Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Զուգահեռ պետության հակաապտակը

Զուգահեռ պետության հակաապտակը
06.04.2018 | 06:56

ՆԱԽԵՐԳ


Կանաչ զորահավաք է, բազմագույն զինաթափում, ապրիլ ամիսն է, անտառը տերևակալում-հանդերձավորվում է, կանայք խանդավառվում-զինաթափվում են, այսինքն` հագուստները մինչև գալիք ձմեռնամուտ ի պահ են հանձնում զգեստապահարանին։ Ապրիլ ամիսն է, ուրիշ ոչինչ...

Դարակազմիկ էր ներկա նախագահ և գալիք վարչապետ Սերժ Սարգսյանի շրջաբերականն ի լուր հայ հանրության և համայն հայության, սակայն հնչած ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովում։ 28-ը մարտի, 2018 թվական։ Մի պատվական գիտնական դղրդացրեց տաճարը գիտության` ուղերձ հղելով բարձր ատյանին. «Փող է պետք»։ Նախագահն ամենևին չվարանեց, իսկույն ևեթ քարագրեց ՀՀ-ի և հայ գիտության, ինչպես նաև մշակույթի ու արվեստի դիմակայության և՛ երեսը, և՛ դարձերեսը։ Ահավասիկ բորբ երեսը. «Մեր ժողովուրդը միշտ ակնածանք է ունեցել գիտության բնագավառի նկատմամբ, և գիտությունը ՀՀ-ում միշտ պահանջված է»։ Ահա նաև դալուկ ու հեզ դարձերեսը. «Մեր ճակատագիրը դեռևս տևական ժամանակ այդպիսին է լինելու` փոքր հնարավորություններով մենք լուրջ խնդիրներ պետք է լուծենք»։


Սա, անշուշտ, շատ ավելի հայեցի է, քան ահռելի հնարավորություններով մանր-մունր խնդիրներ հաղթահարելը, ինչով տևական ժամանակ ժրաջան և ժպտաբերան զբաղվում են և՛ երեսփոխանները, և՛ կառավարիչները, և՛ դատավորները, և՛ գրպանահատները, և՛ գեներալները, և՛ օլիգարխները, և, ի վերջո` ընդդիմությունը (ականջդ երկա՜ր ու զրնգուն թող որ կանչի, քաղաքական անպտուղ քայլքի ասպետ Րաֆֆու հոգեորդի, քայլարշավորդ Նիկոլ)։

ՀԱԿԱԱՊՏԱԿՆԵՐԻ ՏԵՂԱՏԱՐԱՓ


Այժմ ՀՀ իշխանացն ու կառավարիչներին առաջարկում ենք հոտնկայս հետևել զուգահեռ պետության կայացմանը և փորձել կռահել, թե, այնուամենայնիվ, ո՞րն է նրանց անելիքը։ Առայժմ, տիարք և տիկնայք անմեղ մեղավորներ, հոտնկայս վիճակում պարբերաբար պատիվ բռնեք և լուռ հետևեք աննախադեպ այս գործընթացին։ (Չէ՞ որ այն դառնալու է ձեր բազում զանցանքների քավությունը)։ Ժամանակ առ ժամանակ դուք կարող եք զարմանքից մտովի կակազել, հիացմունքից կարող եք մնջանալ, դեպքից դեպք էլ կարող եք ծափահարել։
Այսպիսով միաբանվում ենք և փոքր հնարավորությունների մեկտեղմամբ կառուցում մեր զուգահեռ գանգրահեր պետությունը։ (Ականջդ թող որ երկա՜ր ու զրնգուն կանչի, Երկիր Նաիրի հայկյան պետության կնքահայր, հրաշունչ հանճար Չարենց Եղիշե)։

Նախ կյանքի ենք կոչում մարտաշունչ երեսփոխան և անզուգական երգչուհի Շուշան Պետրոսյանի առաջարկը` 1-ական տուֆաքարով ամրացնելու երկրի սահմանները։ Ցավոք, գավառամիտները ոտնահարեցին գաղափարը, պահանջելով, որ գեներալիտետը վաճառի առանձնատներն ու ոսկե լոգարանները և հավաքված գումարով կառուցի սահմանային խիստ անհրաժեշտ պատ-պարիսպը։ Միայն թե գավառամիտ տիարք ու տիկնայք զլացան և չհուշեցին, թե այդ ինչու և ինչպես զինվորական բարձրագույն դասը պետք է կամովին հրաժարվի յուր կայքից և գույքից։ Չկասկածեք, երբևէ չի հրաժարվի, գոնե այս հեղհեղուկ օրերին։ (Եթե, այնուամենայնիվ, ոմանք քաջատեղյակ են, թե այդ ինչպես գեներալիտետին կարելի է ունեզրկել, ապա թող անհապաղ ներկայացնեն նշյալ գործընթացի ճանապարհային քարտեզը)։ Միով բանիվ, յուրաքանչյուրս մեր տուֆաքարերն ենք հավաքում, ավազ ու ցեմենտ ենք հայթայթում և ճանապարհվում ենք ուղիղ դեպի սահմանային ուղեկալներ։
(Անգին ու արթնամիտ իմ ընթերցողներ, զուգահեռ հայկյան պետություն կառուցելու առաջարկս պատմաքաղաքական է, զի եթե մենք քայլ առ քայլ չկառուցենք մեր երկիր-պետությունը, ապա, հավատացեք, որ այն մի քառորդ դար ու մի բան էլ ավելի լուծարողներն աչքն անգամ չեն թարթի, երբ Հայաստանը վերածվի Սոմալի երկրի)։

Տարեվերջին` դեկտեմբերի 7-ին, Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցն է։ Կումայրի-Գյումրին է աղետի թանգարանը բաց երկնքի տակ, և յուր 2400 վագոն-տնակներով դիմավորելու է տարելիցը։ Իշխանակառավարական վերնադասի մտասևեռումներն առ խաս քաղաքի ամոթալի այս վերքն այլաբանական են, գուցե թե ողբերգազավեշտական, զի նշյալ վերնադասը 7-ին դեկտեմբերի քաղաքի և երկրի պատմությանն է հանձնելու ի պահ... վերականգնված Ռուսթավելու և Շիրազի փողոցները, «Կումայրի» պատմամշակութային արգելոցի զբոսաշրջային գլխավոր խայծը։ Հավանաբար (ինչու՞ հավանաբար, եթե ոչ վստահաբար) քաղաքի տնակային ավանները նույնպես յուրօրինակ զբոսաշրջանային խայծ են, համաձայն տարելիցն ու շնորհանդեսը միմյանց հետ մշտապես շփոթող կառավարության։
Հետևաբար հայրաքաղաքի վերականգնումը ՀՀ արթնամիտ քաղաքացիներիս հոգու պարտքն է, և ահա թե ինչ ենք առաջարկում։ ՀՀ-ում նախաձեռնել և կյանքի կոչել հոգեշահ և կառուցողական սույն ծրագիրը, ահա այս նշանաբանի ներքո. «Մեր վաստակի տասանորդով վերականգնենք Կումայրի-Գյումրին»։


Գալիք ամիսներին իշխանակառավարական վերնադասը, սկսած ՀՀ վարչապետից, ՀՀ նախագահից ու խորհրդարանի նախագահից և վերջացրած ամենափոքր քաղաքի քաղաքագլխով, պարտավոր է աշխատավարձի 10 տոկոս-տասանորդը նվիրաբերել հայրաքաղաքի վերքի բուժմանը։ Եթե հաշվենք, որ իշխանակառավարական վերնախավում անդամագրված են 105 պատգամավոր, անհամար նախարարներ, փոխնախարարներ, գլխադասային տեսուչներ և այլք, եթե չանտեսենք գեներալներին ու գնդապետներին, դատաիրավական համակարգի անկաշառ ծառաներին, բնավ չմոռանանք զանազան անդեմ հանձնաժողովների անդամներին, չարհամարհենք մայրաքաղաքի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավար կազմին, ապա 10 հազար նվիրյալ իշխանազարմ հայորդիք տասանորդի հատկացմամբ յուրաքանչյուր ամիս ի մի կբերեն ճիշտ և ճիշտ 1 մլն դոլար։ Ընդամենը 10 հազար դոլարով կարելի է կառուցել հարմար մի տուն և այնտեղ բնակեցնել անհուսության ճիրաններում հայտնված մեկ պատվարժան ընտանիք։ Եթե ծրագիրն այս աշխարհացունց մեկնարկի մայիս հաղթական ամսին, ապա գալիք 7 ամիսներին կկառուցվի նաև 170 գեղակերտ և կումայրիաբույր հնգահարկ և սև ու կարմիր սրբատաշ տուֆաքարով զուգված շենք։


Միով բանիվ ազգապետական հակաապտակների տեղատարափով կառուցենք մեր ընդհանուր զուգահեռ պետությունը։ Մենք` տուֆաքարեր հավաքելով, իշխանադասը` Գյումրին վերակառուցելով։

ՕԼԻԳԱՐԽԸ ՏԱՃԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ


Տաճարը հայ արդի մշակույթն է, գիտությունն է և արվեստն է։ Այս հիմքով էլ գլխատառվում է։ Ճանապարհին կանդրադառնանք մի փոքր անց։ Այժմ վայելենք գյումրիածնունդ անկրկնելի գրող Հովհաննես Գրիգորյանի «Կգա օրը» նովել-ստիխը.
Եվ հին սերը կարող է
ծաղկել հանկարծ
կակտուսի նման։
Հին նկարը կարող է
խոսել քեզ հետ
հասկանալի լեզվով։
Եվ ջահել մայրը կարող է
բացել դուռը
ծերացած որդու առաջ...
Օրը եկել ու չոքել է մեր տան շեմին։ Հայ գիտությունն ու արվեստը Հայաստանի իշխանության աչքի փուշն են, զավակն են ընկեցիկ, այն հրեղեն երիվարն են, որին կերակրում են օրումեջ, բայց նրա գավակին բարձում են ահռելի բեռ և ցերեկը, և գիշերը։ Այնուամենայնիվ, նորհայկական մշակույթը (գիտությունը և արվեստը) փոթորկվող ծովում տարուբերվող հայոց երկրի մայրն է ջահել, իսկ ծեր որդին, արտաքնապես հաղթահասակ և խիստ պարարտ, բայց ներքնապես կորաքամակ և վախվորած օլիգարխն է։

Կանաչ լույսը շողակաթվում է խաչմերուկում և օլիգարխին հրապուրում-հրավիրում է նախ` ապաշխարության, այնուհետև` բարոյական ողջակիզման։ Օլիգարխի ճանապարհը դեպի Տաճար անցնում է հաճախ պետական բյուջեն բազմակի գերազանցող սեփական կապիտալի ազնվացմամբ, ներդրումներ կատարելով գիտության և արվեստի բնագավառներում։ Հաճախ ակադեմիական գյուտերն ու հայտնագործությունները համապատասխան գիտական սարքի բացակայության պատճառով անհետ կորչում են։ Քաղաքակիրթ աշխարհի մեծահարուստները վաղու՜ց, շա՜տ վաղուց ներդրումներ են կատարում գիտության և արվեստի բնագավառներում և շահում են մեծապես։ «Իրատեսի» հեղինակ, պատվավոր գիտնական այր Ստյոպա Խոյեցյանի ստեղծած տեխնոլոգիան և մեքենան, որը կիրառելիս բազմապատկում է արոտի բերքը, կասեցնում է երաշտը, տարածքային հրդեհները, մաշվում, դառնում է թանգարանային նմուշ և տեսանելի ապագայում կհայտնվի մեր պատմության դասագրքում։ (Քանի՜-քանի նման մեքենաներ են անհետացել կառավարության վարչական մսաղացներում, որոնք մտքաղաց են, ուրիշ ոչինչ)։ Քաղաքակիրթ աշխարհի մեծահարուստները կերպարվեստի նշանավոր հավաքորդներ են, իսկ նշյալ հավաքածուները և՛ կերպարվեստի զարգացման շարժիչ ուժն են, և՛ հսկայական ազնվական կապիտալ։ Հողմաղացը հիշեցնում է ներկա արմենոիդ օլիգարխներին, որ համաշխարհային պատմության էջերում ամրագրվել են միայն այն մեծահարուստների անունները, որոնք զբաղվել են հիմնարար մեկենասությամբ։ Կռահեցիք, որ օլիգարխի ճանապարհը դեպի Տաճար հայ գիտության և արվեստի սատարումն է, ուրիշ ոչինչ։

ՎԵՐՋԵՐԳ


Հայ հանրությունը համատեղվում և սահմանի պաշտպանության համար հավաքում է տուֆ ու ցեմենտ։
Հայ իշխանակառավարական շրջանակներն ամսական տասանորդի հավաքմամբ վերջնագրորեն վերականգնում են աղետի գոտին։
Հայ օլիգարխն օրնիբուն ներդրումներ է կատարում գիտության և արվեստի մեջ։ Եվ վերջ, այլ ճանապարհներ` չիք։
Կանաչ զորահավաք է, բազմագույն զինաթափում, ապրիլ ամիսն է...

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 6188

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ