«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

«Հատակում» եղած անձանց վերև են բարձրացնում, իսկ երկրի իրական ընտրանուն իջեցնում են ներքև»

«Հատակում» եղած անձանց  վերև են բարձրացնում, իսկ երկրի իրական ընտրանուն իջեցնում են ներքև»
10.04.2018 | 00:29

«Չնայած Հայաստանում կառավարման մոդելի փոփոխություն եղավ, ունենք արդեն նոր նախագահ, շուտով խորհրդարանը նաև վարչապետ կընտրի, սակայն ոչ մի էական բան մեր երկրում չի փոխվի, քանի դեռ մի քանի շատ կարևոր քայլ չենք արել»: Այսօրվա իրավիճակին այսպիսի գնահատական տվեց հասարակական-քաղաքական գործիչ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ:

-Երեկ տեղի ունեցավ ՀՀ չորրորդ նախագահի երդման արարողությունը: Պարզ է, որ սահմանադրորեն քիչ լիազորություններ ունի Արմեն Սարգսյանը, այդուհանդերձ, ի՞նչ սպասել նրանից:
-Դուք ասացիք, որ քիչ լիազորություններ ունի Արմեն Սարգսյանը, իրականում Հայաստանում ո՛չ նախագահը, ո՛չ վարչապետը, ո՛չ էլ որևէ մեկը լիազորություններ չունեն, երկիրն ամբողջությամբ արտաքին կառավարման ներքո է, նոր Սահմանադրությամբ էլ 100 տոկոսով երկիրը հանձնեցինք դրսի ուժերին: Երբ ասում ենք, թե ով ինչ կարող է անել մեր երկրում, պետք է հաշվի առնենք մեկ փաստ. մեզանից յուրաքանչյուրը որքան հայ է մնացել ու ինչքան կարող է այդ դրսի ատյաններին համոզել կամ խորամանկել, որ մեր ժողովրդի նպատակադրումներն իրականացնի: Ես արդեն անթաքույց կարող եմ ասել, որ Հայաստանը ոչնչացնելու որոշում է կայացվել: Այս որոշումը կայացրել է աշխարհակալ ուժը` համաշխարհային ֆինանսական օլիգարխիան, որն իր ձեռքում է կուտակել աշխարհի հարստության և իշխանության առյուծի բաժինը: Երկրների ներսում առկա ցնցումների, աշխարհում տեղի ունեցող արյունալի զարգացումների հեղինակն այդ ուժն է, որովհետև արդեն կորցնում է իր իշխանությունը: Սկսած Մերձավոր Արևելքից մինչև Եվրոպա, որը լցվում է ահաբեկիչներով, եվրոպական արժեքները վերանում են: Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանին, անկասկած բազմաշնորհ մարդ է, ցույց տվեց, որ ժամանակակից աշխարհի որոգայթներում ճիշտ կողմնորոշվել գիտի։ Հենց սկզբից մեկ հարց եմ առաջադրել. նա այստեղ չի գալիս որպես Հայաստանի մարդ, այլ գործուղված է բրիտանական թագի կողմից, որը ոչ թե ազգային գործառույթ է իրականացնում, այլ համաշխարհային։
-Փոքր Հայաստանում էլ ի՞նչ կարող են անել այդ ուժերը, ի՞նչ ապագա ունի մեր երկիրը:
-Մեզ հիմա չորս հիմնական գործիքներով են փորձում ոչնչացնել: Մեկը` համապատասխան իշխանության ձևավորմամբ, երբ երկրի «հատակում» եղած անձանց վերև են բարձրացնում, իսկ երկրի իրական ընտրանուն իջեցնում են ներքև, որ նրանց ձայնն ընդհանրապես չլսվի: Տեսեք, ինչ է մեզ մոտ կատարվում. մեր գիտնականներին ոչնչացրել են, արվեստի, մշակույթի գործիչներին փոխարինել են ինչ-որ շոու-բիզնեսով, որը ոչ միայն քիչ արվեստ է պարունակում, այլև արվեստի դեգրադացիա է: Եկեղեցական դասը ևս վերցվեց ամերիկյան ֆինանսական ուղիղ կառավարման տակ: Այսինքն, երկրի ընտրանին վերացվում է: Այս անբարո վիճակը տարածվում է երկրի բոլոր ոլորտներում: Մարդկանց բերել են մի վիճակի, երբ անարդարությունը խեղդում է, հաց վաստակելն անհնարին է: Երկրորդ գործիքը ցեղասպանությունն է: Մենք ասում ենք` Թուրքիան է, Ադրբեջանը, բայց Եվրախորհրդարանում Թուրքիան չի որոշումներ ընդունում: Այն ատելության մթնոլորտը, որ ստեղծել են Ադրբեջանում, հավասարվել ու անցել է 1915-ին հայերի հանդեպ թուրքերի և քրդերի ատելությանը: Ինչպես թուրքերին և քրդերին 1915-ին դարձրին մարդասպանության, մարդակերման գործիք, նույն վիճակն են այսօր այդ ուժերը ստեղծում Ադրբեջանում: Երբ ասում են, թե ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքները տարբեր են, այդպես չէ: Նրանք չեն նման տեսակետ հայտնողները, այլ համաշխարհային կառավարման համակարգը, որպեսզի մշտապես պահպանվի այս արյունահեղությունը, իսկ հայերին ճնշված ու ոչնչացված վիճակում պահեն: Մենք ունեցել ենք Ադրբեջանը կոնֆեդերացիայի վերածելու պլան, այս ծրագիրն արդեն օգտագործում էինք, երբ համաշխարհային կառավարման համակարգը թույլ չտվեց: Եվ արեց այն, ինչ արեց: Հայաստանի իշխանությանն ասացին` որ Մինսկի խմբով կարճ ժամանակում խաղաղություն ենք հաստատում, 1993-ին գործընթացը կանգնեցրին, բայց արդեն 25 տարի է` երկրում արյունահեղություն է՝ հսկայական կորուստներով:
Երրորդ գործիքը մեր հանքերն են: Աշխարհի ոչ մի երկրում այսքան հանքեր չկան, բայց դա կարծես քիչ էր թվում: Արքայազն Չառլզը եկավ և հայ ժողովրդին ոչնչացնելու մեկ գործիք ևս օրհնեց: Խոսքը Ամուլսարի մասին է: Միայն Ամուլսարը բավական է, որ ողջ Հայաստանը վերանա, որովհետև մեր ջրերը թունավորելու են: Սա ակնհայտ գրած է իրենց ծրագրում, որը պաշտպանում են մեր իշխանությունները: Չորրորդ գործիքն էլ մեր արժեքների ոչնչացումն է: Ինքներս մեզ հոշոտելու ենք: Հիմա կա նոր հայեցակարգ՝ «չավանդույթ», որը նշանակում է՝ ես արմատ չունեմ, ազատ մարդ եմ: Ավանդույթն է, որ մարդու մեջ պահում է մարդը, մարդկայնությունը շպրտել են մի կողմ։ «Չավանդույթը» մտել է բոլոր բնագավառները, դրա համար էլ ականատես ենք այն գայլային համակարգին, որը ոչնչացնում է երկիրը։ Այս չորս հիմնական լծակներով են ոչնչացնում Հայաստանը։
-Իշխանական համակարգում չե՞ք տեսնում մեկին, ով այդ համաշխարհային կառավարման համակարգի վերահսկողությունից դուրս է։
-Չկան այդպիսիք։ Կա՛մ ուղիղ գործարքի մեջ են, կա՛մ աջակցում են այդ ուժերին։
-Իսկ արտախորհրդարանական, ընդդիմադիր ուժերը դու՞րս են այդ վերահսկողությունից։
-Ըստ էության, ոչ։ Բայց այդ ուժերի մեջ կա մի դրական գիծ, որ չեն ցանկանում այս իշխանության վերարտադրությունը, Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի դեմ են պայքարում։ Իհարկե, հիմնական մեխը նա է, բայց դա չի նշանակում, որ եղածները որակապես նրանից տարբերվում են։ Այսօր ունենք այս ամենի դեմ պայքարող հզոր մի գործիք, դա հայության ամբողջականացումն է։ Եթե մենք ամբողջականանում ենք «չավանդույթի» վրա, դառնում ենք հերթական հրոսակախումբը, որը որքան շուտ չքվի երկրի երեսից, այնքան լավ։ Վաշխառուական համակարգը ոչնչացնում է ընդհանրապես կյանքը, որովհետև այնքան է տարված ինքն իրեն պահպանելով, որ նույնիսկ երկիրը վերացնելու գործիքները չի նկատում։ Բայց աշխարհում շատ կան մարդիկ, որոնք նկատում են այս վտանգավոր միտումները, Հայաստանում էլ նման մարդիկ քիչ չեն։
-Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ արտահայտվող ուժերը, այդ թվում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Իմ քայլը», շատերը համարում են Սերժ Սարգսյանի վարչապետությունն օրինականացնելու քայլ, քանի որ նրանց շուրջը հավաքվել են սակավաթիվ մարդիկ, այսինքն, Սերժ Սարգսյանին դեմ են քիչ թվով քաղաքացիներ։ Համամի՞տ եք։
-Հայաստանում չի լինում այնպես, որ մի ուժ ըմբոստանում է ու մեկ նպատակ է հետապնդում։ Հարյուր կողմից ցանկանում են այն օգտագործել այս կամ այն նպատակով։ Հիմա էլ է այդպես, անկախ հանգամանքից` այդ ըմբոստացողները դա ուզու՞մ են, թե՞ ոչ։ Իհարկե, Հայաստանում քաոս առաջացնելու վտանգ կա, քանի որ դրսի ուժերի հիմնական գործառույթներից մեկն էլ դա է։ Հիմա ինչպես աշխարհում, Հայաստանում էլ ապստամբների զգալի խումբ կա։ Աշխարհում ամենաարդյունավետ համադրման համակարգը հայությունն է։ Մենք բոլոր տեղերում կանք, հավատարիմ ենք այդ երկրներին, պետք է ի մի բերել բոլորին։
-Մեր երկրում անգամ ընդդիմադիր ուժերը, որ նույն նպատակի համար են փողոց դուրս եկել, չեն կարողանում համախմբվել, էլ ուր մնաց աշխարհի հայությունը։ Ի՞նչ եք կարծում, ինչու՞ չի ստացվում ընդդիմադիր ուժերի միասնական պայքարը։
-Միասնականություն, իհարկե, չկա, որովհետև, երբ մտավորականությունը տարիուկես առաջ հնչեցրեց, որ հայությունը պետք է ամբողջականացնել հայկականության գաղափարի վրա, այդ համախմբումը չեղավ։ Այս գաղափարին ոչ ոք դեմ չէ, բայց ասում են` իշխանությունը վերցնենք, հետո կանդրադառնանք այդ հարցին։ Մնում է ասեն, թե իշխանությունն ինչպես են վերցնում։ Մարդիկ ասում են` սկզբում գնանք նախագահականն ու խորհրդարանը վերցնենք, հետո այդ գաղափարը կկառուցենք։ Քանի որ իշխանությունը վերցնելու գործիքները գնալով ավելի թույլ են դառնում, ժողովուրդը դժվար է համախմբվում որևէ ուժի շուրջը։ Առաջնայինը հայության ամբողջականացումն է հայկականության գաղափարի շուրջը։ Հայաստանում ինչ ձևավորվել է` առկախ վիճակում է, այդպիսին է նաև ԱՄՆ-ում, Ռուսաստանում։ Թրամփն ուզում է ստեղծել աշխատավոր մարդու Ամերիկա, իսկ Կոնգրեսը, որը վաշխառուական համակարգի կրողն է, ջարդում-փշրում է այդ գաղափարը և ուզում է աշխարհով մեկ ԱՄՆ-ը պատերազմներ հրահրի։ Ռուսաստանն էլ երկար ժամանակ առկախ վիճակում էր, հիմա էլ չի կարելի ասել, որ բեկում եղել է։ Ճիշտ է, այնտեղ զինվորականները վերցրել են լծակները, բայց վաշխառուական համակարգը ևս շատ հզոր է։ Հայաստանում էլ է իրավիճակն այդպիսին, դրա համար էլ մշտական հարց է առաջանում` Սերժ Սարգսյանը Ռուսաստանի՞, թե՞ Արևմուտքի մարդն է։ Այն, ինչ այսօր մեզանում կատարվում է, ինձ լավատեսության հիմքեր չի տալիս։

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4986

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ