Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թրամփը միտքը փոխեց

Թրամփը միտքը փոխեց
06.04.2018 | 01:35

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զորքերը Սիրիայից անհապաղ դուրս չի բերի, չնայած անցած շաբաթվա հայտարարությանը, որ հեռանում է Սիրիայից: Խորհրդականները նրան համոզեցին որոշումը փոխել` փաստարկելով, որ եթե ԻՊ էքստրեմիստական խմբավորումը չզսպվի, կարող է ուժերը վերախմբավորել ու ակտիվանալ նորից: Չորեքշաբթի Սպիտակ տանը հայտարարեցին, որ Սիրիայում ԱՄՆ ռազմական ներկայությունը շուտով կավարտվի` առանց նշելու զորքերի դուրսբերման կոնկրետ ժամկետներ: Հայտարարությունը նշում էր, որ ԻՊ խմբավորումը համարյա լրիվ ջախջախված է և ԱՄՆ-ը կխորհրդակցի դաշնակիցների հետ հետագա գործողությունների վերաբերյալ:


NBC հեռուստաալիքին չորեքշաբթի Սպիտակ տան անանուն աշխատակիցն ասել էր, որ երեքշաբի օրը նիստից հետո Թրամփը համաձայնեց զորքերը թողնել Սիրիայում անորոշ ժամանակով ու այնքան էլ ուրախ չէր այդ որոշումից: ԱՄՆ-ը Սիրիայում ունի 2000 զինվորական: ԻՊ-ի դեմ պայքարում նրանք աջակցում են ժողովրդական ինքնապաշտպանության քրդական ջոկատների ալյանսին ու արաբ ընդդիմության ուժերին, որ հայտնի են իբրև Սիրիայի դեմոկրատական ուժեր: Վերջին 3 տարիներին ԱՄՆ ռազմաօդային ուժերի աջակցությամբ Սիրիայի դեմոկրատական ուժերը ԻՊ-ից ազատագրել են մի քանի տասնյակ հազար քառակուսի կիլոմետր տարածք:


Չորեքշաբթի օրը Թուրքիան, Իրանն ու Ռուսաստանը Վլադիմիր Պուտինի, Ռեջեփ Էրդողանի ու Հասան Ռոհանիի Անկարայում հանդիպումից հետո պայմանավորվեցին Սիրիայի կայունացումն արագացնելու ջանքեր գործադրել: Երեք երկրներն էլ կոնֆլիկտում նշանակալից դեր են խաղում, թեպետ տարբեր դիրքորոշումներ ունեն` Ռուսաստանն ու Իրանը աջակցում են նախագահ Բաշար Ասադին, Թուրքիան` ընդդիմությանը: Բայց նրանց միավորում են Վաշինգտոնի նկատմամբ անբարյացակամությունը և վստահությունը, որ Սիրիայի իրավիճակի վերահսկողությունը հիմա իրենց ձեռքում է: Իրանի ԱԳ նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը BBC-ի թղթակցի հետ հարցազրույցում ասել էր, որ ԱՄՆ-ը սխալ որոշում է կայացրել` զորքերը Սիրիա մտցնելով: «Էթնիկ խմբերի հակասությունների վրա խաղալով` ԱՄՆ-ն իր միջամտությամբ բաժանել է սիրիացիներին»` ասել էր Զարիֆը: Ինչու՞ է Թրամփն ուզում հեռանալ Սիրիայից: Անցյալ շաբաթ Օհայոյում շինարարների արհմիության անդամների առաջ ելույթում նա հայտարարեց` դեռ ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքները առաջիկայում կազատագրվեն: «Հիմա այդ մասին թող ուրիշները մտածեն: Շուտով, շատ շուտով մենք կհեռանանք: Մենք կվերադառնանք մեր երկիր, որտեղ և պետք է լինենք»` ասաց Դոնալդ Թրամփը: ԶԼՄ-ները հաղորդեցին, որ նախագահը հրամայել է պետքարտուղարությանը սառեցնել 200 միլիարդ դոլարի օգնությունը, որ Սիրիայի վերականգնման համար հատկացված էր ԱՄՆ նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի որոշումով:


Ինչու՞ են ԱՄՆ զինվորականներն ուզում մնալ: ԱՄՆ ղեկավարությամբ Սիրիայում գործող կոալիցիայի ներկայացուցիչները հաստատում են, որ ԻՊ-ի էքստրեմիստները կորցրել են վերահսկողությունը Սիրիայի ու Իրաքի նախկինում գրաված տարածքի 98 %-ի նկատմամբ, սակայն խմբավորումը վերջնականապես ոչնչացված չէ: ԻՊ-ը դեռ վերահսկում է տարածքները Եփրատի երկայնքով Սիրիայի արևելքում, որովհետև քրդական ջոկատները ստիպված էին հեռանալ հյուսիս-արևմուտք` Աֆրին, որը շրջափակել էին Թուրքիայի աջակցությունն ունեցող աշխարհազորայինները: «Մենք Սիրիայում ենք ԻՊ-ի դեմ կռվելու համար: Մեր առաքելությունն ավարտված չէ և մենք կավարտենք»` ավելի վաղ հայտարարել էր Թրամփի հատուկ ներկայացուցիչ Բրետ Մակգերկը: Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի հրամանատար Ջոզեֆ ՈՒոտելը երեքշաբթի օրը մամլո ասուլիսում ասաց. «Ամենաբարդը, կարծում եմ, դեռ առջևում է` այդ շրջանների կայունացումը, հետ գրավվածի կոնսոլիդացիան, օգնությունը մարդկանց, որ ուզում են իրենց տները վերադառնալ, վերականգնման երկարատև հարցերը և այլ խնդիրներ, որոնցով պետք է զբաղվել»: Հունվարին ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարում էր, որ ԱՄՆ-ը ռազմական ներկայությունը Սիրիայում կպահպանի անորոշ ժամանակով` ապահովելու ԻՊ-ի վերջնական պարտությունը, հակազդելու Իրանի ներգործությանը ու ավարտելու 7-ամյա պատերազմը Սիրիայում: Թիլերսոնն ասում էր, որ ԱՄՆ-ը չի կարող 2011-ի սխալը կրկնել, երբ Իրաքից զորքերի վաղ դուրսբերումը թույլ տվեց «Ալ-Քաիդայի» իրաքյան թևին վերապրել ու ժամանակի մեջ ԻՊ-ի վերածվել:


Պենտագոնը զգուշացնում է, որ Սիրիայից զորքերի ամբողջական դուրսբերումը թողնելու է վտանգավոր վակուում։ Փաստացի դա կլիներ ԱՄՆ-ի վերահսկած տարածքի զիջում նախագահ Բաշար Ասադին ու նրան աջակցող Ռուսաստանին և դավաճանություն ԱՄՆ-ի դաշնակիցներին Սիրիայում: Բացի այդ` Վաշինգտոնը կհրաժարվեր հետպատերազմյան Սիրիայի իրավիճակի վրա ազդելու հնարավորությունից` հաշվի առնելով իր և տարածաշրջանում իր դաշնակիցների շահերը: Այդ քայլը կհակասեր մարտերից ավերված շրջանների իրավիճակի կայունացման ԱՄՆ վարչակարգի ռազմավարությանը, որի համաձայն իրենց տները վերադառնալ ցանկացող մարդկանց աջակցելը կօգնի ԻՊ-ի վերածնունդը կանխել: Այդ տեսակետն ունեն և Պենտագոնը, և պետքարտուղարությունը: Զորքերի դուրսբերումը Իրանին թույլ կտար ընդլայնել իր առանց այդ էլ նշանակալից ազդեցությունը Սիրիայում ու տարածաշրջանում: Դա անհանգստացնում է և Իսրայելին, որ չի ցանկանում թույլ տալ Իրանի բանակի ներկայությունն իր սահմաններին, և Սաուդյան Արաբիային` Իրանի հիմնական տարածաշրջանային հակառակորդին:


Ինչու՞ Թրամփը միտքը փոխեց: Սիրիայից ԱՄՆ-ի զորքերը դուրսբերելու որոշումը նա փոխեց ազգային անվտանգության խորհրդականի ու զինվորականների հետ խոսելուց հետո: Նրա վարչակարգի անանուն աշխատակիցը NBC հեռուստաալիքին ասել է, որ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը Թրամփին տեղեկացրել է, որ Սիրիայում ԱՄՆ զորամիավորումն առանց այդ էլ կրճատվում է, իսկ ամբողջությամբ դուրսբերումը նշանակում է ԱՄՆ-ի ու դաշնակիցների նվաճած տարածքների կորուստ: Թրամփը համաձայնել է հետաձգել զորքերի դուրսբերումը` առանց ժամկետ նշելու, բայց հստակ հասկացրել է, որ դժգոհ է երկարաժամկետ ներկայությունից Սիրիայում: Ավելի ուշ Սպիտակ տունը հայտարարեց, որ ԱՄՆ-ը հավատարիմ է մնում Սիրիայում ԻՊ-ի ոչնչացման գաղափարին և կխորհրդակցի գործընկերների հետ հետագա գործողությունների վերաբերյալ: «Մենք ակնկալում ենք, որ տարածաշրջանի երկրները և տարածաշրջանից դուրս երկրները, նաև ՄԱԿ-ը կձգտեն խաղաղության հաստատման ու ԻՊ-ի վերածննդի կանխման»` ասված է հայտարարության մեջ:
ВВС


Հ.Գ. Փորձառու Սերգեյ Լավրովի սիրտը վկայում էր, որ չի կարող այդքան հրաշալի նվեր ԱՄՆ-ը մատուցել Սիրիային ու Ռուսաստանին, երբ հույս էր հայտնում, որ Դոնալդ Թրամփը միտքը չի փոխի: Իհարկե` փոխեց: «Նախ և առաջ Ամերիկան» կարգախոսի պարտությունը կլիներ, եթե ԱՄՆ նախագահը զորքերը լրիվ դուրս բերեր Սիրիայից ու տարածքները վերադարձներ Բաշար Ասադին` առանց քաղաքական առևտրի: Պատահական չէ, որ հենց ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Վաշինգտոնը հեռանում է Սիրիայից, Փարիզից Մակրոնը հայտարարեց, որ մտնում է Սիրիա: ԱՄՆ-ը չի հեռանա Սիրիայից, երբ ԻՊ-ի վերջին զինվորն էլ սպանվի, որովհետև նրա վերահսկողության տակ են նավթի ու գազի պաշարներով տարածքները, իսկ դա նշանակում է հետպատերազմյան Սիրիայի վրա ազդեցություն և Մերձավոր Արևելքում ԱՄՆ ներկայության ու ներգործության ապահովում: Խոսքը ավելի շատ ապագայի, քան ներկայի մասին է: Եվ Թրամփը ակամա համաձայնելու է իր դիվանագետների ու զինվորականների հետ` ազդեցության լծակները կորցնել չի կարելի` չէ որ ինքն է ասել` նախ և առաջ Ամերիկան:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2529

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ