Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պատասխան խաղերի անհրաժեշտությունը չկա՞

Պատասխան խաղերի անհրաժեշտությունը չկա՞
06.04.2018 | 07:18

Կայացան Չեմպիոնների լիգայի մեկ քառորդի առաջին խաղերը: Անկեղծ լինեմ` «Բարսելոն»-«Ռոմա», «Սևիլիա»-«Բավարիա» դիմակայությունների առնչությամբ բացարձակապես կասկած չկար, մոտավորապես իննսուն տոկոսով նույնպիսին էին «Յուվենտուս»-«Ռեալ» հանդիպման հնարավոր ելքից սպասումները: Միակ տարակուսելին «Լիվերպուլ»-«Մանչեստր Սիթի» մրցակցության հնարավոր ելքն էր, ու դա բացառապես պայմանավորված էր Կլոպի անհատականությամբ, թեպետ ինձ համար թիվ մեկ մարզիչ կա ու մնում է Խոսեպ Գվարդիոլան:

ՃԱԿԱՏԱԳՐԻ ԴԵՄ ՈՉԻՆՉ ՉԵՍ ԱՆԻ
Իր երկարամյա կարիերայի ընթացքում հավաքականի ու ակումբայինի մակարդակով այդքան-այդքան տիտղոսներ նվաճելուց հետո լեգենդար Ջանլուիջի Բուֆոնը ֆուտբոլին ակներևաբար հրաժեշտ կտա Չեմպիոնների լիգայի խաղարկության գավաթը գլխավերևում այդպես էլ չտեսնելով: Ճակատագիր է, ոչինչ չես անի:
Մադրիդի «Ռեալի» դեմ «Յուվենտուսի» խաղն այս անգամ էլ չստացվեց: Լավատես ֆուտբոլասերը կփորձի իրավիճակը փակուղային չհամարել` ոչ միայն պատասխան խաղի առկայությունն աչքի տակ ունենալով, այլև այն, որ իտալական ակումբն իր պատմության մեջ ոչ մի անգամ արքայականին չի զիջել երկու հանդիպման արդյունքում (սա էլ «սերուցքայինների» վրա ծանրացած յուրօրինակ անեծք է), սակայն սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտությունից հետո հուսալ, այն էլ «Սանտյագո Բեռնաբեուում», այնպիսի հաղթանակի մասին, որը երկու հանդիպման արդյունքով «ծեր սինյորային» դուրս կբերի կիսաեզրափակիչ, կներեք, գոնե ինձ համար Գյուլնազ տատի հեքիաթների շարքից է: Այո, անվերապահորեն կարելի է ասել, որ արդեն իսկ այդ կիսաեզրափակչում «արքայականն» է, ու մնում է ընդամենը սպասել, թե այս փուլում ճակատագիրն ինչ մրցակից բաժին կհանի նրան: Այո, այո` սա բնավ էլ մանրուք չէ, քանզի այնպես չէ, որ կիսաեզրափակիչ դուրս եկած ամեն մի մրցակցի հետ «սերուցքայինները» կուզենային սրեր խաչաձևել, թեպետ, եթե արդեն իսկ եկել-հասել ես հանգրվանային այդ փուլ, ամեն մեկի հետ պիտի պատրաստ լինես գլուխ տալու:


Ինչ վերաբերում է հանդիպմանը, «ծեր սինյորան» այն տանուլ տվեց բացառապես իր գովական պաշտպանների սխալների պատճառով (ի դեպ, «գովական» բառն այստեղ բնավ էլ հեգնական իմաստով չենք կիրառում. «Յուվենտուսն» ունի հրաշալի պաշտպանական գիծ, պարզապես այդ օրը նրանցը չէր): Առաջին գոլը տանտերերը բաց թողեցին այն բանից հետո, երբ Բենզեման կարողացավ Բարձալիի ողջ ուշադրությունն իրենով անել ու վայրկյանի մեկ հարյուրերորդականի չափով աչքից հեռու պահել Ռոնալդուին: Երկրորդ գոլը գլուխգործոցների շարքից էր. Ռոնալդուն իսկապես բոլոր ժամանակների համար հիշատակվելիք գոլ խփեց: Իսկ երրորդն այդ նույն Ռոնալդուի անմիջական մասնակցությամբ իր հաշվին գրանցեց Մարսելոն:
Ի՞նչ հուշեց այս դիմակայությունը:


«Յուվենտուսի» համար թիվ մեկ դասը, թերևս, այն պիտի լինի, որ թիմին հարկավոր են նոր մտածողության տեր մարդիկ (այդ թվում և գլխավոր մարզչի մակարդակով), տարիքով ավելի երիտասարդ կատարողներ, իրենց առջև ավելի ամբիցիոզ խնդիրներ դնողներ ու դրածի լուծման հարցում նախանձախնդիրներ, ովքեր հոգեբանորեն չպիտի կաշկանդված լինեն (այդ թվում` անցյալի ծանր հիշողություններով), այլապես թիմը կշարունակի մնալ թոփ ակումբների թվում, սակայն, լավագույն դեպքում, մինչև կիսաեզրափակիչ ձգողի կարգավիճակով:
Ինչ վերաբերում է «Ռեալին», այն հստակ իրեն հաշիվ է տալիս, որ ներքին առաջնությունն անհուսալիորեն տանուլ է տվել, սեփական ոսկե շողարձակումը հնարավոր է տեսնել միայն Չեմպիոնների լիգայում: Եթե «արքայականը» կարողանա հաղթել այստեղ ու, ընդ որում, այն թիմին, որը նրա հեղինակության հետ ամենամեծ խաղացողն է (թեպետ չենք կոնկրետացել, սակայն բոլորս էլ քաջ գիտենք, թե որ թիմի մասին է խոսքը), առաջնությունում վատ հանդես գալը մեծահոգորեն նրան կներվի:

ՀԵՂԻՆԱԿԵԼՈՎ ԵՐԵՔ ԳՈԼ` «ՍԵՎԻԼԻԱՆ» ԶԻՋԵՑ 1:2 ՀԱՇՎՈՎ
Ներքին առաջնությունում «Բարսելոնի» հետ ունեցած ծանր, հոգնատանջ խաղից հետո դժվար էր հավատալ, որ «Սևիլիան» ի վիճակի է երկրորդ լարված խաղն անկորուստ անցկացնելու: Ասել է թե` Մոնտելան պիտի հստակեցրած լիներ` ներքին առաջնության իր համար բացի ամբիցիաներից ոչինչ չնշանակող խաղում պոզեր էր ցույց տալու՞ «Բարսելոնին» (խաղն այդ, որտեղ անդալուզցիները մինչ 87-րդ րոպեն հաղթում էին 2:0 հաշվով, ավարտվել է ոչ-ոքի, ու դրանում իր բացառիկ դերն է ունեցել երկրորդ խաղակեսի երկրորդ կեսին փոխարինման մտած Մեսին), թե՞ «Բավարիայի» հետ հեռանկարի առումով ավելի շատ բան խոստացող խաղի վրա պիտի դներ իր հիմնական խաղադրույքը:


Վերջնահաշվում ի՞նչ էր «Սևիլիայի» երիտասարդ, հավակնոտ մարզչի սխալը:
Այն, որ նա փորձեց միանգամից երկու կրակոտ երիվար սանձել, ինչն անդալուզական թիմի համեմատությամբ անհամեմատ ավելի բարձր կարգ ունեցող թիմի համար էլ բարդագույն խնդիր է: Սակայն մյունխենցիների հետ ունեցած դիմակայության առնչությամբ Մոնտելան իրեն կարող է միանգամայն մխիթարել հանդիպման բոլոր գոլերը իր թիմի տղաների ջանքերով խփած լինելու փաստով: Կարող է, սակայն դրա ողբերգականությունն այն է, որ փաստացի խփելով երեք գոլ, վերջնահաշվում «Սևիլիան» զիջել է 1։2 հաշվով:
Իհարկե, սույնն այս հանդիպման գլխավոր պարադոքսն է, որովհետև մարդու ուղեղում դժվարությամբ է տեղավորվում այն փաստը, որ ունենալով նման հզոր հարձակման գիծ, լինելով լավագույն մարզավիճակում` «Բավարիան» չի կարողացել գոնե մեկ անգամ խոցել մրցակցին: Հուսանք, որ այս վրիպումը մյունխենցիները կշտկեն սեփական հարկի տակ, բայց այս դեպքում էլ «Սևիլիայի» ողբերգությունն այլ հնչերանգներ կունենա: Մի խոսքով, ոնց գցում-բռնում ենք, պատասխան հանդիպումն անդալուզցիների համար սպառնում է վերածվելու դաժանագույն փորձության, թեպետ դրա մոտիվացումն այնքան էլ պատճառաբանված չէ «Բավարիայի» համար:

ՅՈՒՐԳԵՆ ԿԼՈՊԸ ՏԱԿՏԻԿԱՊԵՍ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ ՊԵՊ ԳՎԱՐԴԻՈԼԱՅԻՆ
«Լիվերպուլ»-«Մանչեստր Սիթի» դիմակայությամբ Չեմպիոնների լիգայում արձանագրվեց պատմական իրողություն. այս հեղինակավոր մրցաշարում սույն թիմերը մինչ այժմ իրար հետ մրցելու պատիվը չէին ունեցել:
Չէին ունեցել` ունեցան, սակայն սկզբունքային մի տարբերությամբ. ում համար եղածը պատիվ էր, ում համար էլ` պատիժ:
Սովորաբար նման հանգուցային խաղերից առաջ թիմերի գլխավոր մարզիչներն իրենցից անկախ, իսկ գուցե զուտ զգայական մակարդակով «բլթացնում» են ճշմարտություններ, որոնք, երբ հետահայացով ես նայում, լավ էլ մատնանշում են հանդիպման հնարավոր սցենարն ու կանխորոշված ելքը:
Ասածս օրինակով հաստատեմ:


Դիմակայությունից մեկ օր առաջ Խոսեպ Գվարդիոլան մամլո ասուլիսում մասնավորապես ասել էր. «Եթե ես խաղացողներին ասեմ, որ մենք «Լիվերպուլի» հետ չենք խաղալու սովորականի պես, նրանք կմտածեն, թե ես վախեցա, որ ես ինքս ինձ չեմ հավատում: Ես հասկանում եմ, որ մեր ոճը իդեալականորեն հարմար է «Լիվերպուլին»: Նրանք ազատ գոտիները աշխարհում բոլորից լավ են օգտագործում»:
«Մանչեստր Սիթին» պատմական այս խաղում բռնվեց հենց այդ ազատ գոտիների հաշվին մրցակցի կառուցած դարանների վրա ու հիմա պատասխան խաղում գերբարդագույն խնդիր ունի լուծելու` չեզոքացնել երեք անպատասխան գնդակի առավելությամբ «կերած» պարտությունը:
Բնականաբար հարց է առաջանում` կկարողանա՞ն Գվարդիոլայի սաները դա անել:
Պատասխանը, չզարմանաք, միանշանակ է` այո: Սակայն սա այն դեպքում, եթե Գվարդիոլան տակտիկական առումով կարողանա անլուծելի խնդրի առաջ կանգնեցնել Կլոպին, ում տղաները, եկեք օբյեկտիվ լինենք, հանրագումարում չունեն իսպանացի մարզչի ձեռքի տակ եղած ֆուտբոլիստների կարողությունն ու վարպետությունը:


0։3-ը խոշոր հաշվով պարտություն է, սակայն անհաղթահարելի արգելք չէ: Սույնը ներքին առաջնության խաղերում այս երկու թիմերը երկու անգամ հավաստել են առավելագույն թվով խփած գոլերի քանակով: Հիշենք` Մանչեստրում Գվարդիոլայի սաները լիվերպուլցիներին դաղեցին 5:0 հաշվով, Լիվերպուլում Կլոպի սաները կարողացան պատասխանը գրեթե նույնքան կործանարար ուժով տալ, եթե 4:1 հաշվից հետո նրանց վրա ժամանակից շուտ չիջներ խաղը շահած լինելու անփութությունը, ինչի համար «վարձահատույց» եղան սեփական դարպասից գնդակը ևս երկու անգամ հանելով:
Ինչևէ: Գվարդիոլային մնում է «շախմատային» տախտակի առաջ գերմանրազնին վերլուծել հատկապես լիվերպուլյան հանդիպման ընթացքը, սակայն նման «շախմատային» մի տախտակի անհրաժեշտություն էլ կունենա նրա վիզավին` Յուրգեն Կլոպը, այս անգամ առավելապես մանչեստրյան հանդիպման ելքի վերլուծություններով: Դեպքերից, իրադարձություններից առաջ չընկնենք, բայց բոլոր դեպքերում այս պատասխան խաղը «գլխելու» է սպասվելիք բոլոր մյուս հանդիպումները: Անգամ «Ռեալ»-«Յուվենտուս» դիմակայությունը, որտեղ նմանատիպ մի խնդիր էլ ունեն լուծելու իտալացիները:

ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԱՆԱԿՆԿԱԼԻ ԳՈՐԾՈՆՆ ԱՌԿԱ Է
4:1 հաշվով տոնած հաղթանակի պայմաններում ի՞նչ անակնկալի մասին կարող է խոսք լինել` կհարցնեք Դուք ու մասամբ իրավացի կլինեք, քանի որ անակնկալի գործոնի մասին խոսելով` մենք գերազանցապես նկատի ունենք այն, որ «Ռոմայի» դարպասի այդ չորս գրավումից և ոչ մեկի առնչությամբ չենք կարող հիշատակել Մեսիի անունը:
Պարադո՞քս է:
Միանշանակ:
Սակայն եկեք սա համարենք յուրօրինակ գոլային երաշտ ու ֆուտբոլի կախարդի կատարմամբ սպասենք դարպասի նոր գրավումներ (ի դեպ` ոչ պակաս շքեղ, քան Ռոնալդուի երկրորդ գոլն էր), որոնք բնականաբար չեն կարող ուշանալ: Այստեղ միջանկյալ ասենք, որ 11-ամսյա ընդմիջումից հետո Չեմպիոնների լիգայի խաղարկություններում իր առաջին գոլը խփեց Լուիս Սուարեսը: Հավատանք, թե ոչ, սա էլ մի յուրօրինակ անեծքի պես բան էր կամ, ինչպես ժողովուրդն է սիրում ասել` թուղթ ու գիր:
Ի՞նչ ցույց տվեց հանդիպումը:


Ցույց տվեց այն, որ «Ռոման» դեռ չափից դուրս երիտասարդ է «Բարսելոնին» մրցակից լինելու համար: Մենք չենք ասում հավասարազոր մրցակից լինելու մասին, քանզի համաշխարհային մակարդակով սակավաթիվ ակումբային թիմեր կան կատալոնյան թիմին գոնե մոտավորապես հավասար:
Մի հետաքրքրական մանրամասն. կատալոնացիները մրցակցի դարպասը կարողացան խոցել լոկ այն բանից հետո, երբ մրցակիցը երկու անգամ ցույց տվեց իր դարպասը գրավելու անսխալ ուղին: Իհարկե, վերջին հաշվով սույնը ողբերգություն է սեփական դարպասը գրավող թիմի համար, սակայն մեծագույն ակումբները մեզ կամաց-կամաց կարծես վարժեցնում են այն մտքին, որ մրցակցի օգնությամբ հաղթելն էլ կարող է նորմալ խաղային պրակտիկա լինել: Հիշենք «Սևիլիա»-«Բավարիա» հանդիպումը, որտեղ մյունխենցիներին երկու անգամ օգնության հասան անդալուզցիները, թեև վիճակագրությունում ակնհայտ սխալով հիշատակվում է մեկը:
Չեմպիոնների լիգայի առաջին հանդիպումների մասին թերևս այսքանը` պատասխան խաղերի մեկնաբանության մեջ շատ ավելի խոսքաշատ լինելու պայմանավորվածությամբ:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3554

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ