«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Յունայթեդը» հետաձգեց «Սիթիի» չեմպիոնությունը

«Յունայթեդը» հետաձգեց «Սիթիի» չեմպիոնությունը
10.04.2018 | 10:14

Եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնությունների ընթացիկ մրցաշրջանի առաջին չեմպիոնն արդեն հայտնի է: Իհարկե, Մյունխենի «Բավարիայի» հետ առաջնայնությունը հավասարապես կարող էր վիճարկել «Մանչեստր Սիթին», սակայն Ժոզե Մոուրինյոն իր «Մանչեստր Յունայթեդով» ամեն ինչ արեց ծաղրածուի վիճակում չհայտնվելու համար: Ի դեպ, չեմպիոնության հետ կապված այնպես չէ, որ մյուս առաջնություններում մութ մնացած հարցեր կան, սակայն, բոլոր դեպքերում, եկեք սպասենք իրողությունների դեյուրե հավաստմանը:

ԱՆԳԼԻԱ
32-րդ տուրը, այո «Մանչեստր Սիթիի» համար կարող էր լինել չեմպիոնական, ինչպես մեկ օր առաջ վստահաբար հավաստել էր Պեպ Գվարդիոլան, սակայն պարզվում է, որ նրանից ազդեցիկ խոսք ունեցող էլ կա, ու այդ ավելի ազդեցիկ խոսք ունեցողը «կարմիր հրեշների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն է, որը «Սիթիի» առավելությամբ ավարտված առաջին խաղակեսից հետո (2:0) հանդերձարանում իր սաներին ասել էր` եթե չենք կամենում ծաղր ու ծանակի բաժին դառնալ, պիտի ամեն ինչ մոռացած խաղանք:
ՈՒ խաղացին էլ: Այս հանդիպման 2:3 վերջնահաշիվը, հարկավ, սառը ցնցուղ էր Գվարդիոլայի ու նրա սաների համար, որոնք մեկ հանդիպում առաջ, այս անգամ Չեմպիոնների լիգայի մեկ քառորդի առաջին խաղում, զիջել էին «Լիվերպուլին»:


Ֆուտբոլ է, ու առանց պարտությունների չի լինում, սակայն պարտություն էլ կա, պարտություն էլ: Գուցե և գերմոտիվացիան չար կատակ խաղաց Գվարդիոլայի ու նրա սաների հետ (դերբիում չեմպիոն հռչակվելն առանձնակի շուք կտար այդ հաղթանակին), բայց հիմա եղածը եղած է, ու պիտի հնարավորինս արագ մոռանալ այս անհաջողությունը:
Ինչ վերաբերում է «Մանչեստր Յունայթեդին», փոխչեմպիոնության համար պայքարում այդ երեք միավորը թթվածնի հզոր չափաբաժին էր, մանավանդ որ սույնում նրա հետ մրցակցողները պակաս կշիռ ունեցողներ չեն: Ճիշտ է, լիվերպուլյան դերբիում Յուրգեն Կլոպի սաները միավորներ կորցրին («Էվերտոնի» հետ մրցակցությունն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով), սակայն դա Չեմպիոնների լիգայում «Սիթիի» հետ ունեցած հոգնատանջ խաղից հետո էր ու միանգամայն ներելի: Պարզապես այստեղ իրավիճակը բարդանում է նրանով, որ Կլոպի սաները արդեն չորս միավորով են հետ 71 միավոր ունեցող «Յունայթեդից», ու, սրանից զատ, մեդալների համար պայքարում նրանց հետ լուրջ մրցակցության մեջ է մտել մեկ խաղ պակաս անցկացրած «Տոտենհեմը» (պակաս անցկացրած խաղ ունի և «Մանչեստր Յունայթեդը»), որն արտագնայում «Ստոկ Սիթիի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (2:1) նույնպես ունի 67 միավոր:


Չնայած առաջինը գոլ բաց թողնելու տհաճությանը, այդուհանդերձ, «Արսենալը» հանգստյան գնաց հաղթանակած` 2:1: Երկրորդ խաղակեսում «Սաուտհեմպտոնը» դարձյալ առաջինը գոլ հեղինակեց, սակայն խաղավարտից տասը րոպե առաջ Արսեն Վենգերի սաները խփեցին հաղթական գոլը (3:2)` 54 միավորով մրցաշարային աղյուսակում պահպանելով վեցերորդ հորիզոնականը: Նկատենք, որ հանդիպմանը չի մասնակցել Հենրիխ Մխիթարյանը, որը Եվրոպայի լիգայի շրջանակներում Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ դիմակայության ժամանակ վնասվածք էր ստացել ու փոխարինվել: «Սաուտհեմպտոնի» հետ հանդիպման հետխաղյա մամլո ասուլիսում Արսեն Վենգերն անդրադարձել է Մխիթարյանի թեմային, հույս հայտնելով, որ հայ ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, կկարողանա պրեմիեր լիգայի վերջին խաղերին օգտակար լինել թիմին:


Նորից իր երկրպագուներին չի կարողացել հաղթանակով ուրախացնել «Չելսին»: «Վեստ Հեմը» պատասխան գոլն այնքան էլ չի ուշացրել` մնացած խաղաժամանակում անառիկ պահելով դարպասը` 1:1: Մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականը երկրի գործող չեմպիոնի երազանքների գագաթնակետը չէ, բնականաբար, ոչ էլ հավաքած 57 միավորը, սակայն այս է Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմի հնարավորությունների ներկայիս սահմանը:

ԳԵՐՄԱՆԻԱ
«Աուգսբուրգի» նկատմամբ արտագնայում «Բավարիայի» տոնած 4:1 հաշվով հաղթանակը հյուրերի համար շարքայինից փոքր-ինչ ավելիի կարգավիճակ ունեցավ զուտ շնորհիվ նրա, որ ընդամենը դեյուրե փաստեց մյունխենցիների հերթական չեմպիոնությունը, որին ոչ ոք չէր էլ կասկածում, քանզի բավարացիները միավորների ահռելի տարբերությամբ են առաջ մոտակա մրցակիցներից: Բոլոր դեպքերում փաստենք, որ նրանց չեմպիոնության հասցրին 29-րդ տուրն ու այդքան խաղերի ընթացքում վաստակած 72 միավորը, ինչն ուղիղ քսանով ավելի է երկրորդ տեղում գտնվող «Շալկեի» ունեցածից, որն էլ իր հերթին արտագնայում 2։3 հաշվով զիջել է բունդեսլիգայի նախավերջին հորիզոնականում գտնվող «Համբուրգին»: Սակայն «Շալկեի» բախտը բերել է այնքանով, որ նախորդ տուրի կտրվածքով Դորտմունդի «Բորուսիայից» ունեցած չորս միավորի առավելությունը, բնականաբար, ամբողջապես չի «հալվել», թեև մեկ միավորի առավելությամբ «Շալկեն» արդեն շատ-շատ է խոցելի դարձել նույն «Բորուսիայի» համար, որը «Շտուտգարդի» նկատմամբ տոնած 3:0 հաշվով հաղթանակից հետո իր հաջորդ քայլը տեսնում է երկրորդ հորիզոնականն իրենով անելու մեջ:


Սեփական հարկի տակ «Հոֆենհայմի» հետ միավոր կիսելուց հետո (1:1) «Այնտրախտը» 46 միավորով դեռևս չորրորդ հորիզոնականում է, սակայն այն հեշտությամբ կարող է զիջել նույնքան միավոր ունեցող «Լայպցիգին», եթե վերջինս «Բայերի» հետ մրցակցությունում անգամ մեկ միավոր վաստակի: Ի միջի այլոց նկատենք, որ «Լայպցիգի» նկատմամբ հաղթանակի հասնելու դեպքում «Բայերն» ինքը կարող է հայտնվել չորրորդ հորիզոնականում, ու դրա համար լավ էլ մեկնարկային հիմք է նրա ունեցած 45 միավորը: Այնպես որ, երեկ կայացած «Լայպցիգ»-«Բայեր» մրցակցությունը կարող էր էական տեղաշարժերի տեղիք տալ:

ԻՍՊԱՆԻԱ
«Լեգանեսի» հետ տնային խաղում Լեո Մեսիի հեթ տրիկը 3:1 հաշվով հաղթանակ բերեց «Բարսելոնին»` կատալոնյան ակումբի միավորների թիվը հասցնելով 79-ի: Սակայն այս խաղը չէր, որ կոչված էր լինելու Լալիգայի հերթականի ամենասպասվածը կամ կենտրոնականը, քանի որ այդ կարգավիճակում էր «Ռեալ»-«Աթլետիկո» դիմակայությունը: Իհարկե, փոքր-ինչ պարադոքսալ է, որ առաջին տեղում գտնվողի համեմատությամբ երկրորդ-երրորդ տեղերի համար մրցակցողների պայքարն է ավելի առաջնային դիտարկվում, բայց երբեմն այսպես էլ է լինում: Ինչևէ: Մանրամասների մեջ չմտնելով ասենք, որ մադրիդյան դերբիում գրանցվել է 1:1 արդյունքը (գոլերը խփել են Քրիշտիանու Ռոնալդուն ու Անտուան Գրիզմանը, ում` «Բարսելոն» տեղափոխվելու լուրերը գնալով ավելի ու ավելի հավաստի երանգներ են ստանում), որը բնականաբար հօգուտ մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում գտնվող «Աթլետիկոյի» էր: Դերբիից հետո Սիմեոնեի գլխավորած թիմի միավորների թիվը դարձավ 68:
Այս ոչ-ոքին միանշանակ ավելի քան տեղին էր «արքայականին» կրնկակոխ հետապնդող «Վալենսիայի» համար (մինուս երկու միավորի հեռավորության վրա էր), որի մրցակիցը «Էսպանյոլն» էր: Նվազագույն հաշվով հաղթանակը տանտերերին ապահովել է բաղձալի երեք միավորը, ինչ թույլ է տվել բարձրանալ երրորդ հորիզոնական:


Իհարկե, հաջորդ տուրում, ի դեմս «Բարսելոնի», «Վալենսիային» սպասում է ծանրագույն փորձություն «Կամպ Նոուում», ինչը «Մալագային» մրցակից ունեցող «Ռեալի» համար կրկին երրորդ հորիզոնական վերադառնալու շանս կլինի, սակայն եկեք իրողություններից առաջ չընկնենք, քանզի ոչ ոք չի կարող հարյուր տոկոսով երաշխավորել, որ առաջին հանդիպման օրինակով «Վալենսիան» կենաց ու մահու կռիվ չի տալու «Բարսելոնին» ու կրկին միավոր չի փախցնելու առաջատարից:


«Սելտան» ծանրագույն հարված հասցրեց «Սևիլիային»` հաղթելով 4:0 հաշվով ու սրընթաց ներխուժելով առաջին վեցյակ, որտեղից, բնականաբար, դուրս մղեց օրվա իր մրցակցին: Այստեղ էլ է հեթ տրիկ գրանցվել, ու դրա հեղինակը երկրի հավաքականի անդամ Յագո Ասպասն է: Թերևս անդալուզցիներին տրվելիք գնահատականում առանձնապես խիստ չլինենք, քանի որ նրանց քթի տակ եղած մոտակա հանդիպումը Մյունխենի «Բավարիայի» հետ է բոլորիս քաջ ծանոթ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունից, որտեղ «Սևիլիան» գլխից վեր թռչելու խնդիր ունի:
Վեցերորդ հորիզոնականում գտնվող «Վիլյառեալը» հյուր եկած «Աթլետիկին» պարտվելու դեպքում զբաղեցրած դիրքի կորուստ չէր ունենա, իսկ եթե հաղթեր, մեկ աստիճանով վեր կբարձրանար: Այդ հանդիպումը կայացել է երեկ ուշ երեկոյան:

ԻՏԱԼԻԱ
Առաջատարությունը «Յուվենտուսին» զիջելուց հետո «Նապոլին» չի կարողանում կրճատել «ծեր սինյորայից» չորս միավորով հետ մնալը: Հերթական տուրն էլ բացառություն չկազմեց: «Յուվեն» արտագնայում պարտության մատնեց «Բենևենտոյին» (4:2)` միավորների թիվը հասցնելով 81-ի, «Նապոլին» սեփական հարկի տակ հաղթեց «Կիևոյին»` 2:1:
Լուսատախտակին 2:1 հաշիվն էր նաև «ՈՒդինեզե»-«Լացիո» հանդիպումից հետո, սակայն հօգուտ հյուրերի, որոնքայս հաղթանակի շնորհիվ բարձրացան երրորդ հորիզոնական` լրացուցիչ գործակիցներով այնտեղից դուրս մղելով նույնպես 60 միավոր ունեցող «Ռոմային», որը սեփական հարկի տակ «հաջողեցրեց» 2:0 հաշվով զիջել «Ֆիորենտինային»:
«Լացիոյից» ու «Ռոմայից» ընդամենը մեկ միավորով է հետ «Ինտերը», որն արտագնայում նվազագույն հաշվով զիջել է «Թուրինին»` այդպես էլ չկարողանալով օգտվել ստեղծված բարեպատեհ իրավիճակից:


Մրցաշարային աղյուսակում տեղաշարժի առումով «Սասուոլոյի» հետ մրցակցությունում վեցերորդ հորիզոնականում գտնվող «Միլանը» ոչ վերընթացի երջանկություն էր ունենալու, ոչ էլ վարընթացի տխրություն, թեպետ հնարավոր երեք միավորը, ինչպես ասում են, փոր չէր ծակի: Գատուզոյի սաները չկարողացան առավելագույնն անել, սակայն վատթարագույնից էլ խուսափեցին` 1:1:

ՖՐԱՆՍԻԱ
Գործնականում երկրի չեմպիոնության հարցերը լուծած «Պարի Սեն Ժերմենը» «Սենտ Էտիենի» հետ խաղին կարող էր առանձնակի կարևորություն էլ չտալ, սակայն տանտերերը նման հնարավոր մեծամիտ պահվածք ունեցողների հետ սովորաբար դաժան են վարվում, ուստի հյուրերն առանձնապես տրամադրված էլ չէին «քնած գազանին» արթնացնելու: Մանրամասների մեջ չմտնենք, միայն ասենք, որ երկու գոլն էլ խփել են տանտերերը` ապահովելով հանդիպման ոչ-ոքի ելքը:
Մրցաշարային երկրորդ տեղի վրա հնարավոր աչք ունեցողների երազանքների գլխին նորից սառը ջուր լցրեց «Մոնակոն»` երեք միավոր շահելով «Նանտի» հետ ունեցած տնային խաղում:
Քաջ իմանալով երրորդ տեղի համար մրցակցությունում իր հիմնական մրցակցի հանդիպման արդյունքը («Լիոնն» արտագնայում պարզապես ջախջախել է «Մեցին»` հինգ անպատասխան գնդակ ուղարկելով տանտերերի դարպասը)` «Մոնպելիեի» հետ մրցակցությունում «Մարսելն» այդպես էլ չկարողացավ գոլազուրկ ոչ-ոքիից ավելին անել:
«Պարի Սեն Ժերմենն» ունի 84, «Մոնակոն»՝ 70, «Լիոնն» ու «Մարսելը»՝ 63-ական միավոր:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2983

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ