Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Արմեն Սարգսյանը՝ նախագահ, Սերժ Սարգսյանը՝ վարչապետի թեկնածու

Արմեն Սարգսյանը՝ նախագահ, Սերժ Սարգսյանը՝ վարչապետի թեկնածու
10.04.2018 | 00:31

Երեկ, ինչպես Արտաշես Գեղամյանն է ասել. սուրբ օր էր: ՈՒ այդ սուրբ օրով բոլորը հավաքվել էին Մարզահամերգային համալիրում` մասնակցելու Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը: Ներկա էին նաև արդեն քաղաքական լուսանցքում հայտնված որոշ ընդդիմադիրներ՝ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինիս պարագան շա՜տ ուշագրավ էր: Մինչ նա լայն ժպիտով հաջողություն էր մաղթում Սերժ Սարգսյանին և տիկին Ռիտայի առողջությունն էր հարցնում, սեփական կուսակցությունը խիստ հայտարարություն տարածեց, որտեղ նշվում էր, թե «Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների երկու ժամկետը Հայաստանի և հայ ժողովրդի կյանքում թողեց աղետալի, խոր բացասական հետագիծ»: Այստեղ են ասել, այսքանից հետո էլ ի՞նչ ձեռքսեղմում ու հաջողություն, թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանն այլևս կապ չունի այդ կուսակցության հետ: Շատ հավանական է` երկրորդ տարբերակը: Բայց նա էլ պիտակավորվելուց չի խուսափել: Երբեմնի դաշնակից, իր «աճեցրած, սնած» Զարուհի Փոստանջյանը նրան երեկ որակեց իշխանության հաճախորդ:


Կրքերը թեժ էին նաև դրսում: Չնայած Արմեն Սարգսյանի «սուրբ օրն» էր, բայց արտախորհրդարանական ուժերը պայքարում էին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Ասպարեզում հայտնվեց կարևոր իրադարձությունների ժամանակ «մեջ ընկնող» Արամ Հարությունյանը և որոշեց Ազատության հրապարակում հացադուլ անել մինչև ապրիլի 16-ը՝ «Սերժ, գնա, գնա» պաստառով: Կարծես երգի բառեր լինեն: Հիշեցնենք, որ ժամանակին Արամ Հարությունյանը քոչարյանամերձ ուժերի հետ էր պայքարում Սերժ Սարգսյանի դեմ՝ գովերգելով Քոչարյանի ղեկավարման տարիները: Ի դեպ, օ՜, զարմանք, երեկ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին, չնայած երդմնակալության արարողությանը չի մասնակցել, քանի որ առանց ասելու էլ գիտեինք` արտերկրում է եղել: Ազատության հրապարակում, բացի Արամ Հարությունյանից, այլ մարդիկ էլ կային, այն էլ՝ փուչիկներով, տոնում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ինչպես հետո պարզվեց, նրանց ուրախությունը ժամանակավրեպ էր:


Իսկ օրը շատ հագեցած էր. երդմնակալությունից հետո Արմեն Սարգսյանն այցելեց Եռաբլուր, հետո կառավարություն, որտեղ Կարեն Կարապետյանի ապարատը հրաժարական ներկայացրեց: Թարմացվեց նաև նորընտիր նախագահի կայքը, հայտնվեցին ընտանեկան լուսանկարներ: Ի դեպ, առաջին տիկնոջ մասին: Նա երեկ ամուսնուն ուղեկցում էր ճերմակ հագուստով, ճերմակը սիմվոլիկ էր, և ամեն ինչ նորովի սկսելու խորհուրդ կար: Երդմնակալությունից հետո առաջին շնորհավորանքն էլ սպասելի էր. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը շնորհավորել էր Արմեն Սարգսյանին:


Հավելենք, որ երեկ երեկոյան քաղաքական վերնախավը հավաքվել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում և, այսպես ասած, «շեվեդական սեղանի» շուրջը նշել Արմեն Սարգսյանի «նախագահացումը»:
Օրվա վերջում էլ ազդարարվեց երկար սպասված ու խիստ կանխատեսելի լուրը: Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարեց. «Հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիայով արձանագրված հաջողությունները՝ որոշել ենք մեր կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն, որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը»: Փաստորեն, օրն անգամ չավարտված, Սերժ Սարգսյանն անգործ չմնաց, նա արդեն ունի նոր կարգավիճակ: ԱԺ-ն մեկ շաբաթ անց բաց քվեարկությամբ խորհրդարանական երկրի կառավարումը կրկին կվստահի Սերժ Սարգսյանին:
Մեծ հաշվով, բան չի փոխվում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4917

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ