Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մարտավարական տարաձայնությունը կվերածվի՞ ռազմավարականի

Մարտավարական տարաձայնությունը կվերածվի՞ ռազմավարականի
06.04.2018 | 01:01

Ապագա վարչապետի հարցի կանխորոշվածության ֆոնին հասարակությունը, քաղաքական, լրատվական դաշտը կարծես թե նոր զբաղմունք են գտել. Սերժ Սարգսյանի նոր կարգավիճակին անցնելուց ընդամենը մի քանի օր առաջ համատարած քննարկվում է «Ելք» դաշինքի շուրջ ստեղծված իրավիճակը, ավելի շուտ՝ «Ելքում» տիրող և խորացող տարաձայնությունները։


Ստեղծված իրավիճակում թերևս շատ հետաքրքիր է դիտարկել, թե իրականում ինչ է կատարվում «Ելք» դաշինքում, որտեղ առկա տարաձայնություններն օրեցօր խորանում և դաշինքի առաջնորդների ու անդամների հրապարակային ելույթների շնորհիվ ջրի երես են դուրս գալիս։


«Ելքի» ներկան վերլուծելու համար հավանաբար պետք է իրադարձությունների զարգացումը դիտարկել ամենասկզբից՝ դաշինքի ստեղծման ու ընտրողների մոտ 8-տոկոսանոց քվեով խորհրդարան անցնելու օրերից։ Փորձագետների ու վերլուծաբանների մի մասն ի սկզբանե թերահավատությամբ էր վերաբերվում դաշինքի երկարակեցությանը՝ ավելի շատ պնդելով, որ ամեն ինչ պայմանավորված է լինելու նրանով, թե իրականում որքանով կհաջողվի «Ելքին» վերածվել մեկ միասնական թիմի, ասել է թե՝ կուսակցության։ Իհարկե այս մասին մի քանի անգամ դաշինքում ակնարկվել է։ Եվ այդ թեման հիմնականում հնչեցնողը «Քաղաքացիական պայմանագիրն» էր, մասնավորապես, նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Որոշակի հոռետեսությունը «Ելքի» հեռանկարների շուրջ հավանաբար պայմանավորված էր նաև նրանով, որ վերջին տարիներին բոլոր նախընտրական ընդդիմադիր համարվող դաշինքները, որոնք մուտք էին գործում խորհրդարան, մինչև տվյալ գումարման Ազգային ժողովի աշխատանքների ավարտը չէին գոյատևում։ Եվ նույնիսկ եթե գոյատևում էլ էին, ինչպես, օրինակ, «Արդարություն» դաշինքի պարագայում, իրականում շատ ձևական միավորներ էին՝ լի տարաբնույթ հակասություններով։


Ինչևէ, այդ ուղտը կարծես թե չոքել է նաև «Ելքի» դռանը, և վերջինիս համար իրոք բավականին բարդ շրջան է սկսվել։ Թեև բոլորը սկզբնական փուլում ասում էին, թե դաշինքի առաջնորդները կենտրոնանում են այսպես ասած մարտավարական տարաձայնությունների վրա, սակայն ակնհայտ է, որ սա կարող է լինել փորձաքար, և այս փորձությունը չանցնելու դեպքում ավելի հավանական է, որ մարտավարական տարաձայնությունը դառնա անհաղթահարելի ու վերածվի ռազմավարական անհամաձայնության։


«Ելք» դաշինքում տարաձայնություններն այս պահին, անշուշտ, ավելի շատ կենտրոնացել են մեթոդոլոգիայի վրա՝ անցնե՞լ փողոցային պայքարի, թե՞ ոչ։ Մինչդեռ հիշեցնենք, որ ընդամենը 2-3 ամիս առաջ «Ելքն» իր ամբողջ կազմով որոշել էր անցնել զանգվածային բողոքի ցույցերի՝ կապված ապրանքների սակագների բարձրացման, հարկային օրենսդրությունում կատարվող փոփոխությունների հետ։ Այն ժամանակ դաշինքի բոլոր կողմերը, մասնավորապես այժմ բանավիճող «Քաղաքացիական պայմանագիրը» և «Լուսավոր Հայաստանը», կարծես թե տարաձայնություններ չունեին։ Եվ ի՞նչ ստացվեց արդյունքում։ Հունվար-փետրվար ամիսներին «Ելքը» նախաձեռնեց զանգվածային միջոցառումներ անցկացնելու մի քանի փորձ։ Գլոբալ առումով կարելի է արձանագրել, որ լուրջ հաջողություններ այն ժամանակ չգրանցվեցին, իհարկե, օգտագործվեցին պայքարի ավանդական ձևերը՝ երթեր, հանրահավաքներ, սակայն էական արդյունքներ չարձանագրվեցին նույնիսկ բնակչության համար շատ կենսական համարվող խնդիրների շուրջ։


Եվ այստեղ թերևս հետաքրքիր էր, թե չհաջողված ակցիաներից ինչ կիրառական եզրակացության են հանգել «Ելքի» առաջնորդները։ Էդմոն Մարուքյանն ըստ էության եկավ այն եզրակացության, որ երկրում բողոքական զանգված թեև գոյություն ունի, ընդ որում՝ ահռելի մեծության, սակայն, այնուամենայնիվ, այդ զանգվածը մարտունակ չէ, ապատիայի մեջ է, և քաղաքական հաշվարկներում նրա վրա հույս դնելը, համենայն դեպս մոտ ապագայում, անիմաստ է, քանի որ ընդդիմության ակցիաները բերում են անհաջողություններ։ Ըստ էության, հիմք ընդունելով այդ փորձը՝ գոնե այս պահին Էդմոն Մարուքյանը հրապարակավ հրաժարվեց փողոցային պայքարի մեթոդից և ավելի շատ կենտրոնացավ եղած խորհրդարանական ռեսուրսները և լծակները առավելագույնս օգտագործելու տակտիկայի վրա։ Ինչպես երևաց նրա՝ օրերս հրապարակված հոդվածից, Էդմոն Մարուքյանը պարզապես ցանկություն չունի այսօրվա հանրային տրամադրությունների պայմաններում արձանագրելու հերթական ընդդիմադիր ֆիասկոն։ Փոխարենը նա կենտրոնանում է ֆորմալ և ոչ ֆորմալ առումով իշխանություններից ինչ-որ բան «պոկելու» մարտավարության վրա՝ փորձելով վերահսկողության մեխանիզմներ ձեռք բերել և իշխանությունից կորզել, օրինակ, մի քանի խորհրդարանական հանձնաժողովի նախագահների, ՍԴ-ում, բարձրագույն դատական խորհրդում ներկայացուցիչների պաշտոններ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մի քանի տեղեր և այլն։ Մի խոսքով, նրանց նպատակն է բանակցությունների միջոցով փաստացի պայմանավորվել իշխանությունների հետ։ Իհարկե, այս պարագայում հարցեր են առաջանում, թե ինչպես պետք է ստիպեն ղեկավարությանը կիսելու իշխանությունը և վերահսկողական մեխանիզմներ ձեռք բերելու վերջիններիս նկատմամբ։ Բայց նաև «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը միաժամանակ սպառնում է պահանջները չբավարարելու դեպքում ռադիկալացնել հանրությանը, այսինքն՝ օդում են կախում ավելի ակտիվ գործողությունների վտանգը։
Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ կերպով արձագանքեց «Լուսավոր Հայաստանի» առաջնորդի հրապարակային քննադատությանը՝ Փաշինյանի ընտրած ճանապարհը «տրորված» բնութագրելու մասով, նշելով, որ իշխանությունից մաս պոկելու քաղաքականությունն արդեն մի քանի անգամ հայաստանյան պրակտիկայում գործարկվել է, այդ «տրորված» ճանապարհով անցել են, ասենք, «Դաշնակցությունն» ու ՕԵԿ-ը։ Ակնհայտորեն գնահատականները բավականին սուր էին, քանի որ այսօր քաղաքական դաշտում ինչ-որ մեկին ՕԵԿ-ի հետ համեմատելը նույնիսկ վիրավորական է՝ հաշվի առնելով ՕԵԿ-ի հանրային ընկալումը։


Այժմ տեսնենք, թե հունվարյան հանրահավաքներից ինչ դասեր քաղեց և ինչ եզրակացության եկավ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս թերևս հանգել է այն եզրակացության, որ մինչև զանգվածային միջոցառումներ սկսելը պետք է հանրությանը նախապատրաստել, փորձել արթնացնել, համապատասխան քարոզչական և տարաբնույթ աշխատանքներ տանել, որպեսզի ցույց տրվի՝ իրոք այլընտրանք կամ ինչպես իրենց նախընտրական կարգախոսն էր՝ ելք կա։ Սա, սակայն, ամենայն հավանականությամբ չի բացառում, որ Նիկոլ Փաշինյանն իրեն զերծ է պահում խորհրդարանական հնարավորություններից, ամբիոնից ու լծակներից։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը փորձելու է բոլոր տարբերակները համատեղել և ակտիվացնել թաքնված ռեսուրսը, որ կուտակված է բողոքական ընտրազանգվածում։ Իսկ բողոքական ընտրազանգվածը բավականին մեծ է` բնակչության գրեթե կեսը։


Բնականաբար, այս պարագայում Նիկոլ Փաշինյանը, որ թրծված ու փորձառու է նման զարգացումներում, փորձում է ցանկացած առիթ օգտագործել, հատկապես երբ այն իր մեջ զգացմունքային բաղադրիչ ունի։ Իսկ ներկա կարգախոսը բավականին հստակ է՝ թույլ չտալ Սերժ Սարգսյանին երրորդ անգամ գալ իշխանության։ Եվ ըստ Փաշինյանի՝ եթե բողոքական ստվար զանգվածի գոնե մի մասը գա այդ կարգախոսի հետևից, մեծ ձեռքբերում է, ինչը կամրապնդի իրենց դիրքերը խորհրդարանում։ Նիկոլ Փաշինյանը չի էլ թաքցնում, որ իրենց մեթոդոլոգիայի հիմքում դրված է իշխանության նկատմամբ ճնշում գործադրելը։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիրները նշում են, որ նրա պայքարն անձի դեմ է, տվյալ դեպքում՝ Սերժ Սարգսյանի, այնուամենայնիվ, բոլորը հասկանում են, որ քաղաքական առումով եթե հանկարծ տեսականորեն Նիկոլ Փաշինյանին հաջողվի ոտքի կանգնեցնել հասարակության ակտիվ զանգվածը, ընդ որում՝ խոսքը 100 հազարների մասին չէ, այլ 10-20 հազար ակտիվ քաղաքացիների, և կասեցնել Սերժ Սարգսյանի վարչապետության փորձը, ապա դա նշանակում է, որ փողոցը ռեալ իշխանություն է ունենում, ինչը ոչ միայն Սերժ Սարգսյանին է զրկում իշխանությունից, այլև քաղաքական իրավիճակ է փոխում։ Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի նպատակը դառնում է, բնականաբար, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը։


Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ ավանդական մեթոդները այլևս չեն գործում, ուստի նախաձեռնել է ավելի ստեղծարար գործողություններ, մասնավորապես՝ «մեկ քայլ» անվանումը կրող ակցիան, որն իրականում քաղաքական տեխնոլոգիա է, ինչի շնորհիվ փորձելու է առաջիկա երկու շաբաթներին անընդհատ լինելով ուշադրության կենտրոնում, լայնացնելով աշխարհագրությունը՝ իրազեկել և ոտքի հանել մարդկանց։ Որքանով կհաջողվի նրան հասնել զանգվածային հաջողության, այս պահին շատ դժվար է ասել։ Սակայն զանգվածային ասվածն էլ այսօր շատ հարաբերական է. որքան էլ թվա, թե իշխանությունը բավականին ուժեղ է, այնուամենայնիվ, երկրի ներսում և արտաքին աշխարհում իրավիճակն այնքան անկայուն է և արագ փոփոխվող, որ իշխանություններն այսօր մտահոգված են ցանկացած խժդժությամբ։ Դրանով են պայմանավորված Նիկոլ Փաշինյանի դեմ իշխանության կողմից ուղղվող սլաքները, այդ թվում օգտագործելով թե վերջինիս առայժմ դեռ դաշնակիցներին, թե ընդդիմադիր այլ ֆորմատների։


Վերոնշյալով հանդերձ պետք է նկատենք, որ կան նաև վերլուծաբաններ, որոնք չեն բացառում, որ «Ելքում» իրականում դերերի բաժանում է կատարվել, այսպես կոչված, արմատական Նիկոլ Փաշինյանի և «կառուցողական ընդդիմադիր» Էդմոն Մարուքյանի միջև։ Եվ այժմ Էդմոն Մարուքյանը, այդ թվում՝ իր վերջին հոդվածով, վերջնագիր է ներկայացնում քաղաքական մեծամասնությանը, որ եթե իշխանությունը փոխզիջման չգնա, ապա նաև իր քաղաքական ուժին և «Ելքի» երրորդ կուսակցությանը՝ «Հանրապետությանը», այլ տարբերակ չի մնում, եթե ոչ նույնպես արմատական դառնալ։ Սա, իհարկե, ընդամենը վարկած է, սակայն սա էլ իսպառ բացառելը սխալ կլինի։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2462

Մեկնաբանություններ