Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Նախարար Արմեն Ամիրյանը խաբե՞լ է երկրի նախագահ Սերժ Սարգսյանին

Նախարար Արմեն Ամիրյանը խաբե՞լ է  երկրի նախագահ Սերժ Սարգսյանին
06.04.2018 | 01:24

Օրեր առաջ ձեռքս ընկավ 2017 օրացուցային տարում կատարած աշխատանքների մասին ՀՀ մշակույթի նախարարության հրատարակած «Մշակութային կանգառ» ալբոմ-հաշվետվությունը: Մի կողմ թողնելով ցավը, որ ինչ-որ մեկի ցուցամոլությունը, ամբիցիաները գոհացնելու համար ինչ անիմաստ բաների վրա ենք ծախսում զգալի ֆինանսական, նյութական միջոցներ, երբ այդ վատնումների փոխարեն կարող էինք հասարակականորեն արժեքավոր բան անել, թերթեցի այն:


Հնարավոր տագնապս առաջին իսկ էջից փարատվեց: Ոչ միայն նախարար Արմեն Ամիրյանի ամենասիրած «աննախադեպ» բառը կար, այլև դրա կողքին հանդիսավորապես բազմել էր «խոշորածավալ»-ը: Այս վերջինիս առկայությունը թույլ տվեց հնարավորինս թեթև տանել նրա սիրած մյուս բառի՝ «ենթակառուցվածք»-ի բացակայությունը տեքստում, այլապես սրտի կաթվածը առողջապահության նախարարության ենթակառուցվածքներից մեկի աննախադեպ միջամտության զոհն էր դարձնելու խոշորածավալ անձիս:


Տեսնելով, որ անհամեմատ էժան եմ պրծել, բնականաբար, ուշադրություն չդարձրի լավ էլ կոնկրետ հնչած թվի կողքին անգիտաբար դրված «ավելի քան» բառակապակցությանը՝ մտածելով, որ մարդ է, վրիպել է, սակայն երբ անմիջապես հաջորդ էջում նորից կարդացի այդ «ավելի քան 426 մշակութային միջոցառում» արտահայտությունը, հասկացա որ խնդիրը կրթական գործընթացում ոչ թե նախարարի ունեցած ուսուցիչների թերացումը կամ վրիպումն է, այլ նրանց երբեմնի սանի հետևողական անիմացությունը (չասենք անգրագիտությունը, որովհետև կոպիտ կնչի ոչ միայն նախարարի, այլև կարգավիճակով նրանից փոքր-ինչ ցածր կանգնած հաղորդավարի համար անգամ, որքան էլ վերջինս աշխատանքի ու ճակատագրի բերումով ուրիշի գրած մտքերն արտաբերողն է սոսկ ու ակնհայտորեն կամ հավանաբար ժամանակ չունի ճիշտ ու սխալ ջոկելու):


Խոշոր հաշվով վերն ասվածը կարելի էր և չբարձրաձայնել թեկուզ և այն պատճառով, որ ի վերջո մեր երկրի կառավարման համակարգում մշակույթի նախարարից ոչ միայն անհամեմատ ավելի անգրագետ արտահայտվողներ, այլև հոդաբաշխ խոսքի հետ լրջագույն պրոբլեմներ ունեցողներ կան, ու դրանք կարծես թե ոչինչ, ծաղկում են ու բարգավաճում: Կարելի էր, կարելի՛ էր և չնկատելու տալ մշակույթի նախարարի բառամթերքում եղած բառերի չգիտակցած արտաբերում-բարձրաձայնումն ու այն լավատեսորեն որակել չտեղեկացվածության կամ հիմնավոր կրթության բացակայության արդյունք, սակայն «աննախադեպ» բառի պարագայում չենք կարղ անհետևողական լինել:
Գիտեք՝ սեփական չիմացության պարագայում չափազանց հեշտ է ամեն ինչն աննախադեպ որակելը, սակայն եթե պաշտոնատար անձ ես, առաջին հերթին հարվածի տակ ես դնում քո կառավարման տակ հայտնված ոլորտը, եթե, իհարկե, դրա նկատմամբ հարգանք ունես, հարվածի տակ ես դնում քեզնից առաջ այդ ոլորտում եղած մարդկանց արածն ու հեղինակությունը, իսկ դա չափազանց տգեղ բան է՝ պայմանով, որ բարոյականության հետ խնդիրներ չունես: Իհարկե, այստեղ կարելի է մի ամբողջ դասախոսություն կարդալ մեզանում փթթած ու բուռն կերպով հովանավորվող մարտնչող տգիտության մասին, սակայն քանի որ դա գերազանցապես անհուսալի բան կլինի, փորձենք գոնե խոսքը չընդմիջել:


«Մշակութային կանգառ» ծրագիրը համարելով ՀՀ մշակույթի նախարարության 2017 թվականի ամենահաջողված ու ամենակարևոր նախաձեռնությունը, պարոն Ամիրյան, Դուք այդ ինչպե՞ս եք այն աննախադեպ որակում, երբ Ձեզնից ավելի առաջ եղածները տարիներ շարունակ մարզեր, իսկ շատ ավելի վաղ ժամանակներում շրջաններ էին գործուղում աշխատանքային խմբեր՝ տեղերում կազմակերպելով շատ ավելի մեծ թվով շրջիկ ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ, կինոդիտումներ, համերգներ, ստեղծագործական կոլեկտիվների հետ հանդիպում-քննարկումներ և այլն, և այլն (եթե անցյալի հետ պրոբլեմներ չունեք, այս ամենը գոնե Ձեր հաղորդավարական գործունեությունից պիտի հիշեք, եթե չասենք ավելին՝ նաև այդ Դուք եք այդ ամենի մասին հանրությանը ներկայացրել ու այն էլ այնպիսի պաթետիկ, հուզախռով ձայնով, որ հանրությանն անգամ թվացել է, թե այդ ամենը հենց Դու՛ք եք արել), թե՞ առանձին-առանձին միջոցառումների համար գտնելով «Մշակութային կանգառ» ընդհանրական անվանումը՝ մտածեցիք, որ իսկը ժամանակն է Ձեզ հայկական մշակույթի հիմնադիր ու հանրայնացնող հայտարարելու՝ մտածելով, որ գեղից մարդ չկա: Այս արտահայտության բուն իմաստով ասենք, որ, ի դժբախտություն Ձեզ, գեղից լավ էլ մարդ կա ու զուտ լիկբեզի մակարդակով տեղեկացնենք, որ Ձեր նախորդը դրանք միավորել էր «Մշակութային մարզ» անվան տակ, Հայաստանի ազգային կինոկենտրոնն ուներ «Կինոաշուն» խորագրով միջոցառումների շարք, որը, ի դեպ, Ձեր նշանակած տնօրենի թեթև ձեռքով, որքանով տեղեկացված ենք, արդեն անցել է պատմության գիրկը: Հատ-հատ չանցնենք, հա՞, կազմակերպություններով:


Ձեր դժբախտությունն այն է, պարոն Ամիրյան, որ հանրության մեջ լռելու գեղացիություն ունեցողներ չկան, փուչիկների գոյությունը հանդուրժելու ցանկություն ունեցողներ չկան, որովհետև եթե Ձեզ ու Ձեզ նմանների համար օրինապահ կառույցների հանցավոր թողտվության պայմաններում կուտակած միլիոնները, այս ժողովրդից թալանած միջոցները անխռով վայելելու երաշխավորված վայր են ամերիկաները, մեր ապրելու կենսատարածքը կա ու մնում է Հայաստանը, որը պաշտպանելու համար մենք տվել ու տալիս ենք զավակներ ու ոչ թե Ձեզ նման նրանց փախցնում այդ նույն ամերիկաներ, ու մենք, ի տարբերություն Ձեր տեսակն ունեցողների, մի բան հաստատ գիտենք, որ երկիրը ստով ու կեղծիքով չի կարող պահվել հավիտենապես, ու որ ժամանակավոր անհաջողությունները ժամանակավոր հաջողություններից լավ են: Կասեի, թե ումից է մեջբերումը, բայց դե ավելորդ իմացությունը հո սեղանին քչություն անող չալաղաջ չէ, որ Ձեզ հետաքրքրի: Ինչևէ:
Ի դեպ՝ ստի ու կեղծիքի մասին:


Այդ նույն «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում Դուք հանրապետության նախագահի հետ ունեցած մարտյան հանդիպման ժամանակ զեկուցել եք, որ այլ բաների թվում անցած տարի հանրապետության մարզերում ու Արցախում թանգարանների 454 արտագնա ցուցահանդես է եղել, շարժական կինոթատրոնները կազմակերպել են 200 կինոդիտում:


Լավ թվեր են: Համենայն դեպս վատիկը չեն: Սակայն հետաքրքրական է, որ երբ նայում ենք 2017-ին կատարած աշխատանքների մասին նախարարության հրատարակած «Մշակութային կանգառ» ալբոմ-հաշվետվությունը, այնտեղ բոլորովին ուրիշ թվեր են, ու ըստ դրանց Հայաստանի ազգային պատկերասրահի կազմակերպածն ընդամենը 12 ցուցադրություն է, իսկ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ու փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայինը՝ 48 կինոդիտում (առաջինը՝ 34, երկրորդը՝ 14):
Ինչպես տեսնում ենք, ինչպես որ համադրելի չեն ցուցահանդեսների հետ կապված 454 ու 12 թվերը, այնպես էլ համարժեքության առումով համադրելի չեն կինոցուցադրումներին առնչվող 200-ն ու 48-ը:
Ի՞նչ է ստացվում:
Նախարար Արմեն Ամիրյանը խաբե՞լ է երկրի նախագահ Սերժ Սարգսյանին:
Խաբել է օրը ցերեկով ու անամոթաբա՞ր:
Առանց կարմրելու՞:


Ողջամիտ լինենք ու չշտապենք նրա հնարավոր գունաչփոխումներն ու բարոյականի հետ կապված խնդիրները միանշանակ ու անվերապահ պնդել, քանզի նախարարության հրատարակած «Մշակութային կանգառ» ալբոմ-հաշվետվությունում նշվում է, որ նախարարության ենթակայությամբ գործող 36 պետական ոչառևտրային կազմակերպության կողքին կազմակերպված միջոցառումներում եղել են նաև ծրագրի գաղափարախոսությունն ու արժեքները կիսող պետական և հասարակական այլ մշակութային կազմակերպություններ, որոնց արածի մասին էլ է ենթադրաբար զեկուցվել երկրի նախագահին: Չկասկածենք այդ կազմակերպությունների առկայությանը, առավել ևս արած աշխատանքի իսկությանը, սակայն եթե նախարարության ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային ամեն մի կազմակերպություն ու նրա արածի հիշատակում առանձին էջով տեղ է գտնում նախարարության համար սրբություն սրբոց ալբոմ-հաշվետվությունում որպես «մշակութաստեղծ» Արմեն Ամիրյանի գործունեությունը հավաստագրող յուրօրինակ արձանագրություն, թեկուզ մեկ ընդհանրական էջի շրջանակներում հնարավոր չէ՞ր կարևորել քեզ հետ եթե ոչ հավասարապես, գոնե մասամբ լուծ քաշածների անվան հիշատակումն ու արածի հիշատակումը, եթե, իհարկե, այդպիսիք իրապես եղել են ու գործունեություն են ծավալել:


Պետական ոչառևտրային կազմակերպությունները, նրանց հետ և կինոցուցադրումներում ներառվածներն ու նրանց արածները դնենք մի կողմ ու փորձենք բարոյականություն գտնել ալբոմ-հաշվետվությունում ընդամենը 12 ցուցադրություն կազմակերպած Հայաստանի ազգային պատկերասրահի հիշատակման ու մնացած 442-ը կազմակերպածների չհիշատակման մեջ, եթե, իհարկե, նախարարի բերած թվերը բլեֆ չեն, հանրապետության նախագահին մոլորության մեջ գցելու համար չեն: Վերջինիս առնչությամբ այստեղ հարկ համարենք ահեղացայտ նկատել, որ հանրապետության նախագահին մոլորության մեջ գցելը ոչ թե ծանր, այլ չափազանց ծանր հանցանք է, իսկ եթե սրա կողքին զուգահեռաբար նկատենք, որ խոշոր հաշվով երկիրը մի մեծ ընտանիք է, ու այն ըստ օրինաց ղեկավարում է դրա գլուխը՝ ընտանիքի հայրը, ստացվում է, որ Արմեն Ամիրյանը խաբել է մեր ընդհանրական հո՞րը:
Պապայի՞ն:
Բա եղա՞վ:
Բա սա ընտանեկան դաստիարակություն ստացած մարդու բա՞ն է:
Եվ եթե սա ամենավերին անամոթություն չէ, բա ի՞նչ է:
ՈՒ հասարակությունը պիտի հանդուրժի՞ սա:
Հանուն ինչի՞, հանուն ի՞նչ բարոյականության:


Այդ հանունների տոնայնության մեջ մնալով՝ հանուն ճշմարտության ասենք, որ Արմեն Ամիրյանը գաղափարներով լի մարդ է, սակայն դրանք՝
ա) կամ այն կարգի առևտրականացված են (հիշեք Սայաթ-Նովայի քամանչեն ու դավթարը Հյուսիսային պողոտայի ստորգետնյա «Տաշիր» առևտրի կենտրոնում ի ցույց դնելու նրա նախաձեռնությունը, որի նպատակը չրեղենի վաճառքի հետ Հայաստանում զբոսաշրջության զարգացումն է),
բ) կամ այն կարգի անձնավորված է (վկան հայկական կինոյում ֆիլմ-հանձնակատարի պաշտոնով ԱՄՆ-ի քաղաքացի Արսեն Բաղդասարյան փորձանքի ներդրումը, ում՝ կինոյի ոլորտում ունեցած ծառայությունների մասին անգամ ամենախոս Facebook-ն է բերանը ջուր առած լռում և ում հետ նախարարի համագործակցության մանրամասների հնարավոր բացահայտումը խոստանում է պայթյունով ավարտվել),
գ) կամ այն կարգի մեկանգամյա կիրառման է, որպիսին նախանցած տարի ապրիլի 24-ի նախաշեմին հանրապետության նախագահին զեկուցված, հնարավոր բոլոր ամբիոններից թմբկահարված համահայկական նվագախումբն էր՝ իր ողջ գոյության ընթացքում մինչև այժմ ունեցած մեն մի հատիկ ելույթով:


Սակայն Արմեն Ամիրյանը գաղափարներով հարուստ մարդ լինելուց զատ նաև խիստ նպատակասլաց մարդ է: Հիմա էլ համահայկական անվամբ նոր բան է մոգոնել, սակայն ակնհայտորեն տագնապելով, որ երկրի նախագահի հետ ունեցած հանդիպման ժամանակ կարող էր արժանանալ «Ստեղծվելուց հետո համահայկական նվագախումբն ի՞նչ գործունեություն է ծավալել» հարցին, այս հանդիպմանը նախ խոսել է մայիսի 9-ին Շուշիում, իսկ մեկ շաբաթ անց Երևանում դրա տալիք համերգներից (ուշադիր եղեք՝ Հայաստանի ու Արցախի սահմաններից դուրս այդ համահայկականի գործունեության մասին բան չի հիշատակվում) ու խոսքի արանքում ասել, որ աշխատանքներ են տարվում համահայկական երգչախումբ ստեղծելու ուղղությամբ ու ինչպես նախորդ դեպքում, դարձյալ նշանակետ ու ոգեշնչման գաղափար է ընտրված ապրիլի 24-ը: Ստացվում է, որ Արմեն Ամիրյանի գլխում միայն համահայկական մասշտաբի բաներ են, ու դրանց ստեղծումը բացառապես ապրիլի 24-ի հետ է կապված: Մեր մեջ ասած՝ էլի բան է, սակայն մերօրյա սույն Փանջունու տարբերակում (ի դեպ, հանրապետական կուսակցության անդամ է դարձել նախարար ընտրվելուց հետո, որովհետև քանի դեռ այդ պորտֆելին չէր տիրապետում, չէր կարողանում հաղորդակից լինել նժդեհյան գաղափարախոսությանը) շատ ավելի շահավետ կլինի հետևյալ խորհուրդը՝ արի քարը փեշիցդ թափիր ու վարվիր ճիշտ այնպես, ինչպես վարվեցիր նախարար նշանակվելուդ առաջին օրը: Այսինքն՝ մտիր առաջին իսկ պատահած ծաղկի սրահ, գնիր մի լավ ծաղկեփունջ, գնա տուն, ու երբ դռան զանգից հետո ոչ թե դռան շխկոցը դեմքիդ, այլ սեփական կնոջդ թրթիռը գրկումդ զգալու բախտն ունեցար, աղջիկ ժամանակներիդ պես համբուրիր նրա աջ այտն ու ասա, որ հայկական մշակույթին ծառայելը քո իմացածից չափից ավելի ծանր հասկացություն դուրս եկավ, որքան հերթապահ, նույնքան անդեմ ժպիտից բացի նաև գոնե մի քիչ գիտելիք պահանջող, ինչը քո աքիլլեսյան գարշապարն էր: Մի վախեցիր, մինչ կինդ համացանցից փորձի պարզել, որ աքիլլեսյան գարշապարը ֆրանսիական օծանելիքի անվանում չէ, կհասցնես տեղավորվել տան անկյուններից մեկում. ինչ` ինչ, տեղավորվելու գաղտնիքին դու ի ծնե ես տիրապետում:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 6028

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ