«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Դա մեր վաղն է»

«Դա մեր վաղն է»
06.04.2018 | 07:04

Էդվարդ Միրզոյանի «Տարվա եղանակները» երգաշարի ստեղծման նախապատմությանն անդրադարձել եմ դեռ 1999-ին` «Երկուշաբթի» թերթում, որտեղ մասնավորապես գրել էի, որ ժամանակին Բո Ցզյույ-Իի «Գարուն» բանաստեղծության հիման վրա երգ էի հորինել: Բայց չբավարարվեցի: Հետագայում Է. Միրզոյանին առաջարկեցի երգի վերածել նույն տեքստը. նրա հորինած երգը հաջողությամբ հնչեց ԱՄՆ-ում Գևորգ Հունանյանի կատարմամբ, հեղինակի նվագակցությամբ (1): Շարքի մյուս երգերի մասին գրվեց 2002-ին «Երաժշտական Հայաստան» ամսագրում: Հետագայում կոմպոզիտորը ցանկացավ մի քանի երգ էլ ավելացնել, շարք ստեղծել: Այդ նպատակով վարպետին տվեցի իմ թարգմանած (ռուսերենից) «Ամառ», «Աշուն», «Ձմեռ» չինական բանաստեղծությունները (2, էջ 43-44): Այսօր երաժշտասերներն արդեն վայելում են «Տարվա եղանակները» երգաշարն ամբողջությամբ:


Երգի ժանրում առաջնահերթ խնդիրներից է, թե ինչպես է բանաստեղծությունն արտացոլվում երաժշտության մեջ, ինչպիսի փոխհարաբերությունների մեջ են քերթվածի գաղափարը, բովանդակությունը, ձևը, երգի մեղեդին, նվագակցությունը և այս ամենն ամբողջացնող կառույցը: Այս հարցերի լուծումները տարբեր են: Ըստ Կոմիտասի՝ «Նախ պետք է երգի խոսքերը լեզվական չափի վերածել, ապա հատածների բաժանել, որպեսզի տեքստի և երաժշտության շեշտերն իրար համբուրեն» (3, էջ 146):


Ֆրանց Շուբերտի, ինչպես նաև Յոհաննես Բրամսի համար կարևորը գեղեցիկ և արտահայտիչ մեղեդին էր: Մեղեդի, որն արտացոլում է բանաստեղծության ընդհանուր գաղափարը, տրամադրությունը, այլ ոչ թե կուրորեն ծառայում է տեքստի յուրաքանչյուր խոսքին, այսպես ասած՝ քմահաճույքին: Իսկ Հուգո Վոլֆը գերադասում էր մեղեդու ասերգային սկզբունքը, ինչպես Ալեքսանդր Դարգոմիժսկին, որն ասում էր. «ՈՒզում եմ, որ հնչյունն ուղղակի արտահայտի խոսքը» (4, էջ 150): Նույնը և Մոդեստ Մուսորգսկին, որի խնդիրը ռեչիտատիվի մարմնավորումն էր մեղեդիում (5, էջ 839): Հաճախ նույն կոմպոզիտորը, ելնելով կոնկրետ իրավիճակից, կիրառում է թե՛ մեկ, թե՛ մյուս մոտեցումը կամ միահյուսում դրանք: Որքան էլ տարբեր լինեն լուծումները, միևնույն է, որոշիչը կոմպոզիտորի տաղանդն է: Սրա վառ օրինակներից է Շուբերտի «Գրեթխենը ճախարակի մոտ» ողբերգը, որտեղ դաշնամուրի նվագակցության նկարագրողականությունը, այսինքն՝ ճախարակի միալար բզզոցի նմանակումը, օրգանապես միաձուլվում է ցնցող մեղեդուն և նպաստում հերոսուհու ողբերգական հոգեվիճակի դրսևորմանը և ձևի ամբողջացմանը։ Նույն նպատակին է ծառայում ձիու դոփյունի նմանակումը Շուբերտի «Անտառի արքան» բալլադում: Բրամսի «Դարբինը» երգի նվագակցությունը, որ նմանակում է դարբնի մեծ ու փոքր մուրճերի հարվածները, նույնպես լոկ իլյուստրացիա չէ, այլ ուժեղացնում է մեղեդու ազդեցությունը: Նման օրինակները շատ են: Մի նոր խնդիր է ծառանում երգահանի առջև, երբ հարկ է լինում երգի վերածել թարգմանված տեքստը, երբ միևնույն երգում հանդիպում են տարբեր մշակույթներում, քաղաքակրթություններում բյուրեղացած յուրօրինակ խորհրդանիշներ, տարբեր աշխարհայացքներ: Այս առումով հետաքրքրական մի դեպք է վկայակոչում երաժշտագետ Վերա Գալացկայան: Այն կապված է Մ. Գլինկայի «Մարգարիտայի երգի» հետ, որի մասին Ալեքսանդր Սերովը գրել է. «Մարգարիտայի երգը սքանչելի է... Սակայն նրա զուսպ սլավոնական բնույթը տեքստին կատարելապես համահունչ չէ. դա Գյոթեի Գրեթխենը չէ, այլ ավելի շատ Գորիսլավան է` ռուս կին: Գուբերի թարգմանության մեջ Գրեթխենի գերմանական բնավորությունն արդեն իսկ չի ըմբռնված» (6, էջ 167): Ակամա հիշում ես Հովհաննես Թումանյանին, որն «Անուշ» պոեմի ռուսերեն թարգմանության առիթով ասել է, թե Անուշը շեկ է ստացվել: Ինչ վերաբերում է Է. Միրզոյանի «Տարվա եղանակները» երգաշարին, ապա նշենք, որ այն հիմնված է տարբեր ժամանակների չինացի պոետների բանաստեղծությունների վրա:
«Գարուն» քերթվածի հեղինակը Բո Ցզյույ-Ին է (772-846 թթ.): «Ամառը» կերտել է Բո Պուն (13-14-րդ դդ.), «Աշունը»` Լի Բոն (701-762 թթ.), իսկ «Ձմեռը»` Չժան Կեցզյույը (13-14-րդ դդ.): Առաջին բանաստեղծությունը ռուսերենից թարգմանել է Հենրիկ Սևանը, իսկ մնացած երեքը` տողերիս հեղինակը: Ի՞նչ արտահայտչամիջոցներով է կոմպոզիտորը մարմնավորել հիշյալ գողտրիկ բանաստեղծությունները:


Բոլոր չորս ռոմանսների մեղեդիների բնույթը հիմնականում ռեչիտատիվային է, ասերգային: Իսկ դաշնամուրի նվագաբաժնում գերիշխում է ակորդային, հարմոնիկ կերտվածքը: Սա պայմանավորված է, մի կողմից, փոքրիկ բանաստեղծություններում խտացված խոր մտքերով, մյուս կողմից` երաժշտական տարածության նեղ շրջանակներով: Ըստ էության՝ այս քառապատումը միմյանց լրացնող չորս մանրանկարներ են. Կոմիտասը կասեր՝ ձայնանկարներ: 1-ին երգը բաղկացած է 26 տակտից, 2-րդը` ընդամենը 16, 3-րդը` 26, իսկ 4-րդը` 29: Նման պարագայում արդարացված են երաժշտական մտքի շարադրանքի սեղմ, աֆորիստական ոճը, բացականչություններով, հանկարծաբանական պոռթկումներով հագեցած մեղեդին, ակորդային դիպուկ վրձնահարվածները: Այս նեղ տարածքում երաժշտությունն ավելի շատ տեղ ունի զարգանալու դեպի խորքն ակորդային-ուղղահայաց ճանապարհով, քան ծավալվելու պոլիֆոնիկ-հորիզոնական ուղղությամբ: Եվ պատահական չէ, որ այս երգերում հաճախ են հանդիպում մինչև վեց հնչյուն պարունակող ակորդային խիտ ողկույզներ, հատկապես «Ձմեռ» ռոմանսում:


Կոմպոզիտորը հավանաբար նպատակ չուներ չինական տարազով հայկական երաժշտություն մատուցելու, ուստի և ակնհայտորեն չի կիրառել ո՛չ չինական կոչված պենտատոնիկա լադը, ո՛չ էլ չինական երաժշտությանը բնորոշ այլ տարրեր: Երգահանը չի պատկերել լոտոս, այլ փոխանցել է այն, ինչ լսել է ծաղկից։ «Լոտոսն ինչ-որ բան է ուզում ներշնչել, որ հոգիս էլ լցվի մեղմիկ թախիծով»,- այսպես է ասվում Լի Բոյի «Աշուն» երգում:
Այս տարաշխարհիկ բանաստեղծություններում կոմպոզիտորը շեշտադրում է ընդհանուր տրամադրությունը, համամարդկայինը, երկրային կյանքի հպանցիկությունը: Նման խոհերով լի են արևմտաեվրոպացի պոետների երկերը: Օրինակ՝ Շիլլերի խոսքերով գրված Բրամսի «Նենիա» կանտատում ասվում է. «Գեղեցիկը, կատարյալը դատապարտված են մահվան»: Վաղուց են թառամել Լի Բոյի, Բո Պուի տեսած իրական լոտոսները, սակայն դրանք անթառամ մնացին պոեզիայում. դրանց գեղեցկությունն ու բույրը հարատևում են նաև Միրզոյանի երգերում:


«Գարուն» երգի ծերունազարդ հերոսը համակված է երկակի տրամադրությամբ: Անշուշտ, նա ուրախ է, որ ձմռան կապանքներից ազատված բնությունն արթնանում է ու ծաղկում, գարնան շնչից ձյունը հալվում է, սակայն մտահոգված դիմում է բնությանը՝ ասելով. «Բայց անզոր ես դու, գարու՛ն, սիրելի՛ս, որ հալեցնես ձյունը մազերիս»: Որքան էլ հեռու լինի Չինաստանը Հայաստանից, Բո Ցզյույ-Իի ժամանակաշրջանը մեր օրերից, բանաստեղծի և կոմպոզիտորի միջև ընդհանուր բան կա. դա բնության համահունչ ընկալումն է: Վաղուց ի վեր հայ ժողովուրդը վարանումով է դիմավորել գարունը: Այս մասին բազում վկայություններ կան։ Ճիշտ է, ասպատակիչների համար գոյություն չունեն ո՛չ տարվա եղանակ, ո՛չ էլ սահման, սակայն ավելի ցավալի է, երբ մահը Հայաստան էր ներխուժում բնության զարթոնքի պահին։ Ահավասիկ.
«Կանչե, կռու՛նկ, կանչե, քանի գարուն է,
Ղարիբներու սիրտը գունդ-գունդ
արուն է...»։
Եվս մեկ օրինակ՝ Կոմիտասի «Թող բլբուլ չերգե» երգից.
«...Ալ ինչո՞ւ ծաղկե քաղցրահոտ շուշան,
Հայոց Եդեմի դաշտերում աննման...»։
«Ոտնատակ տու՛ր նրանց Եդեմը, Աթիլլա՛». Վյաչեսլավ Իվանովի այս խոսքերը Չարենցի «Աթիլլա» քերթվածի բնաբանն են։


Հիրավի, նույն թափառական ցեղերը բազմիցս ավերել են ոչ միայն երկիր դրախտավայր Հայաստանը, այլև ընդհուպ Չինաստանը։ Ահավասիկ, զարմանալի մի զուգահեռ. «Կշտամբանք վարդին» արձակ բանաստեղծության մեջ Լի Բոն գրել է. «Թաթարական հորդաները վխտում են Գոբիի (անապատի- Դ. Ե.) սահմաններին... Կտեսնվե՞նք արդյոք այն մարդկանց հետ, ում կանչում է պատերազմը։ Ինչու՞ ես բուրում, ո՛վ աշնան վարդ» (7, էջ 266)։ Եվ վերջին օրինակը՝ Հովհաննես Հովհաննիսյանի «Նոր գարուն» բանաստեղծությունից. «Քեզ ըսպասող չըմընաց,/ ՈՒ՞ր ես գալի, ա՛յ գարուն./ Գովքըդ ասող չըմընաց,/ Զուր ես գալի, ա՛յ գարուն.../ Աշուղի բերանը փակ,/ Սազ-քյամանչեն փակի տակ,/ Սիրտն ա էրվում անկրակ/ - ՈՒ՞ր ես գալի, ա՛յ գարուն...»։ Այնուամենայնիվ, մեր պանծալի «աշուղը»՝ գարնան 85 ակնթարթ ապրած Է. Միրզոյանը, լավատեսություն և ուժ գտավ գովերգելու գարունը:


Երգի հեղինակը` իր ապրած կյանքում հաղթանակների սովոր, հավերժի հետ երկխոսության բռնված արարողը, հանկարծ հայտնվում է մահվան որոգայթում ու նայում նրա աչքերին։ Սակայն, հիշելով իր անցյալի լուսավոր պահերը, հաշտվում է անողոք ճակատագրի հետ ու խաղաղվում։ Տեղին է մտաբերել չին բանաստեղծ Դու Ֆուի հետևյալ մանրապատումը. «Երգ է լսվում... Դա աղքատն է։ Եթե նույնիսկ աղքատն է երգում, այդ ծերունին, որ երբեք ոչինչ չի ունեցել, ապա դու ինչու՞ ես հառաչում, դու, որ այդքան հուշերի տիրակալ ես»։ Այդ հուշերն են նաև ստեղծագործողի ուժի աղբյուրը։ Ահա այդ ուժով էլ սկսվում է նրա «Գարուն» երգը` դաշնամուրի գահավիժող հնչյունաբույլերով: Եվ այդ սառույցի պես ճեղքվող դիսոնանսներից ձնծաղկի պես բխում է երգի մեղեդին: Ինչպես դաշնամուրը, այնպես էլ երգը սկսվում են նույն մեծ տերցիա ինտերվալով: Այդ տերցիայի առաջին հնչյունի տևողությունն է 1/16, իսկ երկրորդինը` 3/16: Նման ռիթմիկ դարձվածը հայտնի է որպես լոմբարդյան ռիթմ: Չնայած մինչև լոմբարդյան կոչվելը այս ռիթմը դարուց ի վեր բաբախում է հայոց գարունն ավետող «Կռունկ» երգում: Եվ այս պոռթկումնալից, պաթետիկ մեծ տերցիան ստանձնում է լայտմոտիվի, իսկ ռիթմը` լայտռիթմի դերը: Այն պարբերաբար հնչում է մեղեդու և նվագակցության մեջ որպես փոխկանչ, տարբեր ռեգիստրներում՝ վերընթաց և վարընթաց ուղղություններով: Ընդ որում` ռիթմը մնում է նույնը: Հաճախ փոխվում է ինտերվալը` փոքր սեկունդայից մինչև փոքր նոնա: Իսկ երգը, ինչպես սկսվել էր մեծ տերցիայով, այնպես էլ ավարտվում է, սակայն ոչ թե սոլ-սի, այլ սի-ռե-դիեզ, հնչյուններով և չորս անգամ խոշորացված լոմբարդյան ռիթմով: Տպավորություն է ստեղծվում, որ արձակվում է զսպանակը, վերանում է նախկին ձմեռային կաշկանդվածությունը. «Գարու՛ն, քո շնչից ձյունը հալեց ու գնաց»: Եվ երգն ավարտվում է լուսավոր ու խաղաղ մի-մաժոր տոնայնությամբ:
Առաջին երգում հիշյալ լայտմոտիվը հնչում է 17 անգամ, երկրորդ երգում` մեկ անգամ լայտռիթմի տեսքով, երրորդ երգում այն տեսիլվում է նվագակցության 9-10-րդ տակտերում: Վերջին անգամ այդ սպասված լայտմոտիվը վերհառնում է չորրորդ երգում. երեք անգամ դաշնամուրի նվագաբաժնում: Այսպիսով, լայտմոտիվը կամարակապում է ու միավորում ամբողջ երգաշարը: Այդ լայտմոտիվից բխող պոռթկումնալից թռիչքները, որոնք հիշեցնում են Շոստակովիչի 5-րդ սիմֆոնիայի սկիզբը «Ճեղքող» կոչական ինտոնացիաները, «Գարուն» երգին հաղորդում են ողբերգական երանգ։ Սրանք վերջում խիտ ամպերի պես ցրվում են «գարնան շնչից»։ Իսկ մեծ տերցիա դարակազմիկ ինտերվալը հատուկ խորհուրդ ունի: Այն դարեդար բյուրեղացել է, իմաստավորվել դեռ «Ի կոյս վիմէն» մեղեդուց, Բաղդասար Դպիրի «Ի ննջմանեդ արքայական» երգից, Սայաթ-Նովայի «Դուն էն գլխեն իմաստուն իս» տաղից, Կոմիտասի «Անտունի» երգից, Սպենդիարյանի «Երևանյան էտյուդներից», որտեղ հնչում է «Դուն էն գլխեն» երգի մեղեդին: Մեծ տերցիայով սկսվող Սայաթ-Նովայի այդ երգը սրբալույս մյուռոնի մերանի պես խմորել է նաև Է. Միրզոյանի «Էպիտաֆիան»՝ նվիրված Արամ Խաչատրյանի հիշատակին:


Ահա թե ինչու սովորական թվացող այդ ինտերվալն այդքան ազդեցիկ է նաև չինական ռոմանսների համատեքստում:
«Ամառ» երգը սկսվում է դաշնամուրի սրընթաց նախանվագով: Թվում է, թե հանկարծակի հայտնվեց ծիծեռնակների խաղացկուն մի երամ ու ճռվողելով հեռացավ: Եվ գագաթնակետից սկսվում է մեղեդին. «Արև է, հուր է, ծաղկում է նուռը...»։
Այս երգը բաղկացած է երկու ոլորտից. մեկը բնապատկեր է, մյուսն արտահայտում է շոգից հովանի փնտրող հերոսի տրամադրությունը: Առաջինը ֆորտե է, երկրորդը` պիանո: Մեղեդին դիպուկ կերպով արտացոլում է խոսքերը: Օրինակ՝ «Անշարժ մակույկներ ուռենու տակին» նախադասության բոլոր տասը վանկերը երգվում են միևնույն ռե հնչյունով: Հերոսի ցանկությունն արտահայտող «փռվեմ հատակին» խոսքերին համապատասխանող մեղեդին և նվագակցությունը վարընթաց քայլերով խաղաղվում են ստորին ռեգիստրներում:
Այս ռոմանսում շարունակվում է մարդու և բնության երկխոսությունը: Դաշնամուրի նախանվագը պատկերում է կարկաչահոս առվակի խոխոջը, որի մասին հետո պատմում է երգը: Առվակում ծորացող լուսնի լույսը և լճակի խաղաղությունն ու զովն արտահայտված են դաշնամուրի ծորացող դարձվածներով (15-րդ տակտ), ձգվող ձայներով, քրոմատիկ սահուն քայլերով: Եթե առաջին երգը` «Գարունը», հնչերանգներով և բնույթով ամենահայկականն է, ապա կարելի է ասել, որ «Աշունը» ամենաչինականն է: Այս երգի մեղեդու 11-12-րդ տակտերում անսպասելիորեն առկայծում է չինական լադի քողարկված մի ծվեն: Այն ընկալվում է որպես մի համեմունք, իսկ գուցե սա մի տեսի՞լք է, որը նույնպես ներշնչել է երգում բուրող լոտոսը... Այս ռոմանսը սկսվում է ֆորտիսիմո հնչուժով: Դաշնամուրը տասն անգամ կրկնվող տերցիաների հուժկու հարվածներով գուժում է ձմռան ներխուժումը: Սրանք նույն մեծ տերցիաներն են, որոնք լայտմոտիվում հնչում են մելոդիկ, իսկ այստեղ` հարմոնիկ կերտվածքով, միաժամանակ: Դաշնամուրի մոլեգնող նախանվագը պատկերում է քամիների ոռնոցը, ամպերի ծառս-ծառս լինելը, ինչի մասին ասվում է երգում:


Ինչպես թանձր ձյունն է վար թափվում, այնպես էլ դաշնամուրի գահավիժող հնչյունազանգվածը բացում է երգի երկրորդ կեսը, որի գործողությունը տեղի է ունենում տաքուկ, ապահով վրանում, որտեղ աղջիկներն են կաքավում։
Երգի վերջում նույնպես կոմպոզիտորը կիրառում է նկարագրական դիպուկ հնարներ: Այսպես, երբ հնչում են «Վարագույրն է վար իջնում» բառերը, մեղեդին խոնարհվում է, իսկ առաջին և վերջին անգամ հնչող, երերացող, հարբած տրիոլները լավագույնս արտացոլում են երգի հետևյալ բառերը՝ «Գինովցած ենք և ուրախ»...


Է. Միրզոյանի երգաշարը, որ սկսվել էր դաշնամուրի զիլ հնչումով, ավարտվում է նույն դաշնամուրի տավղահունչ, երկնասլաց արպեջոյով: Ընդ որում՝ երգի և դաշնամուրի վերջին հնչյունները՝ ֆա-դիեզը և լյա-դիեզը, այսինքն՝ լայտմոտիվը, կարծես արտաբերում են «գա-րուն» բառը, որով և սկսվել էր առաջին երգը: Բացի այդ, վերջին ակորդը շարքի առաջին երգի տոնայնության համար դոմինանտ է, այսինքն՝ ձգտում ունի լուծվելու, վերադառնալու ի շրջանս յուր: Այսպիսով, վերջին ակորդն ընկալողին, իրո՛ք, հուսադրում է, որ էլի գարուն կգա...
Ամփոփելով նշենք, որ երգաշարի բոլոր երգերի միավորմանը նպաստում է նաև կառուցվածքային ընդհանրությունը: Ինչպես տեսանք, չորս երգերն էլ արտացոլում են մարդու և բնության երկխոսությունը, բաղկացած են երկու հակադիր ոլորտներից, որոնք չինացիները բնորոշում են որպես «ին» և «յան»: Հայտնի է՝ դրանք չինական փիլիսոփայության հիմնական հասկացություններն են, որոնք խորհրդանշում են տիեզերքի երկու ուժերը, որոնց միջոցով տեղի են ունենում տիեզերքի կայացումն ու զարգացումը (8, էջ 7-8):


«Ինը» խավարն է, լուսինը, հողը, իսկ «յանը» լույսն է, արևը, երկինքը և այլն: Երգերում բևեռները դիալեկտիկորեն միահյուսվում են ու միմյանց լրացնում: Արևելյան և արևմտյան աշխարհայացքները ներդաշնակվում են, և դա արտահայտվում է տարբեր բաղադրիչների մակարդակով: Համադրվում են արևելյան ստատիկան և արևմտյան դինամիկան, ֆունկցիոնալ հարմոնիան իր դիսոնանս-կոնսոնանս հարաբերակցությամբ և ավտոնոմ հնչյունաբույլերը, որոնք չեն բխում միմյանցից, այլ, ինչպես աբստրակտ նկարում, գույներով և բծերով տրամադրություն են ստեղծում...


Դաշնակահար Շահան Արծրունու շնորհիվ Էդվարդ Միրզոյանի «Տարվա եղանակները» չնաշխարհիկ երգաշարը հետզհետե գտնում է իր ունկնդրին ոչ միայն մեզանում, այլև արտասահմանում: Արծրունին նվագակցել է երգչուհի Նունե Բադալյանին կոմպոզիտորի 85-ամյակին նվիրված հանդիսությանը Երևանում։ 2006-ին երգաշարը հնչել է նաև Նյու Յորքում` Վան Չան Կիմի և Շահան Արծրունու կատարմամբ: Հայ կոմպոզիտորի այս ստեղծագործությունը նպաստում է Արևելքի և Արևմուտքի մերձեցմանը. այն ժողովուրդների բարեկամության մի յուրօրինակ հուշարձան է: Եվ պատահական չէ, որ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը նոր շնչով ստեղծված այս երգաշարի մասին ասել է. «Դա մեր վաղն է»։

Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 12927

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ