ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

«Եթե մենք ինքնասպան ժողովուրդ չենք, այլ ճանապարհ չունենք, եթե ոչ դեմքով շրջվելը դեպի մեր երկիրը»

«Եթե մենք ինքնասպան ժողովուրդ չենք, այլ ճանապարհ չունենք, եթե ոչ դեմքով շրջվելը դեպի մեր երկիրը»
30.03.2018 | 09:43

«Իրատեսի» հյուրը հրապարակախոս, մշակութաբան, հեռուստամեկնաբան, հասարակական գործիչ ԿԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ է:

«ԾԱՅՐԱՀԵՂ ԱԶԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՈՒՂԵԿԻՑ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ՃԱՆԱՊԱՐՀԻՆ»


-Տիկին Կարինե, Դուք մեր հանրությանն անհանգստացնող խնդիրներին առաջին արձագանքողներից եք: Երբ արձագանքը գործնական արդյունքի չի հանգեցնում, երբ բախվում եք «ձայն բարբառո յանապատի»՝ մեզանում շատ օրինաչափ դարձած իրողությանը, թևաթափ չե՞ք լինում:

-Երբ հասկանում ես, թե ինչի հետևանք է դա, ինքնըստինքյան ավելի համբերատար ես դառնում։ Հուսահատությունը ծանր հոգեվիճակ է և անպտուղ, այդ իսկ պատճառով փորձում եմ խուսափել դրանից։ Բոլորս գիտենք, որ ժողովրդավարությունը Հայաստանում խաթարված է, և ուրեմն պետք չէ զարմանալ, որ հասարակական կարծիքի և հասարակական վերահսկողության գործոնը թույլ է Հայաստանում։ Միևնույն ժամանակ, չեմ կարող ասել, որ հրապարակավ հնչեցրած խոսքը, քննադատությունը ոչ մի ազդեցություն չեն գործում։ Ես անձամբ զգացել եմ այդ ազդեցությունը։ Գուցե դա անուղղակիորեն է ազդում, հենց այդ պահին չի նկատվում, սակայն ազդեցություն, այնուամենայնիվ, գործում է։ Եվ նաև ուզում եմ մի հարցի անդրադառնալ. Հայաստանն այն քիչ պետություններից է, որը, շնորհիվ իր մոնոէթնիկ կառուցվածքի, ունի հնարավորություն, որպեսզի ժողովրդավարությունն արդյունավետ գործի։ Սակայն Հայաստանում ժողովրդավարությունն այսօր թույլ է, որովհետև այն չի ընդունվել ոչ միայն քաղաքական ղեկավարության, այլև, եթե անկեղծ լինենք, ժողովրդի մեծամասնության կողմից՝ ի սկզբանե։ Նույնը չենք կարող ասել ազատականության մասին, որը, լինելով ոչ թե հանրային, այլ անհատական շահի արտահայտիչը և պաշտպանը, բոլորի կողմից ընդունվել է անվերապահորեն։ Եվ եթե ժողովրդավարությունը կարող է խոցելի դարձնել բազմաէթնիկ պետությունը, ապա ծայրահեղ ազատականությունը, իմ կարծիքով, վտանգավոր ուղեկից կարող է լինել և կա Հայաստանի զարգացման ճանապարհին։
-Մեր կյանքը համակարգող գործոններից մեկն է դարձել Facebook-ը, այնտեղ կատարած Ձեր մի գրառմանն եմ ցանկանում անդրադառնալ. «Մենք մոռացել ենք, որ նախարարները ոչ միայն իրավունքներ ունեն, այլև պարտականություններ, որը նշանակում է, որ նրանք պատասխան պետք է տան ձախողումների համար և, այո՛, նաև դատարանում: Թեղուտի աղետի համար որոշակի մարդիկ, պետական պաշտոնյաներ պետք է պատասխան տան: Պետական շահերի դավաճանության համար պետք է պատասխան տան»: Եթե անգամ պատասխան տան, ի՞նչ կփոխի դա մեր կյանքում, մեր խաթարված էկոլոգիական միջավայրում. չէ՞ որ արդեն անդառնալիորեն ավերվել է մեր բնաշխարհը, հետևաբար՝ մեր գենոֆոնդը:
-Իրականում, եթե Հայաստանում պատասխանատվություն կրելու մեխանիզմը աշխատի, մեր կյանքում շատ բան կփոխվի։ Կարծում եմ` պարզ է, թե ինչու է անհրաժեշտ, որ յուրաքանչյուր գործ ունենա իր պատասխանատուն կամ այլ խոսքով՝ ինչու է անհրաժեշտ, որ պետության մեջ լինի կարգապահություն։ Մեզանում պարտականություններն ու իրավունքները միմյանց չեն համապատասխանում. ոմանց տրված են իրավունքներ, իսկ ոմանց պարտականություններ։ Երբ այդպես չլինի, երբ պետական պաշտոնյաները ունենան ոչ միայն իրավունքներ, այլև պատասխանատու լինեն իրենց արածի և չարածի համար, այդ ժամանակ նրանք, ովքեր կոչված չեն կատարելու պետական հանրօգուտ աշխատանք, չեն ձգտի այդ պաշտոններին։ Եվ ուրեմն, այդ աշխատանքով կզբաղվեն մարդիկ, որոնց նպատակը երկիրը զարգացնելն է, ոչ թե այն անձնական շահերի համար օգտագործելը։ Մինչ օրս լսե՞լ եք, որ որևէ նախարար պատասխան տա իր ոլորտում տեղի ունեցած ձախողումների համար։ Օրինակ, այո՛, Թեղուտի աղետի համար, բնապահպանության նախարարը, որը ստորագրել է այդ պայմանագիրը, այսօր պատասխանատվություն կրու՞մ է։ Ո՛չ, չի կրում։ Օրինակները շատ են։ Գյուղերը քայքայվում են, իսկ գյուղատնտեսության նախարարները պատվոգրեր են ստանում։ Կամ Դուք, իհարկե, անցել եք Հյուսիսային պողոտայով գիշերային ժամերին և, ուրեմն, նկատած կլինեք, որ դեպի Աբովյան փողոց գնացող հատվածի շենքերն այսքան տարի անց դեռ բնակեցված չեն։ Ես չեմ ասում տերեր չունեն, ես ասում եմ` բնակեցված չեն։ Քաղաքի ամենակենտրոնում լուսավոր պատուհանների փոխարեն մութ խոռոչներ ենք տեսնում, որոնք ահավոր տպավորություն են թողնում։ Այսինքն՝ ոչ միայն ճարտարապետական տեսակետից, քանի որ ժամանակավրեպ և գռեհիկ ճարտարապետություն է, այլև սեյսմիկ անվտանգության և սոցիալական առումով ակնհայտ ձախողված քաղաքաշինական նախագիծ է, որի համար այդ բնագավառի ղեկավարը պատասխանատվություն չի կրում։ Նա նաև պատասխան չի տալիս մեր քաղաքի կանաչ տարածքները և պատմական արժեք ունեցող շատ կառույցներ վերացնելու համար։ Ավելին, նա այսօր ղեկավարում է արդեն Հայաստանի քաղաքաշինության ոլորտը։ Ես անձամբ սարսափում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ Երևանի հետ, կարող է տեղի ունենալ ամբողջ Հայաստանի հետ։ Այնինչ մեր փոքր քաղաքներից յուրաքանչյուրը մի գոհար կարող է դառնալ, եթե ճիշտ քաղաքաշինական, բնապահպանական, սոցիալական, տնտեսական քաղաքականություն իրականացվի։

«ԳՈՐԾ ՂԵԿԱՎԱՐԵԼԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ»


-Դուք աշխատել եք պետական համակարգում, այնուհետև փորձել եք քաղաքական գործունեությամբ զբաղվել, մասնակցել եք ԱԺ ընտրություններին ընդդիմադիր դաշտում գործող կուսակցությունների հետ, նաև հասարակական գործիչ եք. այդ բոլոր գործառույթների մեջ ե՞րբ եք առավել օգտակար զգացել Ձեզ մեր երկրի, մեր հասարակության համար:
-Օգտակարության տեսակետից երևի ամենից արդյունավետը, այնուամենայնիվ, այն տարիներն էին, երբ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար էի։ Եվ դա բնական է, որովհետև պետական աշխատանքի դեպքում ձեռքիդ կան գործիքներ, լծակներ ունես, որոնք կարող ես օգտագործել և արդյունքի հասնել։ Բազմաթիվ դեպքեր կարող եմ նշել, երբ մի փոքր քայլ անելով, հնարավոր է եղել մեծ արդյունքի հասնել։ Հիշում եմ, օրինակ, իմ նշանակումից ընդամենը երկու, թե երեք օր հետո թերթում կարդացի, որ մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ ԱՄՆ-ի տարեկան զեկույցում Հայաստանը դասված է ամենավերջին կարգում և համարվում է շահագործման նպատակով կանանց և երեխաների արտահանման երկիր, որտեղ իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկում դրա դեմ։ Բնականաբար, երևույթն ինձ շատ մտահոգեց, որոշեցի հանդիպել ԱՄՆ-ի դեսպանի հետ՝ ավելի մանրամասն տեղեկություններ և փաստեր ստանալու համար։ Ընդամենը մի փոքր նախաձեռնություն, որին հաջորդեցին բոլոր մյուս գործողությունները` ծրագրեր, օրենսդրական փոփոխություններ և այլն։ Հաջորդ տարվա զեկույցում արդեն այլ պատկեր էր, որովհետև իրականում այդ ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկվեցին։ Այդ տեսակետից, իհարկե, պետական համակարգում աշխատելն ունի առավելություններ, բայց նաև կարևոր է, որ այդտեղ շրջապատված լինես համախոհներով։ Ցավոք, իմ աշխատանքին զուգընթաց, տարեցտարի ավելանում էին մարդիկ՝ պաշտոնյաներ, որոնց շահերին իմ գործունեությունը բախվում էր։
-Ձեր գործունեությունն ինձ ծանոթ է խորհրդային տարիների մշակութային հեռուստահաղորդումներից: Մշակույթից մինչև հասարակական գործունեության դաշտ ձգվող ճանապարհին ի՞նչ կաղապարներ եք կոտրել կամ ստեղծել Ձեզ համար:
-Բարդ և հետաքրքիր հարց եք տալիս։ Իրականում, կաղապարներ, որոնք կաշկանդել են ինձ, երևի եղել են։ Համալսարանն ավարտելուց հետո, երբ սկսեցի աշխատել այն ժամանակ միակ և պետական հեռուստատեսության արվեստի բաժնում՝ որպես խմբագիր և մեկնաբան, ինձ համար մնացած ամեն ինչ մի քանի աստիճան ցածր աշխատանք էր թվում։ Շատ երկար տարիներ իմ մտքում կար մի կարծրատիպ, որ անհարմար է ղեկավար աշխատանքով զբաղվելը, օրինակ, լինել բաժնի վարիչ կամ մեկ այլ բան։ Հետագայում հասկացա, որ գործ ղեկավարելը նույնպես պահանջում է երևակայություն, «մասերը» համակարգելու ու ամբողջացնելու ունակություն, ինչպես արվեստում է։ Իսկ արվեստի վերաբերյալ իմ հաղորդումներն ընդհատեցի 1988-ի երկրաշարժից հետո։ Ցանկություն չկար այլևս։ Նախաձեռնեցի «Փյունիկ» հեռուստատեսային շարքը՝ երկրաշարժի հետևանքների վերացման թեմայով։ Ինչ վերաբերում է հասարակական գործունեությանը, ինչպես երևի յուրաքանչյուրի կյանքում, այդպես էլ իմ կյանքում հանգամանքները, դիպվածները շատ բան են որոշել։ Հասարակական գործունեությամբ զբաղվելը նույնպես ժամանակի պահանջ էր։

«ԴԵՊԻ ՎԱՏԸ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅԼԵՎՍ Ո՛Չ ՏԵՂ ՈՒՆԵՆՔ, Ո՛Չ ԷԼ ԻՐԱՎՈՒՆՔ»


-Մեր հանրապետությունն անցնում է կառավարման նոր համակարգի, ունենք նոր նախագահ՝ Արմեն Սարգսյան: Այս փոփոխությունից ի՞նչ եք ակնկալում, մեր հասարակությունն ինչ-որ նպաստավոր արդյունքի կհասնի՞, թե՞ ամեն ինչ կմնա նույնը, և փոխված կլինեն միայն անուններն ու ձևակերպումները համապատասխան փաստաթղթերի վրա:
-Նույնը չի կարող մնալ։ Կլինեն փոփոխություններ։ Դեպի վատը փոփոխությունների այլևս ո՛չ տեղ ունենք, ո՛չ էլ իրավունք։ Արմեն Սարգսյանը լայն մտահորիզոնի տեր անձնավորություն է և ուրեմն, գիտի, որ անձնական բոլոր ձեռքբերումներն ի չիք կարող են դառնալ, երբ երկիրը, հայրենի հողը ոտքիդ տակ ամուր չէ։ Եվ եթե մենք ինքնասպան ժողովուրդ չենք, այլ ճանապարհ չունենք, քան դեմքով շրջվելը դեպի մեր երկիրը։ Սա վերաբերում է ամբողջ հայությանը, որը պետք է դառնա միաբևեռ՝ հայաստանակենտրոն, հայրենիքակենտրոն։ Ինչ վերաբերում է կառավարման նոր համակարգին, այն կարող է լինել արդյունավետ, եթե օրենսդրական փոփոխությունները ծառայեն պետական համակարգի կատարելագործմանը և ոչ թե հակառակը։ Եթե, օրինակ, դատական համակարգը դառնա օրենսդիր և գործադիր մարմիններից լրիվ անկախ, որն այսօր հնարավոր է, եթե դատավորների այդ բարձրագույն խորհուրդը նախագահի հաստատության հովանու և վերահսկողության ներքո գործի և ոչ թե մասամբ՝ Ազգային ժողովի, ինչպես, որքան ես գիտեմ, հիմա արվեց։
-25 տարին համարում եք կա՞րճ ժամանակահատված երկրի կայացման համար և կարծում, որ այն կարելի էր ավելի արա՞գ իրականացնել: Սա նշանակում է, որ Դուք չե՞ք կասկածում, թե երբևէ մեր պետությունը դառնալու է կայացած, ուժեղ կառույց, թե կուլ չի գնալու ամեն կերպ մեզ կործանել ջանացող արտաքին ու ներքին ուժերի խարդավանքներին:
-25 տարին շատ չէ, անշուշտ, բայց երբ սխալ ուղիով ես ընթանում, տարեցտարի ավելի կհեռանաս քո ճանապարհից, նպատակից։ Իսկ ո՞րն է մեր նպատակը` միացյալ և ապահով Հայաստա՞նը։ Եվ ի՞նչ է պետք դրա համար։ Եվ ի՞նչն է խանգարում, որ երկիրը զարգանա։ Շահագործու՞մը։ Չէ՞ որ բոլորս տեսնում ենք, որ Հայաստանն այսօր, ընդերքից սկսած մինչև բնակչությունը, շահագործվում է։ Ի դեպ, այս նոր Սահմանադրության մեջ կա մի կետ, որը չկար նախորդ սահմանադրություններում, և որը ես շատ կարևորում եմ։ Այս Սահմանադրության մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետության տնտեսավարման եղանակը սոցիալական շուկայական տնտեսությունն է. սոցիալական, և ոչ թե պարզապես շուկայական։ Սա մոտեցում է, որը մեծացնում է պետության դերը և նոր վերաբերմունք է շուկայական հարաբերությունների նկատմամբ. նշանակում է, որ շուկայական տնտեսական հարաբերությունների նպատակը սոցիալական պետությունն է կամ համընդհանուր բարօրության պետությունը կամ սոցիալական համերաշխության պետությունը, ինչպես կուզեք, անվանեք։ Սա այն հայեցակարգն է, որի շնորհիվ զարգացել են Եվրոպայի առաջատար երկրները։ Բայց Հայաստանը, դժբախտաբար, շուկայական տնտեսության այլ մոդել էր ընտրել և ընթացավ ծայրահեղ ազատականության և ինքնանպատակ շուկայական հարաբերությունների ուղիով։ Սակայն այն, որ Սահմանադրության մեջ այդ սկզբունքը կա, դեռևս ոչինչ չի նշանակում, եթե օրենքները առաջիկայում չհամապատասխանեցվեն դրան։
-«Ազգային պետությունը արդիականության և հետարդիականության համատեքստում» գիրքը, ինչպես յուրաքանչյուր գիրք, ծնվում է որոշակի նպատակից և միտվում որոշակի նպատակի: Այս իմաստով ինչպե՞ս կբնութագրեք Ձեր աշխատությունը:
-2009 թվականից է, որ զբաղվում եմ սոցիալական, քաղաքական փիլիսոփայությամբ, հիմնականում՝ արևմտյան մոդելի ժամանակակից ազգային պետության առանձնահատկությունների ուսումնասիրությամբ։ Նպատակը, իհարկե, եղել է Հայաստանի ներկայիս խնդիրների լուծումները գտնելու ցանկությունը։ Չգիտեմ, թե որքան է դա հաջողվել, բայց որ օգնել է ինձ հուզող շատ հարցերի պատասխանները ստանալու, դա անվիճելի է։ Գրքում շատ երևույթների վերաբերյալ կա նոր մոտեցում, և ուզում եմ հուսալ, որ այն կարող է պիտանի լինել նաև երիտասարդ մասնագետների, նաև քաղաքականությամբ զբաղվող մարդկանց համար։ Գրքի շնորհանդեսը վերջերս եղավ «Բյուրոկրատ» գրատանը։ Այն կա գրախանութներում և կարելի է պատվիրել «Բուկինիստի» կայքից։ Իսկ մարտի 14-ին ես գիրքը ներկայացրի Լոս Անջելեսի հայկական համայնքում։


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 6044

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ