Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Գնդապետ Դանի հոգեդուստր Զարուհին (Վիլսո՞ն, թե՞ Վազգեն)

Գնդապետ Դանի հոգեդուստր Զարուհին (Վիլսո՞ն, թե՞ Վազգեն)
30.03.2018 | 09:54

Եղանակը վարդագույն տրամադրությամբ խուտուտ է տալիս Հայաստան աշխարհը։ Հանրապետության կառավարությունն այս խուտուտից թևեր առած պատեպատ է խփում երկրի տնտեսությունը, արձանագրելով թռիչքային աճ` ևս 2 մլն դոլար վարկով ծանրացնելով հայաստանյան աշխարհի պարտքի բեռը։ Այսուհանդերձ գարուն է, և վարդագույն է մեր տրամադրությունը...


Հայաստանի ընդդիմության աղանդավորական, նաև վարկավարակակիր հատվածը գարնան արբունքի մեջ է, սակայն նրա տրամադրությունը, ի տարբերություն մեզ, մուգ դարչնագույն է։ Քանզի նրանց մթնդած սրտերում մի արհեստական վարդ է գարշահոտում։ Եվ գիտեք, թե ինչու, զի մարդիկ ամեն բան ապականելու տենդի մեջ ջերմելով կորցրել են տարրական արժանապատվության և ազգային գիտակցության բոլոր չափորոշիչները։ Նրանց բարոյախոսությունը չի օգնի, խարազանը` նույնպես։ Մնում է մի բան` նրանց ուղարկել հարկադիր բուժման։ Արգո ընթերցող, ծանոթացեք հողմաղացյան մեր հերոսի` Զարուհի Համազասպի (Համազասպովնա, մի քիչ համազուսպ եղիր) Փոստանջյանի հետ և ներկայացրեք այս տեսակին դարձի բերելու ձեր տարբերակը։

ԶԱՐՈՒՀՈՒ ԱՎԵՏԱՐԱՆԸ
Դիվահարված ռազմավար գնդապետ Դանն է Զարուհի Փոստանջյանի և վերջինիս նմանակների գաղափարական կնքահայրը, և Դանի «Ինչպես փլուզել երկիրը ներսից» նոթագիրքն է նրանց ավետարանը։ Գնդապետը թունահաբերով թմրեցնում է շատերի գիտակցությունը, նշյալ երկրների կառավարիչները դառնում են փլուզման գործիք և վերջ, պետությունը նմանվում է փորձակայանի։
Սակայն երկրների կառավարիչների եռանդը բավարար չէ, անհրաժեշտ են Դաննի տեսությունը կենսագործող այլընտրանքներ, այսպես ասած` փլուզման գործընթացների ուխտագնացներ, տեսության հավատի զինվորներ և գաղափարի ջատագով գլադիատորներ։ ՀՀ-ում գնդապետ Դանի ուխտագնացը քաղաքական գործիչ և հասարակական խառնիչ է (Բալզակը կասեր` խառնակչուհի), նրբագեղ մի կին, բազմազավակ մի մայր, անունը` Զարուհի, տոհմանունը` Փոստանջյան։ Սույն քաղաքական դուրսպրծուկը գիտե գործը, այն է` հայրենի երկրի ոչ այնքան մաքուր սավանները նախշազարդել զանազան թարախապալարներով և դրանք ի ցույց դնել ողջ աշխարհին, հարևանին նենգամիտ, թշնամուն բացահայտ և, վերջապես, ժողովրդին մոլորյալ։ Մոլագարությունը սույն Զարուհու գերագույն կիրքն է, զի նրա կյանքի գիրքը, կռահեցիք, Դանի նոթագիրն է, վերածված ավետարանի։

Այո՜, այո, տարաբախտ է ներկա Նաիրի երկիրը, ինչ-որ մի պահ հազարամյա անմեռ մի որոմ արթնացավ մեր ներաշխարհում և ազգային պետություն կառուցելու ուղին խոտորեց, և ահա կանգնած ենք պետականության հերթական կորստի առաջ։ Կանգնած ենք` ծնկած վիճակում։ Զի խոտորված են և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը։ Եվ Զարուհի Փոստանջյանը պառակտիչ ընդդիմության երկնագույն փարոսն է, անվանարկում է երկրի նախագահին համաշխարհային վեհաժողովում, զանց առնելով, որ Սերժ Սարգսյանը, որին Փոստանջյանը «մեղադրեց» ինչ-որ միֆական խաղատնում ինչ-որ դիցաբանական գումար մսխելու մեջ, նաև պատերազմող երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է։ Տերը մի արասցե, սակայն պատերազմի դեպքում Զարուհի Փ-ն և նրա հետևորդները կհայտնվեն օսմանա-ազերբայջանական բանակազորի շտաբ-կայանում, կամ էլ գուցե մի այլ վայրում։ Զի նրանց կեղեքիչ առաքելությունը կհամարվի հաջողությամբ կենսագործված։ ՈՒրիշ ոչինչ։

Եթե բազմազավակ քաղաքական այս սամումը կամենում է երկրում շտկել ինչ-որ բաներ, ապա հուշենք մի շարք խիստ շտկելի առեղծվածներ։


Արգո տիկին, քաղաքապետի և, առհասարակ, քաղաքապետարանի կյանքը դժոխքի վերածելու կոյուղաջրային եղանակը հոգեբուժարանի նախամանորյա ներկայացման ձախողակ փորձ է, ուրիշ ոչինչ։ Մասնավորապես սին և փտախտավոր են ձեր բոլոր «ազգապետափրկչական» նախաձեռնությունները, զի խարսխվում են հանրապետության բավականին հեղհեղուկ կյանքը հեղաշրջելու` փլուզման բազմաբնույթ (դրսից վճարվող) մեթոդների վրա։ Բայց այս պահին (խիստ պատմական) եկեք գոնե առժամանակ ծուռ նստենք, շիտակ դատենք, գալիք ահեղ դատաստանից խուսափելու նպատակով։ Ի՞նչ եք կամենում ի վերջո, չէ՞ որ Ձեր խեղաթյուրանք փրկչականության դարձերեսը քաջ հայտնի է հայ հանրության ճնշող մեծամասնությանը, որ ի մասնավորի նախագահ և գերագույն հրամանատար Սարգսյանին համաշխարհային թատերաբեմում «անարգանքի սյունին գամելը» բնավ էլ գաղափարական պոռթկում չէր, պարզապես դա ֆինանսական «ազնվաբարո» գործընթաց էր, որի դիմաց պատկառելի հոնարար եք ստացել ինչ-որ մեկից։ (Ազնվորեն խոստովանեք, եղե՞լ է նման բան, թե՞ ոչ, գուցե դա կոյուղաջրային հերյուրա՞նք է)։ Լավ, բարի, ընդունենք, որ Ձեր (և Ձեր նմանակների) կոյուղապայքարի հենքում Հայաստանի քաղաքակրթումն է։ Լավ, բարի, ցանկացած (հատկապես հայրենաշեն) պայքար ունի գերնպատակ և դրան տանող ճանապարհներ։ Հայ հանրությունը, համայն հայությունը միաբան է ինչպես երբեք պայքարի գերնպատակների հարցում, զի ակնհայտ են գերագույն խոչընդոտները, քրեաօլիգարխիկ համակարգը, վարչաբյուրոկրատական վերնակույտը և, ի վերջո, բարձրագույն ղեկավարության, խիստ մեղմ ասած` օտարացումը ազգային-պետական իղձերի իրականացումից։ Դուք երբևէ անժամկետ նստադուլի անցե՞լ եք կառավարության ժամացույցի տակ, պահանջելով, որ
ա) բոլոր խոշորածավալ ներկրումները դառնան պետական մենաշնորհ և դրանով ուղղակի կազմաքանդվի քրեաօլիգարխիկ համակարգը,
բ) եղե՞լ է նման մի բան, երբ զարուհիականները վրանային ավան են ստեղծել «Նաիրիտի» տարածքում, այնտեղ են հրավիրել աշխարհի լրատվամիջոցներին և պահանջել վերականգնել և գործարկել գործարանը,
գ) լավ չեմ հիշում, տիկին Փոստանջյան, բայց եղե՞լ է նման մի բան, որ անժամկետ հացադուլ հայտարարեք և պահանջեք, որ կառավարությունը իսպառ չեղարկի վարկավորումը, որ խորհրդարանն օրենք ընդունի հանրապետության պարտադիր արհմիութենականացման մասին և այլն, և այսպես շարունակ։
Սակայն բավ է, մեզ մի այլ բան է սպասում` քողազերծել Վազգեն Սարգսյան փողոցի վերանվանման Ձեր խափանարար սադրանք-առաջարկը։

ՎԱԶԳԵ՞Ն, ԹԵ՞ ՎԻԼՍՈՆ
Տարիներ առաջ զարմանալի արձակագիր Վահան Թամարյանն իր «Անավարտ մահվան շարունակությունը» վիպակում այսպիսի մի բան է քարագրել. «Հումանիստ։ Հումանիզմ։ Մարդասեր։ Սակայն միայն մարդկանց սիրելը դեռ հումանիզմ չէ, այլ պիտի սիրել նաև գազաններին, թռչուններին, մոծակներին, դավաճաններին, հրեշտակներին, կրծողներին...»։
Իմ վաղամեռիկ բարեկամ Վահան, մոծակներն այսօր կարապի դեր են ստանձնել, իսկ հրեշտակների թևերի տակից ճենճահոտում է դավաճանի ծանր դմակը։

Բազում որոգայթներ հաղթահարելով և վերականգնելով փլուզված աշտարակները` Վազգենը կայացավ որպես վարչապետ, մի քանի ամսում քարագրելով պետականության հիմունքները` մենաշնորհային տնտեսության կազմալուծումը, արդյունաբերական համակարգի (մասնավորապես «Նաիրիտի») վերագործարկումը, Հայաստանի ապաշրջափակումը, կոռուպցիայի լուծարումը և այլն։ Մեկնարկը տրված էր, երկիրը վերջապես ազգային-պետական բարոյականությամբ առաջնորդվող կառավարիչ-վարչապետ ունեցավ։ Առաջին և վերջին անգամ։ Գիտե՞ք ինչու այդպես եղավ. զի նա վանեց իրենից քծնող-պնակալեզների խառնամբոխը (մարդ իմանար, թե առաջին անգամ ու՞մ գաղջ բերանից հորդեց «Իմ սպարապետ» դավալիցք խնկարկումը), և նրա կողքին հայտնվեց «Սասունցի Դավիթ» ասքի խրատաբան պառավը։ Երրորդ հանրապետության վարչապետ նշանակվելուն պես նրա ներաշխարհում փոթորկվեց սրբազնական մի բան, և ծնվեց Սասնա ծուռը։
Միով բանիվ «ՈՒրբաթօրյա հողմաղացն» առաջարկում է չեղարկել «Սպարապետ Վազգեն Սարգսյան» պատմաքաղաքական սադրանքը, և նրան այսուհետև հիշել որպես «Վազգեն վարչապետ»։ Ես որ այսպես եմ նրան հիշելու։ Բնականաբար, Հանրապետության հրապարակից սկիզբ առնող փողոցը պետք է հենց այսպես էլ անվանվի` Վազգեն վարչապետի փողոց։


Բայց վերադառնանք Համազասպ Փոստանջյանի դստեր փորձադաշտը։ Եվ հակագազեր հագնենք, զի փորձադաշտում տարածված գարշահոտը նաև թունալիցք է։ Տեր իմ երկնավոր, որքա՜ն պիտի հայ կինը, մայրը բազմազավակ ատի սեփական հայրենիքը, որ ուղերձներ հղի աշխարհի բազում մայրաքաղաքների քաղաքապետերին, այդ ուղերձները հագեցնի մատից ծծած կեղծիքներով և առաջարկի նրանց չեղարկել Երևանի հետ փոխհամագործակցությունը։ Անշուշտ, կարելի է օրվա իշխանություններով, այդ թվում նաև քաղաքապետարանի աշխատանքով չհիանալ։ Ինքս էլ հաճախ չեմ հիանում, բայց փորձում եմ զանազան առաջարկներով նրան ուղղորդել դեպի կառուցողական գործընթացներ։ Տիկինը դավում է, ընդ որում` բացահայտ և օր օրի ավելի մարտաշունչ։ Զարուհի Փոստանջյան, գործունեությանդ երեսը դավաճանությունն է, դարձերեսը` ստորությունը։
Միով բանիվ, սպառվում է ժամանակդ, սադրիչ տիկին, կամ արտագաղթիր ու տաքուկ մի տեղ գտիր օվկիանոսից անդին, կամ էլ դարձի եկ, զսպի՛ր քեզ և դրսևորիր ու վարիր հայ կնոջը հարիր վարք ու կյանք։

ՎԵՐՋԵՐԳ
Մայրաքաղաքի ավագանին այսօրևեթ պետք է վերածնվի, գործի այնպես, որ տուրք չտա «Երկիր ծիրանի» խմբակցության սադրանքներին։ Եթե, այնուամենայնիվ, սադրանքն առկա է, ապա բռնարարքների և բարոյակրթական հիշոցների փոխարեն նրանց պետք է դիմակայել մեղմանուշ ժպիտով և օրորոցային երգերով։ Սակայն այսօր անհրաժեշտ է քաղաքապետարանի ավագանու մի լիագումար նիստ հրավիրել և «Երկիր ծիրանի» խմբակցությունը վտարել ավագանու անդամությունից` վերջինիս աշխատանքները պարբերաբար տապալելու միանգամայն օրինական հիմքով։
«Երկիր ծիրանին» կամ հայեցի վարք պիտի դրսևորի, կամ էլ պետք է վերանվանակոչվի յուր իրական գաղափարներին հարիր։ Զորօրինակ այսպես. «Գնդապետ Դանի հոգեդուստրեր»։ Ամեն։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5729

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ