Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Նախամարդը քաղաքում

Նախամարդը քաղաքում
10.04.2018 | 10:07

ՆԱԽԵՐԳ


Իմաստասեր այրերը վաղնջական ժամանակներում են կռահել, երբ կարմրագավակ նախրի առաջ զարկում է կայծակը, և այրվում է կանաչագեղ արոտը, այն կորցնում է ժամանակի, տարածության և վեհության զգացողությունը, կտրուկ հետ է շրջվում և շորորաքայլ առաջ ընթանում։ Եվ այս պահին կատարվում է ահասարսուռ մի բան. հազարագլուխ հոտի առաջնորդ է դառնում անբան ու հեզ, քոսոտ և կաղոտն հետնապահ եզը։
Սույն նախիրը (սա անհայտ չէ) դարեր ի վեր խնկարծաթ կաթ էր ջրվեժել։ Սակայն հետդարձի արհավիրքին ենթակա` այն դառնում է նախրաոհմակ։ Եթե կուզեք` այն կարող է անվանակոչվել ահա էսպես... (ներող եղեք, անվանակոչումը թողնում եմ ձեզ)։
Նախրաոհմակի յուրաքանչյուր անձը նախ գոմշամարմին էր, այնուհետև նաև բորենիագլուխ էր։ Եվ, ի վերջո, կատվաչ էր։ Նրանք օժտված են մի շարք առաքինի առաքելականությամբ, զորօրինակ` ջորու թուջե համառությամբ։ Օրինակ, ալ արյան մշտարթուն ծարավով։ Նաև (սա չանտեսենք, անհարմար է) նվաճողական ախորժակով և մոլախոտին վայել անձնազոհ կայտառությամբ...

ԱՐԱՐ N1
Քաղաքը հնադարյան էր, ինչպես, ասենք, մագաղաթը։ Քաղաքը կարծես մի հսկա գաթա էր, որը գրգռում էր ցամաք կորեկահացի սովոր նախամարդկանց ախորժակը։ Անկոչ մարտակոչեր հնչեցնելով` դրանք ներխուժում էին սրբազնական լեռան աչքի առաջ հանգրվանած այս զարմանահրաշ բնակավայրը... Ներխուժում էին հարավից, արևմուտքից էին խուժում, բայց առավել հաճախ գրավում էին քաղաքը արևելքից։ Նրանք ժամանում էին, կքանստում էին այս ու այն տեղ (պարսպի ստվերում և տաճարի գավիթում), և աղտոտում էին կքանիստ դիրքից։ Նրանց համար ուղղաձիգ դիրքն անգո էր, զի չկար անցյալ և ապագա ժամանակ։ Դարն ու օրը ամփոփվում էին պահի տիրույթում, որն էլ թելադրում էր հրկիզել և հրճվել, փլուզել և փսխել, զի պահն անցողիկ էր և պատժում էր բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեին ուղղաձիգ դիրք ընդունել և քաղաքը տեսնել որպես խոյակ և որպես խնկոսկի մի մագաղաթ։
Եվ այսպես խնկաբույր քաղաքում փոխվել էր վարքը։ Կարմիր ու սև ոչխարների այրվող դմակի ճենճահոտը գրավել էր ջինջ օդը, լուսազուլալ գինու փոխարեն այրող արաղն էր հոսում քաղաքաբնակի որկորներն ի վար։ Երբեմն էլ երկնքից ձյան ու անձրևի փոխարեն ոչխարի կտտոր էր տեղում։ Քաղաքը տնքում էր, բայաթին ծիածան էր կապում պարսպի ու տաճարի միջև։


Այսպես հաստատվեց (մեր աչքից էլ անտես) նախամարդու իշխանությունը։ Սա չեն ներել ցայսօր քաղաքաբնակների նախնիք, Սասնա ծռերը, Ավարայրի մարտիկները և այլք։ Թերևս միայն Ցռան Վերգո Սասնա ծռաթերմացքն ու Ավարայրի հակահերոս Վասակը դարերի հեռուներից գորովասիրտ ողջունեցին դրանց այս վերջին պորտապտույտը։ Քաղաքա-բնակները, որոնք ի բնե սեգաճակատ էին, արարող ու լուսաժպիտ, հանկարծ տնքացին, երկա՜ր ու ողբաձայն պարզեցին դիմադրության եղանները։ Երկու սերունդ անց քաղաքում նոր քաղաքաբնակ ցեղատեսակ ի հայտ եկավ, որը նախ նեղճակատ էր, ապա և ստեղծագործաբար քանդարար էր, ու վերջապես, նա հեռատես-ռազմագետ էր։
Ելքը գտնվեց։ Քաղաքը բռնադատվում էր օրենքի ուժով։ Մեռնե՜մ օրենքին, բառաչեց նախամարդկանց մարտական կոհորտան և խուժեց քաղաք (տաճարների զանգերը գուժում էին անեծք ու եղերերգ)։
Նախամարդկանց կոհորտան խաչակնքեց իր ձախ ձեռքով, մոմի տեղը խարույկ վառեց և հոգեպարար զմայլանքով կքանստեց խարույկի շուրջը։ Եվ... դու ներիր մեղավորիս, պատվարժան ընթերցող, սակայն անկարող եմ փաստն անտեսել։ Զի այն աշխարհաքաղաքական աստառ ունի. երբ նախամարդը կքանստեց, բնազդը նրան իսկույն հուշեց` գաղափարական հայեցակարգը չանտեսել, քաղաքից հեռացրեց նրա մանուկ բնակչին և հանապազօր հացը արարող վարպետին։ Նաև, ինչ խոսք, քաղաքի հատկապես մշակութային կենտրոնը, նրա արարման խորհուրդը սրտներում ամբարած առաքինի այրաց ու տիկնանց։ Ընդամենը ու պարզապես, ոչինչ ուրիշ)։


Այսպիսով նախամարդը սահմանադրորեն ամրագրեց քաղաքը ձևախեղելու յուր վերջնագիրն ու գերնպատակը` ամեն բան վասն հայոց 12-րդ քաղաքամոր բաբելոնացման։ ՈՒրիշ ոչինչ։
Զարմանալի իմաստասիրությամբ և զարհուրելի գեղագիտությամբ էր կերտվել քաղաքի զինանշանը։ Ահա այն, վեցանիստ մի վահան (ծայրերը բութ և ժանգակեր), կենտրոնում գլխավոր խորհրդանշանը` թուջապսակ նախամարդը` շրջապատված 30 արծաթ դրամով։

ԱՐԱՐ N2
Քաղաքի կենտրոնում նրա կնքահայր-ճարտարապետի խոյանք-տեսիլքն էր` հրապարակը։ Հինգ սքանչելակերպ շենքեր էին պսակում այն` յուրյանց վեհաշուք նկարագրով։ Շենք-սիմֆոնիաներ, որոնց բարձրակետը ճարտարապետի քանքարավոր աջի հետագիծն էր` Կառավարական տունը։ Հրապարակն ամփոփում էր նախորդ 11 քաղաքամայրերի փլուզված և փոշիացած քաղաքաշինական մշակույթը։ Միով բանիվ, այն նաև պարտավորություն էր, զարթոնքի և հավերժության խորհրդանշան, սրբատաշ, տուֆակոփ և խիստ հայեցի։ Ճարտարապետի վախճանից հետո, կայսրության գաղափարական պարտադրանքով հրապարակի կենտրոնում կառուցվեց պատվանդանը, որպեսզի վրան տանի հեղափոխության «վոժդի» հսկա արձանը։ Քաղաքի մարդիկ հնարագետ էին, նաև խոհեմ, թերևս, ինչու չէ, քաղաքականապես բավականին արթնամիտ։ Նրանք կերտեցին մի փոքրիկ հրաշք, խոյակաշեն և գրանիտե պատվանդան։


Բայց և այնպես, մի՞թե հանդուրժելի էին հրապարակի մատենական վեհությունը և պատվանդանի ցայտուն նոկտյուրնը։ Ինչ խոսք` ո՛չ։ Հրապարակը շրջապատվեց բաբելոնյան աշտարակներով։ Իսկ պատվանդանը, դե, հասկանալի է, որ այն ևս անկարող էր միայնակ դիմակայելու նախամարդու անդադրում գրոհներին։ Եվ այն փլուզվեց ու դարձավ քաղաքի պատմության հերթական անհայտ բացակայողը։

Ի դեպ, ժամանակին պատվանդանի վրա դիրքավորվում էին երկրի ղեկավար այրերն ու տիկնայք և թատերական բարերարի լիասիրտ ժպիտով ողջունում էին անցնող առաջադեմ հոտաղների և աջթևային բեռնակիրների շքերթը։ Նախամարդու հնարամտությունը ցնցող էր, պատվանդանի փոխարեն կանաչ մարգագետին բուսնեց, և կառուցվեց մի փայտաշեն ժամանակավրեպ շինվածք։ Եվ ահա նույն այդ երկրի հաղթական բանակի մարտաշունչ գնդերի շքերթն էին ընդունում հոգևոր հայրերն ու աշխարհի այրերը (նաև, ինչ խոսք, տիկնայք ազազուն), թիկունքներն արած դեպի Լյառը Մասիս, նաև` Սիս, վճիտալիճ հայացքներն ուղիղ դեպի անմարդաբնակ Հյուսիսային պողոտան։ Որտեղ սկսվում և ավարտվում է քաղաքը։ Խոյակը փոխարինվեց խոտհարքով։

ՎԵՐՋԵՐԳ-ՁՈՆԵՐԳ


Հայոց մայրաքաղաքների պատմության լուսանցքներում ավելի շատ խորհուրդ կա խորին, քան մայր էջերում։


11 քաղաքամայր երերաց ու փլվեց ավելի հաճախ օտար հողմերի շառաչի ներքո։ 12-րդ մայրաքաղաքը փթթում է հարազատ նախամարդու թուջե կրնկի տակ։ Միով բանիվ, հայոց միակ կանգուն մայր ոստանի արշալույսն ու մթնշաղը փոխատեղված են։ Սակայն չէ՞ որ այս յաթաղանակերպ (երբեմն էլ խնձորի նման լիաթուշ) լուսնի տակ ոչինչ հավերժ չէ։
Հավերժ են քաղաքները։ Անցողիկ է նախամարդը։
Եվ ահա ծառանում է օրվա, տարվա, նաև դարի դաժան հարցը` ե՞րբ և ինչպե՞ս է վերաշինվելու քաղաքը։ Այլ կերպ ասած, նախամարդու անդնդախոր հետքերը (լինենք անկեղծ) անհնար է բնաջնջել։ Եվ ահա իմաստասեր մեր այրերն անշփոթ հուշում են` հարկավոր է նախամարդուն քշել քաղաքից և նրա հետքերը դարձնել թանգարան։ Վասն զբոսաշրջային գայթակղության։ Ամեն։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5667

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ