Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՈՒմ ինչ պետք էր, ստուգեց

ՈՒմ ինչ պետք էր, ստուգեց
30.03.2018 | 10:25

Ավարտվեցին աշխարհի ֆուտբոլային հավաքականների ընկերական հանդիպումները: Դրանք ծանր ընթացք ունեցան հատկապես Հայաստանի ընտրանու համար, որը երկու դիմակայությունում չկարողացավ գոնե մեկ անգամ հանդիսատեսին պարգևել իր կատարմամբ գոլ տեսնելու հաճույքը: Թե ինչ հետևություններ կարվեն այս հանդիպումների արդյունքով, դժվար է պատասխանել, քանզի Հայաստանում ոմանց թեթև ձեռամբ ֆուտբոլը մահացող մարզաձևի է վերածվում:

ԻՍՊԱՆԻԱ-ԱՐԳԵՆՏԻՆԱ
Ինչպես գիտեք, տարվա առաջին ընկերականում Արգենտինայի հավաքականը 2:0 հաշվով պարտության էր մատնել Իտալիայի ընտրանուն: Այդ հաղթանակը, բնականաբար, մեծ ոգևորությամբ էին ընդունել լատինաամերիկյան հավաքականի երկրպագուները, քանի դեռ չէր եղել այս երկրորդում իսպանացիներին մրցակից ունենալու նրանց ողբերգությունը, որից հետո առաջին հայացքից լոկ հանկարծահաս պարզ դարձավ, որ ներկայիս Իտալիայի ընտրանին բնավ էլ այն թիմը չէ, որի նկատմամբ հաղթանակն այդ աստիճանի պիտի արժևորվեր, քանզի այն խմբային փուլն անգամ ի զորու չեղավ հաջողությամբ անցնելու: Մինչդեռ, եթե նման հաջողություն արձանագրվեր Իսպանիայի ընտրանու հետ դիմակայությունում, այդ ժամանակ, այ, բոլորովին այլ կարգի խոսակցություն կլիներ:
Մեր մեջ ասած` նման պարագայում գործ ունենք հացը ծնկին ունեցող ֆուտբոլասերի հետ, որն իր երկրպագածի հետ է այնքան ժամանակ, քանի դեռ նա թամբին է: Ինչ խոսք, որ սա կրկնակի ստանդարտների դասական օրինակ է, որի գոյությանը, այնուամենայնիվ, հարկադրված ես համակերպվել, քանզի ամբոխն իր սիրո, նվիրվածության մեջ փոփոխական է: Ամբոխ ենք ասում, քանզի իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված, ամենակրթված հանրույթն էլ է վերածվում ամբոխի: Ինչևէ: Փաստը մնում է փաստ, որ Արգենտինայի ընտրանին իր ընկերական երկրորդ հանդիպումում դաժանագույն պարտություն է կրել` գնդակը վեց անգամ հանելով սեփական դարպասից` նույնն անելու ամոթը միայն մեկ անգամ կարողանալով պարտադրել մրցակցին:
Մեսի՞ն:


Արգենտինայի ընտրանու վնասվածք ունեցող ավագը հանդիպմանը հետևել է տրիբունայից` 75 րոպե շարունակ մռայլ կուլ տալով իր հայրենակիցների ստորացումը: Սակայն այս աշխարհում ամեն բան սահման ունի: Վեցերորդ գոլից հետո նա ստիպված լքել է տրիբունան:
Իհարկե, այնպես չէ, որ 1։6 հաշվով պարտությունը արգենտինացիների պատմության մեջ առաջին անգամ էր, բայց դե ամոթի մրուրը դրանից ոչ իր «գինը», ոչ էլ հասարակական հնչեղությունն է կորցնում: Այս 1։6-ն այնքան ժամանակ հզոր ապտակ կմնա, քանի դեռ նույնատիպ պատասխան չի հասցվել, իսկ հավաքականի ղեկին կանգնած Խորխե Սամպաոլիի առնչությամբ ասենք, որ նրան այդպես էլ չի հաջողվում թիմի խաղը կայունացնել, և սա այն դեպքում, երբ աշխարհի առաջնության մեկնարկին չափազանց քիչ ժամանակ է մնացել:
Ինչ վերաբերում է Իսպանիայի ընտրանուն, ինչ խոսք, որ այն Մեսիի մակարդակի աստղ չունի, որ ամբողջապես նրանից կախված, ուստի անհամեմատ պակաս անհատականացված է նրա գլխավորի խնդիրը: Այս խաղի առնչությամբ Խուլեն Լոպետեգիի բուն սպասելիքը հարձակման գիծը կազմածներից ցանկացած մեկի պոռթկումն էր: Այս անգամ այդ «կրակողը» եղավ Իսկոն, որը հեթ տրիկի հեղինակ է դարձել, իսկ վերջին ժամանակներս լավ էլ երկրորդական դերում է «արքայականում»։ «Ես «Ռեալում» իմ նկատմամբ վստահություն չեմ զգում, ինչի կարիքն ունի յուրաքանչյուր ֆուտբոլիստ»:


Ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ երբ մարզիկին հավատում են, նա լավ էլ արդարացնում է սպասելիքը: Սակայն այստեղ ուզում եմ, որ սկզբունքորեն իրար ճիշտ հասկանանք: Վերն ասվածն աշխատում է այն դեպքում, երբ գործող կողմերը պրոֆեսիոնալներ են: Թե չէ Հայաստանի ընտրանու անդամներին (մի պահ միամտորեն հավատանք, որ նրանք պրոֆեսիոնալներ են) որքան ուզում ես հավատա, մեջն ինչ կա, երբ այդ հավաքականի գործերին խառնվող դիմացի կողմն այնպիսի մեկն ունի, որ Մեսի էլ բերես, զրոյական արդյունքի կհասնես: Այստեղ միջանկյալ ասեմ, որ որոշել էի Լիտվայի ընտրանու հետ մերոնց ունեցած հանդիպում-դժբախտությանը չանդրադառնալ, սակայն ինչպես տեսնում եք, մենք մեր առաջ մնացինք երդմնազանց:

ԳԵՐՄԱՆԻԱ-ԲՐԱԶԻԼԻԱ
Եվրո-2016-ի կիսաեզրափակչում ֆրանսիացիներին պարտվելուց հետո (0։0) Գերմանիայի ընտրանին բրազիլացիների հետ մինչ այս հանդիպումն ունեցել էր 16 հաղթանակից ու 6 ոչ-ոքիից բաղկացած շարք: Լյովի ղեկավարությամբ գործող տղաները եթե կարողանային այս մեկում էլ պարտությունից խուսափել, կկրկնեին մինչ այժմ ունեցած իրենց երբեմնի ռեկորդը, սակայն չստացվեց: Գերմանացիների վիճակագրությունը փչացրին այն նույն բրազիլացիները, որոնց գերմանական «մեքենան» չորս տարի առաջ 7:1 հաշվով ճզմեց Բելու Հորիզոնտիում, աշխարհի առաջնության ժամանակ: Ինչ խոսք, եղածը համարժեք հարված չես անվանի (սկսած հաշվից (1:0)` մինչ հանդիպման կարգավիճակ), բայց պարտությունը մնում է պարտություն: Նկատենք, որ իսպանացիների հետ ունեցած հանդիպման համեմատ Լյովն այս մրցակցությունում կատարել էր հիմնական կազմի յոթ անդամի փոփոխություն, սակայն եկեք այս փոփոխություններով չփորձենք բացատրել նրա գլխավորած հավաքականի պարտությունը, քանզի ընդամենը մեկ տարի առաջ Ռուսաստանում փորձարարական կազմով մրցելույթ ունեցած գերմանական ընտրանին հաղթեց Համադաշնության գավաթում:
Գերմանա-բրազիլական թեման ավարտելուց առաջ նկատենք, որ աշխարհի հնգակի չեմպիոններն առանց Նեյմարի էլ կարողանում են լավ մրցելույթ ունենալ (շատ ավելի տպավորիչ է եղել ռուսների նկատմամբ նրանց հաղթանակը տարվա առաջին ընկերականում), ինչն ամբողջապես չես կարող ասել արգենտինացիների առնչությամբ:

ԱՅԼ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Օրեր առաջ կոլումբիացիներից ծանր պարտություն կրած ֆրանսիացիներն աշխարհով մեկ սփռված իրենց միլիոնավոր երկրպագուների խաթրն առան ռուսների նկատմամբ նրանց իսկ դաշտում տոնած հաղթանակով (3:1), թեպետ այսօրվա դրությամբ Ռուսաստանի հավաքականը այն պատրաստվածությունը չունի, որ կարողանա լուրջ մրցակից լինել ֆրանսիացիների համար, իսկ եթե ավելի անկեղծ, ռուսներն աշխարհի այս առաջնությունում են զուտ շնորհիվ աշխարհի առաջնությունն ընդունող երկիր լինելու, այլապես իր զորությամբ այն հավաքական է Հայաստանի ընտրանու համեմատությամբ:
Կոլումբիացիները զրոյական ոչ-ոքի են ունեցել ավստրալացիների հետ: Նույն հաշիվն է արձանագրվել Դանիա-Չիլի դիմակայությունում: Հաղթողը չի որոշվել նաև Անգլիա-Իտալիա մրցակցությունում: Խաղավարտին հյուրերը կարողացել են 11-մետրանոցից հավասարեցնել հաշիվը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2360

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ