Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արմեն Սարգսյանի երկար օրը, որ «փչացրեց» Կարեն Կարապետյանը

Արմեն Սարգսյանի երկար օրը, որ «փչացրեց» Կարեն Կարապետյանը
10.04.2018 | 00:55

Երեկ կեսօրին Մարզահամերգային համալիրում Վեհամոր Ավետարանի ու Սահմանադրության վրա երդումով` մարտի 2-ին ԱԺ-ում ընտրված Արմեն Սարգսյանը սկսեց իր նախագահության առաջին օրը: Օրը երկար էր ու հուզումնալից Արմեն և Նունե Սարգսյանների համար: Նախ նրանք հանդիպեցին Սերժ և Ռիտա Սարգսյաններին: Սերժ Սարգսյանն ասաց` «Ուղղակի դատապարտված ենք հաջողություն ունենալու: Իհարկե, վստահ եմ, որ տիկին Նունեն կօգնի Ձեզ, դա պարզապես անհրաժեշտություն է»: Արմեն Սարգսյանին մնում էր համաձայնել. «Ուրիշ ճանապարհ չունենք հաջողությունից բացի: Ակնկալում եմ Ձեզ հետ միասին շատ սերտ աշխատել երկար տարիներ: Վստահ եմ, որ Նունեն ինձ կօգնի՝ ոչ միայն, որ իմ 50 տարվա ընկերն է, 40 տարվա կինս, այլ նաև ունի փայլուն օրինակ՝ տիկին Ռիտայի օրինակը, թե ինչպես պետք է նախագահին աջակից լինել, օգնել և ոչ միայն աջակցել, նաև լինել ինչ-որ տեղ առաջնորդ որոշակի ուղղության մեջ»: Հետո Աժ հատուկ նիստն էր` Վեհափառի օրհնանքը ու նախագահի առաջին ելույթը:


Կարճ ու բովանդակային: «Ինձ ուժ է տալիս մեր երկրի ու ժողովրդի հավատը ապագայի հանդեպ»,-ասաց նա: «Այսօր որևէ մեկը թող չկասկածի, որ ողջ Հայաստանը կանգնած է Արցախի թիկունքին և պայքարելու է նրա հարցի արդար ճանաչման համար, պայքարելու է այսօր, վաղը։ Փառք հայոց հաղթական բանակին»,-հայտարարեց նախագահը: Նա արժանին մատուցեց «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական հեռատեսությանը և պետական գործչի հմտությանը»: Անդրադառնալով անելիքներին՝ ասաց, որ պետք է ապահովել ՀՀ քաղաքացու ինքնադրսևորման համար լավագուն միջավայրը: «Միասին պետք է հետևողական պայքար մղենք պետական համակարգում, հասարակության մեջ, մեր շրջապատում առկա բոլոր բացասական ու արատավոր երևույթների դեմ՝ կոռուպցիայից մինչև սոցիալական անարդարություն»: Հետո նշեց իր արժեքները` «Փոքր երկիր, համաշխարհային ազգ՝ սա է մեր էությունը: Հավատ, վստահություն, արդարություն և ամենօրյա բարեխիղճ աշխատանք: Այս արժեքներն են, որ կարող են խթանել մեր հասարակության ստեղծագործական ուժերն ու եռանդը»: Նրա խոսքով՝ մեզնից է կախված՝ կարողանալու ենք օգտվել պատմական հնարավորություններից, եւ 21-րդ դարում ինչպիսի Հայաստան ենք ուզում կերտել` «Հայաստան, որն ընդունակ կլինի դիմագրավել դարի մարտահրավերներին և արժանի տեղ գրավել առաջավոր ազգերի շարքում: 21-րդ դարը մտքի դար է, դրան համահունչ մենք պետք է կերտենք նոր ու երիտասարդ Հայաստան, դինամիկ, ճկուն ու ստեղծագործ Հայաստան»:
ՀՀ առաջին և երկրորդ նախագահները չէին մասնակցում չորրորդի երդմնակալությանը: Լևոն Տեր-Պետրոսյանը` առանց բացատրության, Ռոբերտ Քոչարյանը արտերկրում էր, որտեղից շնորհավորել ու առողջություն և հաջողություն էր մաղթել: Երդմնակալությունից հետո նախագահը մեկնեց «Եռաբլուր»` ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի ուղեկցությամբ:


Հետո նախագահը ընդունեց վարչապետին ու նրա հրաժարականը` իր առաջին հրամանագրով կառավարությանը դարձնելով պաշտոնակատար: Արմեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Կարեն Կարապետյանին բեղմնավոր և արդյունավետ աշխատանքի համար, հետո լրագրողներին ասաց. «Մի քանի րոպե առաջ հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է իր և կառավարության հրաժարականը:

Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ՝ ընդունել եմ հրաժականը և ստորագրել հրամանագիրը՝ հանրապետության նախագահի առաջին հրամանագիրը, որով այս պահից Կարեն Կարապետյանը և կառավարությունը շարունակելու են իրենց գործունեությունը՝ որպես գործող կառավարություն: Կարճ զրույցի ընթացքում ես պարոն Կարապետյանին ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեցի իր վերջին շրջանի գործունեության, բեղմնավոր և արդյունավետ աշխատանքի համար: Հույս հայտնեցի ու նաև վստահ եմ, որ Կարեն Կարապետյանը ոչ միայն այս կարճ ժամանակահատվածում շարունակելու է աշխատանքը որպես ժամանակավոր կառավարության ղեկավար, այլեւ՝ հետագայում ևս այս կամ այն ձևով իր ներդրումն է բերելու և կառավարությունում, և Հայաստանի Հանրապետությունում, քանի որ տաղանդավոր մարդիկ, տաղանդավոր գործիչները, ինչպիսին Կարեն Կարապետյանն է, ցավոք սրտի, շատ չեն: Հուսամ՝ ապագայում ավելին կլինեն: Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել և հաջողություն մաղթել»:

Կարեն Կարապետյանը փոխադարձեց. «Նախ և առաջ, ես կրկին կցանկանայի շնորհավորել Արմեն Սարգսյանին՝ այս բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ես նրան ներկայացրել եմ մեր կառավարության հրաժարականի դիմումը։ Պարոն Արմեն Սարգսյանի հետ ունենք շատ ջերմ ու լավ հարաբերություններ: Մենք երկար ժամանակ է, ինչ ճանաչում ենք միմյանց: Մենք բարեկամներ ենք և համախոհներ: Վստահ եմ, որ պարոն Արմեն Սարգսյանի գալով՝ նոր շունչ կմտնի կառավարման համակարգ և իրականացվող բարեփոխումներին նոր թափ կտրվի»:
Օրվա հերոսն ու տերը լինելու էր Արմեն Սարգսյանը, բայց Կարեն Կարապետյանը իր հայտարարությամբ միանգամից նախագահի պաշտոնակալության արարողությունը առաջինից դարձրեց երկրորդ լուր և ՀՀԿ-ի մամլո խոսնակի հացը կտրեց` հավելյալ տեղեկություններ հրապարակելով իր և Սերժ Սարգսյանի հանդիպումից. «Այո, անդրադարձել ենք նաև վարչապետի թեկնածուի վերաբերյալ հարցին, խոսել ենք Սահմանադրության, կառավարման նոր համակարգի մասին: Համակարծիք էինք, որ երկրի առջև կանգնած մարտահրավերների և խնդիրների պարագայում կառավարման նոր համակարգին սահուն անցումը ապահովելը և վերջնական ձևավորումը չափազանց կարևոր խնդիր է: Հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիայով արձանագրված հաջողությունները՝ որոշել ենք մեր կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն, որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Որովհետև, կրկնում եմ, չափազանց կարևոր է սահուն, արդյունավետ և ռիսկերը նվազեցնելով անցում կատարել կառավարման նոր համակարգին»:


Ասվեց` ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն Սերժ Սարգսյանն է և ասողը վարչապետ Կարեն Կարապետյանն էր: Որ հարցեր չլինեն: Թեև չկային էլ:
Արմեն Սարգսյանին մնում էր մխիթարվել, որ իրեն շնորհավորեց Մեծ Բրիտանիայի թագուհին: Եղիսաբեթ Երկրորդը գրել էր. «Կցանկանայի իմ անկեղծ շնորհավորանքները հղել Ձեզ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Իմ ջերմ բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին ու ակնկալում շարունակել մեր երկու երկրների միջև գերազանց հարաբերությունները»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Երեկ սկսվեց պայմանական անիշխանության շաբաթը: Ազատության հրապարակում հայտարարվում է` իշխանափոխության հնարավորության շաբաթ: Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հրապարակ են դուրս եկել անկախությունից ի վեր միայն ընտրությունների ժամանակ իրենց հիշեցնող բոլոր մարգինալները: Պարույր Հայրիկյանին միացավ և «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը և … հացադուլ հայտարարեց ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: Երևի նիհարելու խնդիր ունի:

Դիտվել է՝ 3879

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ