Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կլսի՞ Ալիևը նախագահ Սահակյանին

Կլսի՞ Ալիևը նախագահ Սահակյանին
02.04.2018 | 04:04

Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման բանակցային գործընթացում դադար է: Որոշ փորձագետներ դադարը կապում են Ադրբեջանի ու Հայաստանի ներսում տեղի ունեցող գործընթացների հետ: Երևանը փոխում է քաղաքական համակարգը` հանրապետությունը նախագահականից դառնում է խորհրդարանական: Բաքուն պատրաստվում է արտահերթ նախագահական ընտրությունների, որ նշանակված են ապրիլի 11-ին: Բազմաթիվ փորձագետների գնահատականով` այդ իրադարձությունների արդյունքները հազիվ թե փոխեն ոչ միայն Ադրբեջանում ու Հայաստանում քաղաքական ուժերի դասավորությունը, այլև տարածաշրջանի աշխարհաքաղաքական բարդ համայնապատկերը: Լռում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, հակամարտող կողմերը նախընտրում են խուսափել ինչ-որ «զիջումների» կամ «փոխզիջումների» մասին խոսակցություններից` ասես քարացել են անսպասելի իրադարձությունների սպասումով: Նման իրադարձությունների մասին ավելի շատ մտածում են Բաքվում, որտեղից ժամանակ առ ժամանակ խնդրի ուժային լուծման կոչեր են հնչում: Բայց արտաքին խաղացողները, եթե այդպես կարելի է անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, դեռ միասնական տեսակետ ունեն կարգավորման հարցում:

Ձախողվեց ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլը Ժնևում, որտեղ ենթադրվում էր ուժի չկիրառման համաձայնագիր ստորագրել, որ սկզբունքորեն կարող էր պրոյեկտվել Բաքվի ու Երևանի միջև նոր հարաբերությունների կառուցման վրա: Ըստ տեղեկությունների` այդ ուղղությամբ իրենց «պարտիան» են խաղացել ամերիկացիները:

Նրանք լուրջ ճնշում են գործադրել Թբիլիսիի վրա, որ հաշտության քայլերի պատրաստակամություն էր հայտնել: Փորձագետները հայտարարում են, որ Ժնևի գործընթացը մի քանի տարով հետ է շպրտվել: Ճիշտ է` մինչև վերջերս Վաշինգտոնը, հայտարարելով Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանության մասին, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում կողմնակից էր ինքնորոշման ու ուժի չկիրառման սկզբունքներին: Դժվար է ասել` ի՞նչ կլինի հետո, հաշվի առնելով ճգնաժամը Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերություններում: Դուրս կբերե՞ն ԱՄՆ-ն ու Ֆրանսիան իրավիճակը «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» դրությունից, նույնպես հասկանալի չէ: Այստեղից էլ մեծ հետաքրքրությունը Мirror Spectator-ին տված Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հարցազրույցի նկատմամբ: Նա, դրական գնահատելով կոնֆլիկտի կարգավորման մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի դիվանագիտական ջանքերը, հայտարարում էր, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը բավարար չեն»: Բակո Սահակյանը վստահ է, որ «այդ հարցում Ադրբեջանի ոչկառուցողական, էքստրեմիստական, ռազմաշունչ դիրքորոշումը արգելք է, որ խանգարում է լուրջ արդյունքների հասնել»: Իրոք այդպես է:

Մինսկի խմբի մանդատն իրավասու է.1. համատեղ ջանքեր գործադրել հրադադարի ռեժիմի պահպանման համար, 2. զարգացնել ընդհանուր հիմքեր կոնֆլիկտի կողմերի բանակցությունների համար, 3.կոնֆլիկտի կողմերի հետ բանակցել զինված պայքարի ավարտման քաղաքական համաձայնագրի կնքման համար: Բայց հիմա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, տարբեր մակարդակների անարդյունք բանակցություններից հետո, փաստացի 2-րդ ու 3-րդ հարցերից կենտրոնացել են 1-ինի վրա` հրադադարի ռեժիմի ամրապնդման ջանքեր գործադրելու, Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման վրա: Կենտրոնացումը միայն այս հարցերի վրա և առանց Ստեփանակերտին բանակցային գործընթացում իբրև իրավահավասար մասնակցի ներգրավելու, նվազեցնում է Մինսկի խմբի ճկունության հնարավորությունները: Հակառակվում է Ադրբեջանը: Թեպետ Բակո Սահակյանը առաջարկում է ադրբեջանցի փախստականներին վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, «եթե ընդունում են իրավական կարգավիճակը», նշելով, որ «պետք է խոսել ոչ միայն ադրբեջանցի, այլև հայ փախստականների մասին»: Իհարկե, դա կվերաբերի կոնֆլիկտի կարգավորման բանակցային գործընթացի ապագա մատրիցային: Բայց կլսի՞ Արցախի կոչը Բաքուն: Այդ պատճառով գալիս է տարածաշրջանում իր քաղաքականությունն ակտիվացնելու պահը Մոսկվայի համար: Բաքու-Երևան բազմամյա երկխոսությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերով, որևէ արդյունք չի տվել, բացի մեկից` քաղաքական հարթակում գործնականում փորձարկվել են կարգավորման բոլոր նախագծերը և ամեն անգամ որոշակի դադարից հետո հակամարտող կողմերը բանակցությունները սկսում են համարյա թե «մաքուր էջից»: Ելքը մեկն է և ստուգված է ռեալ քաղաքականությամբ` անհրաժեշտ է բանակցային գործընթացում ներառել Լեռնային Ղարաբաղը, նրա հետ շփումներ ունենալ տարբեր մակարդակներում, այդ գործընթացում ներգրավել Ադրբեջանն ու Հայաստանը: Այդպես ավելի շատ շանսեր կլինեն տարածաշրջանում իրավիճակի նորմալացման գործընթացն ակտիվացնելու համար:

2016-ի ապրիլի քառօրյա պատերազմը դադարեցվեց նախ և առաջ Մոսկվայի ջանքերով, որի շահերից բացարձակապես չի բխում իրավիճակի սրումը Անդրկովկասում: Այդ պատճառով Ռուսաստանը բոլոր ջանքերը գործադրեց, որ կասեցնի բռնկված կոնֆլիկտը, ճնշում գործադրելով Բաքվի վրա և Երևանին զսպվածության կոչ անելով: Եվ ինչու՞ կանգ առավ: Պետք է առաջ գնալ, որոնել փոխզիջումներ ու անվտանգության երաշխիքներ, Արցախի Հանրապետության ինքնավարություն: Բաքուն վաղուց պիտի հասկանար, որ երբեք չի ունենա «միակողմանի հաղթական որոշումներ»:

Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM

Հ.Գ. Շշմելու եզրակացություն է` Բաքուն հակառակվում է, Մոսկվան պիտի ակտիվանա: Արցախի Հանրապետության ինքնավարությունը պետք է ոչ թե որոնել, այլ` ճանաչել: Դա կլինի նոր իրավիճակ, որ Բաքվին կստիպի հրաժարվել «միակողմանի հաղթական որոշումների» մարմաջից: Բայց դա բնավ չի նշանակում, որ Մոսկվայի «ակտիվությունը» կարող է առնչվել անվտանգության երաշխիքների ապահովման անվան տակ սեփական խաղաղապահների տեղակայմանը շփման գծում: Իսկ այդ պայմանի բացառման դեպքում կորչում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներից` Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից Ռուսաստանի տարբերվելու շահագրգռությունը: Իրավիճակի սխալ գնահատականը սխալ եզրակացությունների հիմք է:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3703

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ