Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ինչպիսին մտքերդ են, այդպիսին էլ կյանքդ է

Ինչպիսին մտքերդ են, այդպիսին էլ կյանքդ է
10.04.2018 | 10:02

20-րդ դարում ապրել է ազգությամբ սերբ սրբակյաց հոգևոր հայրերից մեկը` ԹԱԴԵՈՍ վարդապետ ՎԻՏՈՎՆԻՑԿԻՆ: Նա պատմում է, որ երբ տասնութ տարեկան էր, մտածում էր կյանքի իմաստի մասին և ցանկություն ուներ վանք գնալու` ամբողջովին Աստծուն ծառայելու համար: Այդ ժամանակ ծանր հիվանդանում է, նրան հիվանդանոց են տանում, որտեղ մնում է 47 օր: Նրա վիճակն ավելի է ծանրանում, սպասվում է թոքերի ծանր վիրահատություն, առանց որի, ըստ բժիշկների, 5 տարի էլ չի կարողանա ապրել: Որոշում է իր կյանքի վերջին հինգ տարիները նվիրել միայն Աստծուն: Նա մտածում է, թե կյանքը ծառայություն է. ծնողները ծառայում են երեխաներին, երեխաները` ծնողներին, ուստի, եթե մեկը ծառայում է մյուսին, ինքն էլ ուզում է ծառայել Աստծուն: Առանց վիրահատության մեկնում է վանք` կյանքի մնացյալ տարիները նվիրելու համար Աստծուն` կարծելով, որ ընդամենը հինգ տարի պիտի ապրի` չպատկերացնելով, որ Աստված որոշել էր բժշկել իրեն:

Այնուհետև, արդեն 80-նանց տարիքում ասում է, թե այն բժիշկները, որոնք ասում էին` քեզ մնացել է հինգ տարի, տարիների ընթացքում հերթով մահացան, իսկ ինքն ութսունն անց է և Աստծո շնորհով դեռ ապրում է։
Թադեոս վրդ. Վիտովնիցկին իր ամբողջ կյանքը նվիրում է Աստծուն: Ամեն օր նրան դիմում եմ հարյուրավոր մարդիկ` հոգևոր տարբեր հարցերի, խնդիրների շուրջ պատասխաններ ստանալու համար: Նա նշում է` մենք մեղադրում ենք մյուսներին, ուզում ենք ուղղել մեր շուրջը բոլորին, բայց երբեք չենք սկսում մեզանից: Սա մեր մեծ սխալն է: Եթե ամեն մեկն սկսեր իրենից, աշխարհում այդքան շատ չարիք չէր լինի: Ամեն բան, ինչ տեղի է ունենում մեզ հետ, օգտակար է, իսկ մենք հաճախ անհանգստանում ենք, հարցնում ենք ինքներս մեզ՝ ինչու՞ է ամեն ինչ այդպես, մի՞թե չէր կարող այլ կերպ լինել՝ ավելի լավ: Բայց փորձությունների միջով անցնելն անհրաժեշտ է: Հանդարտ դրանք հաղթահարել և խաղաղություն ձեռք բերել՝ ահա կյանքի դպրոցը: Հիվանդության պատճառը մտքի անկման մեջ է: Հիվանդությունը մտքից է: Սովորաբար մեզ լավ կամ վատ մտքեր են այցելում. ինչպիսին մտքերն են, այդպիսին էլ կյանքն է: Հոգին սնվում է մտքերով, ինչպես մարմինը նյութական կերակրով: Մի՛ ընդունեք վատ կերակուր և առողջ կլինեք: Ինքդ քո մասին չպետք է շատ մտածես, որովհետև մեր պահանջմունքների մասին մտածելով` ինքներս մեզ ենք խանգարում: Մենք ինքներս ենք մեր ամենամեծ խոչընդոտը: Մտածում ենք չարիքի մասին, որը մեր շուրջն է, որը մեզ վիրավորանք է պատճառում, բայց եթե չարը չլիներ հենց մեր ներսում, այն մեզ վիրավորանք չէր պատճառի: Պետք է համբերել և ներել: Սրտին մոտ չընդունել վիրավորանքները: Սուրբ հայրերն ասում են՝ հնազանդությունն ավելին է, քան աղոթքն ու պահքը: Ես երիտասարդ տարիքում դա չէի հասկանում: Բայց եթե հնազանդություն չկա, պահքից արդյունք չկա:

Սրբերը Սուրբ Հոգու շնորհներ են ձեռք բերել աղոթքով և պահքով, բայց դրանցից ավելի՝ հնազանդությամբ: Խուսափեք ձեր ղեկավարի կամ էլ գործընկերոջ մասին չարը մտածելուց: Փոխարինեք վատ մտքերը բարի մտքերով և կտեսնեք, թե ինչպես է ձեր նախկին «հակառակորդների» վերաբերմունքը փոխվում: Ինչպիսին մեր մտքերն են, այդպիսին և մեր կյանքն է: Մենք նույնիսկ չենք պատկերացնում, թե ինչ ուժ ունեն մեր մտքերը: Մենք կարող ենք լինել և՛ մեծ չարիքի, և՛ մեծ բարիքի աղբյուր: Պետք է սիրով ու խոնարհությամբ համբերել, որպեսզի հոգին ազատագրվի մեղավոր մտքերի ճնշումից: Ցրված միտք ունեցողի սիրտը սառն է դառնում, իսկ նրա հոգին թափառում է այս ու այն կողմ, կարծես անտուն թափառական է: Եվ երբ դուրս է գալիս իր սրտի տան դռներից, նրան մտքերն են հարվածում: Իսկ երբ ուշադրությունը սրտի ներսում է, այդժամ հոգին իր տեղն է ընկնում, հաշտվում է Աստծո հետ, և Աստված կյանքի կենտրոնն է դառնում, մենք էլ դառնում ենք ջերմ ու կենդանարար:

ՈՒշադրության պահպանումը սրտում և մտքի սթափությունն ավելին են, քան ճգնավորական սխրանքը, պահքը և հոգևոր այլ ջանքերը, որովհետև անուշադիր և անսթափ վիճակում մնացյալ ամեն ինչ զուր կլինի: Միակ փրկությունը, միակ ճանապարհը, ելքը մեր ներքին փոփոխությունն է, սրտի փոփոխությունը: Առաջին հերթին պետք է խաղաղություն հաստատվի մեր հոգում, այդժամ մեր շրջապատում էլ խաղաղություն կլինի: Սրտում խաղաղության պահպանումն ամենագլխավորն է: Ոչ մի պարագայում թույլ մի տվեք տագնապները ձեր սիրտ թափանցեն: Մտածումների քաոսը անկյալ ոգիների վիճակն է: Մենք ցրված մտքով ենք աղոթում, մենք թերահավատ ենք, չենք տրվում Աստծու կամքին: Մեզ թվում է` շատ բաների մասին պետք է մտածենք, իսկ Աստված այլ գործեր ունի: Աստված նայում է մեր սրտի խորքը, թե ինչ պատճառով է այդ սիրտը տխրում, ինչ է ուզում:

Եթե սրտում ինչ-որ անմաքուր բան կա և այնպիսի բան, որը սրտին գայթակղեցնում է, այդժամ մեր թափառումները կլինեն երկարատև, կունենանք տառապանք և ցավ մեր սրտում: Դա նրանից է, որ մենք երկփեղկված ենք. ուզում ենք լինել Քրիստոսի հետ, իսկ սրտում դեռևս կախված ենք աշխարհից, այդ պատճառով էլ տառապում ենք: Իսկության մեջ մեր ցանկությունները կործանարար են: Մեր զգացմունքներն անհագ են: Բոլորն ինչ-որ բան են փնտրում, կարծես այստեղ` երկրի վրա, հավիտենական են: Բայց ապարդյուն, կյանքն անցում է, և ամեն ինչ հասնում է իր ավարտին: Մենք չափից դուրս անհանգստանում ենք մեզ համար, բայց չէ՞ որ մարդը, ով ամբողջովին տրվում է Աստծո կամքին, կարող է լինել ուրախ, խաղաղ ու երջանիկ: Որքան մենք ազատագրված ենք հոգսաշատ մտածումներից, այդքան մեզ տրվում է հոգևոր զգացում, որ Աստված մեզ հետ է:

Պատրաստեց
Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2116

Մեկնաբանություններ