Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Եվ քամին պտտում է հողմաղացները

Եվ քամին պտտում է հողմաղացները
06.04.2018 | 00:26

Հանգիստ ապրում էինք` ուրբաթից ուրբաթ կիսատ-պռատ հանրահավաքներ էին լինում Ազատության հրապարակում, ասում-խոսում, ցրվում էին: Նիկոլ Փաշինյանը Գյումրիից ճանապարհ էր ընկել Երևան` քայլ առ քայլ` ծանուցելու հանրությանը նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ իր պայքարի մասին: 2 շաբաթ, օրը 15 կիլոմետր, վրանով, խարույկով: Պատահողների հետ խոսքուզրույցով: Հարցազրույցներ տալով: Նոր խոսք քաղաքականության մեջ` դու քեզ համար քայլում ես, տեղ ես հասնում, 4 օր հանրահավաք ես անում, իշխանությունը փոխվում է: Սքանչելի ծրագիր, որ գործողության քաղաքական բովանդակությունը փոխարինում է առաքելության գիտակցությամբ, «ճանապարհային քարտեզը» աշխարհագրական քարտեզով: Նիկոլ Փաշինյանն առայժմ մեկ հարց է լուծել` առանձնանալ «Ելքից» ու ընդգծել` նրանք ոչինչ չեն անում, նրանք հաշտվել են, ես պայքարում եմ: Ինչպես կարողանում եմ: Ինչպես Կուտուզովը (կամ` Նապոլեոնը) Բորոդինոյում, Մարտին Լյութեր Քինգը ԱՄՆ-ում (թեպետ դեռ բողոքական քահանա չի դարձել), բայց 50 տարի առաջ հարգարժան սևամորթին հետաքրքրում էր սևամորթների իրավունքների պաշտպանությունը: Նա նախագահի կամ քաղաքական համակարգի փոփոխության խնդիր չուներ, խաղաղ քայլերթ էր սկսել քաղաքներից մայրաքաղաք ու Վաշինգտոնի Լինկոլնի հուշահամալիրի հանրահավաքում դասական ելույթ ունեցավ, որ պատմության մեջ մտավ «Ես ունեմ երազանք» (I Have a Dream) անունով: Նա Կոնգրեսից պահանջում էր բոլոր ամերիկացիների համար հավասար իրավունքներ, «Տվեք մեզ քվեաթերթիկներ և մենք օրենսդիր ժողովների դահլիճներ կբերենք բարի կամքի մարդկանց»:


NCSL-ի տվյալներով` 1971-2011-ին ԱՄՆ օրենսդիր մարմիններում աֆրոամերիկացիների թիվը 2 % -ից հասել է 9 %-ի: Կամ` Էռնեստո Չե Գևարան, որ Ֆիդել Կաստրոյի հետ Կուբայում հեղափոխություն արեց ու գնաց Բոլիվիայում հեղափոխություն անելու, ձախողվեց, իսկ անունը մնաց իբրև աննկուն հեղափոխական, որ պատրաստ է մենակ աշխարհը փոխել: Ինչո՞վ օրինակելի չէ: ՈՒ կքայլեր Նիկոլ Փաշինյանն իր կուսակիցների հետ մինչև Երևան` օր առ օր հոգնելով ու հոգնեցնելով: Բայց դաշինքը դաշինք է, ու նրան օգնության հասավ Էդմոն Մարուքյանը իր հոդվածով:


Փաստացի նա ներկայացրեց «Լուսավոր Հայաստանի» ճանապարհային քարտեզը: Պատմական ու ակադեմիական էքսկուրսը մի կողմ` Էդմոն Մարուքյանը հրապարակեց իր երազը` Նիկոլ Փաշինյանի երազին զուգահեռ: Պարզվեց` «Լուսավոր Հայաստանը» այն երկիրն է, որ գոյություն ունի տեսականորեն: Զուտ տեսականորեն: ՈՒ՞մ էր դա պետք: Կամ Էդմոն Մարուքյանին դավաճանեց քաղաքական փորձառությունը ու չզգաց, որ իր սքանչելի ու հույժ անհրաժեշտ դատողությունների ճիշտ պահը կամ մեկ ամիս առաջ էր, կամ մեկ ամիս հետո, բայց ոչ հիմա, կամ չդիմացավ «Ելքի» շուրջ արհեստականորեն հրահրվող աղմուկին ու անհրաժեշտ համարեց «Լուսավոր Հայաստանի» մասով հարցերին պատասխանել:
Կա երրորդ տարբերակն էլ` եթե Նիկոլ Փաշինյանը իրեն թույլ է տալիս պոկվել դաշինքից ու միայնակ հերոսանալ` իշխանության դեմ պայքարը զուգահեռելով «Ելքի» դեմ պայքարին, դրդում է գործընկերներին ևս գնալ սեփական հերոսացման ճանապարհով, նվազագույնը միակ ընդդիմադիրի ու միակ հեղափոխականի դափնեպսակը նրա ազնիվ ճակատից վար բերելով: Նորություն Էդմոն Մարուքյանը չասաց, բայց նրա հոդվածը հարուցեց ՀՀԿ-ի «արդար» պոռթկումը: ՀՀԿ-ականներն իրավունք ունեն նրան «խելագարության կանխավարկածի» մեջ կասկածելու` Մարուքյանն առաջարկում է ընդդիմությանը վերահսկողական գործառնության իրավունք տալ, որ ոտնձգություն է ՀՀԿ-ի սակրալ իշխանության դեմ, և անձնական վիրավորանք ստացած ՀՀԿ-ականները հայտարարեցին. «Այն, ինչ ասում է Էդմոն Մարուքյանը, Սահմանադրության վերախմբագրում է կամ՝ սահմանադրական հեղաշրջման փորձ», մեղադրեցին իրավական անգրագիտության մեջ` քաղաքական իշխանությունը չի տարբերում ոչ քաղաքական իշխանությունից, հեգնեցին` «Մարուքյանը կարող էր ավելի հեռուն գնալ ու ասել՝ «Եկեք ՀՀԿ-ի 20 պատգամավորի մեզ տվեք, չէ՞ որ մենք քիչ ենք» (Արման Սաղաթելյան):

«Սահմանադրությունը հստակ ենթադրում է, որ խորհրդարանում գործունեություն ծավալող ընդդիմությունը իշխանության այլընտրանքն ու հակակշիռն է: Եվ այստեղ հավելյալ պահանջներով հանդես գալն առնվազն անտրամաբանական է»` ասացին, «ապշեցուցիչ ու անընդունելի» համարեցին, որ նա կարգում է` Հայաստանում քաղբանտարկյալներ կան, թեպետ «արևմտյան կազմակերպությունները նման բան չեն ասում»: Ընդվզեցին, որ Մարուքյանը սահմանադրական փոփոխությունները անվանել է միֆ, ասացին` Էդմոն Մարուքյանն այդ միֆի պատճառով է հայտնվել խորհրդարանում ու անտրամաբանական, հակաքաղաքագիտական, հակաիրավական համարեցին «հավելյալ պահանջներով հանդես գալը» (Միհրան Հակոբյան): Ստացվեց դասական ախտորոշում` ՀՀԿ-ն Էդմոն Մարուքյանին քննադատեց իշխանության վերահսկողության առաջարկի համար ու շատ մակերեսային, համենայն դեպս` չասացին ինչի՞դ է պետք ԿԸՀ-ի, ՀՌԱՀ-ի, Հաշվեքննիչ պալատի, ԿԲ խորհրդի 7 անդամներից 2-ին նշանակելու, ապագայում՝ ՍԴ-ում անդամ նշանակելու իրավունքը, երբ մենք մեծամասնություն ենք ու մեր ձայնն է որոշիչ, ինչպես խորհրդարանում, որտեղ ինչ ուզում ենք, անում ենք` դեմ եք, թե կողմ եք ձեր 9 ձայնով:

Խոհեմաբար չհիշեցին` ընդդիմության շահերի պաշտպանության ինչ ելույթներ էին ունենում սահմանադրական քննարկումներում` հայտարարելով, թե ինչ իրավունքներ է ստանալու ընդդիմությունը Սահմանադրության փոփոխություններով ու խորհրդարանական կառավարումը ժողովրդավարության զարգացման ինչ հնարավորություններ է բերելու: Էդմոն Մարուքյանի «քաղպարապմունքը» ՀՀԿ-ին հետաքրքրեց միայն «իր» մասով: Նիկոլ Փաշինյանը հակադարձեց հոդվածի «իր» մասին, որ «հնարավոր չէ հին գործիքներով լուծել նոր խնդիրները, քարացած մտածողությամբ գործել այսօրվա փխրուն աշխարհում: Հենց այս նոր մտածողությունն ու գործիքակազմն են, որ ի սկզբանե դրվել են «Ելք» դաշինքի գործունեության հիմքում. չգնալ նախկին քաղաքական ուժերի տրորած արահետներով, չտրվել կարճաժամկետ փառքի արկածախնդրությանը»։ Ինչու՞: «Ժողովուրդն ուղիղ 1 տարի առաջ թույլ է տվել Սերժ Սարգսյանին դառնալ վարչապետ: Սերժ Սարգսյանին, ըստ էության, միայն մեկ բան կարող է հետ պահել վարչապետ լինելուց. վարչապետ դառնալու ցանկության բացակայությունը։ Մնացած բոլոր կոնֆիգուրացիաներով այս փուլում խաղն ի սկզբանե պարտված է՝ թե իրավական առումով, թե ռեսուրսների պայքարում, թե քաղաքագիտորեն: Այս փուլում պարտված խաղի պայմաններում ձեռք ենք բերելու հուսահատության եզրին հասցված քաղաքացիների, որոնց չափազանց դժվար է լինելու բացատրել, թե ինչու հերթական անգամ չստացվեց խոստացված հեղափոխությունը: Մյուս կողմից, մարդկանց դժվար է լինելու տրամադրել որևէ ընտրական պրոցեսի՝ գյուղում, քաղաքում կամ համապետական ընտրություններում։ ՈՒստի մենք անկեղծ ենք մեր գործընկերների և մեր քաղաքացիների հետ:

Մենք մեր քաղաքական վերլուծություններում, մեր ռեսուրսների հաշվարկում եկել ենք այն եզրահանգման, որ կարող ենք մարտահրավեր նետել Սերժ Սարգսյանին խորհրդարանում՝ առանց փողոցներում մարդկանց մոտ սին ակնկալիքներ ձևավորելու, իսկ հետո նրանց բացատրելու, թե ինչու չստացվեց այն, ինչին ինքներս էլ չէինք հավատում։ Չարդարացված հույսերն ավելի են խորացնում հուսահատության ճահիճը, որի դեմ պայքարելու խոստում է տվել «Ելք» դաշինքը»: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ տրորվածն այն ճանապարհն է, որ առաջարկում է Մարուքյանը, բերելով ՀՅԴ ու ՕԵԿ օրինակները, չգիտես ինչու մոռանալով ԲՀԿ-ին ու ՀԱԿ-ին:


Համեմատությունը տեղին չէր: Բազում հակափաստարկներով: Բայց խնդիրը դա չէ, այլ այն, որ «Ելքի» երկու կուսակցապետեր հրապարակային են դարձնում գաղափարական խզումը, և դա այլևս մարտավարության տարբերություն չէ` ընդհանուր ռազմավարության մեջ: Պատահական չէ, որ որոշ լրագրողներ իրենց միակ ու գլխավոր խնդիրը դարձրին «Ելքի» դամբանականը գրելը, ավելին` Նիկոլ Փաշինյանից ու Էդմոն Մարուքյանից «հրաժարիմքի» խոսքը լսելը: Ինչու՞ է դա այդքան կարևոր ու անհրաժեշտ.
1. 2017-ին «Ելքը» իսկապես անակնկալ էր քաղաքական դաշտում իր ոչ ստանդարտ քայլերով և միանգամից առանձնացավ մինչ այդ եղած բոլոր ընդդիմություններից:
2. «Ելքը» առաջադրում էր պայքար ոչ թե ընդդեմ, այլ` հանուն, և նպատակ ուներ ցույց տալ հանրությանը, որ ինքն ի վիճակի է այլընտրանք լինել իշխանությանը ու ցրել տասնամյակներով ամրակայված միֆը, որ ՀՀԿ-ից բացի որևէ քաղաքական ուժ ի զորու չէ երկիրը կառավարել: Նրանք խորհրդարանում քայլ առ քայլ ցույց էին տալիս, որ չկան անփոխարինելիներ, կան անկրկնելիներ և իրենցից յուրաքանչյուրը անկրկնելի է: «Ելքը» թիմ էր, որ գործում էր համերաշխ ու համակողմանի:
3. Այդ ընթացքով «Ելքը» գլոբալ առումով դառնալու էր այն քաղաքական ուժը, որ իր գործունեությամբ ընկալելի ու նախընտրելի էր լինելու ոչ միայն Հայաստանում, այլև արտաքին աշխարհում իբրև իշխանության այլընտրանք: Դա շահեկանորեն «Ելքին» տարբերում էր Ստեփան Դեմիրճյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակների ընդդիմությունից` նրանց պայքարը անձի դեմ էր, «Ելքինը»` համակարգի: ՈՒ դա չէր կարող աննկատ մնալ` ՀՀԿ-ն գնալու էր «Ելքին» տրոհելու սովոր ճանապարհով (Վահրամ Բաղդասարյանը` վկա): Պետք էր ազատվել վտանգավոր մրցակցից արտաքին աշխարհում, որտեղ «Ելքի» արևմտյան արժեքներին դավանելը ու այդ արժեքների ոգով գործելը 2022-ին հանգեցնելու էր տեսակետների վերանայման` պե՞տք է իշխանության կողքին մնալ, երբ կա այլընտրանք, որ ի վիճակի է իշխանություն լինել:


Փաստացի` «Ելքն» ինքը չհասկացավ իր կարևորությունը, իր քաղաքական կապիտալը վերածեց մանրադրամի, որ շրջանառվեց հենց իր դեմ: Հասկանու՞մ է դա Նիկոլ Փաշինյանը, երբ անձի դեմ իշխանափոխության 14+4 ճանապարհորդական քարտեզով շրջագայում է հայրենի երկրում: Եթե չի հասկանում, եղել և մնում է փողոցային պայքարի ակտիվիստ, չի դարձել ու չի դառնա քաղաքական գործիչ: Եթե հասկանում է, խաղում է իշխանական դաշտում` խաչ քաշելով իր և իր կուսակցության քաղաքական ապագայի վրա: Հասկանու՞մ է Էդմոն Մարուքյանը, որ քաղաքական ասպարեզ է մտնում իր ակադեմիական տեսակետներով ու ոչինչ չի հավելում հայտնիին, բայց տպավորություն է ստեղծում, որ համագործակցության գին է ուզում: Քաղաքական փորձառությունը պիտի հուշեր, որ ամեն ինչ իր բարձրաձայնվելու տեղն ու պահն ունի: Կանոն, որը խախտելը ուղղվում է իր դեմ, այս դեպքում` նաև «Ելքի» դեմ: Ե՞լք կա «Ելքի» երկատումից: Հարցի պատասխանը մնում է Արամ Սարգսյանին: Նա պարտավոր է 122000 ընտրողի համոզել` չեն սխալվել «Ելքին» ձայն տալով: Ավելին` ապահովել «Ելքի» այլընտրանք դառնալու կարողությունը և առավելագույն մրցունակությունը 2022-ի ընտրություններում` «տուն» վերադարձնելով քաղաքական մանկությանը հրաժեշտ չտված կուսակցապետերին ու ուղղորդելով «Ելքի» նպատակների իրականացմանը: Ժամանակ կա, մնում է տեսակետները համադրելու, ոչ թե հակադրելու խելամտությունը: Ելքը դա է, եթե «Ելքը» դեռ պնդում է, որ ելք կա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Մինչ այդ կարելի է տրվել զվարճանքի, կամ որ նույնն է` «խելագարվել ու գրավել քաղաքներ»` ինչպես կոչ է անում Զարուհի Փոստանջյանը: Նա, իրոք, ուզում է քաղաքներ գրավել ու… ազատագրել, որ հիմնադրի պետականություն, որտեղ մարդիկ ունեն հավասար իրավունքներ: «Միայն Երևանն ու Ազատության հրապարակը ներառելով՝ արդյունավետ չի կարող լինել, պետք է հնարավորինս շատ քաղաքներ ընդգրկված լինեն հեղափոխական շարժման մեջ»` ասել է «Երկիր ծիրանիի» տիրուհին: Իսկ քամին պտտում է հողմաղացները, որ դոնկիխոտներին թվում են իրենց կռվի մարտահրավեր նետած ասպետներ, ու նրանք հերոսաբար նետվում են մարտի, որ հաղթեն հողմաղացներին: Կամ` քամուն: Դասականներին հասկանալով կարդալու փոխարեն:

Դիտվել է՝ 2597

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ