Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Համերգ՝ Մալթայի միջազգային երաժշտական փառատոնին ընդառաջ

Համերգ՝ Մալթայի միջազգային երաժշտական փառատոնին ընդառաջ
06.04.2018 | 21:16

Ապրիլի 5-ին՝ Մալթայի միջազգային երաժշտական փառատոնին մեկնելուց առաջ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ երևանյան երաժշտասերների առջև՝ մեր ունկնդրին ներկայացնելով այն ստեղծագործություններից մի քանիսը, որոնք նվագախմբի կողմից ներկայացվելու են Մալթայում՝ Բեդրժիխ Սմետանայի «Վլտավա» սիմֆոնիկ պոեմը, Ալեքսեյ Շորի Վերդիանան՝ կլարնետի և նվագախմբի համար (մենակատար՝ Դավիթ Գյուլամիրյան), հատվածներ Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» և Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետներից։

Կլարնետահար Դավիթ Գյուլամիրյանը նշում է, որ Շորի կլարնետի և նվագախմբի համար գրված Վերդիանան որպես համերգային կատարում առաջին անգամ է ներկայացնում։ Ըստ նրա՝ այս ստեղծագործությունը բովանդակային առումով հետաքրքիր է և հարուստ գեղարվեստական բազմատեսակ լուծումներով։ Նա նաև նկատում է, որ տեխնիկական առումով կոնցերտը կատարելը բարդ է, քանի որ պարունակում է կլարնետի ամբողջական ձայնաբաժինը՝ բազմաթիվ թռիչքներով և տեխնիկական բարդ հնարքներով։


Համերգին նախորդած ճապազրույցում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն անդրադարձավ օրերս Համբուրգի Էլբֆիլհարմոնիայում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգին։ Նա նշեց, որ իրենց համար մեծ ձեռքբերում էր ելույթ ունենալ Էլբֆիլհարմոնիայում, որը դասական երաժշտության նախագծերի ամենամեծ, ամենահայտնի և ամենաքննարկվող հարթակն է։ Սերգեյ Սմբատյանը իր երախտագիտությունը հայտնեց Նախագահ Սերժ Սարգսյանին, ում օգնությամբ կարողացան մեկնել Համբուրգ։ Սերգեյ Սմբատյանը շեշտեց, որ Էլբֆիլհարմոնիայի Մեծ դահլիճը մինչև 2022 թվականը զբաղված է, և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթն ու այնտեղ հայկական երաժշտական արվեստը ներկայացնելը հնարավոր է դարձել եռամյա բանակցությունների արդյունքում։


Սերգեյ Սմբատյանն անդրադարձավ նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ պաշտոնական նվագախմբի կարգավիճակում մասնակցությանն ապրիլի 15-ից մայիսի 1-ը կայանալիք Մալթայի միջազգային երաժշտական փառատոնին։ Նշենք, որ Մալթայի մայրաքաղաք Վալետան հռչակվել է Եվրոպայի 2018թ. մշակութային մայրաքաղաք, և միջոցառումների շրջանակներում մեծ շուքով ու պատկառելի ներկայացվածությամբ է անցկացվելու Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը, որը կազմակերպել է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը։


Սերգեյ Սմբատյանը տեղեկացրեց, որ փառատոնի շրջանակներում անցկացվելու են Հայաստանի մշակույթի օրեր, ինչպես նաև նշվելու է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 115-ամյակը։

Դիտվել է՝ 1599

Մեկնաբանություններ