրծողներն են դաշտերը վնասում, փչացնում կուլտուրական բույսերը, նմանապես տականքներն են վնասում, փչացնում մաքուր ու ազնիվ մարդկային միջավայրը:


Ինձ համար ազգի տականքի տարատեսակ են նաև նրանք, ովքեր առանց սրտի ցավի ու ափսոսանքի լքում են իրենց հարազատ օջախը, տունը, տեղը, հողը, ծնողին, հայրենիքն ու արտագաղթում: Նմանների իդեալը, նպատակը, գաղափարը միայն մի փոր հացն է և ոչ թե արժանապատվությունն ու իր իրավունքներին տղամարդավարի տեր կանգնելը: Հայրենիքը լքողը ինձ համար նույնն է, ինչ հիվանդ ու միայնակ ծնողին լքողը:
Տականքները դարեր շարունակ եղել են ազգի չարիք, կասեցրել են ազգի առաջընթացը: Դարեդար մեր ազգի նվիրյալները՝ ազգի սերուցքը, տառապել ու ոչնչացել են այս տեսակների պատճառով: Նախանձ ու չարակամ մարդու համար բամբասանքն ու զրպարտանքը այն զենքն են, որով փորձում է իր չար հոգու նախանձի թույնից ազատվել: Այդ զենքով են նրանք մաքուր ու ազնիվ մարդկանց վարկաբեկում, նսեմացնում, բացասական կարծիք ձևավորում:
Գրականություն ու պատմություն ճանաչող մարդը միայն կարող է իմանալ, թե ինչ զարհուրելի ուժ ունեն բամբասանքն ու զրպարտանքը: Այդ ուժի մասին պատկերացում կազմելու համար հիշենք ռեպրեսիայի տարիները, թե ինչպես էին հնարովի մեղադրանքներով բամբասանքն ու զրպարտանքը օգտագործում որպես գործիք ու հալածում, ոչնչացնում ազգի սերուցքին. հիշենք միայն Չարենցին, Բակունցին, Թոթովենցին, Մահարուն, Աճառյանին, Խանջյանին, Գային..., հազարավոր անմեղ մարդկանց աքսորն ու ոչնչացումը: Դարերի խորքից առայսօր այդ զարհուրելի ուժի մասին իրենց խոսքն են ասել ու պարսավել համաշխարհային խոշոր մտածողներից շատերը: «Այն մարդուն, որը զրպարտանքներ է շշնջում ուրիշների մասին, վռնդիր տնից», ասել է հույն փիլիսոփա Թալեսը դեռևս մեր թվարկությունից առաջ:

«Զրպարտանքը նույնքան վտանգավոր զենք է, որքան և հրազենը», ասել է Ռուբինշտեյնը:
Համաշխարհային գրականության մեջ նկարագրվել են բազում դեպքեր բանսարկությունների ու զրպարտանքների ծանր հետևանքների մասին: Այդ զարհուրելի ուժի մասին գրել են նաև մեր ազգի մեծերը: Կարդացեք Վահան Թոթովենցի «Գավառական ողբերգություն» վիպակը և կհամոզվեք, թե մի «անմեղ» բամբասանքը ինչպիսի ողբերգության հանգեցրեց:
Մեր ժամանակի մեծերից շատերը նույնպես (Պարույր Սևակ, Հրանտ Մաթևոսյան, Շիրազ և այլք) զերծ չեն մնացել նախանձների, չարակամների, զրպարտիչների, բանսարկիչների այդ ստոր զենքից: Այդ ստոր զենքով Շիրազին փորձեցին դարձնել իբրև ազգը փչացնող բանաստեղծ, Նժդեհին՝ ֆաշիստ, մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանին՝ գերմանական լրտես և այսպես շարունակ:


Ես կարծում եմ՝ ազգովին շարունակելու ենք վարընթաց գահավիժել, քանի դեռ մեր մեջ չեն ձևավորվել ատելություն ու անհանդուրժողականություն մեր ազգի տականքների հանդեպ: Իսկ թե ինչու չի ձևավորվում՝ պատճառը շատ պարզ է. չունենք քաղաքացիական, ազգային ու պետական մտածողություն ու գիտակցություն: Իսկ ինչու՞ չունենք, որովհետև հեռացել ենք ազգային գրականությունից, արվեստից, մշակույթից, չենք կարդում: Եթե մենք մեր ազգի մեծերին, մեր ազգի համար կյանք ու հոգի տված անհատներին, նրանց կյանքին ու գործունեությանը ցանկություն չունենք տեղեկանալու, ապա ինչպե՞ս կարող ենք ունենալ քաղաքացիական գիտակցություն և ազգային մտածողություն. չէ՞ որ ազգի մեծերը ամենաթանկ արժեքներն են: Նման արժեքների հանդեպ անտարբերությունը երախտազանցություն է, ինչպես ապերախտ անհատը, նմանապես և ապերախտ ազգը ապագա չեն կարող ունենալ: Ինչ-որ առումով հասկանալի էր, թե ինչու 70 տարի շարունակ մենք մեր ազգի մեծերին, օրինակ՝ մեծն Նժդեհին, Չարենցին, Քաջազնունուն և շատերին չէինք ճանաչում: Այդ չճանաչելը ցավագին խոչընդոտ էր մեր ազգի առաջընթացին: Բայց այսօր էլ ավելի մեծ ցավ է, որ փակ դռների գաղտնիքները բացվելուց հետո էլ դարձյալ չենք ճանաչում: Նույնիսկ այն մեծերին չենք ճանաչում, որոնք այսօր կան, քայլում են մեր կողքին: Այսօր մեր կողքին քայլող բարոյապես անաղարտ ազգային դեմքեր ու մեծեր ունենք, բայց մեր հանրությունը անտեղյակ է նրանց արած հսկայական ազգանպաստ գործերից, ավելին՝ նույնիսկ անունները չգիտի: Եթե գիտեն էլ՝ շատ դեպքերում բացասական ընկալումով, և դրա պատճառն այն է, որ այդ դեմքերի կյանքն ու գործունեությունը պետականորեն չեն ներկայացվում հանրությանը, ինչից էլ օգտվում է բանսարկիչն ու զրպարտիչը, ում համար ազգի մեծերին վարկաբեկելու հնարավորություն է ստեղծվում: Ինձ համար ցանկացած քաղաքացի, ինչքան էլ բարձր անուն ու հեղինակություն ունենա իր շրջապատում, եթե մեր ազգի մեծերին չգիտի, ապա նսեմ է: Մեկ վարկաբեկիչ տականքն ավելի վտանգավոր է, քան մեկ տանկը կամ ռումբը: Հիշենք՝ հզոր երկիրն ավերեցին առաջին հերթին ազգի մեծերին վարկաբեկելով:


Ազգի մեծերն ու ազգային հերոսները իրենց արվեստով ու գաղափարով հզոր էներգետիկայի աղբյուր են: Ամեն մի քաղաքացի ու անհատ այդ էներգետիկայով լիցքավորվելու համար միայն պետք է կարդա, հետևի, ճանաչի, սիրի այդ մեծերի ու հերոսների կյանքն ու գործունեությունը: Այդ էներգետիկայով չլիցքավորված անհատները սովորաբար զուրկ են ազգային ձգտումներից ու մտածողությունից, իրենց սոցիալական հարցերը լուծում են ոչ թե իրավական, բարոյական, մարդկային, այլ հակաիրավական, հակաբարոյական, հակամարդկային արարքներով: Նման մարդկային տեսակների դեմ պայքարել կարող է միայն ազգային, պետական, քաղաքացիական, իրավական գիտակցության ու կեցվածքի տեր ազնիվ քաղաքացին, ոչ թե նյութապաշտ չինովնիկն ու բյուրոկրատը: Իմ ինքնակենսագրական հուշագրության մեջ, օրինակ՝ ես նկարագրել եմ մի դրվագ, թե ինչպես եմ պայքարել ու կասեցրել Մասիս քաղաքում ապրող մի քաղաքացու անմարդկային արարքները, թե իր շողոքորթ ու ճարպիկ լեզուն որպես միջոց օգտագործելով ինչպես էր կարողանում իր սոցիալական խնդիրները լուծել. նկարագրել եմ ոչ միայն հուշագրքում, այլև հրապարակել եմ մամուլում (11.04.2015 թ., «Հրապարակ»):


Ավարտելով՝ ուզում եմ ասել. այսօր 21-րդ դարասկիզբն է, բայց հայը Հայաստանում դեռ չի հասել մարդավայել ապրելու իր բնական իրավունքին, և կարծում եմ՝ չի հասնի, քանի դեռ տականքը գերիշխում է բարոյական նկարագրի ու հոգևոր որակների տեր մարդու տեսակին, քանի դեռ չենք գիտակցում, որ տականքի պատճառով ենք դարեր ի վեր կորցրել ու տառապել, և չպետք է զարմանալ, թե ինչու ենք այսօր ազգովին գտնվում ծանր, թշվառ ու խղճուկ վիճակում:


Ադամ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5345

Մեկնաբանություններ