Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայաստանի սակրալ շաբաթը

Հայաստանի սակրալ շաբաթը
10.04.2018 | 00:24

Հայաստանն արդեն ունի նոր նախագահ` Արմեն Սարգսյանը, մարտի 2-ին ԱԺ-ում ընտրվելուց հետո երեկ Մարզահամերգային համալիրում ԱԺ հատուկ նիստում նա երդվեց «հավատարիմ լինել ՀՀ Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում», ու դեռ չունի վարչապետ: Ապրիլի 9-17-ը «անիշխանության» շաբաթ է: Անիշխանությունը պայմանական է` կա նախագահ, ԱԺ, հրաժարական տված ու ժամանակավոր պաշտոնակատար վարչապետ ու նախարարներ: Լիովին գործունակ ուժային կառույցներ: Իրադարձությունները ծավալվում են եռաչափ հարթության մեջ: Չորրորդ հարթությունը հասարակությունն է իր մեծամասնության մեջ, որ ի պաշտոնե ներգրավված չէ կիսանախագահականից խորհրդարանական կառավարման անցման գործընթացում:


Երդմնակալությունից հետո նախագահ Արմեն Սարգսյանը գնաց Եռաբլուր. դա ևս նոր քայլ է Մաշտոցի 47-ում` Մատենադարանի կողքին, նստավայր ունեցող նախագահի համար, որ մտադիր է նոր սկզբունքներով աշխատել: Վեհամոր Ավետարանին ու Սահմանադրությանը ձեռքը դրած երդվելուց հետո Արմեն Սարգսյանը խոստացավ, որ կներդնի ողջ եռանդը՝ արդարացնելու վստահությունը, որ իր հանդեպ ցուցաբերեց ԱԺ-ն, և կանի ամեն ինչ՝ արդարացնելու հույսերը, որ իր հետ կապում են հասարակության տարբեր շերտերը, Արցախի և Սփյուռքի հայրենակիցները: «Այսօր որևէ մեկը թող չկասկածի, որ ողջ Հայաստանը կանգնած է Արցախի թիկունքին և պայքարելու է նրա հարցի արդար ճանաչման համար, պայքարելու է այսօր, վաղը։ Փա՛ռք հայոց հաղթական բանակին»` պարտքը համարեց ասել նախագահը: Անդրադառնալով անելիքներին՝ ասաց, որ պետք է ապահովել ՀՀ քաղաքացու ինքնադրսևորման լավագույն միջավայր. «Միասին պետք է հետևողական պայքար մղենք պետական համակարգում, հասարակության մեջ, մեր շրջապատում բոլոր բացասական ու արատավոր երևույթների դեմ՝ կոռուպցիայից մինչև սոցիալական անարդարություն»: «Փոքր երկիր, համաշխարհային ազգ՝ սա է մեր էությունը: Հավատ, վստահություն, արդարություն և ամենօրյա բարեխիղճ աշխատանք: Այս արժեքներն են, որ կարող են խթանել մեր հասարակության ստեղծագործական ուժերն ու եռանդը»` սահմանեց նախագահը:


Հրաժարական տվեց կառավարությունը: Դեռ գործող նախագահի ու դեռ գործող վարչապետի հանդիպումը ապրիլի 7-ին վերջին ակորդն էր պատմության առաջին մասի, որին հաջորդելու է երկրորդը` նույն իրավահարաբերություններով: Կարեն Կարապետյանը ամփոփեց գործունեության արդյունքները ու հայտարարեց, որ կառավարությունը կատարել է բոլոր մակրոխնդիրները: Նա շնորհակալ էր Սերժ Սարգսյանին համատեղ աշխատանքի համար և վստահեցրեց, որ հիմնավոր ու խոր բարեփոխումների համար ստեղծված են բոլոր նախադրյալները: Նաև ասաց, որ «Թիմն ունի ներքին համերաշխություն և ինչ-որ առումով՝ բավարարվածություն», հստակ պատկերացնում է անելիքը, թիրախները: «Մենք տեսնում ենք այն գրադիենտը և այն ուղղությունները, որով պետք է գնանք առաջ: Մոտակա 3-4 տարիներին ունենալու ենք որոշակի տնտեսական հաջողություններ, որ մեզ հիմք են տալու երկարատև, ֆունդամենտալ, խոր բարեփոխումներ իրագործել»,- ասել է Կարեն Կարապետյանը: Սա նշանակում է` նա պատրաստ է առաջին փոխվարչապետի դերին: Սերժ Սարգսյանի խոսքից էլ պարզ է, որ պատրաստ է այդ դերը նրան տալ: «2016-ի սեպտեմբերից կառավարությունը մեծ ջանքեր է գործադրել և շատ լավ կարողացել է օգտվել խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում հաստատված ներքաղաքական կայունությունից` մեր տնտեսությունը զարգացնելու առումով»,- արձանագրել է Սերժ Սարգսյանը և հիշեցրել, որ ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ն ստացել է ժողովրդի վստահության քվեն ու մինչև 2022-ը կառավարություն ձևավորելու մանդատը ՀՀԿ-ինն է:

«Երկրի զարգացման պատասխանատվության բեռը լինելու է ՀՀԿ-ի վրա, և ինչ խոսք, առաջին հերթին՝ մեզ վրա. ինձ՝ որպես կուսակցության նախագահի, Ձեզ՝ որպես կուսակցության նախագահի առաջին տեղակալի: Մենք պարտավոր ենք շարունակել այն ընթացքը, որ այսօր կա»,- ասել է Սերժ Սարգսյանը` բանավոր ստորագրելով Կարեն Կարապետյանի հրամանագիրը: Հետո ի՞նչ, որ Կարեն Կարապետյանը պատրաստ էր իբրև վարչապետ ծառայել Հայաստանին, ու ինքն այն մարդը չէր, որ պիտի Սերժ Սարգսյանին համոզեր վարչապետ դառնալ: Նա 2 տարբերակ ուներ` վերադառնալ անձնական կյանքին ու բիզնեսին կամ մնալ ու աշխատել` պահպանելով կարգավիճակի բարձրացման հեռանկարը: Ընտրեց երկրորդը: Հնարավո՞ր է` Կարեն Կարապետյանը ինչ-որ պահի որոշի դուրս գալ պայմանավորվածությունների շրջանակից, որ անդավաճան պահեց 2016-2018-ին, և փորձի քաղաքականությանը խառնվել: Փաստացի` 2 տարի, վարչապետ լինելով, նա կառավարության առաջին դեմք չի եղել, դեֆակտո որոշումներն ընդունել է Սերժ Սարգսյանը` դեյուրե իրավասությունը թողնելով Կարեն Կարապետյանին: Նրա համար ոչինչ չի փոխվում: Իր հավատարմության նոր «երդումը» նա արդեն տվել է, բայց դա չի նշանակում, որ հավատարիմ կմնա, եթե հընթացս պարզվի, որ ինքը չէ Սերժ Սարգսյանի «ընտրյալը»: Իսկ դա առավել քան հավանական է: Դեֆակտո 2 տարում Կարեն Կարապետյանը չունեցավ իր թիմը, եղավ ու մնաց ընտրություններից առաջ երկիր բերված նոր դեմք հին դիրքերում: Ավելին` ՀՀԿ-ն հրապարակային դեմարշներ էր անում առաջին փոխնախագահի դեմ` հօգուտ նախագահի: Կարեն Կարապետյանը լռում էր: Ինքնուրույնության բռնկման նրա ռեսուրսները լինելու են զուտ արտաքին` ռուսական ուղղությամբ: Նրա հնարավորությունները չեն ների մտնել նախկին նախագահների խաղի մեջ կամ խաղեր տալ նրանց կառավարած ընդդիմության հետ: Քաղաքականություն վերադառնալու Ռոբերտ Քոչարյանի ռեսուրսը սպառված է, առավելագույնը նա կարող է «փչացնել» տոնական տրամադրությունը և «աշխատանքային» մթնոլորտը: Լևոն Տեր-Պետրոսյանը այդ ցանկությունն էլ չունի: Փաստացի` Հայաստանը փակեց 3 նախագահների էջը` նրանց գործունեությունը չարժևորելով ու չգնահատելով` թողնելով բազում անպատասխան հարցեր այդ էջում:


Ապրիլի 17-ին ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու կառաջադրի Սերժ Սարգսյանին, ԱԺ-ն նրան կընտրի ու կլիազորի 5 օրում կառավարություն կազմել, որ հետո պիտի հաստատի նախագահը: Վարչապետ Սերժ Սարգսյանը պիտի որոշի` անե՞լ, թե՞ չանել հիմնարար փոփոխություններ: Հիմա: Սերժ Սարգսյանն ունի 2 ճանապարհ` անփոփոխ թողնել կառավարության կազմը և մինչև տարեվերջ աշխատելու հնարավորություն տալ, փոփոխություններ անելով 2019-ին: Անհրաժեշտ պահին ԱԺ մեծամասնությունը կորոշի անվստահություն հայտնել այս կամ այն նախարարին: Պատճառներ միշտ կան: Ոչ մի երաշխիք, որ 2018-ի ապրիլին նշանակված կառավարությունն ամբողջ կազմով պաշտոնավարի մինչև 2022: Բայց Սերժ Սարգսյանը չունի գործողությունների բացարձակ ազատություն նախարարների նշանակման մեջ: Նա հիանալի գիտի, որ իր կառուցած համակարգը կքանդվի, եթե կադրային ընտրության մեջ առաջնորդվի բացառապես պետության շահերով: Պետության շահի ու կուսակցության շահի հակադրության մեջ նա գերակայությունը կտա կուսակցականին, և կվերանշանակվեն յուրայինները, որ վաղուց պիտի հեռանային: Բուրգի ինքնապահպանման ու անվտանգության թելադրանքով: Իսկ դա նշանակում է, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցումով Հայաստանում ոչինչ չի փոխվում` ունեինք միանձնյա որոշումներ կայացնող նախագահ, ունենալու ենք միանձնյա որոշումներ կայացնող վարչապետ: Հազիվ թե Արմեն Սարգսյանը չստորագրի Սերժ Սարգսյանի որոշումներն ու ուղարկի Հրայր Թովմասյանին: Խորհրդարանական կառավարման կայացումը և նոր մոդելի որակները կարող են ի հայտ գալ 2022-ի ընտրություններից հետո: Կարող են նաև ի հայտ չգալ` ՀՀԿ-ն ամեն ինչ կանի այդ ուղղությամբ: Ի՞նչ կանի ԲՀԿ-ն:

Հակառակ բազում ԲՀԿ-ականների ջերմ ցանկության` մաս չի դառնա իշխանության: ՀՀԿ-ին ԲՀԿ-ն պետք է կառավարվող ընդդիմադիր դաշտում: ՀՀԿ-ի վարչապետին ԱԺ-ում կողմ են քվեարկելու ՀՅԴ-ն, դեմ` «Ելքը»: ԲՀԿ-ի քվեարկության հարցը անորոշ է: Իրավականորեն նրանք ճիշտ են` եթե դեռ թեկնածուի անունը պաշտոնապես չի հնչել, ինչի՞ մասին է խոսքը: Ի վերջո` վարչապետի հարցը պետք է որոշի ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան, ի՞նչ կապ ունի ԲՀԿ-ն: Բնականաբար` ԲՀԿ-ն վարչապետի սեփական թեկնածու չի ունենա: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ասել է, որ խմբակցությունը կոալիցիա ձևավորելու օրակարգ չունի, հորինված են լուրերը, թե ՀՀԿ-ն կոալիցիա մտնելու առաջարկ է արել: Միայն վարչապետի թեկնածուի առաջադրումից հետո խմբակցությունը կքննարկի` ինչպես քվեարկել: «Ես վստահեցնում եմ` ունենալու է միատեսակ քվեարկություն»,- ասել է ԲՀԿ գլխավոր քարտուղարը` հերքելով ազատ քվեարկության լուրերը: ԲՀԿ-ն շարունակելու է պնդել նախընտրական 15 կետերի վրա` միայն դրանց իրականացման մեջ տեսնելով զարգացման հնարավորություն, և շարունակելու է, երբ պետք է քննադատել կառավարության այս ու այն անդամին: Այսինքն` անփոփոխ են մնալու իրենց դերում ու տեղում, չէ՞ որ իրականում ոչինչ չի փոխվում: Ինչպես չի փոխվում ՀՅԴ-ի համար` եթե չավելանա, չի պակասի կուսակցական կարկանդակը, ուրիշ ի՞նչ է պետք «հին ընկերների» երջանկության համար: Փառք ՀՀԿ-ին ու նոր կոալիցիային: Հավիտյանս հավիտենից: Ամեն:


Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ պայքարի համար Ազատության հրապարակն ապրիլի 1-ից 3 ուժեր են «պատվիրել». ՔՊ-ն` ապրիլի 13-17-ին է ուզում հանրահավաքներ ու երթեր անել, 9-11-ին, 17-21-ին նույնն է անելու «Երկիր ծիրանին», 2-20-ին` ՀՀՊ-ն: 3 մասի՞ են բաժանելու հրապարակը, զիջելու՞ են իրար, թե՞ միավորվելու են: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՔՊ-ն, ՀՀՊ-ն ու «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը համաձայնության են եկել ոչ թե համագործակցելու, այլ աշխատանքի բաժանման շուրջ: «Աշխատանքի բաժանումն» ապրիլի 17-ին պատգամավորների Բաղրամյան 19-ը մտնելն արգելակելն է` եթե չեն գնում, ուրեմն չեն քվեարկում: Երկաթե տրամաբանություն է, բայց ինչպե՞ս են պատգամավորներին տանը պահելու: Դռները դրսից կողպելու՞ են: Թե՞ ԱԺ-նեն ներսից կողպելու: «Սկոչելու՞» են: Թուղթուգի՞ր են անելու: Դա սակրալ շաբաթվա գաղտնիքներից է: Նիկոլ Փաշինյանը դեռ քայլում է, 13-ին կհասնի Երևան: ՔՊ-ն հույս ունի` քաղաքացիները դուրս կգան փողոց և կանեն «իրենց քայլը»: Մարդամեջ գալու գայթակղությանը չդիմացավ ու իրեն վերակենդանացրեց Պարույր Հայրիկյանը (մնաց Արամ Հարությունյանը, և մարգինալների շարքը կլրանա), նա ևս կգնա հրապարակ: Մայիսին նա Նիկոլ Փաշինյանին ու «ընկերությանը» կմեղադրի… իր մահափորձի ու համաշխարհային հեղափոխությանը դավաճանելու մեջ` ինչպես միշտ: Փաստացի` հին ու նոր քաղաքական գործիչները փորձում են փողոցը ծառայեցնել իրենց ամբիցիաներին և մրցակցում են առաջին ընդդիմադիրի վեհ կոչման համար: Սա էլ երրորդ չափումն է` իշխանականից ու կուսակցականից հետո: Եթե առաջինն ու երկրորդը գործում են ժողովրդի անունից` հիմնավորելով նրանից ստացած մանդատով, երրորդն ապավինում է ժողովրդի կամքին ու գիտակցությանը: Ժողովուրդը մեկ մարդ ու մեկ մարմին չէ, և նրա կամքն ու գիտակցությունը համախմբելու համար ոչ թե կոչեր են պետք, կամք ու գիտակցություն չունենալու մեղադրանքներ, այլ պարզ ու համոզիչ այլընտրանք, որ այդպես էլ ի հայտ չեկավ: Փոխարենը հիանալի փաստարկ կունենա ՀՀԿ-ն` եթե փողոց դուրս չեկան նույնիսկ նրանք, որ ձայն են տվել ընդդիմությանը, ուրեմն ընդդիմության կողմնակիցներն էլ համաձայն են, որ Սերժ Սարգսյանը միակն է ու անփոխարինելի: Շնորհակալություն Նիկոլ Փաշինյանին: Նրա քայլը պիտի գնահատվի ըստ արժանվույն: Հիմա և հետո:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. ՈՒ՞մ պիտի ապավինի ժողովուրդը: Ինքն իրե՞ն: Թե՞… Ժամանակ կա` 2022-ը կարող է դուռ բացել նրանց առաջ, որ գիտեն` ու՞ր են գնում ու ինչպե՞ս: Կարևորը` ինչու՞:
Պետք է ձերբազատվել միավորվելու սպառված միֆից ու սեփական քայլն անել` դառնալով այլընտրանք իշխանությանը և մարգինալացած «ընդդիմադիրներին»:

Դիտվել է՝ 2489

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ