Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Այսօր լրանում է ապրիլյան պատերազմի 2-րդ տարին

Այսօր լրանում է ապրիլյան պատերազմի 2-րդ տարին
02.04.2018 | 13:43

2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ձեռնարկեց հարձակողական գործողություններ: Ապրիլի 2-5-ը մարտեր ընթացան շփման գծի ողջ երկայնքով, առավել թեժ մարտերը եղան առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով։ Ապրիլյան պատերազմի ռազմական գործողություններն Ադրբեջանը սկսում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, իսկ ապրիլի 2-ի առավոտյան՝ ժամը 08:18-ին: Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական բանակը հարձակողական գործողություններ է ծավալել առաջնագծի ողջ երկայնքով՝ հրետանու, զրահատեխնիկայի և ավիացիայի ներգրավմամբ: Հակառակորդը հարվածներ է հասցնում նաև խաղաղ բնակավայրերին և զորամասերի մշտական տեղակայման վայրերին։ Արցախի ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում՝ հակառակորդին հասցնելով ինչպես տեխնիկայի, այնպես էլ կենդանի ուժի լուրջ կորուստներ:


Հակառակորդի հարվածներից ապրիլի 2-ին զոհվեցին և վիրավորվեցին նաև երեխաներ: Ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության հետևանքով Արցախի Մարտունու շրջանի Զորավան գյուղում զոհվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց: Ապրիլի 3-ին՝ ժամը 06։00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել են ագրեսիվ ռազմական գործողությունները։ Ապրիլի 3-ին Ադրբեջանը հայտարարություն է տարածում, թե իբր միակողմանի դադարեցնում է կրակը, սակայն շարունակում է մարտական գործողությունները և Մարտակերտի խաղաղ բնակիչների հրետակոծումը: Այդ օրը նաև հայկական ստորաբաժանումներին հաջողվում է Թալիշի ուղղությամբ հետ վերցնել նախորդ օրը կորցրած կարևոր հենակետերից մեկը: Ապրիլի 4-ին ադրբեջանական զինուժը կիրառում է ծանր տեխնիկա, այդ թվում` նաև ՀԿՌՀ հրանետներ և մարտական անօդաչու թռչող սարքեր։ Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքը ռմբակոծում է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, որի հետևանքով զոհվում է 5 կամավորական: Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառում են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, իսկ ապրիլի 5-ին կրակը դադարեցնելու բանավոր համաձայնություն է ձեռք բերվում: Ժամը 12:00-ի դրությամբ դադարեցվում են ռազմական գործողությունները:


Ապրիլին հայկական զինված ուժերից մարտական գործողությունների հետևանքով զոհվել է 110 և վիրավորվել 121 զինծառայող և կամավորական:
Ադրբեջանական զինուժի կորուստների մասին հստակ տվյալներ չկան: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը մարտական գործողությունների օրերին հայտարարել է միայն 31 զինծառայողի կորստի մասին, սակայն տարբեր աղբյուրների տվյալներով՝ ադրբեջանական կողմը մոտ 300 զոհ է ունեցել: Հայ զինծառայողներն ադրբեջանական բացահայտ ու լայնածավալ հարձակման ժամանակ չեն նահանջել դիրքերից ու մինչև իրենց կյանքի վերջին րոպեները պայքարել են հակառակորդի դեմ: Ռոբերտ Աբաջյանը հակառակորդի կողմից շրջապատվելուց հետո նռնակով պայթեցրել է ինքն իրեն՝ ոչնչացնելով նաև հարձակվող հակառակորդի մի քանի զինծառայողի: Այս քայլի համար զինծառայողը հետմահու արժանացել է Արցախի հերոսի կոչման:


Զինտեխնիկայի կորուստների մասով նույնպես հակառակորդն ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ ավելի մեծ թվով և տեսակի կորուստներ է ունեցել: Հայկական կողմը խոցել է Ադրբեջանի 24 տանկ, 1 ՏՕՍ-1Ա հրանետ, 1 ՀՄՄ (ԲՄՊ), 6 զրահապատ մեքենա, 1 ինժեներական մեքենա, 1 «Գրադ» ՀԿՌՀ, 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք: Հայկական կողմը կորցրել է 14 տանկ, 4 ՀՄՄ (ԲՄՊ), 1 «Շիլկա» ինքնագնաց զենիթային կայան: Ապրիլի 5-ին՝ ժամը 12․00-ի դրությամբ հաստատվել է հրադադար, դադարեցվել են ռազմական գործողությունները:

Դիտվել է՝ 3835

Մեկնաբանություններ