USD484.72
EUR551.42
RUB7.27
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

«Այն ժողովուրդը, որի վերնախավը կաշառակեր է, ինքնակոչ և հայրենադավ, ոչ թե զոհ է, այլ հանցակից»

«Այն ժողովուրդը, որի վերնախավը կաշառակեր է, ինքնակոչ և հայրենադավ, ոչ թե զոհ է, այլ հանցակից»
06.04.2018 | 06:53

«Իրատեսի» հյուրը լրագրող, հրապարակախոս ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ է: Մեր զրույցն անդրադարձ է նրա «Կռապաշտները» գրքին, որը մեր ժամանակին ուղղված հայացք է՝ ներառած անցյալի ու ապագայի ընթացքները:

«ԹԵՎԱՎՈՐ ՄՏՔԵՐ, ԱՍՈՒՅԹՆԵՐ ՄԵՋԲԵՐԵԼԻՍ ԻՆՁ ԹՎՈՒՄ ԷՐ` ԴՐԱՆՔ ԵՍ ՊԻՏԻ ԱՍԵԻ, ՍԱԿԱՅՆ ԻՆՁՆԻՑ ԱՌԱՋ ՈՒՐԻՇՆ Է ԱՍԵԼ»


-Պարոն Հարությունյան, Ձեր գիրքը նվիրել եք Լևոն Խեչոյանին: Իր վերջին գրքով նա նորովի մեկնեց հայ էպոսը՝ գլխավոր խորհրդանիշ համարելով Փոքր Մհերին: Դուք և՞ս այդպես եք մտածում:
-Խորհրդապաշտությունը և կռապաշտությունը կրոնափիլիսոփայական կատեգորիաներ են և համարվում են անձի, ազգի, հանրության (ժողովրդի) ինքնարտահայտման, ինքնիրացման կարողության ձևերից մեկը: Ագռավաքարը, որտեղ փակվել էր Փոքր Մհերը, մեր ժողովրդի ինքնարտահայտումն իրականացնելու խորհրդանիշն է: Լևոն Խեչոյանն ինձ հարազատ է ոչ միայն մեր երկար տարիների մտերմությամբ, այլև նույն հողից, ավելի ստույգ՝ նույն ընդերքից սերված լինելու կանխադրույթով: Ինձ միշտ թվացել է, որ մենք սնվում ենք ոչ միայն մեր գլխավերևում գտնվող տիեզերական, այլև ընդերքի ուժերից:
Էպոսը ժողովրդական բանահյուսություն է, ժողովրդական կենսափիլիսոփայություն, որը պատվերով, ժամանակակից բառապաշարով ասած, ֆինանսական բիզնես պլաններով և ներդրումներով չի ստեղծվում: Լևոն Խեչոյանը կարողացավ իր կյանքը, տաղանդը, բնատուր օժտվածությունը ներդնել` մեր էպոսի փիլիսոփայությունը գրական կոթողի վերածելով:
-Ձեր գրքում բազմաթիվ մեջբերումներ կան հայտնի մեծերից: Բոլորն են լուրջ քննության և մեկնաբանության արժանի, սակայն կցանկանայի դրանցից առանձնացնել Բիսմարկի խոսքը. «Վատ օրենքներով, բայց լավ չինովնիկներով երկիր կառավարելը հնարավոր է: Իսկ եթե չինովնիկներն են վատ, այդտեղ անզոր են անգամ լավ օրենքները»: Եթե մեր երկիրն ու նրա ղեկավարներին դիտարկենք այս ասույթի լույսի ներքո, ի՞նչ պատկեր կստացվի:
-Իմ գրքի հերոսներից մեկը հաճախ է մեջբերումներ կատարում հայտնի մեծերից: Չորքոտանի, հետո երկոտանի homo erectus մարդ արարածը հասել է homo sapiens-ի կատարելության այս աստիճանին՝ շնորհիվ իր նախորդների կենսափորձի, իմաստուն մտքերի և ասույթների: Պետք է օգտվել այդ ասույթներից, սակայն ոչ նմանակելու, էպիգոնի նման կրկնելու թութակախոսությամբ: Ես այդ մեջբերումներն ինքնանպատակ չեմ արել, այլ իրականության գույները խտացնելու ու թանձրացնելու:
Կարդալով իմ գրքի գլխագիրը` ընթերցողները հաճախ զգուշորեն հարցնում են. «Էդ կռապաշտները մեր վերնախավի մարդիկ են, չէ՞, հերիք չէ՞ էս ժողովուրդը զոհ գնա դրանց»: Ես նրանց պատասխանում եմ. «Այն ժողովուրդը, որի վերնախավը կաշառակեր է, ինքնակոչ և հայրենադավ, ոչ թե զոհ է, այլ հանցակից»: Սովորաբար դրանից հետո զրուցակիցներս, լյուստրացիայի ենթարկվելով, ներկայանում են որպես ընդդիմություն, որին հետևում է իմ այս խոսքը. «Իշխանությունն ու ընդդիմությունը նման են տակաշորերի, երկուսն էլ ենթակա են փոխվելու՝ նույն պատճառով»: Նրանք շարունակում են. «Ի՞նչ կարող ենք անել, մեզ ստրակացրել են, ա՛յ, եթե մենք գանք իշխանության…»: Ես նրանց ասում եմ. «Իշխանության եկած ստրուկներն ընդօրինակում են իրենց տիրոջը, զբաղեցնելով նրա տեղը` նրանք չեն առաջարկում ոչ մի այլ բան, քան իրենց տերը»: Այսպիսի ասույթներով կարելի է երկար շարունակել՝ վեճի մեջ մտցնելով մեր սրտերն ու գլուխները: Սակայն այդ վեճի ելքը որոշում են ստամոքսները:
Իմ գրքում դրության կոմիզմի այսպիսի օրինակների հաճախ կհանդիպեք: Թևավոր մտքեր, ասույթներ մեջբերելիս ինձ թվում էր` դրանք ես պիտի ասեի, սակայն ինձնից առաջ ուրիշն է ասել: Պարկեշտությունը, իհարկե, պահանջում էր նշել դրանց հեղինակների անունները, և ես նշել եմ: Սակայն դրանք ես իմն եմ համարում, կուզենայի, որ իմ ընթերցողն էլ իրենը համարեր: Օրինակ՝ շատ կուզենայի, որ ուժ և իշխանություն ունեցողներն էլ իրենցը համարեին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այս խոսքերը. «ՈՒժն ու իշխանությունը պետք է լինեն մեղմ ու խոնարհ, այլապես ոչնչացնելու են ամեն ինչ, և իրենք են ոչնչանալու»:
Դուք հիշատակեցիք գերմանական կայսրության «երկաթյա» կանցլեր Բիսմարկի խոսքերը: Նրա խոսքի ուժը պարզության մեջ էր: Մեր օրերի առաջնորդների խոսքը անպայման պիտի մանվածապատ լինի, որ ամեն մեկին հասկանալի չդառնա:
Թևավոր խոսքեր ունեն նաև թուրքերը, իսկ հայերն ասում են. «Թուրքն անիծված է, խոսքը՝ օրհնված»: Օրինակ՝ թուրքն ասում է. «Կերակրիր ագռավներին, որ աչքերդ հանեն»: Հիմա այս ասույթը մեկնաբանենք մեր օրինակի վրա: Ըստ դիցարանի՝ հայերն ունեցել են 22 աստված: Հիմա հայերս ճիշտ այդքան նախարարություն ունենք (նախարարի պորտֆելով կոմիտեները ներառյալ): Ծանոթանանք մեր աղքատ երկրի նախարարների հայտարարագրերին, ապա տեսնենք նրանց դղյակներն ու տաճարները, կհասկանանք, որ դրանք մեր հեթանոս աստվածների նախանձն անգամ կշարժեին: ԱՄՆ-ի նման հզոր երկիրն ունի 15 նախարարություն, Ճապոնիայում եթե իշխող կուսակցության օրոք նախարարությունների թիվը գերազանցում է 14-ը, վե՛րջ, այն կորցնում է իր շանսը՝ կրկին իշխանության գալու: Իսկ մեր երկրու՞մ: Ահա այստեղ է հնչում թուրքի խոսքը՝ «Կերակրիր ագռավներին, որ աչքերդ հանեն»:

«ՆԵՐԾԾՎԱԾ ՍՊՈՒՆԳԻ ՎՐԱՅՈՎ ԵԹԵ ԱՆԳԱՄ ԾՈՎՆ ԱՆՑԿԱՑՆԵՍ, ՄԻԵՎՆՈՒՅՆ Է,
ՈՉ ՄԻ ԿԱԹԻԼ ՉԻ ՆԵՐԾԾԻ»


-Իմաստուններից արված մեջբերումներին զուգահեռ՝ գրքում վկայակոչում եք նաև մերօրյա ղեկավարների՝ աբսուրդի հասնող «իմաստնությունները» (Պուտին, ՀՀ վարչապետ, ԱԺ նախագահ): Կա՞ն մերօրյա ղեկավարների մեջ այնպիսիք (Հայաստանում և արտերկրում), որոնց խոսքը կարող եք վկայակոչել՝ առանց ունենալու տարակուսանքի, զավեշտի, անգամ տագնապի զգացողություն:
-Այո՛, իմ գրքում հիշատակված են Պուտինը, նախկին և ներկա վարչապետները, ԱԺ և երկրի երեք նախագահները: Սա ես մեղսագործություն չեմ համարում, նրանք հանրային դեմքեր են, մենք մշտապես նրանց պիտի պահենք մեր դիտակետում: Եթե նրանք համարձակվել են դառնալ առաջնորդներ, Աստված նրանց ուժ ու կորով թող տա, իրենց ուսերին կրում են փառապաշտական, երբեմն նաև բարեպաշտական այդ ծանրությունը, թող պատրաստ լինեին նաև կրելու հանդիմանանքները, անգամ անարգանքները: Ֆրանսիական «Ֆիգարո» հեղինակավոր թերթի ճակատին գրված են Բոմարշեի հետևյալ խոսքերը. «Առանց դատափետելու ազատության չեն լինում հաճելի գովասանքներ»: Սակայն այստեղ կա մեկ ուրիշ վտանգ կամ, ինչպես նշեցիք, տարակուսանքի, զավեշտի, անգամ տագնապի զգացողություն: Նրանք շատ շուտով ձեռք են բերում իմունիտետ, և ինչքան էլ փնովենք, անիծենք կամ նզովենք, նրանց վրա դրանք չեն ազդում. ներծծված սպունգի վրայով եթե անգամ ծովն անցկացնես, միևնույն է, ոչ մի կաթիլ չի ներծծի: Իմ գրքում փորձել եմ նորահայտ օքսիտոցին հորմոնի մասին այլաբանական պատումով կանխատեսել սպասվող գալիք օրերի փորձությունները:
Իմ գրքում կարմիր թելի նման անցնում է (կարմիր թելը կոմունիստների ժամանակներից եմ ժառանգել) այն միտքը, որ խորհրդային զավեշտապատում հիշեցնող ընտրություններից հետո շատ էինք ցանկանում ընտրել կառավարիչներ մեր սրտի ուզածին համապատասխան, մինչդեռ ի՞նչ ստացվեց: Ընտրվեցին ոչ թե նրանք, ում ցանկացել էինք, այլ, շեշտում եմ, ավելի շատ ծայրահեղ սահմանափակ դիլետանտներ՝ ուռճացված հավակնություններով, ցածրագույն տեսակի մտավոր սուրոգատներ (շեշտված բառերը իմը չեն, Ադոլֆ Հիտլերի բնութագրումներն են):
-Տրագիկոմիկական մի պատմություն ունեք, որի գլխավոր հերոսը հեքիմ-մարգարե «սուրբ» Ժորան է: Զուգահեռներ եք տարել նրա և ընտրությունների ելքը կանխագուշակող այսօրվա սոցիոլոգների միջև: Սրանցից ո՞րն է ավելի վտանգավոր՝ տգետ «սու՞րբը», թե՞ ուսյալ սոցիոլոգը:
-Անխոս, ուսյալ սրիկան ավելի վտանգավոր է, քան անուսը: Ստալինը կարծում էր, որ սոցիոլոգիան կեղծ գիտություն է: Նա իր ներքին զգայարաններով զգում էր, որ իսկական, իրատես սոցիոլոգիան վտանգավոր գիտություն է, այն վաղ թե ուշ բացահայտելու է իր էությունը, և արգելում էր: Ժամանակակից սոցիոլոգիան աշխարհ կառավարող գիտություն է: Սակայն նորից մեջբերում անեմ, այս անգամ Գյոթեից. «Չկա այնպիսի հիմարություն, որ հնարավոր չլինի ուղղել խելքի միջոցով, և չկա այնպիսի իմաստություն, որ հնարավոր չլինի փչացնել հիմարության օգնությամբ»: Մեր երկրի սոցիոլոգիայի պարագայում առայժմ այս երկուսը մեկում են:

«ՄԵՐ ԵՐԿՐԻ ՏԵՍԱՊԱՏԿԵՐՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ STOP KADR»


-Գիրքն առավել կենդանի, խոսուն են դարձրել նկարները: Հատկապես ուշագրավ է Գեորգի Յարալյանի ծաղրանկարը՝ «Իջեք ներքև, խոսենք» էսսեի համապատկերում, որ ավարտում եք այն մտքով, թե մեր կյանքում ոչինչ և ոչ ոք չի փոխվել: Նույն մտայնությունն է նաև հայ անվանի քանդակագործ, նկարիչ Նիկողայոս Նիկողոսյանի մասին պատմող էսսեում. թեև վաղուց չկան ԽՍՀՄ-ն ու ՊԱԿ-ը, բայց շարունակում է ապրել դրանց ներշնչած երբեմնի վախը: Այս վիճակից ելք կա՞:
-Ճիշտ եք նկատել: Ես նաև հեռուստաասպարեզի մարդ եմ, իմ գրքում այդ մասին դիտարկումներ, դատողություններ և խոհեր կան: Գուցե մասնագիտական աշխատանքից է գալիս իմ այն զգացողությունը, որ երբեմն ինձ թվում է, թե մեր երկրի տեսապատկերում տեղի է ունեցել STOP KADR, երկրի շարժապատկերը նույն տեղում է մնացել, առաջ չի գնում: Այն, որ քանդվում են հին շենքերը, նույնիսկ ոչ հին, սակայն քաղաքի հպարտություն համարվող «կուկուռուզ» կոչված շինությունը դառնում է «ադիբուդի» կամ «Զվարթնոց» օդանավակայանի շենքը դրանց հեղինակների համար կարող է դառնալ ողբանոց, երբեք էլ չի նշանակում, թե մեր երկրի պատկերը շարժվում է, առաջ է գնում: Տագնապալին այն է, որ մարդկանց մտապատկերի մեջ շարժը չի նկատվում: ՊԱԿ-ի մոնստրը նստած է մեր մեջ, չնայած անվանափոխված է ազգային անվտանգությամբ, սակայն մարդկանց թվում է, թե այն ծառայում է ոչ թե ազգին, այլ միայն Բաղրամյան 26-ին:
Ելք կա, իհարկե: Մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, հավատում ենք քրիստոնեական վարդապետությանը: Ավետարանում գրված է «Ամենայն չարիք մտանեն ի միտս մարդու յանուսունութենե»: Պետք է մարդկանց հանել անուսունությունից, խավարամտությունից, մարտնչող տգիտությունից և լռելյայն հանդուրժողականությունից:
Վերջերս երկրի նոր նախագահի թեկնածուի հեռուստատեսային մի հարցազրույցի ժամանակ արտահայտած միտքը շատերի հավանությանն արժանացավ: Նա ասաց, որ պետք է սովորենք հարցերը լուծել ցիվիլ (քաղաքակիրթ) ձևով: Համաձայնելով նրա հետ՝ ցանկանում եմ ավելացնել, որ մենք ոչ թե պիտի սովորենք քաղաքակրթություն, այլ հիշենք, որ եղել ենք աշխարհի քաղաքակրթության հիմնադիրը: Դա աշխարհին (գիտնականներին) հայտնի է, ընդունում են արդեն, իսկ մենք՝ հայերս, կարծես, չենք ուզում ընդունել: Չենք ընդունում, որովհետև մեր անցած ճանապարհի ընթացքում ոչ միայն կորցրել ենք մեր առաքելությունը, այլև պատմական մեր հիշողությունը:
«Ցիվիլ»-ի տարբեր ընկալումներ ունեն իշխողներն ու չիշխողները: Բրիտանիայից եկած նոր նախագահը կարող էր օգտագործել նույն այդ երկրի պատմագետի խոսքերը. «Հայերը որքան հպարտանալու բաներ կունենային, եթե իմանային իրենց իրական պատմությունը: Սակայն, ցավոք, նրանք չգիտեն այն»: Կարծում եմ, հուսաբեկված, նսեմացած ժողովրդի ոգին վեհացնելու, վսեմացնելու արդյունք կունենար: Այդպես են խոսել մեծ զորավարները մարտերից առաջ: Հուսանք, նոր նախագահը դեռ իր խոսքն ասելու է:
-Բազում արծարծումներից, տարաբնույթ պատումներից հետո Ձեր գիրքն ավարտում եք այլմոլորակայինների հայտնությամբ: Այսմոլորակայիններից անդառնալիորեն կտրե՞լ եք Ձեր հույսը:
-Հնում աստվածները իջնում էին երկնքից, նրանց նստավայրը, ըստ հնդկական, պարսկական, եգիպտական աղբյուրների, եղել է Մասիս (Մաշու) սարը: Ահա թե ինչու չի բացառվում, որ օրերից մի օր հանդիպելու ենք այլմոլորակայինների, որոնք, ի տարբերություն մերմոլորակայինների, մարդացած աստվածներ են: Նրանք պետք է որ ապրելիս լինեն կատարյալ ազատության մեջ, իսկ ազատախոհ մարդու վսեմը չի կարող դառնալ նսեմ, աննկունը՝ նկուն, խելամիտը՝ խենթ, հրեշտակը՝ հրեշ: Ինձ թվում է՝ չբացահայտված այլմոլորակայիններ կան նաև մեր մեջ, որոնք մեզ տանում են դեպի Մարդ-Աստված դառնալու նոր ուղեծիր:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3198

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao